Թուրքիան պարզապես կուտի, կխժռի. սա ուղիղ ճանապարհ է դեպի ազգային պետության վերացում. կոմպլեմենտարիզմի ժամանակները չեն. գերտերությունները մեզ նման երկրներին պարտադրում են հստակ դիրքորոշում ունենալ. Վահե Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հարավային Կովկասը Թրամփի ադմինիստրացիայի համար՝ ինչպես առաջին ժամկետում, այնպես էլ հիմա, առաջնահերթություն չի ներկայացնում, ինչը չենք կարող ասել Կենտրոնական Ասիայի վերաբերյալ։ Թրամփի ադմինիստրացիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես հետխորհրդային, ռուսական ազդեցության գոտի։ Սրանով է պայմանավորված այս թրեքի ուղղությամբ ԱՄՆ պասիվությունը։ Թեպետ ամեն ինչ կախված է ԱՄՆ-Իրան հարաբերությունից և ռուս-ամերիկյան երկխոսության արդյունքներից։ 
  • ԵՄ-ն փորձելու է կյանքի կոչել Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ նախագիծը՝ առանց Ռուսաստանի ներկայության։ Անցած տարի մենք դա տեսանք՝ նաև Փարիզ-Պեկին, այս տարի՝ ԵՄ-Չինաստան երկխոսության համատեքստում։ 

Հիշեցնենք, ապրիլի 4-ին Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Սամարկանդում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի իր ելույթում ասել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը կարող է կտրականապես փոխել իրադրությունը և Եվրոպային մոտեցնել Կենտրոնական Ասիայի հետ։ 

Կարդացեք նաև

«Սև ծով ելքի համար կարևոր են՝ ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային սահուն անցումները: 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպային ու Կենտրոնական Ասիային ավելի քան երբևէ կմոտեցնի»,- ասել է Ֆոն դեր Լայենը։ 

  • Ադրբեջանն ունի հումքային ռեսուրսային բազայի խնդիր, և հենց այստեղ է, որ նրան այդ լոգիստիկ նախագիծը պետք է, և հենց այստեղ է, որ ԵՄ-ն իր հարաբերություններն ուզում է սերտացնել Չինաստանի հետ։

  • Անդրկասպյան գազային միջանցքը կարող է կարևոր ազդեցություն ունենալ Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ նախագծում, և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը կարևոր դերակատարում կարող է ունենալ դրանում՝ կախված նրանից, թե այն ինչպես կկառուցվի։ Այս կոնֆիգուրացիայի ներքո հայկական շահն անտեսված է։ Ալիևն ուզում է վաճառել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։
  • Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ելույթ ունենալով վերջերս Բաքվում անցկացված «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի նիստում, հայտարարել է Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրերի մասին՝ Նախիջևանի տարածքով՝ Թուրքիա և այնտեղից՝ Եվրոպա: Նրա այդ հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ կարծես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դարձել։ Ասես գետնի վրա արդեն եղած նախագծի մասին են խոսում… Պեկինի հետ են քննարկումներ անում՝ առանց Հայաստանի մասնակցության, և սա այն դեպքում, երբ Զանգեզուրի միջանցքը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա լուրջ մարտահրավեր պետք է լիներ Հայաստանի դիվանագիտության համար, որին, սակայն, այստեղից որևէ մեկը չարձագանքեց:
  • Ադրբեջանը Չինաստանում հակահայկական հզոր արշավ է իրականացնում։ 
  • Հայաստանի իշխանությունների կողմից, ցավոք, որոշ քայլեր արվեցին Չինաստանի դեմ: Բացի դրանից, չպետք է մոռանալ, որ Հայաստանը միացել է հակաչինական նախագծին՝ կապված կրոնական ազատությունների հետ։ Եվ կա, իհարկե, նաև Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ նախագծի գործոնը։ Թերևս սա է պատճառը, որ Հայաստանում Չինաստանը 9 ամիս դեսպան չուներ։ Փաստացի Հայաստանը Չինաստանին հիմա հետաքրքիր է զուտ մոլիբդենի հումքով։ Այսինքն՝ չինացիները մեզ դիտարկում են՝ որպես զուտ հումքային նախագիծ։ Չմոռանանք նաև, որ տարիներ շարունակ Թուրքիան և Չինաստանը զարգացնում են երկու երկրների միջև հարաբերությունները։

Հիշեցնենք, 2020թ. հունիսի 12-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր պաշտոնական էջով հայտարարեց, որ Հայաստանը միացել է ԱՄՆ պետաքարտուղարության նախաձեռնությամբ ստեղծված հարթակին՝ «Կրոնական ազատությունների միջազգային ալյանսին»: Այդ ալյանսի նպատակն է՝ աշխարհում պայքարել կրոնի ազատության համար, և Հայաստանը դարձել է 28-րդ երկիրը, որը միացել է այդ ալյանսին: Ըստ չինացիների՝ ալյանսն ու դրա գործունեությունն ուղղված է հենց Չինաստանի դեմ, որովհետև հիմնական թիրախը Չինաստանի ույղուրական խնդիրն է, Տիբեթի և այլ խնդիրներն են: Ընդ որում, ՀՀ կողմից այդ հակաչինական ալյանսին միանալն ԱԺ-ում կրծքով պաշտպանում էր ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը շուտով նոր պաշտոնով հանդես կգա:

  • Արտաքին քաղաքական տիրույթում Հայաստանն այսօր չունի որևէ օրակարգ, իսկ տարբեր պաշտոնյաների առանձին հայտարարություններն ուղղված են ներքաղաքական օրակարգի սպառմանը։ Լոկալ քաղաքական գործիչները չեն կարող վարել արտաքին քաղաքականություն։
  • Էստոնիայում Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում վատացնել կամ սրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ նույն այդ ընթացքում էստոնացիներին խնդրում է միջանցքներ տրամադրել, օգնել ԵՄ-ի հետ հարաբերությունների համար։ Այսօր կոմպլեմենտարիզմի ժամանակները չեն. գերտերությունները մեզ նման երկրներին պարտադրում են հստակ դիրքորոշում ունենալ։

«Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում: Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպական Միության հետ: Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում: Ես ձեզ խրախուսում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդին: Սա է վկայում 20 տարի առաջվա մեր փորձը: Մենք ակտիվորեն աջակցել ենք դեպի Հայաստան Եվրամիության  աջակցության մեխանիզմների ընդլայնման, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին»,- Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:

  • Հայաստանի համար խիստ կարևոր է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում դիրքավորվելը, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ բլոկադայից, որի ուղղությամբ, ցավոք, ՀՀ իշխանությունների կողմից ոչինչ չի արվում։
  • Ստեղծված իրավիճակում Հայաստանը շատ հեռու է գտնվում ռեգիոնալ ՀԱԲ (HUB) կարգավիճակ ստանալուց։ Նույն մերձավորարևելյան միջանցքը նվազեցնում է անգամ Թուրքիայի հաբային միջանցքային տրամաբանությունը։
  • Իրանը հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող միջանցք տրամադրել՝ հատուկ պայմաններով։ Թե որոնք են այդ պայմանները, հայտնի չէ։ 44-օրյա պատերազմից ի վեր Իրանն Արաքսյան և կովկասյան միջանցքները դիտարկում է որպես մեկ ընդհանուր համալիր, բայց ցավոք սրտի, դրանք չարժանացան Հայաստանի ուշադրությանը։
  • Բարեբախտաբար, Իրանի ու Ռուսաստանի շնորհիվ Զանգեզուրի միջանցքը դեռևս իրականություն չի դարձել։ Իրանը պարբերաբար խոսում է իր կարմիր գծերի մասին, և սա շատ լավ հասկանում են Մոսկվայում։ Այնտեղ ցանկանում են Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող ճանապարհի վրա ունենալ ФСБ-ի ազդեցությունը՝ ապահովելու համար Հյուսիս-Հարավի անխափան աշխատանք։
  • Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի վարած քաղաքականությունն ուղիղ ճանապարհ է դեպի ասիմիլացում, ազգային պետության վերացում, զուտ ծառայություններ մատուցող սպառողական տրամաբանության մեջ:
  • Փակ սահմանների պարագայում Հայաստանը Թուրքիայից ներկրել է 3 միլիարդ դոլարի ապրանք, արտահանել՝ 60 միլիոնի։ Դժվար չէ պատկերացնել՝ ինչ կլինի բաց սահմանների պարագայում։ Թուրքիան պարզապես կուտի, կխժռի Հայաստանի տնտեսությունը։
  • Իրանի Բանդեր Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարված էր ոչ միայն Իրանին, այլև Հյուսիս-Հարավ նախագծին, Ռուսաստանի շահին։ Ռուսաստան-Իրան-Հնդկական օվկիանոս հաղորդակցային կապը պարալիզացվեց։ Սա առավել քան ակնհայտ է։ Ռուսաստանն ու շահառու պետությունները շատ լուրջ հետաքննություն պետք է կատարեն՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ։
  • Հնդկաստանը մի քանի օր առաջ սառեցրեց Պակիստանի հետ դեռևս 1960թ․ կնքած Ինդոս գետի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման համաձայնագիրը։ Իսկ Պակիստանի տնտեսության 80%-ը սնվում է Ինդոս գետից։ Ջրի համար պատերազմներ են։

