Փաշինյանը խոստովանեց՝ պատրաստ է Ադրբեջանին Մեղրիով անխոչընդոտ ճանապարհ՝ միջանցք տալ

«Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել: Ընդ որում, դա նույնիսկ առաջարկ չէ, այլ հարցի լուծում, որը մեր գնահատմամբ և ակնհայտորեն՝ հաշվի է առնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները, և էդ դիրքորոշումների հաշվառմամբ առաջարկել ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով էլ»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցին՝ ինչպես է գնահատում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Բաքվից հնչող սպառնալիքները, ապա կիսատ թողեց խոսքը ու սկսեց բացատրել՝ «ինչո՞ւ Մեղրիով»:

«Ինչո՞ւ Մեղրիով» հարցի պատասխանը, ըստ Փաշինյանի, հետևյալն է. որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած մյուս երկաթուղիներն օգտագործելի չեն:

«Տավուշի մարզում, Հաղարծինի հատվածում այնպիսի մեծ ավերածություններ են, որ այդտեղ երկաթուղին վերականգնելն այնպիսի մեծ ինվեստիցիաների հետ է կապված, որ դա լուծելը շատ բարդ խնդիր է: Ես հույս ունեմ, որ կոմունիկացիաներն այն աստիճանի կակտիվանան, որ այդ ներդրումն իմաստ կունենա եկամտաբերության տեսանկյունից: Բայց էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան՝ հակառակ ուղղությամբ, և Երասխից Նախիջևանի տարածքով՝ Մեղրի և հակառակ ուղղությամբ… Ե՛վ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար, և՛ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար… Մենք այդ առաջարկն արել ենք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այդ առաջարկի կարևոր նրբություններից մեկն այն է, որ հաշվի առնելով մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը, այս փուլում մենք որոշ ժամանակ կսկսենք բեռնափոխադրումները, հետո, երբ մթնոլորտը համապատասխան կլինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին:

Կարդացեք նաև

«Անկեղծ ասած՝ սպասում ենք Ադրբեջանի դրական պատասխանին, և եթե շատ անկեղծ լինեմ, հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումները բանակցությունների ժամանակ, լավ չեմ պատկերացնում, թե ինչու իրենք պիտի դա մերժեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ էական չէ, թե դրան ինչ անուն կտրվի:

«Ես չեմ բացառում, որ ինչ լուծում էլ լինի, իրենք իրենց ձևով են անվանելու, մենք՝ մեր ձևով: Բայց հարցի էությունն է կարևոր: Մեր առաջարկած լուծումը լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որն ունի Ադրբեջանը: Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում՝ Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է սահմանազատմանը, Փաշինյանը նկատեց՝ հանձնաժողովների հանդիպումներ կան, բայց պայմանավորվածություններ՝ դեռ ոչ:

«Աշխատանքներն ընթանալու են այնպես, ինչպես նկարագրված է հանձնաժողովների կանոնակարգում»,- ասաց Փաշինյանը:

Վերջինս նշեց՝ Խաղաղության պայմանագրի հետ կապված՝ նոր ասելիք չկա. արդեն ասել է՝ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են:

«Չհամաձայնեցված 2 կետ կա, երկուսի մասով էլ առաջարկել ենք լուծումներ: Մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն, և մենք առաջարկել ենք դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ: Երկրորդ խնդիրն իրավական հարթությունում միջազգային ատյաններից վեճերի հետ կանչելու թեման է, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում կարող է մեզ համար ընդունելի լինել: Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որևէ բան հետ կանչում, այլև վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես:

Հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք ինչ-որ մի հայց հետ քաշեցինք, Ադրբեջանը հետ քաշեց իր հայցերը, այսինքն՝ մենք պայմանավորվեցինք, որ հայց չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում երկկողմ հարաբերություններում Ադրբեջանն այդ հայցերը դնի սեղանին, և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ: Իսկ էդ պարագայում մենք արդեն մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու, միջազգային հարթակներն օգտագործելու համար»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս