Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռուս ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Իլարիոնին
Չեխիայի ոստիկանությունը թմրանյութերի պահման կասկածանքով ձերբակալել է միտրոպոլիտ Իլարիոնին: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է նրա օգնականներից մեկը։
«Ժամը 10:30-ին սկսվել է սրբազանի հարցաքննությունը՝ դատախազի, դատավորի, Ռուսաստանի հյուպատոսի և փաստաբանի մասնակցությամբ։ Երեկ նրան պաշտոնապես հանցագործության կատարման կասկածանք են առաջադրել՝ թմրամիջոցների պահում։ Այդ հիմքով նրան ձերբակալել են, տեղավորել քննչական մեկուսարանում և վերցրել բոլոր անձնական իրերը»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ այս գիշեր հոգևորականին այցելել է փաստաբանը, ինչպես նաև ռուս հյուպատոսը, ով կարողացել է գնահատել պահման պայմաններն ու ստուգել ամեն ինչ։
Միտրոպոլիտի տելեգրամյան ալիքում նշվում է, որ նախորդ օրը նրա մեքենան կանգնեցրել է ոստիկանությունը և իբր բեռնախցիկում գտել «սպիտակ գույնի նյութով» չորս փոքր տարաներ։ Հրապարակման մեջ բերվում են նաև սրբազանի պաշտպանի խոսքերը։ Նա հստակեցրել է, որ զննության պահին հոգևորականին տարել են լցակայանի խանութ և փաստացի զրկել ուժայինների աշխատանքին հետևելու հնարավորությունից։
Ինքը՝ միտրոպոլիտ Իլարիոնը, միջադեպն անվանել է սադրանք՝ հերքելով իր առնչությունը։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ինքը բազմիցս անանուն սպառնալիքներ է ստացել, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի,՝ ծառայության վայրը լքելու պահանջով։
2009-ից 2022 թվականներին եպիսկոպոսը ղեկավարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը։ Այնուհետև նա գլխավորել է Բուդապեշտի և Հունգարիայի թեմը։ 2024 թվականի հուլիսին Ռուս ուղղափառ եկեղեցին նրան ուղարկել է հանգստի։



