Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան. տրանսպորտային խաղ՝ «զրոյական արդյունքո՞վ»  

Վերջին մի քանի շաբաթվա հարուստ իրադարձություններն արտացոլում են նոր դինամիկա հայ-թուրքական և հայ-ռուսական հարաբերություններում։

Այսպես, անցյալ տարվա ապրիլի վերջին Կարսում կայացավ երկաթուղու սահմանային հատվածի աշխատանքի ակտիվացման համատեղ աշխատանքային խմբի նիստը։ Ամսվա սկզբին Հայաստան էր այցելել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։ Սա ավելի քան տասը տարվա ընթացքում նման բարձր մակարդակի թուրք պաշտոնյայի առաջին այցն էր Հայաստան։

Բացի այդ, մայիսին Երևանն ու Անկարան ավարտել են ուղիղ առևտրի նախապատրաստման բյուրոկրատական ընթացակարգը։ Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ հարևան երկրի հետ ուղիղ առևտուր սկսելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը պատրաստ են։ Այժմ երրորդ երկրներով եկող ապրանքները հնարավոր կլինի ձևակերպել «Հայաստան/Թուրքիա» վերջնակետով։ Մինչդեռ ընդհանուր սահմանի բացման տեխնիկական աշխատանքները դեռ շարունակվում են։

Կարդացեք նաև

Ի դեպ, վերջերս Sözcü Tv հեռուստաալիքի թոք-շոուում թուրք փորձագետներ Նևզաթ Չիչեքն ու Էրոլ Մութերջիմլերն անդրադարձել են Հայաստանի թեմային։ Քննարկման գլխավոր թեզը հանգում է այն բանին, որ ներկայումս Թուրքիայի, Ադրբեջանի և հավաքական Արևմուտքի շահերն օբյեկտիվորեն համընկել են հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանին որպես հաղթող տեսնելու ընդհանուր ձգտման մեջ։

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ նման աջակցություն պատճառը պրագմատիկ է և ակնհայտ Փաշինյանը պարզապես գնացել է աննախադեպ քայլի՝ կոտրելով Հայաստանի համար սովորական հակաթուրքական դրույթները և պարադիգմը, մտնելով բացահայտ հակամարտության մեջ եկեղեցու և արմատական ​​սփյուռքի հետ, որոնք «տասնամյակներ շարունակ արգելափակում են Անկարայի հետ երկխոսությունը»։

Մասնավորապես, Էրոլ Մութերջիմլերն ընդգծել է՝ «ճիշտ ժամանակն է, որ Հարավային Կովկասը հրաժարվի քաղաքական գործիչների «էժանագին բանավեճերից»: «Արմատական-ազգայնական» կարգախոսներին ու կոչերին պետք է փոխարինելու գան տնտեսությունն ու դրա առաջնահերթությունները։ Այս համատեքստում քննարկման մասնակիցները կոչ են արել կոնկրետ քայլի դիմել՝ բացել սահմանը Կարսի շրջանում և օրինականացնել անդրսահմանային առևտուրը, ինչը, իբր, հզոր խթան կհաղորդի Թուրքիայի արևելյան նահանգների զարգացմանը և Հայաստանը դուրս կբերի մեկուսացումից:

Սակայն Ակ-Սարայը, ինչպես նաև թուրքական հասարակությունն, ընդհանուր առմամբ, բազմաթիվ թաքնված դժգոհություններ և պահանջներ են կուտակել Եվրամիության և եվրաբյուրոկրատիայի դեմ։ Անուղղակիորեն այդ տարաձայնություններն ուղղակիորեն կապված են Եվրոպա-Հայաստան հարաբերությունների հետ, հետևաբար և՝ ուղղված են Հայաստանի դեմ։

Թուրք փորձագետները նշում են՝ ԵՄ վերաբերմունքը Հայաստանի և Վրաստանի հետ ցույց տվեցին, թե որքանով է Եվրոպան ընտրողաբար ընկալում սեփական սահմանները: Թուրքիային տասնամյակներ շարունակ պահում են «դռան շեմին», բայց պատրաստ են քաղաքական ժեստեր բաժանել այն երկրներին, որոնց կապը Եվրոպայի հետ շատ ավելի քիչ ակնհայտ է։

Դա ոչ թե աշխարհագրության, այլ քաղաքական կամքի և մշակութային վերաբերմունքի հարց է, համոզված են Անկարայում։ Նրանց խոսքով՝ երբ Թուրքիայի պարագայում խոսում են «կանոնների» մասին, իսկ մյուսների համար խորհրդանշական «դռներ» բացում, ակնհայտ է դառնում, որ կանոնները բոլորի համար նույն կերպ չեն աշխատում: Դրանում է դրսևորվում եվրոպական երեսպաշտությունը։

Վերադառնալով վերը նշված հայտարարությանը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղղակի առևտրի, ինչպես նաև համապատասխան բյուրոկրատական ընթացակարգերի ավարտի մասին, հարկ է նշել հետևյալը. հատկանշական է, որ այս որոշումն առավել օպերատիվ է ընդունել Երևանում ԱՄՆ դեսպանատունը, ինչը հաստատում է Վաշինգտոնի ակնհայտ շահագրգռվածությունը և նրա փոխկապակցվածությունն Անկարայի հետ Հարավային Կովկասում։

Ամերիկացիները, սակայն, չեն կարող իրենց հաշիվ չտալ գլխավոր իրողության հետ. անգամ նման նվազագույն քայլերն անխուսափելիորեն հանգեցնելու են առևտրային դիսբալանսի (անհամակշռության) խորացմանը՝ հօգուտ Անկարայի։ Օրինակ՝ 2024 թվականին Թուրքիայի արտահանումը Հայաստան կազմել է 336 մլն դոլար (8-րդ տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում)։ Մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանման ցուցանիշները շատ ավելի համեստ են եղել՝ կազմելով ընդամենը 0,4 մլն դոլար։

Հավաքական Արևմուտքի՝ Հայաստան տնտեսական էքսպանսիայի կարևոր սահմանափակող գործոնն առայժմ նրա անդամակցությունն է ԵԱՏՄ-ին։ Ուստի նրա շուկան խոշոր խաղացողներին դեռ այնքան էլ հեշտ չէ կուլ տալ։ Ի վերջո, ԵԱՏՄ-ում դեռևս գործում են ընդհանուր պրոտեկցիոնիստական (հովանավորչական) ռեժիմներ տնտեսական միության շրջանակներում, ինչն, անշուշտ, համապատասխանում է ինտեգրացիոն միավորման մասնակիցների շահերին: Բայց ինքնին հասկանալի է՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը և այդ ուղղությամբ Երևանի կողմից հետևողականորեն ձեռնարկվող քայլերը կզրկեն նրան նաև այդ պաշտպանական մեխանիզմներից։

Հայ հետազոտողների շրջանում լայնորեն տարածված է թերահավատությունն Անկարայի իրական մտադրությունների վերաբերյալ, որն օգտագործում է «սահմանների բացման հեռանկարը՝ որպես խայծ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդյունավետությամբ այս գործիքը շատ ավելի լավ է, քան հենց սահմանի բացումը։ Հենց այդ պատճառով էլ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ դե ֆակտո իշխանություններն ամեն օր նոր զիջումների են գնում Թուրքիային և Ադրբեջանին, բայց սահմանների բացման և ճանապարհների ապաշրջափակման հարցն այդպես էլ չի լուծվում։

Թուրքիան սահմանների թեման օգտագործում է որպես դիվանագիտական և քաղաքական ճնշման գործիք։  Պատահական չէ, որ արդեն 6 տարի է՝ տեղի են ունենում հայ-թուրքական միայն անբովանդակ հանդիպումներ ու քննարկումներ, բայց սահմանների բացում տեղի չի ունենում։ Այս ամբողջ քարոզչության նպատակն է հայ հասարակության մեջ կեղծ պատրանք ստեղծել, թե «ուր որ է, սահմանը կբացվի», և «մենք լավ կապրենք»: Մինչդեռ դրա դիմաց Թուրքիային նոր զիջումներ են արվում»։

Այդուհանդերձ, թուրք-հայկական առևտրային էֆեմեր (խաբուսիկ) կարգավորումը որոշակի ներդրում ունի ռուս-հայկական հարաբերությունների դեգրադացիայում։ Այսպես, «Ռոսսելխոզնադզորը» արգելափակել է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներկրումը, ի հավելումն ծաղիկների ներկրման ավելի վաղ ընդունված սահմանափակման։

Մոսկվայի և Երևանի միջև տեղի ունեցող գործընթացների մասշտաբն արտացոլվել է նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի վերջին ելույթում։  Մասնավորապես, նա քննադատել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը։

Նրա խոսքով՝ օրենսդրական մակարդակով հաստատվել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կուրսը։ Միջազգային հարթակներում Հայաստանը պարբերաբար միանում է ԵՄ դիրքորոշմանը։ Ակտիվ աշխատանք է տարվում ստանդարտների, կանոնակարգերի նույնականացման, ինչպես նաև ԵՄ-ի հետ մաքսային-առևտրային ռեժիմների սինխրոնիզացման ուղղությամբ, ինչը կարող է չհամապատասխանել ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի պարտավորություններին:

Շոյգուն անդրադարձել է նաև 2025-2026 թվականներին «Ռուսաստանին ոչ բարեկամ մի շարք պետությունների հետ» ռազմավարական գործընկերության պայմանագրերի կնքմանը․ վերջերս Հայաստանը նման պայմանագրեր է կնքել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ մի քանի երկրների հետ:

Բացի այդ, Մոսկվան Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանին, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների արտահանձնումը և «ռուսական տնտեսօպերատորների գործունեության համար պայմանների միտումնավոր վատթարացումը» գնահատել է՝ որպես «միանշանակ ոչ բարեկամական բնույթի գործողություններ»: Առանձնահատուկ Շոյգուն նշել է Զելենսկու՝ մայիսի 9-ի նախաշեմին Ռուսաստանին ուղղված սպառնալիքներով ելույթը Երևանում կայացած գագաթնաժողովում:

Հայաստանը Ռուսաստանից շուկայական գնից երեք անգամ էժան գազ է ստանում, օգտվում է ալյուրի, հացահատիկի, պարարտանյութերի, դիզելի և բենզինի գնման արտոնյալ պայմաններից, Հանրապետության քաղաքացիները երկրում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և թույլտվությունների և անցյալ տարի Ռուսաստանից տուն են փոխանցել գրեթե 3,9 մլրդ դոլար կամ հայկական ՀՆԱ-ի 13 տոկոսը, հիշեցրել է Շոյգուն (հետագայում նրան են միացել նաև այլ պաշտոնյաներ):

Եվ, ակնհայտ է, այս գնահատականներն ու հայտարարությունները Փաշինյանի կողմից բավականին նյարդային են ընդունվել. «Գազի թանկացման հարցով նման բան չի կարող լինել, քանի որ մենք պայմանագիր ունենք։ Այս պայմանագիրը գործում է, և այն փոխշահավետ է։ Այդ պայմանագրում կան պայմաններ, և գազի գնի մասով մենք եկել ենք հստակ ռազմավարական պայմանավորվածությունների, և դրանք պետք է պահպանվեն»։

Նրա խոսքով՝ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներկրման սահմանափակման հարցերը կլուծվեն աշխատանքային կարգով, սա հերթական աշխատանքային իրավիճակն է»: Միևնույն ժամանակ, «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև բանջարեղենին և մրգերին:

«Հայկական վենդետա» տելեգրամյան ալիքը գրում է. «Փաշինյանական օլիգարխ Մանվել Ղազարյանի («Վեդի Ալկո») ալկոհոլի մուտքը ռուսական շուկա փակ է։ Ռոսպոտրեբնադզորն արգելել է մի շարք հայկական արտադրողների ալկոհոլային արտադրանքի ներմուծումը՝ հայտարարելով որակի հետ կապված խնդիրների մասին: Գերատեսչության տվյալներով՝ խախտումներ են հայտնաբերվել «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերությունների արտադրանքներում։ Ցանկում հայտնվել են գինու և կոնյակի մի քանի տեսակներ»։

Այսպիսով, կարելի է փաստել՝ ռուս-հայկական երկխոսությունը մեծապես ծանրաբեռնված է հայ-թուրքական և, ավելի լայն համատեքստում, հայ-եվրոպական երկխոսություններով: Թուրքիան Արևմուտքի համար անփոխարինելի գործընկեր է Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու, ճոճելու հարցում։ Առանց Անկարայի և Բաքվի աջակցության Երևանին կախվածության մեջ գցելու փորձերն ակնհայտորեն այնքան էլ հաջող չեն լինի և ժամանակի առումով էլ ավելի կձգձգվեն։

Հ.Գ. Մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցավ Ախուրյան և Արաքս գետերի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ, ավելի վաղ գրել էինք, ավելի քան բավարար խնդիրներ են կուտակվել: Մեկնարկելով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետում՝ այն այնուհետև տեղափոխվել է Տարածքային կառավարման նախարարության դուստր ձեռնարկության՝ «Ջրառ» ՓԲԸ-ի տարածք։

Նիստի ընթացքում քննարկվել են Սարդարաբադի ջրակարգավորիչ կառույցի և Ախուրյանի ջրամբարի աշխատանքների կառավարման հարցերը, ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ: «Ջրառ»-ի ղեկավար Տիգրան Վարդանյանը հավաստիացրել է «ստորագրված փաստաթղթերը կազմվել են փոխշահավետ պայմաններով»։

Յուրի Մավաշև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031