Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը որոշեց ինքը հեռանալ և ոչ թե հեռացնել Նիկոլ Փաշինյանին. արդյո՞ք արտաքին գործոններ կան

Մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը՝ նշելով, որ հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ, և, որ հատել է իրենց համբերության սահմանը, այլևս չեն հանդուրժելու զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված իշխանական «գրոհները»:

«ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- նշվում էր ԳՇ հայտարարության մեջ, որի տակ ստորագրել էին մոտ 4 տասնյակ գեներալներ, որոնցից մեծ մասին պաշտոնանկ արեցին: Նրանց թիվը երեկ մի քանիսով ավելացավ:

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն էլ է սիմվոլիկա սիրում:

Ինչ վերաբերում է հայտարարության տակ ստորագրած գեներալներին և բարձրաստիճան զինվորականներին, ապա, ըստ էության, նրանցից ոչ բոլորն էին իրապես աջակցում Օնիկ Գասպարյանին, կամ համաձայնել էին ստորագրել Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, որովհետև սեփական կարիերան պաշտպանելու խնդիր կար, որովհետև այդ պահին իրենց թվացել է, որ Օնիկ Գասպարյանը հաղթելու է:

Բայց երբ հասկացան, որ հաղթելու է «իրավունքի ուժը», սկսեցին համակերպվել իրավիճակին:

Եվ այսօր որոշ պաշտոնազրկվածներ և այս ճանապարհին կանգնածներ պետք է լոյալ պահեն իրենց, որպեսզի հանկարծ քրեական գործեր չհարուցվեն, քաղաքական հետապնդումներ չսկսվեն, ինչը միանգամայն հնարավոր է, «հիմքեր» կգտնվեն (եթե չկան դեռ), ինչպես պատերազմի օրերին պարգևատրումների համար են գտնվել: Իսկ բոլոր նրանք, ում պարագայում էլ քրեական գործեր կան արդեն, պետք է Փաշինյանի իշխանության նկատմամբ լոյալ վարք դրսևորեն, որպեսզի չլինի անցանկալի հանգուցալուծում, ինչը վերաբերում է, օրինակ, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, ով, ի դեպ, չէր ստորագրել հայտարարության տակ՝ հենց վերոնշյալ հանգամանքից ելնելով, և ով երեկ ևս ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Ի դեպ, «իրավունքի ուժով» ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանին փոխարինած Արտակ Դավթյանը ևս երեկ պաշտոնանկ արվեց: Մի առիթով մեկն ասաց՝ իրականում զինվորականներն ամենավախկոտ խավն են, եթե խոսքը ներքին պայքարի, անգամ սեփական իրավունքների մասին է: Գուցե:

Չմոռանանք, որ միայն գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր իր անունից և առանձին շարունակել պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը նրան չներվեց:

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել էին, որ Գրիգորի Խաչատուրովի ղեկավարությամբ 3-րդ բանակային կորպուսը միակն էր, որ, ըստ էության, չէր ենթարկվում Փաշինյանին:

Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի փետրվարի 25-ի հայտարարությանը, դրա նպատակահարմարությանը, հնարավոր հետևանքներին, այդ ֆոնին ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանից սպասելիքներին, նրան հասցեագրված մեղադրանքներին, ապա դա բացարձակ ռազմական հեղաշրջման փորձ չէր, ինչպես փորձում էր ապացուցել իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը, քանի որ այն ի պատասխան զինված ուժերի դեմ այլևս ոչ հանդուրժելի գրոհների էր, երկրորդ՝ անվտանգային խնդիր էր դրված, երրորդ՝ ի սկզբանե Օնիկ Գասպարյանը նպատակ չի ունեցել ռազմական հեղաշրջման՝ տանկերի կիրառմամբ:

Այսինքն, բանակը հայտարարություն արեց և պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ համաձայն չէ նրա վարած քաղաքականության հետ, և սպասեց, որ մնացածն օգտագործվեր ընդդիմության կողմից, որն իր հերթին՝ մեղադրեց ԳՇ-ին այլ կտրուկ քայլերի չգնալու մեջ:

Հիմա կա՛մ ընդդիմությունը չցանկացավ ԳՇ-ի հայտարարությունն օգտագործել ինչպես հարկն է՝ չանցնելով պլան Բ-ին, ինչի մասին ակնարկում էր, և որը քաղաքականությունից հեռու Օնիկ Գասպարյանը գուցե ուշ, բայց հաշվարկել էր, որ կտրուկ քայլերի դեպքում «հանցագործության» տակ է մնալու: Կա՛մ Օնիկ Գասպարյանը պլան Բ-ին չանցնելու լրջագույն պատճառ ուներ, որի մասին չգիտենք և գուցե մի օր իմանանք:

Եվ քանի դեռ դա չգիտենք, ուրեմն յուրաքանչյուրս շարունակելու ենք զգացմունքային հողի վրա, բայց թերևս արդարացիորեն մեր «դատավճիռը» և կարծիքները պնդել.

1. Եթե Օնիկ Գասպարյանը չէր օգտվելու ռազմական դրության պայմաններում իրեն վերապահված լիազորություններից և դուրս գալու Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա չպետք է հայտարարություն անեին:

2. ՀՀ զինված ուժերի հայտարարությունն արդեն իսկ լուրջ քայլ էր, նման բան երբևէ չի եղել:

3. Եթե այդ գեներալները ցանկանում էին ճգնաժամ ստեղծել, ապա կարող էին միասնաբար զորացրման դիմում գրել:

4. Օնիկ Գասպարյանը պիտի ինքնասպան լիներ:

5. Զինվորականի համար բանակից նման ձևով հեռացումը ինքնասպանության նման մի բան է:

6. Նոյեմբերի 10-ին Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին չպետք է բունկերում պահեր-թաքցներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա թաքուն տեղաշարժն ապահովվել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ավտոմեքենայով:

 Օնիկ Գասպարյանին թուրքերը չթողեցի՞ն, որ իշխանությունը վերցնի

Վերադառնալով ԳՇ նախկին պետ, գեներալ Օնիկ Գասպարյանի որոշման դեռևս չգաղտնազերված դրդապատճառին, չբացառենք, որ դրանում կարող է նաև արտաքին գործոն լինել:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռևս անցած տարի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր.

«Օնիկ Գասպարյանին թուրքերը չթողեցին, որ իշխանությունը վերցնի: Թուրքերն ասել են՝ կներխուժենք, եթե այդտեղ լինի զինված հեղաշրջում, Նիկոլը մեր տղեն է: Մեզ հայտնեցին այդ մասին: Թե չէ Օնիկը ձերբակալելու էր: Ես այդպես եմ կարծում»:

Եթե Հրանտ Բագրատյանի առաջ քաշած վարկածը ճիշտ է, ուրեմն՝ Օնիկ Գասպարյանը փորձել է խուսափել առավել մեծ աղետից:

Այս համատեքստում հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ օր հետո՝ 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- հայտարարել է Էրդողանը։

2021-ի ապրիլին factor.am-ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը և այդտեղ Օնիկ Գասպարյանի զգուշացումը, թե՝ «այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան», Արմեն Գրիգորյանն ասել էր.

«Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի»:

Ի դեպ, 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահն ակնարկել էր, որ «վերելակային հանդիպումից» հետո հրադադարի ռեժիմը չխախտելու մասին պայմանավորվածությունը պահպանելով՝ նպաստել է Փաշինյանի հաղթանակին ընտրություններում:

1998-ի փետրվարի 3-ին Վազգեն Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառներին, ասել էր.

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ հեռացներ՝ որպես Պաշտպանության նախարար, ես հեռանալու էի, բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկը մյուսին հեռացնելու: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ, և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը եղած մի շարք մարդկանց շուրջ: Ես համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է: Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն: Առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»:

Ի՞նչ ունենք այսօր. հեռացավ Օնիկ Գասպարյանը, բայց Նիկոլ Փաշինյանը և փաշինյանամերձ գեներալները 44-օրյա պատերազմի պարտության ամբողջ բեռը գցում են նրա և բանակի վրա: Ավելին, հանրության մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու համար պատասխանատու և մեղավոր է համարում գեներալ Օնիկ Գասպարյանին՝ չիմանալով նրա հեռանալու գուցե լրջագույն պատճառը:

Իսկ գուցե հենց սկզբից պետք էր հետևել Սերժ Սարգսյանի 2018-ի հրաժարականի խորհուրդ-մաղթանքին, որտեղ սպաներին, իր զինակից ընկերներին տրամաբանություն էր մաղթում՝ շեշտելով, որ որպես երկրի ղեկավար՝ վերջին անգամ է դա անում…

Տեսանյութեր

Լրահոս