Ադրբեջանի սահմանադրությունում դրույթներ չկան Արցախի առնչությամբ. ինչպես կարող են «խաղարկվել» «Արևմտյան Ադրբեջանի» մասին իբր անխուսափելի դրույթները
Իլհամ Ալիևի կարգադրությամբ 2025 թվականն Ադրբեջանում հայտարարվել է «Սահմանադրության և ինքնիշխանության տարի», քանի որ 2025-ին Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին են նշելու և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին:
168.am-ն Ադրբեջանի սահմանադրության և Ալիևի վերը նշված որոշումից բխող հնարավոր քայլերի վերաբերյալ մասնագիտական կարծիք է խնդրել ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանից՝ պարզելու՝ արդյո՞ք սա խորամանկ քայլ է՝ Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու:
«Ադրբեջանի կողմից «2025 թվականը Սահմանադրության և ինքնիշխանության տարի» հայտարարելը տրամաբանական շարունակությունն է մարդկայնության դեմ ուղղված, ինչպես նաև ցեղասպանական այն քաղաքականության, որ պատերազմի սպառնալիքով հետևողականորեն տարվում է 44-օրյա պատերազմից հետո։
Այդ երկրի բռնապետի կարգադրությամբ մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր, որոնք ուղղված կլինեն 44-օրյա ագրեսիվ պատերազմի (իրենք դա ցինիկաբար անվանում են «Հայրենական պատերազմ») արդյունքները իբր Սահմանադրությամբ օրինականացնելու խնդրին։
Եթե հակիրճ բնութագրենք այդ նախաձեռնությունը, ապա այն ակներև հետապնդում է պատմաիրավական ակնհայտ հիմքերը հիմնովին կեղծելու, խեղաթյուրելու միջոցով, արդեն հիմնական օրենքի ուժով Արցախի հարցը նենգափոխելու, այն մեկընդմիշտ փակելու, Հայաստանից բռնազավթած տարածքները չվերադարձնելու համար իրավական հիմքեր ստեղծելու և մեր երկրի նկատմամբ նոր հավակնություններ ամրագրելու, այդ թվում՝ մեր երկրին նոր Սահմանադրություն պարտադրելու հստակ նպատակ։
Բնորոշ է այն, որ պաշտոնական պարզաբանումներով ադրբեջանական կողմը փորձում է հավաստիացնել, թե իբր 1991-93թթ. թուլակամ իշխանությունները հավուր պատշաճի չեն հետևել «Ադրբեջանի հանրապետության պետական անկախության մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական օրենքի գաղափարներին և գնացել են անհիմն զիջումների, և իբր միայն իր հորն է հաջողվել կանխել վտանգավոր զարգացումները. այս դեպքում խնամքով անտեսվում է, որ Սահմանադրությունը, այնուամենայնիվ, ընդունվել է իր հոր օրոք։
Իհարկե, նախկին իշխանությունների կողմից կազմված սահմանադրության դրույթներին իրենք նոր չէ, որ ծանոթացել են, ուղղակի դրանք արմատապես վերանայելու և նոր հավակնություններ ամրագրելու պահը, իրենց ընկալմամբ, հիմա է հասունացել։ Ընդ որում, շեշտում են, որ իրենք այս տարիների ընթացքում բարեբախտաբար ղեկավարվել են ոչ թե սահմանադրությամբ, այլ «մեծ փրկության գաղափարով». սա հարկ կլինի հետագայում իրենց դեմ օգտագործել, և հուսանք, որ դրա առիթը դեռ կլինի։
Ալիև կրտսերն ինքն իրեն դրել է հիմար վիճակի մեջ՝ մի կողմից՝ փորձում է ամեն գնով հորը մեծարել, մյուս կողմից՝ չի կարողանում բացատրել, թե այդ ինչպես է իր հայրը գնացել թուլակամ քայլերի։ Իհարկե, երբեք չի խոստովանի, որ պարզապես հարկադրված են եղել գնալ այդպիսի քայլերի։
Սա ենթադրում է, որ իրենք ոչ թե ուղղակի կներառեն հոդվածներ Արցախի տարածքի առնչությամբ, այլ կփորձեն ամրագրել դրույթներ, թե իբր այդ տարածքներն ազատագրել են միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ և վերականգնել են այդ տարածքներում իրենց ինքնիշխանությունը, և ոչ մի խոսք չի լինի ազգային ինքնորոշման հենքով անկախ պետականություն ձևավորելու մասին»,- մանրամասնեց արդարադատության նախկին նախարարը:
Գևորգ Դանիելյանի խոսքով, արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե իբր սա իրենք կարող էին անել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, սակայն, ըստ նրա, չպետք է անտեսել, որ այդ ժամանակ Արցախն ամբողջությամբ դեռ չէին զավթել, և անհրաժեշտ էր ժամանակ, որպեսզի միջազգային ուժերի լռելյայն պահվածքի ներքո, նորանոր բռնարարքների միջոցով հարկադրեին բնիկ արցախցիներին բռնել գաղթի ճանապարհը, ինչի ականատեսը եղանք։
«Սա մեկ անգամ ևս ակներև վկայում է այն մասին, որ այդ երկրի բռնակալը բացարձակապես մտադիր չի որևէ ձևաչափով անդրադառնալ արցախցիների վերադարձի խնդրին, իր նպատակը ճիշտ հակառակն է՝ ամեն գնով, այդ թվում՝ կեղծ ու շինծու սպառնալիքներով, իբրև անխուսափելի ու տրամաբանական հրամցնել ադրբեջանցիների «վերադարձը», այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Չի բացառվում, որ այդ եզրույթը տեղ գտնի նաև նոր Սահմանադրությունում, ինչով կփորձեն իբր իրավական հարթություն տեղափոխել իրենց զառանցանքը։
Այս նենգ նախաձեռնության համար, թերևս, իրենց ընկալմամբ, հարմար պահ են ընտրել նաև այն տեսանկյունից, որ Արցախը հայաթափելուց հետո դեռ անհրաժեշտ էր սպասել միջազգային հանրության և Հայաստանի իշխանությունների արձագանքին։
Ցավոք, մթնոլորտն այնպիսին էր, որ ըստ էության, ձևավորվեց այսպիսի բացահայտ ապօրինի նախաձեռնությամբ հանդես գալու հարմարավետ իրավիճակ, իսկ ավելի ձգձգել չեն պատրաստվում, քանզի դժվար է վստահ լինել, որ անվերջ կարող է այսպիսի անտրամաբանական ու հակամարդկային մթնոլորտ լինել։
Նկատենք, որ Ադրբեջանի սահմանադրությունում ընդհանրապես դրույթներ չկան Արցախի առնչությամբ, ինչը վկայում է այն մասին, որ իրենք անգամ սահմանադրական հարթությամբ էին հաշտվել Արցախի անկախության հիմքով ստատուս-քվոյի հետ, մինչդեռ՝ նույն այդ սահմանադրությունում ի սկզբանե կան դրույթներ Նոր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վերաբերյալ, թեպետ՝ այդ տարածքում անգամ մեկ հայ վաղուց չի ապրում, իրենց բնորոշ «խաղաղ» ճանապարհով հայերը բռնագաղթել էին դեռ խորհրդային համեմատաբար անվտանգ տարիներին։ Սա նաև կարող է հետագայում օգտագործվել մեր երկրի դեմ սանկցիաներ կիրառելու իրավական հիմք ունենալու հեռահար նկատառումով, մանավանդ, որ դրան մենք սահմանված կարգով չենք ընդդիմանում։
Մյուս կողմից, սա ավելորդ ցուցիչ է առ այն, որ մենք որևէ պարագայում չպետք է սահմանադրական փոփոխությունների դիմենք՝ դրանից անհեռատեսորեն հանելով մեր ինքնիշխանության պատմաիրավական արժեքավոր բաղադրիչները։
Սակայն չեմ կարող բացառել, որ սա իրենց բնորոշ դիվանագիտական այն կռվախնձորն է, որ կարող է հարմար պահի օգտագործվել իբրև նոր շանտաժ՝ Հայաստանի Սահմանադրությունից «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրն ամբողջությամբ հանելու հեռահար նպատակով։
Մասնավորապես, վերլուծելով ներկայիս հրապարակավ արտահայտված խոսույթն ու զարգացումները, չեմ բացառում, որ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ իբր անխուսափելի դրույթները վերջին պահին, որպես զիջում, հանվեն այն պայմանով, որ դրա դիմաց հայկական կողմը հանի Հռչակագրի վերաբերյալ դրույթը»,- նշեց մասնագետը:
Արդարադատության նախկին նախարարը նկատեց, որ, իհարկե, միջազգային հավաստի ու արժեքավոր գիտական աղբյուրներում հստակ ամրագրված է, որ «Ադրբեջան» անվանումով պետություն գոյություն չի ունեցել, այդ անվանումը եղել է սոսկ Իրանի մի բնակավայրի անվանում, ինչը հիմա էլ կա: Սակայն, ըստ Գևորգ Դանիելյանի, հակադարձումների իսպառ բացակայության համատեքստում, ադրբեջանցիների զառանցանքը կարող է միջազգային հանրության և մեր ժողովրդի մի որոշ հատվածի ընկալմամբ՝ գնահատվել իբրև իրավաչափ, և հընթացս՝ իբր պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու պատրանք։
«Իհարկե, Ադրբեջանը իր ապօրինի նկրտումներին հասնելու գործում միջոցների մեջ խտրականություն չի դնելու, իսկ պատերազմի դիմելու կարիք չի ունենա, եթե պահանջվածն անարգել ստանա առանց պատերազմի։ Պատերազմից խուսափելու միակ, դարերով փորձված ու հաստատված մի ճանապարհ կա՝ համարժեք զինվել ու ունակ լինել հավուր պատշաճի պաշտպանել Հայրենիքը»,- եզրափակեց ՀՀ արդարադատության նախկին նախարարը: