Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, սակայն խաղաղությունը մոտ չէ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև

Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն անակնկալ կերպով պաշտոնական հայտարարություն տարածեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տարվող աշխատանքների ավարտի մասին։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ շեշտել է՝ Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը. «Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքը հետևյալն է՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում, որում դեռևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»:

Սրան հաջորդեց ՀՀ ԱԳՆ արձագանքն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

«Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Կարդացեք նաև

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- ասված էր ՀՀ ԱԳՆ արձագանքում։

Չնայած սրան, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն էլ այսօր հայտարարել է, որ դեռևս վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը։

«Ադրբեջանական կողմը ներկայումս սպասում է Հայաստանի Սահմանադրության համապատասխան փոփոխություններին՝ հանելու 1990-ականներից ի վեր մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները, և Մինսկի խմբի լուծարմանը։ Ադրբեջանական կողմը դա առաջարկում էր արդեն որոշ ժամանակ՝ համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը մինչ օրս չի միացել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ​​ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում»,- ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։

Նիկոլ Փաշինյանը նախօրեին պարզաբանեց, թե որ երկու կետերի շուրջ է Հայաստանն իր համաձայնությունը տվել։

Նա նշեց, որ դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ այդ հարցերով պետք է որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկում ունենան:

«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցին, մյուսը՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն: Այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Ըստ էության, այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար»,- նշեց նախօրեին Փաշինյանը:

Այսօր ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ որոշ պարզաբանումներ մտցրեց, որ համաձայնագրում որևէ խոսք չկա հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի, ինչպես նաև «միջանցքի» մասին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին՝ երեկ ելույթ ունենալով Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ, հայտարարել էր, թե պետք է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և խաղաղության համաձայնագրի հեղինակն է: Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է:

Ավելի ուշ տարածվեց նրա ելույթից մեկ այլ հատված այն մասին, որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։

«Դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Կրկին, նրանց ասածներից ոչինչ մեզ համար ոչինչ չի նշանակում: Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Այնտեղ դրանք դեռ առկա են։

Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի: Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Ինչո՞ւ չեք միանում մեզ և ԵԱՀԿ-ին համատեղ հայտարարություն չեք ներկայացնում՝ կազմակերպությունը լուծարելու համար։ Նրանք չեն ուզում»,- ասել է նա՝ ըստ էության կիրառելով թշնամական հռետորաբանություն։

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկումների ժամանակ՝ մերժելով պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, ասել էր, թե Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ «Նոր սահմանադրության անհրաժեշտության մասին թեզն իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում այն ունի բացարձակապես այլ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարա լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում բոլոր սահմանադրություններին դա վերաբերում է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Իսկ նախօրեին էլ ասաց, որ Սահմանադրության հարցն Ադրբեջանի հետ չեն քննարկում։ Սակայն իշխանությունն ակտիվորեն նախապատրաստվում է սահմանադրական փոփոխություններին, որոնք Ադրբեջանը պահանջում է։

Ակնհայտորեն, եթե նույնիսկ կողմերը պատրաստ են ստորագրման, բազմաթիվ հարցեր կան հստակեցման, պարզաբանման՝ ոչ միայն կողմերի միջև, այլև՝ հասարակությունների համար։ Սակայն գլխավոր հարցը վերաբերում է ռեգիոնում խաղաղություն հաստատելու՝ Ադրբեջանի կամքին։

Ադրբեջանական կողմը, Հայաստանից ստանալով համաձայնագրի երկու դրույթի վերաբերյալ համաձայնությունը, արդեն առաջին պլան է մղել ՀՀ Սահմանադրության ու ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման պահանջների թեման։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ վերջին օրերին իշխանությանը մոտ կանգնած ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվության նոր արշավ են սկսել՝ Հայաստանին մեղադրելով իբրև թե պատերազմական նախապատրաստությունների մեջ։

Ադրբեջանական մամուլը ողողված է հայատյացություն, թշնամություն հրահրող նյութերով, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու պատանդների շուրջ շինծու գործընթացի նյութերով, և այլն։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ադրբեջանական գործընթացում բավականին բարդ պատկեր է բացվում։

Ըստ նրա, մի կողմից՝ համաձայնեցված է Խաղաղության համաձայնագրի տեքստը, մյուս կողմից՝ Բաքուն բարձրացնում է հարցեր, որոնք ևս համարում է, որ պետք է բանակցվեն ու լուծում ստանան։

Վերլուծաբանի կարծիքով, տպավորությունն այնպիսին է, որ դրանք պակաս կարևոր հարցեր չեն, քան այդ համաձայնագիրը, այսինքն՝ ակնկալիքն այն է, որ բոլոր մնացած հարցերը միասին համաձայնեցվեն։

«Թե ինչպես և ինչ ձևաչափով դա պետք է տեղի ունենա, ևս հայտնի չէ։ Տպավորություն է, որ չնայած տեքստի համաձայնեցման մասին կողմերը հայտարարեցին, սակայն ինտրիգ կա, քանի որ կրկին լարված հայտարարություններ են հնչում։ Դա ցույց է տալիս, որ տեղի չի ունենում այն, ինչ պետք է տեղի ունենա կողմերի միջև իրական համաձայնության դեպքում, լարումը չի պակասում, վստահության որոշակի մթնոլորտ չի ձևավորվում, հիբրիդային պատերազմը չի դադարում։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ կողմերի միջև խաղաղության ձեռքբերումը, համաձայնագրի ստորագրումը մոտ չէ։ Երբ հակամարտող կողմերը մոտենում են խաղաղության, հռետորաբանությունն էականորեն փոխվում է, մամուլում միմյանց վերաբերյալ նյութերի տոնայնությունը փոխվում է»,- ասաց Տարասովը։

Նա պարզաբանեց, որ խաղաղության հաստատումը դա միայն թղթի ստորագրություն չէ։ «Կիսապատերազմական և հակամարտային իրավիճակի փոխադրումը խաղաղության վիճակի իրենից ենթադրում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք այս դեպքում չենք տեսնում, սա գուցե փոքր թվացող, սակայն շատ կարևոր ցուցիչ է»,- նշեց Տարասովը։

Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հակամարտության պատմության ընթացքում արդեն չորրորդ անգամ հայտարարում են խաղաղ համաձայնագրի հերթական տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Նրա խոսքով, քչերն են ուշադրություն դարձրել նախարար Բայրամովի հայտարարության երկրորդ մասին, որտեղ նա ասում էր, որ այժմ պետք է սպասել, որ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի Սահմանադրությունից»։

«Դեռ ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ առանց Հայաստանի Սահմանադրության այս փոփոխությունների՝ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել։ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ընթանում են, բայց այս գործընթացը կավարտվի 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը նշանակում է, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը կընդունվի նույն տարվա աշնանը կամ նույնիսկ 2027 թվականին։ Բայց ամեն դեպքում, ոչ այս տարի։

Այսպիսով, եթե դիվանագիտական ​​լեզվից վերծանենք այն, ինչ երեկ ասել է նախարար Բայրամովը, ապա կողմերն ավարտին են հասցրել խաղաղ պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացը, որից հետո որոշել են ընդմիջել և սպասել նոր Սահմանադրության ընդունման ավարտին։ Եվ նաև տեսնել, թե ինչպես կավարտվի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի խաղաղ կարգավորման գործընթացը, կկարողանա՞ արդյոք Թրամփը հասնել իր նպատակին, և ընդհանրապես ինչ կլինի համաշխարհային աշխարհաքաղաքական կյանքում։ Չէ՞ որ աշխարհաքաղաքական գործոնը, համաշխարհային խոշոր խաղացողների դերը բազմիցս ազդել է հայ-ադրբեջանական հակամարտության ճակատագրի վրա։ Ուրեմն ինչո՞ւ շտապել»,- գրել է Յունուսովը, բացահայտելով ալիևյան ռեժիմի մտադրությունները։

Տեսանյութեր

Լրահոս