Միջա՞նցք, թե՞ Խաղաղության համաձայնագիր․ ինչո՞ւ է Օ՛Բրայենն այցելում Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Համաձայն օրակարգի՝ Օ՛Բրայենը հանդիպելու է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման հիմք օգտագործելը:
Բացի այդ, պետքարտուղարի օգնականը կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը, որը կգնահատի երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և կքննարկի հետագա քայլերը: Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Ավելորդ է նույնիսկ ասել, որ Օ՛Բրայենն առանցքային ֆիգուր է ԱՄՆ Պետքարտուղարությունում, ով ըստ էության ԱՄՆ միակ պաշտոնյան է, որն ԱՄՆ հետաքրքրությունները Հարավային Կովկասում ներկայացնում է ավելի մատչելի, պարզ դիվանագիտական բառապաշարով, զբաղվելով կոնկրետ Հայաստան-Ադրբեջան գործընթացով ու ԱՄՆ շահերն այդ գործընթացի շուրջ առաջ մղելով։
Ամիսներ առաջ՝ 2023 թվականի նոյեմբերին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը Փարիզում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ապա, այդ հանդիպումից օրեր անց, ելույթ ունենալով Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել էր, թե առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել էր՝ «կողմերը պետք է այո կամ ոչ ասեն», չհստակեցնելով, սակայն, երբ և որտեղ։ «Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել»,- ասել էր պետքարտուղարի օգնականը, ինչը Բաքվի բարկությանն էր արժանացել՝ հարուցելով Բաքու-Վաշինգտոն տարաձայնություններ, որոնք հարթելու նպատակով այդ հայտարարություններից երկու շաբաթ անց՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, Բաքու այցելեց անձամբ Ջեյմս Օ՛Բրայենը։
Սակայն Կոնգրեսի լսումների ընթացքում ամերիկացի դիվանագետը մի շարք այլ ուշագրավ ձևակերպումներ ևս արել էր։ Խաղաղությունը, Օ՛Բրայենի խոսքով, հնարավորություն կտա Հայաստանին ու Ադրբեջանին կրճատել Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, մյուս կողմից՝ մեծացնել համագործակցությունն Արևմուտքի հետ։
«Հիմա նրանք պետք է ընտրություն անեն՝ ուզո՞ւմ են ապագա, որը խարսխված է Ռուսաստան-Իրան բևեռի վրա՝ որպես տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավոր։ Նրանք նաև ա՛յլ տարբերակ ընտրելու հնարավորություն ունեն»,- նշել էր Օ՛Բրայենը։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան խոսել էր նաև ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակումից և հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից՝ «Միջին միջանցք» երթուղու կոնտեքստում։
Նա մասնավորապես ասել էր՝ եթե միջանցքը բացվի ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, ապա շատ ուժեղ հակազդեցություն կլինի, և այն հաջողության չի հասնի։
Այդ փուլում, հիշեցնենք, որ Ադրբեջանը ժամանակավորապես հրաժարվել էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին հրապարակային հիշատակումներից և հանձն էր առել իրանական տարբերակով Նախիջևանին կապվելու տարբերակին, սակայն, ըստ էության, ԱՄՆ դիվանագետի այս հայտարարություններից որոշ ժամանակ անց Իլհամ Ալիևը վերադարձավ միջանցքի թեմային, սպառնալով, որ եթե ՀՀ-ն չհամաձայնի բացել այն երթուղին, որն Ադրբեջանն է պահանջում, ապա Ադրբեջանը ոչ մի սահման չի բացի Հայաստանի հետ։ Դա Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում էր՝ այս տարեսկզբին։
Այս տարվա ամենաշատը քննարկված ՀՀ արտաքին քաղաքական իրադարձությունից՝ Բրյուսելում ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպումից ու դրա արդյունքներից հետո պարզաբանող բրիֆինգով հանդես եկավ Ջեյմս Օ՛Բրայենը։
Նա նշել էր․ «Հանդիպումը տեղի ունեցավ մի համատեքստում, որտեղ շարունակական ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ։ Այս հանդիպումը վերաբերում էր Հայաստանում բարեփոխումներին, բայց մենք, անշուշտ, խրախուսեցինք Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել հասնել վերջնական համաձայնության Ադրբեջանի հետ։ Սա տարածաշրջանի համար երկարաժամկետ անվտանգության ապահովման և բարգավաճման զարգացման լավագույն ուղին է, հատկապես՝ նոր առևտրային ուղիները, որոնք կարող են անցնել Միջերկրական ծովից Կենտրոնական Ասիա: Այսպիսով, մենք ողջունում ենք այդ բոլոր քայլերը»։
Փոխպետքարտուղար Օ՛Բրայենն ավելի մանրամասն խոսել էր տրանսպորտային նախագծերից, օգտագործելով հենց «միջանցք» տերմինաբանությունը, որի նկատմամբ բարձր զգայունություն ունի Հայաստանը, և դրանից տեղյակ են ՀՀ բոլոր գործընկերները։ Նա նշեց, որ տնտեսական դիվերսիֆիկացիայի, ճկունության և սահմանների վերաբերյալ իրենք լայնածավալ զրույցներ են ունեցել ուժեղ տրանսպորտային միջանցք կառուցելու կարևորության մասին տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա: «Այն կարող է ապրանքներ բերել Կենտրոնական Ասիայից, ուստի այդ տարածաշրջանից հացահատիկ, էներգիա, տեքստիլ, այլ ապրանքներ կարող են գալ և տարանցվել մինչև Միջերկրական ծով, ինչպես ասվեց։ Կա ևս մեկ հնարավոր երթուղի, որը կհասնի նաև Սև ծով։ Եվ այս տեսակի Միջին միջանցքը, այս տարանցիկ միջանցքը հասանելի կլինի տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, որպեսզի օգտվեն և ստեղծեն արդյունաբերություններ, որոնք շահում են այս տեսակի ապրանքների տեղաշարժից: Այսպիսով, մենք կսկսենք ձևավորել տնտեսական տեսլականը, և այնուհետև յուրաքանչյուր պետություն, բայց հատկապես և ներառյալ՝ Հայաստանի դաշտում կլինի՝ որոշումներ կայացնել այն մասին, թե ինչպես է նա ներդրումներ կատարելու նման միջանցքի շուրջ, եթե այն կառուցվի»,- ասել էր Օ՛Բրայենը՝ ըստ էության խոսելով Միջին միջանցք պրոյեկտի մասին, որն իր հերթին՝ ակտիվորեն շրջանառում է Իլհամ Ալիևը։ Ամերիկացի դիվանագետը նաև ասել էր, որ իրենք միայնակ չեն դա անում, եվրոպացիները՝ եվրոպական տարբեր կառույցներ, նույնպես սկսել են ուսումնասիրել այս նախագիծը:
Ուշագրավ է նաև, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հայկական կողմն առաջարկել է Բաքվին Խաղաղության համաձայնագիրը ստորագրել մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև մերձիշխանական քարոզչական շրջանակները տեղեկություններ են տարածում, թե ապաշրջափակման հարցում կա առաջընթաց։
168․am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Օ՛Բրայենը կարևոր պաշտոնյա է, ում այցը Հայաստան-Ադրբեջան գործընթացի ներկայիս փուլում չի կարող չափազանց կարևոր չլինել։
Նրա գնահատմամբ, սպասվում է տարողունակ այց, որը կանդրադառնա՝ ինչպես ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, այնպես էլ՝ ռեգիոնալ իրավիճակ ՀՀ-Ադրբեջան հարթությունում։
«Ներկայումս ավելի կարևորը, իհարկե, ՀՀ-Ադրբեջան բանակցություններն են, քանի որ, չնայած խնդիրներին, կողմերը մոտ են խաղաղության համաձայնագիր ստորագրելուն։ ԱՄՆ-ի համար կարևոր է, որպեսզի խաղաղությունը ծառայի ռեգիոնին, սակայն այստեղ նվազի առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը, իսկ դրա համար հարկավոր է ոչ միայն խաղաղություն հենց երկու երկրների միջև, այլև բոլոր բաղադրիչներով այնպիսի պայմանավորվածություններ, որոնք համապատասխանում են ԱՄՆ շահերին։
Մասնավորապես խոսքը վերաբերում է տարածաշրջանային ապաշրջափակմանը։ Արևմուտքը ներկայումս խնդիր ունի Վրաստանում, դրա ֆոնին, կարծում եմ՝ մյուս երկրները ևս կարևորվում են գլոբալ մրցակցության պայմաններում»,- ասաց վերլուծաբանը։
Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ չնայած աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին ուղղված համակրանքին, երկրների շահերը երբեմն կարող են չհամընկնել այդ կենտրոնների շահերին։
«Ուստի այստեղ, չնայած բարձր շտապողականությանը, սակայն պետք է ճիշտ լուծումներ գտնել, որ նաև փոքր երկրների շահերը չանտեսվեն»,- նկատեց վերլուծաբանը։
Ամփոփելով՝ նշենք, որ դատելով Ջեյմս Օ՛Բրայենի հրապարակային բոլոր հայտարարություններից, այսպես կոչված, միջանցքի ու Խաղաղության համաձայնագրի հարցերը լինելու են այցի գլխավոր օրակարգում։