Սպասվում է ՀՆԱ անկում, որից սարսափում են բոլորը․ տնտեսագետ
Այսօր Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում ավետել է՝ 2025 թվականին աղքատության ցուցանիշը, գործազրկությունը նվազել է, միջին աշխատավարձը՝ աճել։ Նա նշել է նաև, որ 2021 թվականի համեմատ՝ սպառողական գներն աճել են շատ ավելի համեստ տեմպով՝ 14.8%-ով, ինչը նշանակում է, որ իրական արտահայտությամբ միջին աշխատավարձը աճել է շուրջ 30%-ով:
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը չի հավատում պաշտոնական այս թվերին։
«Բոլորը կեղծ ցուցանիշներ են, պարզապես կեղծ են,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց նա՝ մանրամասնելով,- Գնացե՛ք ցանկացած առևտրային տարածք, մտեք, գնումներ կատարեք, կհամոզվեք, որ այդ մարդիկ պարզապես խաբում են։ Մի օրինակ եմ ընդամենը ասում՝ տավարի միսը անցյալ տարի մոտավորապես 4000-4500 դրամ էր, հիմա արժե 7000 դրամ։
Աշխատավարձերի հետ կապված․ բոլոր թվերը նկարչական հարվածներով ձևավորված թվեր են։ Եթե անկախ աուդիտ լինի, գան սկանդինավյան մասնագետներ և ընդամենը մի երկու շաբաթ ուսումնասիրություններ կատարեն, միանգամից այս մերկությունը, ստի պերճանքը կբացահայտվի»։
Ի դեպ, տնտեսագետն ուշադրություն դարձրեց ՀՆԱ-ի անկման հավանականության վրա և օբյեկտիվ չհամարեց այս պահին գնաճային միտումների մասին գնահատականները։
«Անկումը, որից սարսափում են բոլորը, պայմանավորված է մոտավորապես 2-2,5 միլիարդ դոլարի գյուղմթերքի արտահանման վերացմամբ, որը գնում էր Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս։ Ու հեքիաթներ են, թե տարանք արդեն Սինգապուր, Բուլղարիա։
Լինելու է 2,5 միլիարդի չառաքված, չարտահանված պրոդուկտ, որի մի մասի հարցը, հավանաբար պահածոյացման միջոցով, գործարաններով կարող են ինչ-որ կերպ փակել, բայց միևնույն է՝ այդ պահածոյացված պրոդուկտն էլ Եվրոպական միությունում ո՛չ սպասում են, ոչ էլ այն սերտիֆիկացվելու է։ Սրանք պարզապես խաբում են։
Իսկ այդ 2,5 միլիարդը՝ արտադրողների և փոխկապակցված անձանց հետ, գեներացնում էր մեծ ծավալի հարկեր․ պետական բյուջեն այդ հարկերը չի ստանալու։ Դրանից բացի՝ ապահովագրական ընկերությունները, բանկերը, որոնք վարկեր են տվել ջերմոցային մեծ տնտեսություններին, նրանք ռիսկային գոտում են հայտնվելու։
Այս ամենը չքննարկել և քննարկել գոտիները ձգելու պայմաններում ինչ-որ գնաճի հարցեր, դա լկտիություն է պարզապես»,- հավելեց նա։
Նկատառմանը՝ արդյո՞ք խստացող հարկային քաղաքականությունը չի մեղմացնի այս վիճակը․ օրինակ, վերջերս ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնելու մասին քննարկում էր կառավարությունում, Հրայր Կամենդատյանն արձագանքեց, որ այն ոչ միայն չի մեղմի, այլև կխորացնի խնդիրները․
«Այս պայմաններում արտադրողներին պետք է ավելի օգնել, սուբսիդիաներ տալ, հնարավորություն տալ նրանց վարկային տոկոսներին, բայց դրա փոխարեն՝ այս մարդիկ հարկեր են բարձրացնում»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հետևյալ թվային տվյալներն էր հայտարարել ԱԺ նիստում, երբ ներկայացնում էր 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցը․ 2025 թվականին գործազրկությունը նվազել է 0.6%-ային կետով՝ կազմելով 12.8%, 2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6% տոկոսով, վարձու աշխատողները՝ 22.4%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ային կետով:

