
Ադրբեջանը «հայկական ագրեսիայի» բազան դեռ ամբողջապես վերացած չի համարում. գործընթացը մի քանի փուլից է բաղկացած

2024թ. տարեվերջին 168.am-ը գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարական է ստորագրել՝ «Ադրբեջանում 2025 թվականը հայտարարված է սահմանադրության և ինքնիշխանության տարի», քանի որ 2025-ին նշելու են Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին:
«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշվում է Ալիևի հրամանում, որտեղ հիշատակվում է 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի մասին, 2023թ. սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայի, ինչը գնահատվում է սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:
Իսկ 2025թ. փետրվարին մենք նաև գրել ենք, որ Ադրբեջանի բանակը գործելու է Ալիևի՝ 2025թ. սահմանադրության և ինքնիշխանության տարի հռչակելու հրամանի տրամաբանության մեջ, և Ալիևն այս առիթն օգտագործելու է և՛ ներքին, և՛ արտաքին լսարանի համար ուժի ցուցադրության համար, ինչն արտահայտվելու է ռազմական, քաղաքական, իրավաքաղաքական, «պատմական» գործողություններով ընդդեմ Հայաստանի, մասնավորապես, խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի կնքման բանակցությունների ֆոնին:
Օրերս Ադրբեջանի ADA համալսարանում կայացել էր «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորում, իսկ այսօր, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» համատեքստում օկուպացված Ստեփանակերտում՝ Ղարաբաղի համալսարանում, հրավիրվել է համաժողով՝ «Հեյդար Ալիևը և ինքնիշխան Ադրբեջանը» խորագրով, որը կազմակերպել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Գիտության ու կրթության նախարարությունը:
Համաժողովի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն առաջադրված մեղադրանքներին և ընթացող «դատավարությանը»:
Իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևն իր ելույթում նշել է, որ 1995թ. ընդունված Ադրբեջանի սահմանադրությունը հայր Ալիևի նախագծած քաղաքական կուրսի կարևոր էլեմենտներից է, որի հիման վրա էլ կառուցվել է Ադրբեջանի իրավաքաղաքական բազան, և, որ օկուպացված Ստեփանակերտում կազմակերպված համաժողովն «Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնման վկայությունն է»:
Այլ հարց է, որ ինչպես 168.am-ի հետ զրույցում մի առիթով նշել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, «Ադրբեջանի սահմանադրությունում ընդհանրապես դրույթներ չկան Արցախի առնչությամբ, ինչը վկայում է այն մասին, որ իրենք անգամ սահմանադրական հարթությամբ էին հաշտվել Արցախի անկախության հիմքով ստատուս-քվոյի հետ, մինչդեռ՝ նույն այդ սահմանադրությունում ի սկզբանե կան դրույթներ Նոր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վերաբերյալ, թեպետ՝ այդ տարածքում անգամ մեկ հայ վաղուց չի ապրում, իրենց բնորոշ «խաղաղ» ճանապարհով հայերը բռնագաղթել էին դեռ խորհրդային համեմատաբար անվտանգ տարիներին»:
Ըստ այդմ՝ կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը և ամբողջական օկուպացիան, և այն էլ՝ ուժի գործադրմամբ, տեղի է ունեցել իրավաքաղաքական բազայի բացակայությամբ և միջազգային իրավունքի խախտմամբ, եթե անգամ Արցախը չճանաչված պետություն էր: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները գեներացնում են այս թեզը միջազգային հարթակներում, իհարկե՝ ոչ: Հայաստանի իշխանություններն անգամ ՀՀ տարածքին առնչվող վտանգներ և մտահոգության առիթներ տեսնելով Ադրբեջանի սահմանադրության մեջ, դրանք չեզոքացնելու պահանջ չեն դնում՝ ի պատասխան ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը բացառելու և նոր Մայր օրենք ընդունելու ադրբեջանական պահանջ-նախապայմանին:
«Մենք նույնպես ունենք մտահոգություն՝ կապված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության հետ: Եվ մենք սա չենք ասում ուղղակի՝ հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով: Ես կարող եմ բացատրել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին՝ այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն՝ որպես Ադրբեջանի Առաջին (Ժողովրդավարական) Հանրապետության իրավահաջորդ: Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է՝ ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի»,- Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Այս մասին տարբեր առիթներով խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք, ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ»:
Իսկ այդ առարկայացումը փորձ է արվում իրականություն դարձնել տարբեր կերպ և տարբեր մակարդակներում՝ սկսած տելեգրամյան ալիքներում ամբողջ Հայաստանի «օկուպացումից» մինչև ՀՀ իշխանություններին ներկայացվող քաղաքական պահանջներ, ինչո՞ւ չէ՝ Բաքվի «դատավարության» ժամանակ Ադրբեջանի քաղաքացիներից կորզված վկայություններ, թե իբր 1990-ականներին Բաղանիս Այրումում հայերը «39 օրական երեխա են սպանել»: Այսինքն, Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանին «ռազմական հանցագործ» ներկայացնելու քաղաքականությունից, իսկ Ալիևն էլ՝ թշնամի դիտարկելուց, եթե անգամ ՀՀ իշխանությունների կողմից իրենք այդպիսին չեն դիտարկվում: Այս հարցում Ալիևը բավականին անկեղծ և հստակ ասում է՝ Հայաստանի հետ բարեկամ դառնալու մասին խոսելը վաղաժամ է և ոչ իրատեսական:
Ադրբեջանական կողմը նաև բաց տեքստով ոչ մեկ անգամ հասկացրել է, որ այն, ինչ մոտ ապագայում հնարավոր է ստորագրվի, իրականում չի կարող համարվել խաղաղության վերջնական փաստաթուղթ, և ոչ էլ սահմանազատման և սահմանագծման գործընթացը վերջնագծին չհասցրած՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն են պատրաստվում ճանաչել:
Օրերս vesti.az-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հերթական անգամ շեշտել է, որ այսօր խոսքը հարաբերությունների կարգավորման սկզբունքների մասին է, որոնք, ընդհանուր առմամբ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են:
«Ինչո՞ւ հենց սկզբունքներ: Որովհետև այդ փաստաթուղթը, որն այնքան էլ ծավալուն չէ, ներառում է ընդամենը բազային առաջարկներ, օրինակ, դեկլարացվում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը միջազգային իրավունքի ունիվերսալ սկզբունք է: Սակայն սահմանների հստակեցումը, հետևաբար, տարածքային ամբողջականության հնարավոր է հասնել միայն սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերջնական ավարտից հետո: Առանց դրա՝ վերը նշված սկզբունքը զուտ դեկլարացիա է,- ընդգծել է նա և հավելել,- Կոմունիկացիաների բացման և մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժի մասին հայտարարությունը ևս կարևոր սկզբունք է, բայց դրան հնարավոր է հասնել միայն առանցքային պարամետրերի շուրջ համաձայնությունից հետո, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի», որը Ադրբեջանի համար շարունակում է մնալ առաջնահերթ կետ: Բայց ներկա փաստաթղթում այդ հարցը հստակ արտացոլված չէ: Հետևաբար՝ մենք խոսում ենք ոչ թե խաղաղության վերջնական պայմանագրի, այլ շրջանակային համաձայնագրի մասին, որը կողմնորոշիչ է հանդիսանալու հետագա կարգավորման համար: Եվ այստեղ հարց է ծագում՝ հետագա ամբողջ գործընթացը տեղի կունենա համալիր փաստաթղթի՞ կամ խաղաղության ամբողջական պայմանագրի՞ շրջանակում, թե՞ կլինի փուլային, սեկտորալ մոտեցում, այսինքն, կունենանք առանձին համաձայնություն սահմանազատման հետ կապված, առանձին կոմունիկացիաների բացման, փոխհատուցման հարցերի և այլ ասպեկտներին առնչվող: Ահա ինչում է դիլեման»:
Ի դեպ, Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, թե խաղաղության համաձայնագիրը, համաձայնեցված տեքստը չի պատասխանում բոլոր հնարավոր հարցերին։ «Եվ իհարկե, կան բազմաթիվ հարցեր, որոնք մնում են բաց, և մենք կարող ենք շարունակել մեր քննարկումները բոլոր խնդիրների շուրջ, կարող ենք շարունակել համագործակցության նոր հնարավորությունների ուսումնասիրումը, քանի որ սա ընդամենը սկիզբ է: Եվ կարևոր է նշել, որ այս համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, որի համաձայն՝ ստեղծվում է երկկողմ հանձնաժողով՝ բոլոր մնացած հարցերը քննարկելու համար, այդ թվում՝ պայմայնագրի այս կամ այն դրույթի մեկնաբանության հետ կապված առաջացող հարցերը»,- նշել է Միրզոյանը։
Իսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ՀՀ սահմանադրությունից և օրենսդրական հիմնական փաստաթղթերից Ադրբեջանի համար սպառնալիքների վերացման պահանջի համատեքստում վերը նշված հարցազրույցում շեշտել է.
«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի «ռազմական ագրեսիան» (չակերտները՝ Մ.Պ.) Ադրբեջանի դեմ արտահայտվել է ոչ միայն ուղիղ ռազմական «օկուպացիայով», այլ նաև գաղափարախոսական, քարոզչական, տեղեկատվական, տնտեսական և նորմատիվ բնագավառներում: Եվ հենց այդ պատճառով Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է այդ ագրեսիայի հետևանքները. սկզբում հայկական բանակը վտարվեց «օկուպացված տարածքներից», իսկ հիմա խոսք է գնում մնացած բաղադրիչների վերացման մասին՝ գաղափարախոսական, տեղեկատվական, իրավական»:
Այսինքն, ըստ ադրբեջանցի նախկին պաշտոնյայի, չի կարելի խոսել խաղաղության մասին, եթե վերացված չէ «ագրեսիայի բազան»՝ նկատելով, որ 30 տարվա ընթացքում հայկական կողմն ընդլայնել է իր պահանջների շրջանակը, թե իբր սկզբում խոսում էին ԼՂԻՄ-ի մասին, հետո հայկական կողմը սկսել է պնդել ցամաքային կապի մասին՝ ներառյալ Լաչինը, ավելի ուշ դրան ավելացրին Քարվաճառը:
«Եվ ինչ-որ պահի նրանք սկսեցին «օկուպացված տարածքները» վերագրել, այսպես ասած, Արցախի Հանրապետությանը: Հետո եղավ պաշտոնական հայտարարություն Հայաստանից՝ մենք ճանաչում ենք Արցախը, և վերջ: Եվ այս բոլոր տարիներին նրանք աստիճանաբար մեծացրել են իրենց պահանջների շրջանակը»,- շարունակել է Զուլֆուգարովը:
Այսինքն, Ադրբեջանը փորձում է ապահովագրել իրեն հետագա «խնդիրներից», ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ:
Ի դեպ, այն, որ «Սիվիլնեթին» տված հարցազրույցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, թե Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է, ընդամենը դիվանագիտական նուրբ քայլ էր, Ադրբեջանում ևս նույն ընկալումն է: Չմոռանանք, որ Էրդողանի ղեկարած Թուրքիան ՀՀ ներքին խնդիրներին միջամտելու փորձ էր արել, երբ անգամ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:
Մասնավորապես, 2021-ի փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան»,- հայտարարել էր Էրդողանը։
Ծանոթ դիրքորոշում է չէ՞… Իսկ 2021 թվականի հունիսին ՀՀ-ում անցկացվեցին ԱԺ արտահերթ ընտրություններ…