Մարդկանց փողոց հանել հնարավոր է, փողոցում պահելն է դժվար. քաղաքական ծրագիր, այլընտրանք է պետք. Արման Գրիգորյանը՝ իմպիչմենտի, Իսրայելի եռակողմ ֆորմատի, ՌԴ-ԱՄՆ, Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանի քաղաքականությունը շարունակում է մնալ ԵՄ-ի, Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ հատատելու ստանդարտ գծի մեջ։ Իհարկե, այդ քաղաքականությունն ակնհայտ սնանկ դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, բայց մի տեսակ իներցիայով այդ ուղղությունը Փաշինյանի այցեքարտն է, նրա քաղաքական էությունը։ Վաղուց պարզ էր, որ դա մեռելածին քաղաքականություն է, և ոչ ոք մեզ Արևմուտքում չի սպասում, որևէ մեկը մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու, չի ինտեգրելու որևէ եվրոպական կառույցում։ Իրականում նպատակը Ռուսաստանի հետ թշնամություն ձևավորելն էր։ Սրանց համար հակառուսականությունը փեշակ է, շարունակում են նույն գիծը, քանի դեռ հստակություն չի մտել։
  • Թրամփի վարքագիծն այսօր մի տեսակ քաղաքական շիզոֆրենիայի է նմանվում․ այսօր մի բան է ասում, վաղը՝ մի բան։ Շատերը սպասում են նրա ձախողմանը, որ դրանից հետո նա վերադառնա իր հին գծին։ Ներսում Թրամփի դեմ բավական լուրջ դիմադրություն կա։ Բացի դրանից, նրա թիմում կան մարդիկ, ովքեր կոմպետենտությամբ չեն փայլում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամենավատը չէ։ Պաշտպանության նախարար Հեքսեթն ընդհանրապես փորձ չունի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆն անհասկանալի է՝ ինչ է անում… Օրեր առաջ Թրամփը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին ստիպված եղավ հեռացնել, քանի որ Իրանի հարցում նա ինքնուրույն քաղաքականություն էր վարում։ Նեոլիբերալները սպասում են, բնական է, Թրամփի ֆիասկոյին։ Մյուս կողմից, Ամերիկայի հին էլիտաներն էլ են տակից աշխատում Թրամփի դեմ։
  • Ռուսները շատ լավ հասկանում են՝ ինչ է իրենից ներկայացնում Փաշինյանի քաղաքականությունը։ Այլ հարց է, թե ինչու են հանդուրժում։ Բայց խնդիրն այն չէ՝ ինքը կամ հայկական զորախումբը կմասնակցե՞ն Մոսկվայի շքերթին, թե՞ ոչ։ Դա շատ բան չի փոխելու։ Ես ավելի ուրախ կլինեի, եթե նա շքերթին չգնար, բայց հրաժարվեր իր այդ կործանարար գծից, քան թե գնար ու շարունակեր նույն աղետալի քաղաքականությունը։ 
  • ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գոյությունը՝ որպես ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու, ցուցիչ է այն բանի, թե ինչ աստիճանի է դեգրադացվել եվրոպական քաղաքական միտքը։ 

Հիշեցնենք, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր «հետևանքների» մասին այն պաշտոնյաների համար, ովքեր կմեկնեն Ռուսաստանի մայրաքաղաք։  «Ովքեր մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու, հետևանքներ եմ խոստանում»,- հայտարարել էր Կայա Կալլասը: Նրա խոսքով՝ տոնական միջոցառումներին Եվրամիության երկրների մասնակցություն չի նախատեսվում: ԵՄ-ն «շատ հստակ ցուցումներ» է տվել միությանն անդամակցելու թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: 

Կարդացեք նաև

  • 90-ականների սկզբից, երբ Գոբլի գաղափարը մեջտեղ եկավ, ի հայտ եկավ այն գաղափարը, ինչի մասին Ուրսուլա ֆոն Դեր Լայենը խոսում էր Սամարկանդում՝ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացում, Ռուսաստանի՝ ռեգիոնից կտրում… Ժամանակին դրան էր միտված նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը։

Հիշեցնենք, ապրիլի 4-ին Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Սամարկանդում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի իր ելույթում ասել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը կարող է կտրականապես փոխել իրադրությունը և Եվրոպային մոտեցնել Կենտրոնական Ասիայի հետ։ 

«Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային սահուն անցումները: 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպային ու Կենտրոնական Ասիային ավելի քան երբևէ կմոտեցնի»,- ասել է Ֆոն դեր Լայենը։

  • Ես որոշակի վերապահում ունեմ այն պնդման վերաբերյալ, որ Արցախի հարցի լուծումը վերապահվեց դրսից։ Իրականում մեզ և՛ ռուսները, և՛ Արևմուտքը լուծումներ առաջարկում էին, Հայաստանն է մերժել, և մեր դիվանագիտությունը պատասխանատվություն է կրում հարցի այսպիսի լուծման համար։
  • Նավթային կորպորացիաները Հայաստանի դեմ սկսեցին աշխատել դեռևս 1995թ.-ից։
  • Հիշեցնեմ, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենն իր հարցազրույցում ասում էր՝ ԱՄՆ-ի համար կարևորը այն է, որ Ռուսաստանը մասնակից չլինի Զանգեզուրի միջանցքի պրոյեկտին։ Ես պատճառներ չունեմ մտածելու, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում փոխվել է։
  • Իսրայելը ինտենսիվ հիմա զբաղվում է Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ ֆորմատ ստեղծելու հարցով։ Հնարավոր է` դա կարող է տեղի ունենալ Իրանի դեմ նախապատրաստվող հարվածի տրամաբանության շրջանակում։ Ադրբեջանի ու Իսրայելի միջև հարաբերությունների ու Ադրբեջանի՝ Իրանի դեմ հարձակում պատրաստելու ծրագրին մասնակից լինելու հարցով Թուրքիայի և Ադրբեջանի միջև որոշակի լարվածություն կա։ Կարծում եմ՝ Միջանցքի ու Հայաստանի հարավի վերաբերյալ հարցերը նաև այս կոնտեքստում պետք է դիտարկել։
  • 44-օրյա պատերազմում մեր կատաստրոֆիկ պարտությունից հետո մեր արժեքը միջազգային պարտնյորների համար նվազել է։ Մեր երկրի սուբյեկտայնությունն է նվազել, փոխարենը՝ շատ լրջորեն աճել է Ադրբեջանի դերը միջազգային հարաբերություններում։
  • Շատերը չեն հասկանում, բայց ամենամեծ օգնությունը, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից, հետախուզական տվյալներն են։ Երբ ԱՄՆ-ը դադարեցրեց տվյալների տրամադրումը, ես մտածեցի՝ պատերազմը շուտով կավարտվի։ Բայց իմ լավատեսությունը չափազանցված էր։ Պատերազմը շարունակվում է։ Ծիծաղելի էր Թրամփի առաջարկը ռուսներին՝ կնքել 30-օրյա հրադադար, ինչից ռուսներն իրավացիորեն հրաժարվեցին՝ ասելով, որ զինվելու ժամանակ չեն տալու Ուկրաինային։ Իսկ Ուկրաինան հույսը դրել է ժամանակի վրա՝ մի փոփոխություն լինի, Թրամփը ձախողվի, և նման բաներ։ Քաղաքագիտական մի տերմին կա՝ «խաղադրույք՝ հրաշքի սպասումով», շատ բնորոշ է այս վիճակին։
  • Ուկրաինայում Եվրոպայի ու հավաքական Արևմուտքի կողմից ռազմական ուժի տեղակայում ու Ռուսաստանի հետ բախում չի լինելու։ Դա հասկանում են բոլորը, բայց մարդիկ շարունակում են խոսել Ուկրաինայի սուվերենության մասին՝ այն դեպքում, երբ Ուկրաինայում արդեն մարդուժ չկա։ Պատերազմը կշարունակվի, քանի որ բոլոր մասնակիցները դեռ չեն եկել այն կետին, որ պետք է այն ավարտել։ Պատերազմներն ավարտվում են այն ժամանակ, երբ բոլոր շահագրգիռ կողմերը հասկանում են, որ այն պետք է ավարտել։ Զելենսկու վարչակազմը պատրաստ չէ խաղաղության գնալու։ Նրանց մոտ մտայնություն կա, որ դեռ ռեսուրս ունեն, պետք է կայունացնել իրավիճակն ու շարունակել պատերազմը։
  • Շատ երկար ժամանակ է՝ փորձ է արվում Իրանին ստիպել ինչ-որ քայլեր անել, սադրանքի տրվել, քայլեր անել ԱՄՆ-ի դեմ, որ ԱՄՆ-ի էսթաբլիշմենթի ձեռքերն ազատեն Իրանի դեմ գործողություններ սկսելու համար։ Նեթանյահուն պահանջում է հողին հավասարեցնել Իրանի ողջ միջուկային ինֆրաստրուկտուրան, ինչին Իրանը երբեք չի համաձայնի։
  • Միջուկային զենքն ամեն ինչ չէ, որ զսպում է։ Այն զսպում է տոտալ պատերազմն ու հակառակորդի՝ տոտալ կապիտուլյացիայի մտադրությունը։ Բայց նույն միջուկային զենքի առկայության պայմաններում, երբ կողմերը գիտեն՝ մեծ էսկալացիա չի լինելու, իրենց թույլ են տալիս փոքր բախումներ։ Իմ կարծիքով՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև լուրջ էսկալացիա չի լինի։
  • Նեգատիվ արգումենտով ընտրություններ չեն լինում, նեգատիվ արգումենտով լինում են հեղափոխություններ։ Հայաստանի ընդդիմությունը պետք է կոնսոլիդացվի ու ժողովրդին այլտերնատիվ՝ այլընտրանք առաջարկի Փաշինյանի իշխանությանը։
  • Իմպիչմենտի գաղափարն ածանցյալ է։ Հիմնական գաղափարը՝ փողոց գեներացնելն է ու Պառլամենտում ճնշմամբ անվստահություն հայտնելը։ Ես դրա նախադրյալները չեմ տեսնում։ Գուցե սխալ եմ ու հեռվից՝ ԱՄՆ-ից ինձ համար ինչ-որ բաներ տեսանելի չեն։ Մարդկանց փողոց հանել հնարավոր է, փողոցում պահելն է դժվար։ Իսկ փողոցում պահել հնարավոր է, եթե ունես քաղաքական ասելիք։ Անիրատեսական հայտարարություններով, քաղաքական ծրագրերի փոխարեն՝ ներբողներով, հայրենասիրական կոչերով փողոց չեն պահում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս