Ե՞րբ կվերանայի Ռուսաստանն իր քաղաքականությունը Հարավային Կովկասում

Միացյալ Նահանգներ-Ռուսաստան-Եվրոպա-Ուկրաինա բարդ բանակցային գործընթացի ու խմորումների ֆոնին ակտիվացած Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուշագրավ հայտարարություններ է արել նախօրեին «Իֆթար դեսպանների հետ» ծրագրի շրջանակում դեսպանների հետ հանդիպմանը։

Էրդողանը ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) համագումարների կենտրոնում՝ հայտարարել է, որ առանց Թուրքիայի՝ Եվրոպայի անվտանգության ապահովումն անհնար է։

Նա նշել է՝ եկել է ժամանակը, որպեսզի որոշումների ընդունման գլոբալ մեխանիզմները հարմարվեն փոփոխվող համաշխարհային պայմաններին: «Աշխարհի բնակչության մեկ քառորդը կազմող մահմեդականները պետք է արդարացիորեն ներկայացված լինեն որոշումների ընդունման գործընթացներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող իսլամական երկրի ներկայությունն արդեն ոչ միայն պահանջմունք է, այլև կենսական անհրաժեշտություն։

Իբրև Եվրոպայի անբաժանելի մաս՝ մենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացը համարում ենք մեր ռազմավարական առաջնահերթությունը: Անկեղծ կասեմ. եվրոպական անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց Թուրքիայի»,- նշել է նա՝ հավելելով, որ ակնկալում են, որ եվրոպացիները վերջապես առերեսվեն այս իրողության հետ և առաջ մղեն Եվրամիության ամբողջական անդամակցության գործընթացը:

Կարդացեք նաև

Ի թիվս այլ թեմաների, Էրդողանն անդրադարձել էր Հարավային Կովկասին՝ ասելով, որ Անկարան ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման և կայունության հասնելու համար։ Ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է ընթանում, ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի, Էրդողանն ասել է, որ անհամբեր սպասում են համաձայնության հասնելուն։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է ընթանում՝ մենք անհամբեր սպասում ենք համաձայնության հասնելուն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Թուրքիայի ղեկավարը, ամենաբարձր մակարդակով հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորումը պայմանավորելով հայ-ադրբեջանական բանակցություններով։

Հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացը մեկնարկել է երեք տարի առաջ, սակայն մինչ օրս Երևանի ու Անկարայի քաղաքական որևէ պայմանավորվածություն կյանքի չի կոչվել, Անկարայի կողմից որևէ էական Երևանին ընդառաջ քայլ չի արվել, չնայած Փաշինյանի իշխանության ջանքերին: Անկարայից այս տարիների ընթացքում երբեք չեն թաքցրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն միայն Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

Օրերս էլ՝ փետրվարի 28-ին, հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն այսուհետ իրականացնելու են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը: Նշենք, որ «Մարգարա» անցման կետը չէր գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանն այն կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց, և այնտեղ սկսեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։

«ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար»,- սոցիալական ցանցում գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ ազդարարելով ռուսների ելքը հայ-թուրքական սահմանային անցակետից։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան բոլոր ուղղություններով ներկայումս պրոակտիվ դիվանագիտություն է վարում, իսկ պատճառը պարզ է, քանի որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպան պատրաստվում են գլոբալ բանակցությունների, որոնց հետևանքով շատ հարցեր են լուծվելու։

«Այս բանակցություններում յուրաքանչյուրը, ենթադրվում է, որ իր տեղն է գտնելու նոր աշխարհակարգում։ Թուրքիան չի ցանկանում անմասն մնալ այս գործընթացներից և բազմաբևեռ աշխարհակարգում իր ազդեցության գոտիներն է փորձում հստակեցնել՝ ավելի մեծ ազդեցություն ունենալով մասնավորապես եվրոպական մայրցամաքում, ինչը կմեծացնի Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը։ Սա է պատճառը, որ Թուրքիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր փորձում է լինել միջնորդ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև։ Սակայն հակամարտությունն իր բարդությամբ ու կշռով այնպիսին էր, որ Թուրքիային չհաջողվեց իրագործել իր այդ ցանկությունը»,- ասաց Լուկիանովը։

Սակայն նա նաև նշեց, որ ներկայումս Թուրքիան իր երկրորդ փորձն է իրականացնում։

«Այս անգամ փորձում էր հարթակ դառնալ թե Ռուսաստան-ԱՄՆ, թե Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար; Սակայն, ինչպես տեսանք, հանդիպումներից առաջինը կայացավ Սաուդյան Արաբիայում, իսկ երկրորդը՝ Թուրքիայում, ինչը ցույց է տալիս, որ Թուրքիային չի հաջողվում այդ վստահությունը ձեռք բերել կողմերի մոտ։ Սակայն ԱՄՆ ներկայիս ղեկավարության ու Զելենսկիի միջև տարաձայնությունները թույլ են տալիս Թուրքիային, աջակցելով Զելենսկիին, որոշակի դերակատարություն ստանալ այս պրոցեսներում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա վերլուծաբանը գտնում է, որ այս ռեգիոնում ամեն բան ավելի հեշտ է Թուրքիայի համար։

«Ռեգիոնում վերջին պատերազմից հետո Թուրքիայի դիրքերն էապես բարելավվել են, դա համընկավ նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ, որն էապես նվազեցրեց ՌԴ դիվանագիտության հնարավորությունները, որից շատ ուժեր օգտվեցին՝ առաջ մղելով ռեգիոնից ՌԴ դուրսբերման և թուլացման օրակարգը։

Ուստի այստեղ դեռևս նույն տրամաբանությունը շարունակվում է, սակայն, կարծում եմ, աշխարհաքաղաքական նոր իրավիճակին զուգահեռ՝ ՌԴ-ն կվերանայի իր քաղաքականությունը ողջ հետսովետական ռեգիոնում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Ասել, թե վերանայումն ինչպիսին է լինելու, բարդ է, քանի որ ներկայիս աշխարհում ազդեցությունները փոխվում են, դրանց իրացման ձևերը, մեթոդները՝ ևս։ Սակայն բոլորն են հասկանում, որ շատ բան է կախված Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների արդյունքներից։

Սակայն, ըստ իս, Մոսկվայում կարծում են, որ համաձայնությունը մոտ չէ, ուստի կարելի է շարունակել կենտրոնանալ գլոբալ հարցերի կարգավորման վրա, որոնք իրենց հետ կբերեն անխուսափելի փոփոխություններ նաև այլ ռեգիոններ։ Ուստի բոլոր ուժերը փորձում են հնարավորինս շահեկան դիրքեր ունենալ հենց գլոբալ հարցերի շուրջ բանակցություններում, որից հետո փոքր ռեգիոններում ավելի հեշտ կլինի համագործակցել։ Դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին։ Այսպիսին է Ռուսաստանի մոտեցումը»,- պարզաբանեց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս