Չիլին, Արգենտինան, Բոլիվիան և Պերուն դաշինք են ստեղծում ռազմավարական հանքանյութերի ոլորտում
Չիլին, Արգենտինան, Բոլիվիան և Պերուն ստորագրել են համատեղ հռչակագիր կենսական նշանակության հանքանյութերի վերաբերյալ, այդ թվում՝ պղնձի, լիթիումի և հազվագյուտ հողային տարրերի, պայմանավորվելով ամրապնդել Հարավային Ամերիկայի դիրքերը որպես ռազմավարական և հուսալի հումքի մատակարար համաշխարհային շուկայի համար, հաղորդում է Soy Chile-ն։
Փաստաթուղթը ստորագրվել է Սանտյագոյում չորս երկրների համապատասխան գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից՝ ռազմավարական հանքանյութերի հարցով նախարարական առաջին հանդիպման շրջանակում։
Կառավարությունները մտադիր են խթանել պատասխանատու ներդրումները և ամբողջ տարածաշրջանային արժեքային շղթայի զարգացումը՝ հումքի արդյունահանումից մինչև դրա վերամշակում։ Բացի այդ, երկրները ծրագրում են ընդլայնել տեխնիկական և ինստիտուցիոնալ համագործակցությունը, փոխանակվել փորձով երկրաբանության, հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողության, պետական քաղաքականության և մասնագետների պատրաստման բնագավառներում։
Չիլիի հանքարդյունաբերության նախարար Դանիել Մասը հռչակագիրն անվանել է «առաջին ամուր քայլը դեպի մշտական դաշինք»։ Ըստ նրա, երկրները մտադիր են Հարավային Ամերիկան դարձնել ռազմավարական հանքանյութերի առավել հուսալի, կայուն և մրցունակ մատակարարներից մեկը։
Մասն ընդգծել է, որ էներգետիկ անցման և արհեստական բանականության սրընթաց զարգացման ֆոնին առաջիկա տասնամյակում աշխարհում կենսական նշանակության հանքանյութերի պահանջարկը կարող է աճել 400–600%-ով, ուստի տարածաշրջանի երկրների համագործակցությունը դուրս է գալիս ազգային շահերի շրջանակներից։
Արգենտինայի ներկայացուցիչ Լուիս Լուսերոն նշել է, որ տարածաշրջանի երկրները միասին ի վիճակի են արտադրել համաշխարհային պղնձի ավելի քան կեսը։ Ըստ նրա, չնայած առանձին պետությունների ռազմավարական առաջնահերթությունների տարբերություններին, ճյուղի նկատմամբ ընդհանուր երկարաժամկետ դիրքորոշման ձևավորումը մեծ նշանակություն ունի։
Բոլիվիան հույս ունի, որ համաձայնագրի միջոցով կընդլայնի փորձի փոխանակումը, տեխնիկական համագործակցությունը և պատասխանատու ներդրումների ներգրավումը, ինչը պետք է նպաստի մատակարարման հուսալի շղթաների ստեղծմանը և արտադրական ավելի խոր ինտեգրմանը։
Պերուի էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար Գիլերմո Շինոն հայտարարել է, որ ռազմավարական հանքանյութերը պետք է օգտագործվեն ոչ միայն արդյունահանման և արտահանման ծավալներն ավելացնելու, այլև ավելի բարձր ավելացված արժեքով արտադրանք ստեղծելու համար։ Նրա կարծիքով, դա թույլ կտա ամրապնդել մատակարարման շղթաները և կրճատել սոցիալ-տնտեսական անհավասարությունները։
Որպես նոր համագործակցության հիմք երկրները նշել են, մասնավորապես, այս տարի վերսկսված Չիլիի և Արգենտինայի միջև հանքարդյունաբերության ոլորտում ինտեգրման և համագործակցության մասին պայմանագրի վարչական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև հանքարդյունաբերության հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագիրը, որը Չիլին և Պերուն ստորագրել էին 2025 թվականին։
Բացի այդ, պետությունները մտադիր են ներգրավել միջազգային կազմակերպությունների տեխնիկական և ֆինանսական աջակցությունը և գործարկել համատեղ ծրագրեր, որոնցում կարող են մասնակցել պետական և մասնավոր ընկերություններ, գիտական կազմակերպություններ և այլ կառույցներ։ Խոսքը վերաբերում է հետազոտությունների, նորարարությունների և ոլորտային ինստիտուտների զարգացման նախագծերին։

