ԷԼԻ ԽՈՍԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ՄԻ՛ ԹՈՒԼԱՑՐՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ԱՇԽԱՐՀԸ ԵՌՈՒՄ Է, ԵՎ ԲՈԼՈՐԸ  ԶԻՆՎՈՒՄ ԵՆ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Անվտանգության պատրանքի տակ թաքնվելով՝ անվտանգության խնդիրները չեն վերանում։ Որևէ ադեկվատ խնդիր պետության առջև այսօր դրված չէ, բացի ներքին լսարանին մանիպուլացնելու միջոցով իշխանությունների վերարտադրվելու խնդիրը։
  • Տարածաշրջանում իրենց մաքոքային քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձրել են շահերի բախման կենտրոն, ստեղծել պետականությանը սպառնացող վտանգներ։ 
  • Այսօր որևէ մեկը մեզ անվտանգություն չի երաշխավորել՝ ո՛չ, ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը։ Մեր հարևան պետության՝ Իրանի շուրջ իրավիճակը լարված է, երկրորդ բախումնային փուլը՝ հնարավոր։ Մեր 4 սահմաններից 2-ը փակ են, մեկն էլ վտանգի առաջ է։ Պետք է կարողանանք ինքներս ապահովել մեր անվտանգությունը, հատկապես՝ մեր արևելյան սահմանը, Իրանի հետ սահմանին պետք է լինենք կանխատեսելիության աստիճանի վերահսկելի։ Մեր Զինված ուժերի խնդիրն է՝ էլ ավելի մեծացնել մեր արևելյան սահմանների նկատմամբ վերահսկելիությունը, որովհետև ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի 6 ամիս հետո։ Միայն պատրաստ լինելով՝ կարող ենք պաշտպանել խաղաղությունն ու անվտանգությունը։
  • Էս պայմաններում մենք մի հատ էլ մտնենք տարածաշրջանային լայն խնդիրների մեջ՝ ոչինչ չշահելով, մեղմ ասած՝ ողջամիտ չէ։ 
  • Ադրբեջանը գտնվում է աշխարհագրական մի տարածքում, որը Կասպյան տարածաշրջանի համար է նպաստավոր, ու բացի դրանից, կապող կամուրջ կարող է լինել թյուրքախոս երկրների միջև։ Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքով լավ հենակետ է։ Ադրբեջանն այս առումով հավակնություններ ունի, ու դրանց իրագործմանը խանգարում է Հայաստանը։ Ադրբեջանը ռազմական կարողությունների պահեստ է, դրա համար էլ նրան թույլ են տալիս զինվել, զինում են։ Եթե պետք լինի, Ադրբեջանն ամեն տեղ օգտագործվելու է։ Այո, Ադրբեջանն ինչ-որ տեղ կորցրել է իր ինքնուրույնությունը, բայց տարածաշրջանի երկրների համար ձեռք է բերել կարևորություն։ Դրա համար է զինվում Ադրբեջանը, և՝ ոչ միայն մեր դեմ։

Կարդացեք նաև

  • Մեր խնդիրը հնարավոր բոլոր դաշնակիցների հետ մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին մասնակցելն է։ Մենք պետք է պատասխանատու լինենք նաև մեր դաշնակիցների անվտանգության համար։
  • Էլի թող անունը դնեն խաղաղության գնալու ճանապարհ, բայց դա չի նշանակում՝ մենք պետք է գրկաբաց դիմավորենք մեր առաջ ի հայտ եկած բոլոր մարտահրավերները։ Այն, ինչ անում են այս իշխանությունները, ժողովրդի աչքերին թոզ փչելու, քվե ստանալու համար է։ Էլի խոսի՛ր խաղաղության մասին, բայց դա քեզ իրավունք չի տալիս թուլացնել մեր երկրի անվտանգային համակարգը։ Իրենք ասում են, ինչ ժողովուրդն ուզում է, բայց անում են ճիշտ հակառակը։ Այսօրվա աշխարհում զգոնությունը շատ կարևոր է։ Աշխարհում այլևս չկա Հելսինկյան եզրափակիչ ակտով ձևավորված ստատուս-քվոն։ Եռացող, անդադար զինվող աշխարհում մենք խոսում ենք խաղաղությունից։ Սա նորմալ չէ։ Ռուսաստանն ինչի՞ համար է պատերազմում, խաղաղության համար։ Եվրոպան ինչո՞ւ է ներգրավվել պատերազմի մեջ. այդ նույն խաղաղության համար։ Դու քո ժողովրդի կենսական պահանջմունքները պետք է ապահովես, բայց ոչ թե ժողովրդին թուրքերից ու ադրբեջանցիներից կախման մեջ գցելու հաշվին։ 1914թ. էլ էին հայերն Օսմանյան կայսրությունում խաղաղ ապրում։ Երբ ռիսկերդ չես հաշվարկում, լինում է այն, ինչ եղավ։ Դու պետք է պատրաստ լինես այդ ռիսկերին, իսկ ռիսկերը կան. կիբերռիսկերից սկսած՝ մինչև հիբրիդային։ Ռիսկը միայն զենքն ու իրար վրա կրակելը չէ։
  • Պատերազմի ժամանակ խաղաղություն չեն պաշտպանում, խաղաղություն պաշտպանում են խաղաղ ժամանակ։ Խաղաղության համար պայքարում են ամեն օր, դրան պատրաստվում են անընդհատ։ 
  • Այս իշխանությունները 5 տարի զբաղվել են ոչնչով, բացառապես մեկ բանով են զբաղվել՝ տարածաշրջանում թուլացրել են Հայաստանի դիրքերը։ Պատկերացրե՛ք՝ այս իրավիճակում մենք ունենայինք Արցախ, տարածաշրջանում կլինեինք ամենակարևոր երկիրը, արտաքին քաղաքականության մեջ դերակատարություն կունենայինք, և ոչ թե՝ կկանչեին, ինչպես էսօր, կասեին՝ սա է, ստորագրե՛ք, ձեր 26%-ը վերցրե՛ք, գնացե՛ք։
  • Թույլ իշխանությունը պահելու համար պետք է, որ ոչ մի ինստիտուտ ի զորու չլինի հակակշռել քեզ։ Եկեղեցու դեմ ինչի՞ է պայքարում․․․ Դա ոչ միայն արտաքին պատվեր է, այլև ինստիտուցիոնալ պայքար է։ Մի ժամանակ էլ բանակի դեմ էր պայքարում։ Իրենց խնդիրն իրական, բայց թույլ Հայաստանն է, որի խնդիրն ինչ-որ տեղից փող աշխատելը պետք է լինի։ Համազգային գլխավոր խնդիր, նպատակ ձևակերպված չէ։ Կան կենցաղային նպատակներ։ 
  • Մեր պետության վարկային բեռն այնքան է մեծացել, որ տնտեսական անկախության խնդիրն էլ է հրատապ դարձել։ Ունենք դեմոգրաֆիկ խնդիր․գոնե կարողանային ամբիցիոզ տնտեսական ծրագրերի, ներդրումներ ներգրավելու միջոցով ներգաղթ ապահովել։ Բայց դա էլ չկա, որևէ մեկը չի ցանկանա գալ այստեղ ներդրումներ անել՝ տեսնելով, օրինակ, ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու գործընթացը…
  • TRIPP-ը բիզնես ծրագիր է, ոչ անվտանգության երաշխիք, բայց եթե ապագա իշխանությունը խելոք լինի, այն կարող է դարձնել անվտանգային բաղադրիչ։
  • TRIPP-ին զուգահեռ՝ մենք մեր բոլոր կոմունիկացիաները պետք է դնենք շրջանառության մեջ, որ այն չլինի միակը։ TRIPP-ի դեմ պետք չէ պայքարել, պետք է գտնել այլընտրանքներ, օրինակ՝ Հյուսիս-Հարավը, քաղաքական իմաստով աշխատես այնպես, որ քո գործընկերները քո անվտանգությամբ շահագրգիռ լինեն։ Այդ պարագայում դու կկարողանաս ասել՝ օրինակ՝ ես այստեզ զորավարժություն եմ անում, մի շաբաթ բեռ չեմ ընդունելու, ու քեզ ոչ ոք ոչինչ չասի։ Պաշտոնական Երևանը ցանկացած պահի պետք է խոչընդոտի ցանկացած գործողություն, եթե դա քո անվտանգության համար սպառնալիք է։ Մեր անվտանգությունը ճանապարհների բազմազանության մեջ է լինելու։ Սրանք կանգնել են մի կողմ ու Հայաստանը կտոր-կտոր մտցնում են գլոբալ խաղի մեջ։

  • Ադրբեջանը երկարաժամկետ է դիրքավորվել մեր տարածքներում․ դա նշանակում է, որ մենք չպետք է հավատանք այն խոսույթին, որ սահմանազատումից հետո ադրբեջանցիները հավաքվելու են ու գնան։ Մեր իշխանության ժամանակ դիրքային հենակետերը մեր պաշտպանական քաղաքականության շատ նուրբ ու կարևոր մասն էին կազմում։
  • Ադրբեջանցիները երկար ժամանակ չեն հավատալու, որ հայ ժողովուրդը էսպես հանգիստ կուլ գնաց։ Միշտ տարածաշրջանում բալանսի փոփոխության պայմաններում հնարավոր է՝ Հայաստանը ստանա դիրքերն ամրացնելու հնարավորություն։ Ադրբեջանի խնդիրը միայն Արցախը չէ։ Իրենց սահմանային դիրքերն ամրացնում են, որովհետև չեն հավատում, որ ամեն ինչ ավարտված է։
  • Արտաքին էքսպանսիայի նպատակը ո՞րն է, ինչո՞ւ են ուզում իրենց նարատիվները ներարկել մեր մեջ։ Կարոտե՞լ են Հայաստանը, ուզում են անպայման այստե՞ղ ապրել։ Էդ դեպքում ինչո՞ւ դատարկեցին Արցախը, եթե նպատակը խաղաղ ապրելն է, ինչո՞ւ է արգելված խոսել արցախցիների վերադարձի մասին։ Այդտեղ հետին միտք կա, որն ի վնաս Հայաստանի է աշխատում։
  • Ի տարբերություն մեզ, Իսրայելն իր ազգային շահերով առաջնորդվող պրագմատիկ քաղաքականության պետություն է, կարող է մեկ օրվա մեջ բարեկամություն սկսել, կես ժամվա մեջ՝ թշնամանալ։ Կան պետություններ, որոնց համար թիվ մեկ խնդիրն իրենց պետության անվտանգությունն է, ու խաղաղության մասին հեքիաթներին չեն հավատում, հստակ գիտեն՝ որտեղ են իրենց կարմիր գծերը։ Իսրայելում ապրելու բանաձև հետևյալն է՝ եթե ուզում ես ապրել խաղաղ, միշտ պատրաստ եղիր պատերազմի։

Հիշեցնենք. օրերս Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն այցելել էր Բաքու: Ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին, շեշտել էր, որ Իսրայելը ժամանակին նշանակալի զիջումների է գնացել, այդ թվում՝ տարածքային, հիշատակել Օսլոյի համաձայնագիրը, Պաղեստինի ինքնավարության ստեղծումը: 

«Պետք է հասկանալ, որ պաղեստինցիներն այս տարածքների ոչ մի սանտիմետրը չեն նվաճել։ Այդ բոլոր հողերն Իսրայելի կողմից փոխանցվել են երկկողմանի կամ միակողմանի կարգով։ Բայց մեր փորձը ցույց տվեց, որ մենք դրանով չմոտեցանք խաղաղության, ընդհակառակը` մեր անվտանգային իրավիճակը վատթարացավ։ Եվ հենց դրա համար էլ մարդիկ այսօր պաղեստինցիներին նոր զիջումներ տալու գաղափարին շատ ավելի զգուշավոր են մոտենում, քանի որ այն չի տանելու խաղաղության: Խաղաղությունը պարզապես թղթի կտոր չէ: Չի կարելի խաղաղություն կառուցել, երբ քեզ ատում են: Երբ ինչ-որ մեկը բացահայտ ասում է՝ ես ուզում եմ քեզ ոչնչացնել, դուք կոկորդիլոսին չեք փորձի, չէ՞, կերակրել, որը ցանկանում է ձեզ ուտել»:

Իսրայելի արտգործնախարարն այդպիսով պահանջում է, որ Պաղեստինն ապացուցի, որ իսկապես խաղաղություն է ցանկանում, իսկ դրա համար նա չպետք է «ֆինանսավորի ահաբեկիչներին», «ուսումնական ծրագրերում և լրատվամիջոցներում պետք է դադարի գործել Իսրայելի դեմ», «դադարեցնի Իսրայելի դեմ անօրինական պատերազմը»: 

Իսկ կեղծ խաղաղությունից խոսող, Արցախում էթնիկ զտում, ցեղասպանություն իրագործած, հայաթափած Բաքուն ոչ միայն ռազմական բյուջեն և հնարավորություններն է մեծացնում, այլև Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին անվանում է «ռազմական հանցագործներ», կեղծ, շինծու դատավարության շոու է անցկացնում, կտտանքների և հալածանքների է նրանց ենթարկում, մանկապարտեզներում, դպրոցներում հայի թշնամու կերպար է ստեղծում, ատելություն քարոզում, հայ սպային քնած ժամանակ կացնահարող սաֆարովների պես հանցագործներին պետական կոչումներ է շռայլում և հերոսացնում, Հայաստանն Արևմտյան Ադրբեջան անվանում… Եվ  այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոնարհաբար կատարում է Ալիևի բոլոր հրահանգները, իսկ Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն է հայտնում դահիճին…

  • Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի՝ խաբել իր ժողովրդին, նրան անցկացնել ամենատարբեր ռիսկերի միջով։ Խաղաղության մասին հիմա խաբում է, որ հունիսի 7-ին քվե ստանա։ Մեր ժողովրդի ականջին հաճո բաներ է ասում, կարելի է մեր միամիտ ժողովրդին նույն հարցում մի 5 անգամ խաբել։ 
  • Հայաստանի հանրապետական կուսակցությունը հունիսին ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չունի, բայց ինչ էլ որոշենք, մեր որոշումը կլինի արգումենտացված, համահունչ մեր պետության արտաքին և ներքին շահերին, համերաշխության օրակարգին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս