ՓԱՇԻՆՅԱՆ, ԻԶՈՒՐ ԵՍ ՏԱՆՋՎՈՒՄ TikTok-Instagram-ՆԵՐՈՒՄ. ԴՐՍՈՒՄ ԹՇԵՐԴ ԵՆ ՔԱՇՔՇՈՒՄ, ՆԵՐՍՈՒՄ՝ ՁԵՌՔ ԱՌՆՈՒՄ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- 2018-ի իրադարձությունների մեջ ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու դերակատարության մասին գրում էին, բայց Սերժ Սարգսյանն առաջին անգամ դրա մասին բաց խոսեց։ Կային հարցեր այդ հարցազրույցի մեջ, որոնք շարունակական բացահայտման կարիք են ունենալու։ Օրինակ՝ ով է Նիկոլ Փաշինյանին առաջարկել փոխվարչապետի պաշտոն։ Նկատի ունեն, ենթադրաբար, Կարեն Կարապետյանին, բայց Սերժ Սարգսյանը դրա մասին բացահայտ չի ասել։ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, ամբողջ ճշմարտությունը չասաց, ամբողջական ինֆորմացիան չբացեց, և Նիկոլ Փաշինյանի ջղաձգումները գալիս են նրանից, որ ինքը վախենում է, որ Սերժ Սարգսյանը կարող է ամեն ինչ ասել։ Իհարկե, կարող է խոսել նաև Կարեն Կարապետյանը։
- Նիկոլ Փաշինյանին այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև նրա փչած փուչիկներն այս տարիների ընթացքում հերթով պայթել են։
- Դեսպանատներն աշխատում են իրենց երկրների շահերի համար, և եթե այդ շահը ենթադրում է խառնվել մեր երկրի ներքին գործերին, նրանք դա կանեն։ Այլ հարց է, որ ես չեմ տեսնում՝ վերջին շրջանում մեր շահն ո՞վ է սպասարկում։ Իշխանությունների որևէ ներկայացուցիչ չի խոսում արցախցիների վերադարձի իրավունքից։ Ես չեմ խոսում ինքնորոշման իրավունքի, այլ տարրական մարդկանց՝ իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու իրավունքից։
- Պատկերացնո՞ւմ եք՝ միջազգային կառույցներից ի՜նչ ոռնոց կբարձրանար, եթե 10-20-30 տարի առաջ ՀՀ իշխանությունները բռնեին մեկին, ով ասել էր՝ կանենք մեր ձևով։ Հիմա ոչ միայն ձայն չկա, այլ ասում են՝ Հայաստանի իշխանությունն ամենաժողովրդավարն է։ Դա տրաքելու է, գալիս են ուլտրաաջերը, իսկ դա հղի է մեծ վտանգներով։ Երբ դու զզվացնում ես քո ժողովրդին, քո ժողովուրդը ստիպված ընկնում է, չասեմ՝ նացիզմի, ֆաշիզմի, բայց առնվազն ուլտրաաջերի գիրկը։
- 2018թ․ապրիլ-մայիսին 200.000 հոգի ե՞րբ է եղել փողոցում. երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Այդ ժամանակ, ինչպես ասում են՝ «ջուր տվողները» շատ էին, հիմա էլ է այդպես լինելու, հաղթողի կողքին ուզում են լինել շատերը կամ բոլորը։ Թե չէ ինչքա՞ն մարդ կար Նիկոլի կողքին մարտի 31-ին, երբ սկսեց քայլել, հետո Երևանում, Ռադիոտուն մտնելիս… Շատ քիչ։
- Այո՛, այս իշխանությունների քարոզած խաղաղությունը լրիվ կեղծ կոնցեպտ է, բայց եթե չլինի խաղաղության այլընտրանքային առաջարկ ընդդիմության կողմից, ժողովուրդն ընտրության հնարավորություն չի ունենալու։ Հուսով եմ՝ առաջարկ կլինի, և ժողովուրդը կսկսի հավատալ ոչ թե իրական Հայաստանի խաղաղությանը, այլ Հայաստանի իրական խաղաղությանը։
- Հիմա ցանկացած մարդ, ով ուզենա դառնալ ՀՀ վարչապետ, պիտի կամիկաձե լինի։ Ինչքան էլ լավը լինի այդ մարդը, արդյունքները մոտակա 10-15 տարում չեն երևալու, քանի որ այս իշխանություններն ավերել են ամեն ինչ… Բայց պետք է սկսել համերաշխության մթնոլորտ ձևավորելուց։
- Պարտվածին, looser-ին, անգամ, եթե նա ընտրված է, վերաբերվում են այնպես, ինչպես հիմա վերաբերվում են Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ՝ գնում է Վատիկան, Հռոմի պապը բոլոր ղեկավարներին անուններով է ներկայացնում, Փաշինյանի մասին ասում է՝ այստեղ է Հայաստանի ղեկավարը, ինչ-որ մարդիկ թուշիկներն են քաշում, նվաստացնում, Թրամփն անունը չի հիշում, ասում է՝ «այն տղան»… Այսպիսին է լուզերների ճակատագիրը։
- Հայ ժողովրդի արգանդն այնքան չի չորացել, որ Նիկոլ Փաշինյանից բացի, այլ մարդ չլինի, ով կկարողանա ղեկավարել երկիրը։
- Ասում են՝ որտեղ նավթ կա, BP-ն՝ British Petrolium-ը, բրիտանական հետքն այնտեղ է։
- Կառավարության նիստում 2018-ից հետո ամեն ինչ գաղտնի է արվում․ դաչեքի ծախսերը գաղտնի են, մեկ անձից միլիոնավոր դոլարների հասնող գնումները գաղտնի են, ուր մնաց ասեն՝ բրիտանական MI-6-ի ղեկավարի հետ ինչ էին խոսում։
- Եթե Նիկոլ Փաշինյանն անհանգիստ է, ՔՊ-ականներն էլ են ջղաձգվում, բայց խնդիրն այն է, որ ՔՊ-ի ներսում պառակտում կա՝ սկսած՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից զեկույցը չներկայացնելուց, Հայկ Սարգսյան-Անդրանիկ Քոչարյան բախումից, այլ դրսևորումներ ևս կան։ Ասում են՝ «Ազատություն» ռ/կ-ին դատի են տալու, քիչ է մնում՝ ասեն՝ այդ ռադիոկայանը ռուսական ազդեցության տակ է…
- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, եթե նկատել եք, Եկեղեցու դեմ արշավին էլ չեն մասնակցում։ Որպեսզի տեսնեք՝ ով է առանձին խաղացող, ով դիրք չունի առանց Նիկոլի անգամ իրենց տանը, հետևեք՝ ովքեր են Նիկոլի հետ եկեղեցի գնում, ով է գնում «կրթվելու», ով է բաժանած տեքստերը դնում իր էջին կամ թութակի պես կրկնում… Կան մարդիկ, որ դա չեն անում։

- Գիտե՞ք՝ ինչո՞ւ Փաշինյանը Հովհաննավանքից գնաց Թալին… Որովհետև մտածեց՝ Հովհաննավանքում մարդիկ չեն գնում, որովհետև կարգալույծ է Ստեփան Ասատրյանը, իսկ Թալինի եկեղեցու քահանան դեռ կարգալույծ չէ։ Մտածեց՝ կգան մարդիկ, չեկան։
- Ցանկացած հասարակություն, որը գնում է ընտրության, օր օրի լարվում է։ Առայժմ ես չեմ տեսնում, իհարկե, որ ՔՊ-ում ցայտնոտի մեջ են, բայց որ լուրջ անհանգստություն կա, փաստ է։ Երբ Սերժ Սարգսյանի հարցազրույցը չավարտված՝ վրա-վրա ստատուսներ են գրում, երբ դեռ Նարեկ Կարապետյանի և Թաքեր Կարլսոնի հարցազրույցը չեռ չեղած՝ միայն դրա մասին իմանալով՝ ամբողջ թիմով հարձակվում են, իրենց անհանգիստ լինելու մասին է խոսում։
- Դրսից իրեն խորհուրդներ տալիս են։ Կարող է չեն ասել՝ սրտիկ ցույց տուր, կամ այսինչ երգը դիր, բայց Տիկ-Տոկում ու Ինստագրամում ակտիվանալ խորհուրդ են տվել… Քանի որ Նիկոլ Փաշինյանը գիտի՝ երիտասարդներն իրեն ոնց են վերաբերվում, չունի վարկանիշ նրանց շրջանում, փորձում է նման կարճ վիդեոներով՝ ռիլերով, Տիկ-Տոկում ու Ինստագրամում երիտասարդության հնարավորինս լայն շերտ ներգրավել։ Մեկ Զեմֆիրա է դնում, մեկ՝ Արկադի Դումիկյան։ Բայց ես հիասթափեցնեմ պարոն Փաշինյանին։ Երիտասարդությունը նրանից ոչ զզվում է, ոչ ատում․ երիտասարդությունը ձեռք է առնում նրան։ Ինքը ծաղրի առարկա է։ Թող ստուգի ու կհամոզվի։
Մանրամասները՝ տեսանյութում։


