Ինչը ինչին են հակադրում. Մեր հասարակության մի զգալի հատված գոյատևում է ՌԴ-ից ստացվող դրամական տրանսֆերտների հաշվին
Նիկոլ Փաշինյանն օրերս նշել է՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծման, ինչպես նաև իր տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն են առաջացնելու։
Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միությունը պետք է հստակ պատասխանի հարցին՝ ինքը կա՞, թե՞ չկա։
«Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի՝ գիտեք ինչ, ես այլևս չկամ, դե, եթե իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք կանք, մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք և աշխատում ենք այնտեղ։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Եթե ուղիղ կամ ակնարկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք»,- հավելել է նա։
Այս իրավիճակը կարո՞ղ է վկայել, որ ամեն բան հնարավոր է՝ ավելի հեռուն գնա, քան այս պահի սահմանափակումներն են՝ 168․am-ի այս հարցին պատասխանեց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։
«Խնդիրը շատ լուրջ է, շատ լուրջ հետևանքների կարող ենք բախվել, ու այս ամենը չգիտակցել մեր իշխանությունների կողմից, չհասկանալ, որ մեր երկրի տնտեսությունը կարող է կոլապսի ենթարկվել բառիս բուն իմաստով․․․ Մեր հասարակության մի զգալի հատված, բառիս բուն իմաստով, գոյատևում է Ռուսաստանի Դաշնությունից ստացվող դրամական տրանսֆերտների, փոխանցումների հաշվին, որը կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար՝ տարեկան կտրվածքով։
Ի՞նչը ինչի՞ն են հակադրում։ Երբ իրենք ասում են` գնում ենք դեպի Եվրոպա, առանց հասկանալու, որ Եվրամիության անդամ կարող են լինել մեկ պարագայում, երբ երկրի արտահանման առնվազն 40 տոկոսը բաժին ընկնի Եվրամիության երկրներին, իսկ քո արտահանման ընդամենը 7 տոկոսն է բաժին հասնում այս պահին»,- հավելեց տնտեսագետը։
Նա նկատեց, որ թեև իշխանությունները փորձում են գյուղացիական «շուստրիությամբ» հարթել իրավիճակը, սակայն հարթելու հեռանկարը չի երևում։
«2 ծանր հրետանի հանդիսացող պատժամիջոցները Ռուսաստանը դեռևս չի կիրառել․ առաջինը՝ դրամական փոխանցումների արգելքը և գազի գնի թանկացումը։ Սրանք համարում եմ այն ծանր հրետանին, որը կարող է տեղի ունենալ»,- մանրամասնեց մասնագետը։
Դիտարկմանը՝ իսկ այս պարագայում այլընտրանք ու ելք կարո՞ղ են դիտարկել Ադրբեջանը, Թուրքիան, որի հետ հարաբերություններ են փորձում կարգավորել իշխանությունները, և տեսնում ենք, օրինակ, Ադրբեջանի տարածքով բեռներ են գալիս, Հայկ Ֆարմանյանը արձագանքեց․
«Եթե կա որևէ հայ, որ որպես այլընտրանք՝ տեսնում է Ադրբեջանը, ես ասելու ոչինչ չունեմ, դա էլ է հարցի լուծում։ Բան չունեմ ասելու, Ադրբեջանն էլ է հարցի լուծում, Թուրքիան էլ է հարցի լուծում։ Եթե կա որևէ բանական հայ, որ կարող է դա տեսնել՝ որպես այլընտրանք»։

