Իրանի նախագահը զգուշացրել է Հաջիևին․ ռեգիոնում ակտիվ գործընթացներ են կոմունիկացիաների բացման հարցի շուրջ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի համաձայնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխության:

Երկուշաբթի օրը նա Թեհրանում ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին:

Ըստ Tehran times-ի, Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է: «Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության փորձ ամենևին ընդունելի չէ»,- ասել է նա: Նա տարածաշրջանի երկրների միջև միասնության կոչ է արել:

Իր հերթին՝ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է խորացնել երկկողմ կապերը: Սակայն ուշագրավ է, որ այս հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդագրությունում ոչինչ չկա հանդիպման բովանդակության՝ քննարկված հարցերի ու ներկայացված դիրքորոշումների մասին։

Կարդացեք նաև

Նշվում է միայն, որ Հաջիևը Փեզեշքիանին հրավիրել է Ադրբեջան։

44-օրյա պատերազմից հետո Իրանն այն եզակի գործընկերն ու հարևանն է, որն իր ուղիղ դիրքորոշումներով աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Դեռևս նախկին նախագահի օրոք իրանցի պաշտոնյաները հայտարարում էին, թե ՀՀ անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, և Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության, Իրանը նաև հյուպատոսարան բացեց Կապան քաղաքում։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վնասաբերության մասին։ Հուլիսի վերջին աշխատանքային այցով ԻԻՀ մեկնած Նիկոլ Փաշինյանին ընդունելով՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդը շեշտել էր Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի համարում, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը բխում է Հայաստանի շահերից։

Հաջիևի հետ զրույցն առաջիններից է, երբ նոր նախագահ Փեզեշքիանը ևս ուղիղ արտահայտվում է ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին, քանի որ ակնհայտորեն այդ հայտարարություններն առնչվում են ՀՀ-ի շուրջ ռեգիոնալ զարգացումներին։ Տարեսկզբից արդեն մի քանի անգամ իր հանրային ելույթներում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել է ռեգիոնալ կոմունիկացիաների բացման հարցին՝ Երևանից պահանջելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող անխոչընդոտ ճանապարհ ՀՀ տարածքով։

Մեկ շաբաթ առաջ Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում երեք անգամ արտաբերել էր «Զանգեզուրի միջանցք» տերմինը, հայտարարելով, թե «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և ապահովի կապն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև»։

«Մեր կողմից իրականացվող նոր նախագծերի թվում ես ցանկանում եմ հիշատակել «Զանգեզուրի միջանցքը»։ «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի նախաձեռնությունն է։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մուտք գործեց միջազգային օրակարգ։ «Զանգեզուրի միջանցքը» միջազգային բառապաշարում այսօր ընդունված տերմին է։ Մենք, իհարկե, գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում»,- ասել էր Ալիևը։

Օրերս տված իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ ռեգիոնալ կոմունիկացիաների բացման թեմային՝ ասելով, թե իրենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ են արել:

«Առաջարկել ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով էլ»,- ասել է նա։

Փաշինյանը չի բացառում, որ ինչ լուծում էլ լինի, Ադրբեջանն իր ձևով է անվանելու, ՀՀ-ն՝ իր: «Բայց հարցի էությունն է կարևոր: Մեր առաջարկած լուծումը լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որն ունի Ադրբեջանը: Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում՝ Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցում»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ դատելով թե հայտարարություններից, թե Ադրբեջանի պաշտոնյայի այցից Իրան՝ ռեգիոնալ ճանապարհների բացման հարցի շուրջ գործընթացներն ակտիվանում են, կողմերը փորձում են վերադիրքավորվել և պատրաստվել այս հարցով բանակցությունների։

Նրա խոսքով, մինչ դա տեսնում ենք, որ նրանք հայտարարություններով են փոխանակվում, փորձում հանրային տիրույթում ընդհանուր եզրերի տպավորություն ստեղծել, որպես մեկնակետ այս հարցով բանակցությունների համար։

«Սակայն տպավորություն չունեմ, թե այս հարցով դիրքորոշումներն էականորեն փոխվել են, ու հեշտ լուծումներ են լինելու։ Դա է ցույց տալիս Հաջիևի այցն Իրան, ինչպես նաև վերջին շաբաթների ընթացքում լարված ադրբեջանա-իրանական հարաբերությունները։ Իրականում, ռեգիոնալ կոմունիկացիաների հարցը դարձել է առանցքային թեմա այս հարաբերություններում, որն անընդհատ զգացնել է տալիս և սրում հարաբերությունները»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ այս ամենից անմասն չէ նաև Իսրայելը, որը ևս իր ազդեցությունն ու բացասական հետքն է թողնում Իրան-Ադրբեջան հարաբերությունների դինամիկայի վրա, քանի որ հանուն Իրանի նկատմամբ վերահսկողության և Իրանի հետ դիմակայության, Իսրայելը մեծացնում է իր ներկայությունն ու ազդեցությունը հենց Ադրբեջանում։

«Սա նոր երևույթ չէ, իհարկե, սակայն այն ևս իր մշտական հետքն է թողել այս հարաբերությունների վրա։ Բայց կարևորն այնուամենայնիվ այն է, որ անհաղթահարելի լարումներ չկան այս հարաբերություններում և ընթանում են բանակցություններ, իրավիճակը կառավարելի է»,- ասաց վերլուծաբանը։

Իր հերթին՝ ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած այն հանգամանքին, որ բանակցող կողմերը՝ Երևանն ու Բաքուն, միջնորդների աջակցություն չեն ցանկանում, հակված են բանակցել ուղիղ, չեն կարողանում գալ փոխհամաձայնության և արտաքին աջակցության կարիք ունեն։

Ըստ նրա, Իրանն է ներկայումս այդպիսի դերակատարությամբ հանդես գալիս, ում դիրքորոշումը որոշիչ է։

«Ուստի Ադրբեջանը տարբեր դիվանագիտական փորձեր է նախաձեռնում այդ դիրքորոշումների վրա ազդելու և իր գաղափարների աջակցությունն արտաքին աշխարհում ստանալու համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ-ն այս ամենի համար հիմք է ընդունում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը կարծես չեն ընդունում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն։ Սակայն չի բացառվում, որ երկար տարաձայնություններից հետո կողմերը բանակցեն այս հիմքի վրա։ Մինչ դա տեսնում ենք, որ փորձում են այլ տարբերակների շուրջ համաձայնություն ձեռք բերել»,- ասաց վերլուծաբանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ չնայած Իրանն արել է առաջարկ Ադրբեջանին անցնել Նախիջևան իրանական տարածքով, սակայն Ադրբեջանին այդ հեռանկարը չի ոգևորում։

«Նրանք ցանկանում են ՀՀ տարածքով, քանի որ պատմական նկրտումներ ունեն և ցանկանում են հասնել միջանցքի»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս