Քաղաքացին ուրախանալու առիթ չի ունենա

Հաջորդ տարվա բյուջեով էլ քաղաքացին իր սոցիալական վիճակը բարելավելու առիթ չի ունենա։ Չնայած մեծաքանակ պարտքերի ու վարկերի հաշվին բյուջեի ծախսերը կավելանան, բայց դրանք էլի քաղաքացուն չեն հասնի։

Ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ հաջորդ տարի, քաղաքացիների մեծ մասն ու հատկապես հասարակության սոցիալապես անպաշտպան հատվածը գրեթե անմասն կմնան բյուջեի բարիքներից։ Բյուջեն բոլորի գրպանը համարող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու ՔՊ-ական իշխանությունը կշարունակի բյուջեի փողերը ծախսել ամեն ինչի, բայց ոչ քաղաքացիների գրպանի պարունակությունն ավելացնելու վրա։

Քաղաքացիների մեծ մասի եկամուտներն այս բյուջեով չեն ավելանա, սակայն նրանք ստիպված կլինեն կրել թանկացումների բեռը։ Այնպես, ինչպես կրում էին նախորդ տարիներին, չնայած նրանց եկամուտները չէին ավելանում։

Հաջորդ տարի էլ Հայաստանում ակնկալվում է 3 տոկոս գնաճ՝ 1 տոկոս տատանողականությամբ։

Կարդացեք նաև

Եթե անգամ համարենք, որ 3 տոկոսը բարձր գնաճ չէ, քաղաքացիների այն հատվածի համար, որի եկամուտները չեն ավելանալու, կյանքը վատանալու է։ Ստիպված են լինելու 3 տոկոսով ավելի շատ ծախսել կամ կրճատել ծախսերը, բավարարվել ավելի քչով։ Դեռ չենք ասում, որ սովորաբար գնաճի իրական ազդեցությունը քաղաքացիների վրա, ինչպես միշտ, շատ ավելի մեծ է լինում, քան այն 3 տոկոսը, որը հաճախ ձևի համար դնում են պետական բյուջեում։ Սպառողական ապրանքների, հատկապես սննդամթերքի գնաճը միշտ էլ ավելի բարձր է լինում։ Առանձին առաջին անհրաժեշտության ու լայն սպառում ունեցող ապրանքների մասին էլ չենք խոսում, որոնք երբեմն անգամներով ավելի արագ են թանկանում, քան ամրագրվող  գնաճի միջին ցուցանիշը։

Գնաճը կշարունակի հետևողականորեն դատարկել քաղաքացու գրպանը ու նախկինում կուտակված սոցիալական խնդիրները հաջորդ  տարի էլ կխորանան։ Կխորանան ոչ միայն գնաճի, այլև պարտադրված այլ վճարների, այդ թվում՝ քաղաքացիների հարկային բեռի ուղղակի ավելացումների միջոցով։

Արտաքուստ բյուջեի սոցիալական ծախսերն ավելացրել են, բայց դրանից քաղաքացիների մեծ մասի գրպանի պարունակությունը չի փոխվի։ Սոցիալական ծախսերն ավելացել են առաջին հերթին՝ կառավարության այն պարտավորությունների մասով, որոնք վերաբերում են կուտակային կենսաթոշակային հիմնադրամի պարտադիր վճարումներին։ Դրանից քաղաքացին հաջորդ տարի ոչինչ չի ստանա, բայց ցույց կտան, թե բյուջեի սոցիալական ծախսերն աճել են։ Կենսաթոշակներին հատկացվող գումարները հաջորդ տարի նույնիսկ նվազել են։ 7 մլրդ դրամով ավելացել են միայն անկանխիկի հետվճարները։ Բայց հայտնի է, որ թոշակառուների ու նպաստառուների գրեթե 40 տոկոսը, տարբեր պատճառներով, դրանից չի կարողանում օգտվել։ Ու առնվազն այս 40 տոկոսի սոցիալական վիճակը, միայն գնաճի հետևանքով, ավելի է վատանալու։

Վատանալու է նաև նրանց վիճակը, ովքեր օգտվելու են հետվճարից։ Այդպես է, որովհետև գնաճի իրական ազդեցությունը շատ ավելին է լինելու, քան հետվճարի արդյունքը։

Հետվճարով թոշակառուների ու անապահովների սոցիալական խնդիրները լուծեցին, հիմա էլ քաղաքացիներինն են լուծում։ Անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճար են խոստանում։

Թե որքանո՞վ է լուրջ դրա արդյունքում քաղաքացիների եկամուտների ավելացումը, վկայում է այն գումարը, որը կառավարությունը դրել է այդ նախաձեռնության տակ. Տարվա համար ընդամենը 3.5 մլրդ դրամ։ Սա չնչին գումար է նման ծավալի միջոցառման համար։ Եթե բաժանենք բոլոր քաղաքացիների վրա, յուրաքանչյուրին ամսական 100-110 դրամ է հասնում։ Չնայած դեռ հարց է, թե քանի քաղաքացի, անգամ ցանկության դեպքում, կկարողանա օգտվել անկանխիկ առևտրի հետվճարի 2 տոկոսից։ Այն սահմանափակումները, որ դրված են դրա տակ, մասնավորապես՝ «Առկա» վճարային համակարգի քարտ ունենալու պահանջը, շատերին արհեստականորեն զրկում է հետվճարից օգտվելու հնարավորությունից։ Չհաշված բազմաթիվ այլ սահմանափակումները, որոնց այսօր բախվում են կենսաթոշակառուներն ու անապահովները։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։

Ինչպես միշտ, այնպես են արել, որ սրանից էլ ավելի շատ հարուստներն օգտվեն, քան սոցիալական խոցելի խմբերն ու ցածր եկամուտներ ունեցողները։ Պարզ է, որ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները չեն կարող մեծ ծախսեր անել ու դրա դիմաց ավելի շատ հետվճար ստանալ։ Փոխարենը՝ ովքե՞ր են մեծ ծախսեր անում, բնականաբար, հարուստները, ովքեր մեծ եկամուտներ ունեն։ Ու այնպես է ստացվելու, որ սրանից էլ հարուստներն են շահելու, իսկ սոցիալական խոցելի խմբերը կրկին ձեռնունայն են մնալու անգամ այդ փոքր հնարավորությունից։

Միտումնավոր այնպես են անում, որ հարուստները շարունակեն հարստանալ, իսկ աղքատները՝ աղքատանալ։ Ու սա առաջին դեպքը չէ. Ժամանակին նույն կերպ նվազեցրին բարձր աշխատավարձեր ստացողների եկամտային հարկի տոկոսադրույքը, իսկ ցածր ստացողներինը թողեցին անփոփոխ։ Ավելին՝ բարձր աշխատավարձեր ստացողներին հնարավորություն տվեցին նույնիսկ այդ գումարները չվճարել կամ վճարել ու հետ ստանալ հիփոթեքային վարկերի տոկոսների հետվերադարձի միջոցով։ Մինչդեռ՝ ցածր եկամուտներ ունեցողները, հասկանալի պատճառներով, զրկվեցին այդ հնարավորությունից։ Ու հիմա այնպես է ստացվել, որ դրանով պետական բյուջեն դրել են լուրջ հարվածի տակ։ Ամեն տարի հսկայական գումարներ են ստիպված լինում հատկացնել՝ հիփոթեքի հետվերադարձի պահանջարկը բավարարելու համար։

Այս տարի դրա համար պետական բյուջեից կվերադարձնեն ավելի քան 254 մլն դոլար։ Հաջորդ տարի՝ արդեն շուրջ 330 մլն դոլար։ Հետո՝ նույնիսկ ավելի շատ։

Այս գումարները փոխարենն ուղղեին սոցիալական խոցելի խավերի եկամուտների ավելացմանն ու սոցիալական պայմանների բարելավմանը, կտան հասարակության այն հատվածին, որն առանց այդ էլ բարձր եկամուտներ է ստանում։ Այդ մարդկանց մեջ մտնում են նաև կառավարության անդամները, բարձրաստիճան ու ոչ բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները, ՔՊ-ական ամբողջ վերնախավը, պետական տարբեր հիմնարկներում տաքուկ ծվարած ու պետության հաշվին բարձր աշխատավարձեր ստացող նրանց ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։

Ահա այս մարդիկ են վայելել ու վայելում պետական բյուջեի բարիքները, իսկ ժողովրդի մեծ մասը ոչինչ չի ստանում։ Այսպիսի հարստակենտրոն ծրագրերով են ծանրաբեռնել բյուջեն, դրա համար բյուջեում փող չկա՝ սոցիալական իրական խնդիրներ լուծելու համար։ Սոցիալական անապահով հատվածը ստիպված է լինելու կրկին բավարարվել ոչնչով։

Երբ որոշ ՔՊ-ական քարոզիչներ ինքնամոռաց գլուխ են գովում, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկել են, պիտի իմանան, որ դա ոչ թե թղթի վրա գրված դատարկ թվերով պետք է արտահայտվի, այլ քաղաքացիների գրպանի պարունակությամբ։ Իսկ այդ պարունակությունը տարիներ շարունակ չի ավելանում, ու դա երևում է նաև աղքատության ցուցանիշներում, որոնք գրեթե չեն նվազում։ Ծայրահեղ աղքատությունը 2018թ. Հայաստանում նույնիսկ ավելի ցածր էր, քան այսօր է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս