Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս. ԱՄՆ-Իրան պայմանավորվածության հնարավոր ազդեցությունը
Կատարը և Պակիստանը, որոնք միջնորդում են ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները, արձանագրում են՝ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են եկել «60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի» շուրջ՝ Շվեյցարիայում կայացած բարձր մակարդակի բանակցությունների առաջին օրվա ընթացքում արձանագրված առաջընթացից հետո։
Բանակցությունները հաջորդեցին հունիսի 17-ին ստորագրված՝ 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրին, որը սահմանել էր Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության նվազեցման շրջանակը և հիմք ստեղծել հետագա բանակցությունների համար։ Առաջընթացը գրանցվել է Լյուցեռնի լճի ափին անցկացված 12-ժամյա հանդիպումից հետո, որին մասնակցել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները։
Համատեղ հայտարարությամբ նաև հայտարարվել է հատուկ համակարգող խմբի ստեղծման մասին, որի նպատակն է՝ նպաստել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցմանը։ Բացի այդ, ստեղծվել են բարձր մակարդակի հանձնաժողով և ուղիղ կապի մեխանիզմներ՝ հետագա բանակցություններին աջակցելու նպատակով։
ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կազմում ընդգրկված էին նաև նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ պատվիրակության կազմում եղել է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Կատարի և Պակիստանի տարածած համատեղ հայտարարության համաձայն՝ ստեղծվել է բարձր մակարդակի հանձնաժողով, որը պետք է իրականացնի միջնորդական գործընթացի քաղաքական վերահսկողությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանձնաժողովը համաձայնեցրել է «60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը», իսկ առաջիկա երկու ամիսների ընթացքում շարունակվելու են տեխնիկական բանակցությունները։
«Գլխավոր բանակցողները պարբերաբար հաշվետվություն կներկայացնեն Բարձր մակարդակի հանձնաժողովին և կղեկավարեն միջուկային ծրագրին, պատժամիջոցներին, ինչպես նաև մոնիթորինգին ու վեճերի կարգավորմանը վերաբերող աշխատանքային խմբերը՝ փոխըմբռնման հուշագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։ Չնայած ձեռք բերված համաձայնությանը՝ մի շարք առանցքային հարցեր շարունակում են մնալ բաց։ Դրանց թվում են՝ արդյո՞ք Իրանին կթույլատրվի շարունակել ուրանի հարստացումը, ի՞նչ ճակատագիր է սպասվում բարձր հարստացված ուրանի պաշարներին, ի՞նչ ծավալով պետք է իրականացվեն միջազգային ստուգումները, և ի՞նչ ժամկետներում կարող է տեղի ունենալ պատժամիջոցների մեղմացումը։ Կողմերը համաձայնության են եկել նաև ստեղծել ուղիղ կապի ալիք, որը կգործի Հորմուզի նեղուցի հարցերով՝ միջադեպերից և թյուրիմացություններից խուսափելու, ինչպես նաև առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։
Հայտարարությունը հրապարակվել է այն պայմաններում, երբ ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրային ուղիով նավարկությունը շարունակում է խաթարված մնալ։
Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել հատուկ համակարգող խումբ, որը պետք է հետևի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների կատարմանը։ Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում պատերազմի ավարտի ուղղությամբ արձանագրվել է «էական առաջընթաց», սակայն ընդգծել է, որ համաձայնագրի առաջին իրական փորձությունը լինելու է հենց այդ համակարգող խմբի արդյունավետությունը։ Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը Հարավային Լիբանանում ստեղծված անվտանգության գոտում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի։
Արաղչին նաև ակնարկել է, որ համաձայնագիրը ներառում է Վաշինգտոնի կողմից նշանակալի տնտեսական զիջումներ, թեև Միացյալ Նահանգները դեռևս հրապարակայնորեն չի հաստատել այդ տեղեկությունները։
X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ նա նշել է, որ չեղարկվել են Իրանի նավթի արտահանման և նավթաքիմիական արտադրանքի վաճառքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, վերացվել է շրջափակումը, ազատվել են սառեցված իրանական որոշ ակտիվներ, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագիր։ Նրա խոսքով՝ դրանք այն հիմնական պայմաններն էին, որոնց կատարմանը Թեհրանը երկար ժամանակ պնդում էր։
Միջազգային փորձագետների կարծիքով, ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ լավատեսությունը դեռևս վաղաժամ է։ Թեև կողմերը համաձայնեցրել են բանակցությունների քաղաքական շրջանակը, ամենաբարդ հարցերը մնում են չլուծված։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի ապագային, այլև պատժամիջոցների վերացման մեխանիզմներին, միջազգային վերահսկողության ծավալներին և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության վերափոխմանը։
Առավել ուշագրավ է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են նույն բանակցային փաթեթի մեջ ներառել՝ ինչպես միջուկային, այնպես էլ՝ տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչը զգալիորեն մեծացնում է համաձայնագրի խոցելիությունը։ Բավական է, որ կողմերը ձախողվեն որևէ մեկ ուղղությամբ, և ամբողջ գործընթացը կարող է հայտնվել փակուղում։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից ձևավորվող պայմանավորվածությունը կարելի է դիտարկել՝ որպես Մերձավոր Արևելքում ուժերի նոր բալանսի որոնման փորձ։ Եթե նախկինում ԱՄՆ քաղաքականությունը հիմնված էր Իրանի զսպման և մեկուսացման վրա, ապա այժմ Վաշինգտոնը, ըստ էության, փորձում է Թեհրանին ներգրավել տարածաշրջանային կարգավորման գործընթացներում՝ ճանաչելով նրա ազդեցությունը Լիբանանում, Իրաքում, Սիրիայում և Պարսից ծոցի անվտանգության համակարգում։
Սա կարող է նշանակել տարածաշրջանում ուժային դիմակայության աստիճանական փոխարինում վերահսկվող մրցակցությամբ։ Թեև Իրանում մեծ անվստահությամբ են վերաբերվում ԱՄՆ-ի քայլերին ու քաղաքական կամքին: Միևնույն ժամանակ՝ նման մոտեցումը լուրջ մտահոգություններ է առաջացնում Իսրայելում և Պարսից ծոցի մի շարք արաբական պետություններում, որոնք Իրանի դերակատարության ինստիտուցիոնալացումը դիտարկում են՝ որպես ռազմավարական սպառնալիք։
Հարավային Կովկասի համար գործընթացն ունի ոչ պակաս կարևոր նշանակություն։ Եթե ԱՄՆ-Իրան հարաբերություններում սկսվի հարաբերական կայունացման փուլ, ապա Իրանը կստանա ավելի մեծ հնարավորություններ իր արտաքին քաղաքական և տնտեսական ռեսուրսները կենտրոնացնելու համար։ Այդ պարագայում Թեհրանը կարող է ավելի ակտիվ ներգրավվել Հարավային Կովկասի հաղորդակցային և տրանսպորտային նախագծերում՝ փորձելով ամրապնդել իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց։ Միաժամանակ, նվազում է այն հավանականությունը, որ Իրանը կզբաղվի բացառապես անվտանգության խնդիրներով և երկրորդ պլան կմղի իր հյուսիսային ուղղությունը։
Հայաստանի համար սա ստեղծում է՝ ինչպես հնարավորություններ, այնպես էլ՝ ռիսկեր։ Մի կողմից՝ Իրանի նկատմամբ ճնշումների թուլացումը կարող է նպաստել հայ-իրանական տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Մյուս կողմից՝ եթե Վաշինգտոնն ու Թեհրանը հասնեն ավելի լայն տարածաշրջանային պայմանավորվածությունների, Հարավային Կովկասը կարող է դառնալ այդ նոր գործարքների ազդեցության գոտիներից մեկը, որտեղ մեծ տերությունները կփորձեն վերադասավորել իրենց շահերն ու ազդեցության ոլորտները։ Այդ պայմաններում Երևանի առանց այն էլ բազմաթիվ մարտահրավերներին գումարվելու է ևս մեկը:

