Հյուսիս-Հարավի բանալին լինելու է ԱՄՆ ձեռքում․ մենք այդ ճանապարհից ոչինչ չենք ստանալու, կորցնելու ենք. թուրքագետ

Սյունիքում 47 կիլոմետրանոց ճանապարհի հնարավոր համօգտագործումը ոգևորել է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այս առնչությամբ նախօրեին հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«…մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը»,- ի մասնավորի, ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն Էրդողանի այս դիրքորոշումը բնական է համարում՝ նկատելով, որ այս ճանապարհն առաջին հերթին պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Թուրանը կազմելու համար, ապա նաև՝ Արևմուտքին՝ սեփական նկրտումների համատեքստում։

«Փաստ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն ինքը խոսեց Թուրանի, Թուրանին ճանապարհ տալու մասին»,- 168am-ի հետ զրույցում ասաց թուրքագետը՝ հիշեցմամբ, որ Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե հիմա բոլորիս գլխում մի բան է՝ վա՜յ, նրանց նպատակը Թուրանն է, իսկ իրենք ուզում են ՀՀ տարածքով գնան-գա՞ն։ «Թող գնան-գան, վա՞տ է դա․ Ինչո՞ւմն ա պրոբլեմը»,- հավելել էր Փաշինյանը։

Կարդացեք նաև

Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ՝ բացի Թուրանի նախագիծը սպասարկելուց, սա նաև հակաիրանյան և հակառուսաստանյան գործարք է։

«Թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի ճանապարհները կտրվում են։ Երբ ասում է, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկ», նշանակում է՝ Հյուսիս-Հարավի բանալին լինելու է  Ամերիկայի ձեռքում։ Իսկ ԱՄՆ-ը Արևելք-Արևմուտք է ուզում կառուցել, ինչը մինչ օրս գոյություն չուներ,- պարզաբանեց նա, ապա անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պնդում է փոխադարձելիության սկզբունքի մասին, այդ ճանապարհի գործարկման դեպքում նոր հնարավորությունների մասին, արձագանքեց,- Հայաստանը շատ կորցնելու է, բայց ոչ մի բան չի ստանալու։

Իսկ Հայաստանը նախ երկարաժամկետ կտրվածքով կորցնելու է իր բարեկամներին՝ Իրանին, Ռուսաստանին, կորցնելու է իր իշխանությունը․․․ Սպասվում է Իրանի դեմ պատերազմ, եթե ինչ-որ մեծ քաղաքական փոփոխություններ չլինի․ կա հակաիրանյան ծրագիր, և այդ ծրագրի մի մասը կդառնանք մենք՝ ԱՄՆ վարձակալության հանձնելով այդ տարածքը։

Ադրբեջանում արդեն իսրայելյան բանակն է, 12-օրյա պատերազմի ժամանակ արդեն տեսանք՝ ինչ-որ բաներ կատարվեցին այն կողմից, իսկ այս կողմում Թուրքիան է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր ոստիկանն այդ տարածաշրջանում։ Ու եթե պատերազմ սկսի Իրանի դեմ, Ամերիկան կփորձի նաև Հայաստանի կողմից ինչ-ինչ գործողությունների դիմել, ու կստացվի՝ մեզ էլ ներքաշելու են այդ պատերազմի մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս