Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը և Զելենսկին դեռ պատրաստ չեն հանդիպման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնառու է մնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության հասնելուն՝ չնայած նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ անորոշությանը։ 

CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ իր դիրքորոշումը և՛ իրատեսական է, և՛ լավատեսական։ Նա ասել է, որ հետևում է, թե ինչպես են երկու ղեկավարները հասցեագրում բանակցությունների հետ կապված հարցը։

«Ես հետևում եմ, ես տեսնում եմ։ Ես խոսել եմ նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ։ Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն։ Բայց ինչ-որ բան տեղի կունենա։ Մենք այդ գործն ավարտին կհասցնենք», – ասել է Թրամփը։ 

Նա նաև նշել է, որ նախկինում կարծում էր, թե ռուս-ուկրաինական հակամարտությունն իր համար ավելի հեշտ կլինի կանգնեցնել, քան իր միջոցով դադարեցված հակամարտություններից մի քանիսը, սակայն «դա, կարծես, մի փոքր ավելի դժվար է, քան մյուսները»։

ԱՄՆ նախագահը CBS News-ին նաև հայտնել է, որ դիվանագիտական բանակցություններից շատերին իր մոտեցումն այն է, որ հակամարտող երկրների առաջնորդները հանդիպեն և իրական ժամանակում հասնեն համաձայնության։ Սակայն, Թրամփի կարծիքով, երբեմն կարիք է լինում սպասելու։ 

Ավելի վաղ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ հետևում էր Պեկինում Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նախագահներին, մինչ նրանք ներկա էին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ 

«Ես հասկանում եմ, թե ինչու էին նրանք դա անում։ Նրանք հույս ունեին, որ ես հետևում եմ, և ես հետևում էի։ Իմ հարաբերությունները նրանց բոլորի հետ շատ լավ են։ Մենք կպարզենք, թե որքան լավ են առաջիկա մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում», – ասել էր Թրամփը լրագրողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս