Չինաստանը գլխավորում է Սառցե մետաքսի ճանապարհի մրցավազքը՝ The Financial Times

Արկտիկայում սառույցների հալչելը նոր առևտրային ուղիների համար երկրաքաղաքական պայքար է հրահրում, արձանագրում է հրատարակության խմբագրական կոլեգիան։

Անցյալ ամիս համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմաստիճանը հասել է հուլիս ամսվա համար ռեկորդային մակարդակի։ Սա կլիմայի փոփոխության ահասարսուռ նշան է, որը նպաստում է Ատլանտյան, Խաղաղ օվկիանոսներում և Միջերկրական ծովում ջերմային ալիքների առաջացմանը։

Սակայն, դա մեզ դուր գա թե ոչ, սա նաև առևտրային հնարավորություններ է բացում։

Արկտիկական սառույցների հալմանը զուգընթաց՝ Հեռավոր Հյուսիսում նոր նավարկելի ուղիներ են բացվում։ Դրանք խոստանում են արմատապես կրճատել Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս ապրանքների փոխադրման ժամանակն ու էներգածախսերը։

Կարդացեք նաև

Այս նոր առևտրային ուղիները նաև կփոխեն աշխարհառազմավարական քարտեզը։

Հենց Չինաստանն է (ռուսական սառցահատների օգնությամբ) առավելագույնս օգտագործում Արկտիկայում առևտրի և տարանցման նոր հնարավորությունները։ Այս շաբաթ չինական նավագնացային ընկերությունը գործարկել է Արկտիկայով անցնող բեռնարկղային նավի առաջին ամենշաբաթյա երթուղին։ Այս ուղին, որն անցնում է Ռուսաստանի ափերի երկայնքով՝ Չինաստանի արևելյան ափի և Մեծ Բրիտանիայի միջև, ստացել է «Սառցե մետաքսի ճանապարհ» անվանումը։

Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը զգալիորեն ուժեղացրել է իր ուշադրությունը թե՛ ծովային գերիշխանության և թե՛ Արկտիկայի նկատմամբ։

Մի քանի տարի առաջ Չինաստանն իրեն հռչակեց տարածաշրջանում շահեր ունեցող «մերձարկտիկական» երկիր և սկսեց ավելի սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ (վերջինս տիրապետում է տասնյակ սառցահատների)՝ դեպի այդ տարածաշրջան և այնտեղից նավթի ու գազի փոխադրման հարցերում։

Մինչդեռ ԱՄՆ-ը, Կանադան և եվրոպական ու ասիական մի շարք այլ երկրներ նույնպես ձգտում են ընդլայնել արկտիկական ծովահատակի քարտեզագրումը: Նրանք հեռանկարային ուղիներ են փնտրում Արկտիկայով, ավելի լավ են ուսումնասիրում Հյուսիսարևմտյան անցուղու լանդշաֆտը, ինչպես նաև զբաղվում են օգտակար հանածոների (հազվագյուտ հողային տարրերը առատ են, բայց դեռևս անբավարար չափով են յուրացված), բնական գազի և տարածաշրջանում նոր առևտրային ուղիների հետախուզմամբ:

Նախքան այս հնարավորությունները բացած կլիմայի փոփոխությունը, ձյունածածկ հյուսիսն զգալիորեն քիչ ուշադրության էր արժանանում։

Սկսվել է հալվող Արկտիկայի յուրացման, շահագործման և նույնիսկ գաղութացման նոր մրցավազք։

Ինչպես ժամանակակից աշխարհառազմավարական տեղաշարժերի բազմաթիվ ասպեկտներում, Չինաստանն այստեղ ևս առաջատար դիրք է զբաղեցնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31