Ադրբեջանը շարունակելու է պատերազմը, ՀՀ-ում իշխանափոխությունը կարող է փոխել անվերջ զիջելու անիվը
Անկախ նրանից՝ Հայաստանում ով կընտրվի և ով չի ընտրվի, Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվելու։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Նախընտրական Հայաստանը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում» խորագրով փորձագիտական պանելային քննարկման ընթացքում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Պարբերաբար լինելու է կոշտ ուժի և փափուկ ուժի համադրմամբ փաստացի պատերազմ Հայաստանի դեմ, որովհետև դրա համար որևէ օբյելտիվ պայման կամ հնարավորություն գոյություն չունի։ Ես վստահ եմ՝ հենց այսօր էլ նա կարող էր պատերազմ սկսել, եթե միջազգային իրավիճակը թույլատրեր, այսինքն՝ դա բացառելը, պատրանքներով ապրելը, կարծում եմ, կոպտագույն սխալ է։ Անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի ընթացք կունենան ընտրությունները, այս ծրագրերը չեն փոխվելու՝ մեր դեմ իրականացվող քաղաքականությունն առաջ մղելու համար, և դա իր համար գոյութենական խնդիր է, այդ բռնապետական վարչախմբի բռնապետական խնդիրն է։ Եթե նա դադարեցնում է այս քաղաքականությունը, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է իր իշխանությունը, հետևաբար որևէ պատրանք չի կարող գոյություն ունենալ այս ամենի մասին։
Սա չի նշանակում, թե մենք գործ ունենք գերհզոր կամ անխոցելի թշնամու հետ։ Ո՛չ, ամենևին այդպես էլ չէ։ Այս նույն բոլոր գաղափարները եթե դիտարկում ենք, բոլորն անխտիր արհեստածին են։ Լավ, չես կարող դու խոսել այստեղ «հայրենիք» կերտելու մասին՝ «յուրդերի» պատկերներով։ Հայկական բարձրավանդակում «յուրդերը» շատ ուշ են հայտնվել, երբ թյուրքալեզու հանրույթները մուտք են գործել Հայաստան»,- մեկնաբանեց Վարդան Ոսկանյանը։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հավելեց, որ եթե Հայաստանում լինի փոփոխություն, դիմադրելու ինչ-որ ցանկություն, նշույլներ վերածվեն քաղաքականության, այս անվերջ զիջելու, նահանջելու արատավոր ընթացքը՝ այս «անիվը» կանգ առնի։



