Թրամփն իրականացնում է Սպիտակ տան՝ ավելի քան 80 տարվա ընթացքում ամենաթանկ վերանորոգման աշխատանքները․ The Washington Post
Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տան տարածքում շինարարական նախագծերի վրա ծախսել առնվազն 900 միլիոն դոլար․ հաղորդում է The Washington Post-ը։
Կոնգրեսից անմիջապես միջոցներ ստանալու փոխարեն՝ վարչակազմը ֆինանսավորում է ապահովել այլ պետական գործակալություններից և մասնավոր դոնորներից և ուղղորդել այն մի հաշվի՝ նախատեսված Սպիտակ տան ընթացիկ սպասարկման համար։
Գաղտնի պայմանագրերը և դրանց հետ կապված պլանավորման փաստաթղթերը ցույց են տալիս, որ վարչակազմը նախատեսում է այդ հաշվի գումարն օգտագործել Սպիտակ տան «արդիականացման նախագծերի» համար։ Այսպես է վարչակազմն անվանում նախագահ Թրամփի կողմից նախագծված վերանորոգման աշխատանքները, որի կենտրոնում է Արևելյան թևի պարահանդեսային դահլիճը։
Գրառումներն ամենայն մանրամասնությամբ բացահայտում են, թե ինչպես է Թրամփի վարչակազմը շրջանցել Կոնգրեսը և թաքցրել Սպիտակ տան ամենաթանկ վերանորոգման աշխատանքներն ավելի քան 80 տարվա ընթացքում։
Դաշնային վերաքննիչ դատարանն ուրբաթ խոչընդոտել է Թրամփի ծրագրերը՝ որոշելով, որ վարչակազմին անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատումը՝ Արևելյան թևի պարահանդեսային դահլիճի կառուցումը շարունակելու համար։ Թրամփը խոստացել է բողոքարկել որոշումը, ինչն առաջացրել է դատավորների զայրույթը։
«Կոնգրեսն ունի բացառիկ լիազորություններ կարգավորելու Սպիտակ տան կառույցների շինարարությունը և քանդումը», – գրել են դատավորներ Պատրիսիա Ա. Միլեթը և Բրեդլի Ն. Գարսիան ուղեկցող կարծիքում։