  • Հնդկաստանն ունի հզոր ռազմատեխնիկական արտադրություն, բայց նաև խոշոր զենք ներկրող երկիր է։ Այն զինատեսակները, որոնք մենք ներկրում ենք Հնդկաստանից, կա՛մ ռուսական արտադրության են, կա՛մ արտադրված են ռուսական տեխնոլոգիաներով։ Բանդեր Աբբաս նավահանգստի պայթյունը կարող է Հայաստանի համար խնդիրներ առաջացնել Հնդկաստանից զենք ներկրելու համար։
  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը Զանգեզուրյան միջանցքի մասով առանցքային էր։ Առաջին անգամ էր, որ Իրանն ասում էր, որ աշխատանքներ են տարվում իր տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու համար։ Եթե կոմունիկացիան անցնի Իրանի տարածքով, ոչ թե Հայաստանի հարավով, ապա Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան իսկապես կունենան ճանապարհների ապաշրջափակման ռեալ հնարավորություն։ Բայց Հայաստանը պետք է պրոակտիվ դիրքավորում ունենա, օրինակ՝ բանակցի Իջևան-Ղազախ երկաթուղու վերաբացման շուրջ։ Այս կոմունիկացիան մեզ համար առաջնահերթություն պետք է լինի։
  • Անկախության հռչակագիրն ազգային պետության մասին է։ Դրանով է խանգարում այս իշխանություններին և աշխարհաքաղաքական որոշ կենտրոններին։ Առանց Անկախության հռչակագրի, որում ամրագրված է Արցախը և Հայոց ցեղասպանությունը, կարող է ձևավորվել ընդամենը տարածքային միավոր՝ առանց ազգային նկարագրի։ Այդպիսով դրվում է ազգային պետական ինստիտուտների ապամոնտաժման հիմքը, ինչն իր ազդեցությունն է ունենալու ազգային տնտեսական սուվերենության վրա։ Խոսքը վերաբերում է նաև թե՛ ատոմակայանին, թե՛ այլ ազգային տնտեսական հզորություններին։ Եթե դու քո Սահմանադրության պրեամբուլայում դնում ես նման դրույթներ, դու սահմանում ես քո աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ Սա Հայաստանի սուբյեկտայնության նվազեցման քայլ կլինի։
  • 1994-95 թթ., երբ կնքվեց այսպես կոչված դարի գործարքը Ադրբեջանի և մի շարք նավթային ընկերությունների միջև, այս ռազմավարությունը շատ մեծ ակտուալություն ստացավ Հարավային Կովկասում, և վերոնշյալ անդրազգային կազմակերպությունները՝ «BRITISH PETROLIUM»-ից սկսած, ամեն կերպ առաջ էին մղում Հարավային Կովկասում նոր էներգատրանսպորտային ցանցի ձևավորման նախագիծը, որն ամբողջությամբ կվերահսկվեր ոչ թե ազգային պետությունների, տեղի կառավարությունների կողմից, այլ հենց անդրազգային կազմակերպությունների կողմից: Եվ հենց այս տրամաբանության ներքո էր, որ ժամանակին կյանքի կոչվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որն ի դեպ ժամանակին՝ 2004-2005թթ., ես շատ լավ հիշում եմ, ողջունեց պաշտոնական Երևանը՝ հայտարարելով, որ սա մի նախագիծ է Հարավային Կովկասում, որն էապես նվազեցնում է տարածաշրջանի էսկալացիոն պոտենցիալը: Այդ կորպորացիաներն էներգակիր հանգույցների անցումը պատկերացնում էին Արցախով: Արցախը չկա, Սյունիքն իրենց ետք է այդ նպատակներին հասնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս