Էս ի՞նչ եք անում. աննորմա՞լ եք, սթա՛փ մտածեք, խելահեղության մի՛ գնացեք. երկու գերտերության հրավիրում եք Հայաստանում բախմա՞ն. Արամ Մանուկյան
Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը Հայաստանում անցնում է վախի ու բռնաճնշումների մթնոլորտում, որը ժողովրդավարության հետ որևէ կապ չունի։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ պատմելով ՀԱԿ քարոզարշավի մասին։

ՀԱԿ փոխնախագահին ավելի շատ անհանգստացնում է ոչ միայն երկրում տիրող մթնոլորտն ու գործող իշխանության ընդդիմախոսների թիրախավորումը, այլև արտաքին միջամտությունը Հայաստանի ընտրությունների գործընթացին, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաղվա այցը Հայաստան։
Արամ Մանուկյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները, փոխանակ մերժեին արտաքին բոլոր ազդեցություններն ու միջամտությունները, դիտավորյալ այս նախընտրական շրջանում Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ՝ Եվրամիություն-Ռուսաստան և ԱՄՆ-Ռուսաստան առճակատման համատեքստում։ Նա շեշտեց, որ ընտրելն ու ազատ կամարտահայտությունը ՀՀ քաղաքացու մենաշնորհն է, նրա իմպերատիվ իրավունքը, և հավասարապես պետք է մերժվեն դրսի բոլոր միջամտությունները՝ լինի Մակրոնը, Ռուբիոն, Էրդողանը, Ալիևը, Պուտինը, թե Մեդվեդևը։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի Հայաստանն արտաքին ճնշումներից զերծ պահելը և տուրք չտալը որևէ կողմի աջակցությանը կամ առաջարկներին.
«Այդ առումով մենք խոցելի ենք. մենք թողել ենք անպատասխան Ադրբեջանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի արձագանքները, կարծիքները կամ, եթե կուզեք իմանալ՝ ներքին գործերին խառնվելը՝ Հայաստանի ընտրություններում բաց կարծիք արտահայտելու իմաստով։ Ոչ ոք այդ իրավունքը չունի։
ՀՀ քաղաքացին ինքը պիտի որոշի՝ ում է քվեարկում, և ՀՀ իշխանություններն ամենիևին չեն արձագանքում դրան, և սա մտահոգիչ է այնքանով, որ դա կարող է դառնալ էսկալացիայի լուրջ աղբյուր. դա էսկալացիայի համար լայն հնարավորություններ է բացելու Հայաստանում, և մենք դանդաղ մոտենում ենք ուկրաինական սցենարին, և Ռուբիոյի գալը, Մակրոնի գալը և Ռուսաստանի հայտարարությունները, Ռուսաստանի քայլերը՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելը Հայաստանի նկատմամբ, քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ մեզ մոտեցնում են հակամարտության։ Արևելքը և Արևմուտքը շահագրգռված չեն ՀՀ քաղաքացու ընտրությամբ, նրանք շահագրգռված են իրենց հակամարտությունն Ուկրաինայից Հայաստան տեղափոխելով և Ռուսաստան-Եվրամիություն կամ Ռուսաստան-Արևմուտք բախման համար նոր օջախ ստեղծելով»։

Ելնելով այս ամենից՝ Արամ Մանուկյանը կոչ է անում ժողովրդին մերժել արտաքին բոլոր միջամտություններն առանց բացառության. «Սիրելի ժողովուրդ, քվեարկե՛ք՝ ում օգտին ուզում եք։ Մի՛ նայեք՝ ով ինչ է ասում։ Քվեարկե՛ք Հայաստանի օգտին, քվեարկեք Հայաստանի անկախության օգտին»։
Խոսելով ներկա կառավարիչների ու նրանց պրոպագանդիստների՝ Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալու արկածախնդիր կոչերի մասին՝ Արամ Մանուկյանը շեշտում է, որ իր քննադատությունը պետք է ընկալել ոչ թե՝ որպես քծնանք Ռուսաստանի հասցեին, այլ՝ իրատեսություն այն իմաստով, որ Ռուսաստանի հետ տնտեսական առճակատումը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության տնտեսական անհամեմատ մեծ կշիռը և վերջապես, այս երկրի՝ միջուկային գերտերություն լինելը։
Արամ Մանուկյանը դիմեց Հայաստանի իշխանություններին. «Էս ի՞նչ եք անում։ Այսինքն՝ Դուք համաձայն եք, որ ռուսական քաղաքական խոսույթը և ամերիկյան ու եվրոպական խոսույթը Հայաստանում բախվե՞ն։ Չե՞ք կարծում, որ էդ բախումները կարող են տանել լուրջ էսկալացիաների, իսկ բախումների փուլ եթե մտանք, Ուկրաինան, Ձեզ թվում է, միանգամից՝ մի որոշումով մտա՞վ։ Քայլ առ քայլ գնաց, կոնֆլիկտը սրվեց, և հիմա ամբողջ աշխարհը փորձում է հետ կանգնել, դադարեցնել՝ չի ստացվում։
Մի ամբողջ հզոր Ուկրաինա ոչնչանում է, 45 մլն բնակչությամբ երկիրը՝ Եվրոպայի ամենամեծ տարածքը, կործանվում է։ Երկու սլավոնական ազգերի հագցրին իրար, երկու եղբայրական, բարեկամ, հարևան, նույնալեզու, նույնադավան ազգերին հագցրել են իրար և չեն էլ կարողանում դուրս գալ այս հակամարտությունից։
Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանն ինչ կլինի, եթե հանկարծ այդ բախման կիզակետում հայտնվի։ Ես ներողություն եմ խնդրում Ուկրաինայի ժողովրդից, բայց Ուկրաինայի աննորմալ ղեկավարության քաղաքականության հետևանքով ո՞վ է տուժում այսօր՝ բացի Ուկրաինայի ժողովրդից։ Չեմ վախեցնում, ընդամենն ասում եմ՝ սթա՛փ մտածեք, ողջամի՛տ մտածեք, արյունահեղության, խելահեղության մի՛ գնացեք… «Քանի դեռ Եվրամիության հետ մեր հարաբերությունները չեն հակասում մեր՝ այնտեղ լինելուն, մենք կլինենք այնտեղ, քանի դեռ էստեղ եմ, չեմ գնա էնտեղ…»։
Էդ ի՞նչ բառախաղեր եք անում։ Գերտերությունների հետ էդպես խոսել չի՛ կարելի։ Մենք էդ ուժը չունենք։ Նույնը ես ասում եմ՝ Եվրամիության, ԱՄՆ-ի հետ չի կարելի խաղալ, չի կարելի դեմարշներ անել, շանտաժներ անել, հաթաթա տալ։ Նույնը՝ Իրանի նկատմամբ»։

Արամ Մանուկյանը մանկապարտեզի մակարդակի դատողություններ է համարում ՔՊ-ի քարոզիչների կոչերը՝ բոյկոտելու ռուսական ապրանքները.
«Հայտարարել, որ «դե, մենք էլ էկեք բոյկոտենք ռուսական օղին»։ Այ քեզ բան… Ռուսաստանը տակը լցրե՞ց էդ քո հայտարարությունից։ Աննորմա՞լ եք, ինչ է։ Այսինքն՝ մենք ամբիցիայի խնդի՞ր ունենք՝ Ռուսաստանին կամ Ամերիկային վախացնե՞նք, թե՞ պետության խնդիրն է նրա հետ էլ հարաբերություններ կարգավորել, նրա հետ էլ։ Էս ի՞նչ մանկամտություն է, էս ի՞նչ խելահեղություն է՝ երկու գերտերություններին հրավիրել Հայաստանում իրար բախվելու։ Միշտ այս օրինակն եմ բերում՝ 6000 ատոմային մարտագլխիկ Ռուսաստանն ունի, 6000 էլ Ամերիկան ունի։ Խելոք երկիրը կմտնի էդ արա՞նքը»։
Արամ Մանուկյանը նաև մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հայտնի հայտարարություններն ու սպառնալիքները. «Հային ուրիշ ձև չունե՞ք կոտրելու։ Ինչո՞ւ ես հակադրության մեջ դնում Արարատն ու Արագածը։ Դա՞ է էսօր քո խնդիրը։ Հակասությունների միջոցո՞վ ես ուզում երկիր տանել։ Հանում ես բոլորին իրար դեմ՝ «սև ու սպիտակ», «կործանելու եմ», «ձերբակալելու եմ», «սատկացնելու եմ», «կզացնելու եմ». ամոթ է, ամոթ է։ Սա էս ազգի ընտրյալը չի, սա էս ազգի տականքի ցուցիչն է, որ բարձրացրել են վերև ու ամբողջ աշխարհին ցույց են տալիս մեր այս թույլ վիճակը»։
Առավել մտահոգիչ են ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի այն կանխատեսումները, որ Նիկոլ Փաշինյանի «գժությունների» արդյունքում կամ արտաքին միջամտությունների ու աշխարհաքաղաքական բախումների արդյունքում իրավիճակը Հայաստանում կարող է «տակնուվրա» լինել։

«Ցանկացած օր Նիկոլի ցանկացած գժության արդյունքում կամ Ռուբիոյի գալու, Ռուսաստանի գործողությունների արդյունքում կարող է Հայաստանում տակնուվրա բան փոխվել, և պետք է գնալ ընտրությունների՝ ակնկալելով, որ լինելու են կտրուկ փոփոխություններ։ Անսպասելի բաներ են տեղի ունենալու, և Հայաստանն այն կայուն երկիրը չէ, որ «exit poll»-երով կամ նախնական հաշվարկներով որոշեն, թե ինչպես են ավարտվելու ընտրությունները»,- կանխատեսում է Արամ Մանուկյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



