Ալիևը Հայաստանին սպառնում է Նախիջևանի ռազմական ներուժով և ոչ միայն. Ինչպե՞ս էր նախկինում հայկական բանակը զսպում ադրբեջանական ախորժակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, և այդ այցի համատեքստում հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերությանը:
44-օրյա պատերազմում Բաքվի ռազմական օպերացիաների աշխարհաքաղաքական հետին պլանները

Ալիևը, ըստ էության, հաստատել է մեր վերլուծություններում և փորձագիտական հարցազրույցներում արված պնդումները ՝ կապված Նախիջևանի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության և Հայաստանի դեմ և շուրջ անվտանգային հնարավոր ռիսկերի հետ, որ ինքնավար հանրապետությունը դառնալու է մեծ հենակետ՝ Հայաստանի շուրջ թուրք-ադրբեջանական ռազմական, էներգետիկ և լոգիստիկ օղակի ամրապնդման համար, և այլն: Իսկ այս պնդումների համար հիմք են ծառայել Նախիջևանի հետ կապված մի շարք որոշումներ, դրանք են՝
■ 2025 թվականի աշնանը հայտնի էր դարձել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք 2026թ. հունվարի 1-ից 10 տարով կարող են ազատվել գրեթե բոլոր հարկերից, ինչը ենթադրում է մի շարք փոփոխություններ Հարկային կոդեքսում, և, որ արտոնությունը տարածվելու է արդյունաբերական առանցքային ուղղությունների վրա, փորձ է արվելու ներդրումային միջավայրը բարելավել, ավելացնել ներդրումների ծավալը:
■ Փոփոխություններ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ, որով, ըստ էության, սահմանափակվեց Նախիջևանի ինքնավարությունը: Մասնավորապես, Նախիջևանի սահմանադրության նախաբանից հեռացվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Դրանց փոխարեն սահմանադրության նախաբանում ընդգծվել է, որ «Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության անբաժան մասն է»։
■ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչությունն, Ալիևի որոշամբ՝ ստացել է 1-ին կարգի պետական մարմնի կարգավիճակ:
■ Ամիսներ առաջ ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ աշխատանքներ են տարվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հիմնական էներգահամակարգին միացման և Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ:
Այս համատեքստում տեղեկացվել էր, որ կառուցվում է 330 կիլովոլտ լարմամբ և 1000 մեգավատտ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, որը սկիզբ է առնում Ջրականից (Ջաբրայիլից)», և, որ նախագծի հաջորդ փուլում կկառուցվի հավելյալ 44 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ, որը կհատի «Զանգեզուրի միջանցքը»։ 2025 թվականին էլ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հայտարարել էր. «Կա հնարավորություն Զանգեզուրից Նախիջևան գազատար կառուցելու: Սրա շնորհիվ էլ հնարավոր է դառնում նաև խողովակաշար անցկացնել Նախիջևանից Կարս, ինչը նոր հեռանկարներ է բացելու»:
Հիմա ինչ հայտարարություններ է արել Ալիևն իր հարցազրույցում նշված թեմաներով, որոնք համարել ենք ուշագրավ, ներկայացնում ենք ստորև՝
■ Այս կամ այն պատճառով մեր տարածաշրջանում նկատվում է էներգետիկ ճգնաժամ, և այդ ճգնաժամը կարող է սրվել շարունակվող պատերազմների, աճող ռիսկերի, էներգակիրների փոխադրման հետ կապված տրանսպորտային շղթաների խափանումների և այլ գործոնների պատճառով։ Չի կարելի բացառել, որ ապագայում կարող են տեղի ունենալ նոր տհաճ իրադարձություններ։ Ուստի Ադրբեջանի հատուկ դերն այս առումով անհերքելի է, և մենք պետք է ապահովենք Նախիջևանի անխափան և կայուն էներգամատակարարումը։
Այս նպատակով իմ նախաձեռնությամբ գազի փոխանակման համաձայնագիր ենք ստորագրել Իրանի հետ։ Դրա շրջանակում գազատար է կառուցվել Իրանից Ադրբեջան, նաև՝ ապահովվել է գազի տեղափոխումն Ադրբեջանի Աստարայի շրջանից Իրանի տարածք։ Այլ խոսքերով՝ ապահովել ենք Նախիջևանի 100-տոկոսանոց գազամատակարարումը սվոփ-գործարքի միջոցով:
■ Երբ առաջ էինք քաշում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, առաջին հերթին նկատի ունեինք տրանսպորտային հատվածը։ Բայց այսօր այն դիտարկում ենք ավելի լայն համատեքստում։ Օրինակ՝ Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման մեր նախագիծը պատրաստ է։ Ջաբրայիլի շրջանում կառուցվել է շատ մեծ ենթակայան՝ հատուկ Զանգեզուրի էներգետիկ միջանցքի համար:
Այսինքն, Ալիևը հասկացնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց ռազմական օպերացիաների հիմքում դրվել են շատ ավելի լայն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պլաններ, և դա չի վերաբերում միայն Ջրականին, այլ նաև Կովսականին և այլ տարածքների:
Այս համատեքստում նա հիշեցրել է 2020 նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության և դրա նախապատրաստական փուլի մասին, որտեղ պայման են դրել՝ եռակողմ հայտարարության մեջ պետք է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելու վերաբերյալ կետ լինի, ինչին հայկական կողմը սկզբում չի համաձայնել, բայց վերջնահաշվարկում չհամաձայնելու այլընտրանք չուներ: Այս մասին առավել դետալային գաղտնազերծում Ալիևն արել էր դեռ 2024 թվականին:
Իսկ Ալիևն իր հարցազրույցում հատուկ շեշտել է նաև, որ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը հաջողվեց կյանքի կոչել ԱՄՆ-ի շնորհիվ: Այսինքն, եռակողմ հայտարարության կողմ Ռուսաստանը չի կարողացել մինչև 2025 թվականի օգոստոսը Հայաստանին ստիպել կատարել այս մասով իր պարտավորությունը, կամ, ըստ Ալիևի, այլ պատճառներ են եղել դրա համար:
Նախիջևանի ռազմական ներուժի հզորացումը չի դադարելու լինել խաղաղության գնացող Ալիևի առաջնահերթությունը
Տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահը հասկացրել է՝ չի կարող լինել տնտեսական և էներգետիկ անվտանգություն՝ առանց հզոր բանակի: Ուստի Նախիջևանում տված իր հարցազրույցում չի անտեսվել Հայաստանի «քթի տակ» գոյություն ունեցող Նախիջևանի առանձին համազորային բանակի դերն ու նշանակությունը, որի վրա միշտ շատ ուժեղ է եղել թուրքական ազդեցությունն ու վերահսկողությունը:
«Հայտնի է, որ իմ հրամանով է Նախիջևանում ստեղծվել Առանձին համազորային բանակը, որը, բնականաբար, Ադրբեջանի զինված ուժերի անբաժանելի մասն է։ Սակայն Նախիջևանի առանձնահատուկ հանգամանքները, նրա աշխարհագրական դիրքը և Ադրբեջանի հետ աշխարհագրական կապի բացակայությունը ստիպել են մեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տարածաշրջանի՝ ինքնավար հանրապետության անվտանգությանը, և այդպես կլինի միշտ։ Դրա համար էլ դա առաջնահերթ պայման է։
Ինչպես նշեցի, Ադրբեջանի զինված ուժերը վճռորոշ դեր են խաղում տարածաշրջանում, և Նախիջևանում օրեցօր ռազմական ներուժն ամրապնդվում է և ամրապնդվելու է նաև այսուհետ: Այս տարիներին Նախիջևանի պաշտպանական ներուժի ամրապնդումը եղել է գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Նախիջևանի ռազմական հզորությունը ցուցադրվել է՝ ինչպես տեխնիկայի, մասնավորապես՝ ժամանակակից սարքավորումների մատակարարման, այնպես էլ՝ հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների ստեղծման միջոցով։ Այս միտումը վերջին շրջանում նկատում ենք նաև Ադրբեջանի զինված ուժերում»,- շեշտել է Ալիևը:
Հավելենք, որ Նախիջևանի առանձին համազորային բանակը կազմավորվել է 2013թ. դեկտեմբերին, ըստ էության, առաջադրանքների կատարմանն անցել 2014թ.: Նույն 2014թ. ամռանը՝ հունիսին, նախիջևանյան հատվածում հայկական զորքը դիրքային լուրջ բարելավումներ էր ապահովել և հմուտ մանևրով զբաղեցրել գերիշխող դիրքեր սահմանի զգալի հատվածում:
Այդ ժամանակ, տարբեր տեղեկություններով, ՀՀ վերահսկողությանն անցավ մի քանի տասնյակ քառակուսի կմ, որը մինչ այդ չէր վերահսկվում բարդ ռելիեֆի ու կլիմայական պայմանների պատճառով:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրեթե անմիջապես լուսանկարներ էր հրապարակել նշված վայրից:
Ավելի ուշ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Նախիջևանի սահմանի նոր դիրքերը և ցուցումներ տվել պաշտպանական նոր բնագծերի կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ։ Այս ամենը ստացել է նաև ՀՀ երրորդ նախագահի հաստատումը:

Ի դեպ, նույն օրերին Ադրբեջանի ՊՆ-ը տարածել էր հաղորդագրություն, որում պնդում էր՝ «Առանձին համազորային բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը Նախիջևանում»: Ավելի ուշ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույցներից մեկում հերքել էր իր իսկ ղեկավարած գերատեսչության հաղորդագրությունը՝ ընդունելով հայկական կողմի իրականացրած դիրքային լուրջ բարելավումների փաստը՝ պարզապես ավելի մեղմ երանգներով:
«Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը սեփական տարածքում հիմնել են մեկ-երկու դիրք: Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի»,- ասել էր նա:
2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ապրիլ-մայիսին նախիջևանյան թևում արդեն ադրբեջանական կողմը որոշակի առաջխաղացում ապահովեց, բայց, գլոբալ առումով, նախիջևանյան թևում հայկական կողմը դեռ բավականին լավ դիրքում է, սակայն իրավիճակը կտրուկ կարող է փոխվել, եթե Փաշինյանը որոշի Երասխից զորք հետքաշել, ինչի մասին խոսել է դեռ տարիներ առաջ: Եվ սա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի համատեքստում տեսել ենք Նախիջևանի և տեղի ռազմական ներուժի նշանակությունն ու ազդեցությունը:


