Բայդենի վարչակազմի «խրախուսական» նվերը Փաշինյանին և նախկին իշխանություններին Թրամփի առաջարկած հատուկ «հովանավորությունը»
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱՄՆ պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։
Այսինքն, ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:
Նշենք, որ Գալյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր:
Իսկ Ադրբեջանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ ԱՄՆ-ը ճանաչել է ապօրինի անազատության մեջ գտնվող ադրբեջանցի անկախ լրագրող և Abzas Media լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին, ով ավելի քան 10 տարի հետաքննում է ադրբեջանական կառավարության չարաշահումների և կոռուպցիոն դեպքերը:
Նշենք, որ Abzas Media-ի վերջին հետաքննությունները վերաբերում էին նաև Ադրբեջանի նախագահի ընտանիքին և օկուպացված Արցախում շինարարություն իրականացնող ընկերություններին։ Իսկ կալանավորումից առաջ ադրբեջանցի լրագրողը գրել էր, որ իրեն ոչինչ չի կանգնեցնի, որովհետև իր համար կարևոր է շարքային քաղաքացիներին օգտակար լինելը:
Ի՞նչն է կարևոր Փաշինյանի իշխանության համար՝ ցույց տալ, որ նախկինների ապօրինի ծագման գո՞ւյքն է հետ բերում:
Եվ քանի որ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը նախընտրական տրամադրությունների մեջ է, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ներկայացնելու է պետությանը վերադարձված գույքերի ցանկը:
Առաջինն արդեն նշել է, թե դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24.993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Հարցն այստեղ ո՛չ ադրբեջանական լրագրողի գովքն է, ո՛չ էլ ապօրինի ծագման գույքի վերադարձին դեմ կամ կողմ լինելը: Ով էլ լինի իշխանության, պետական միջոցների փոշիացումն անթույլատրելի է, սակայն խնդիրն այն է, որ ԱԺ-ում խորհրդարանական ընդդիմությունը հստակ փաստեր է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի օրոք կոռուպցիայի ցայտուն դեպքերի մասին, բայց դրանք անտեսվում են, ավելին՝ արդարացվում: Գուցե պահվում են հարմար առիթի՞, Փաշինյանը սիրում է իր թիմակիցների դեմ՝ որպես ճնշման գործիք, կոմպրոմատներ ունենալ:
Չմոռանանք, որ կոռուպցիոն շատ հնչեղ փաստեր արձանագրվել են հենց Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին առնչվող, ինչի մասին նաև «Հետքի» հետաքննություններից ենք տեղեկացել, բայց չգիտես՝ ինչու, ԱՄՆ Պետդեպը Սրբուհի Գալյանին է կոռուպցիայի դեմ առաջամարտիկ հռչակել: Սրան դեռ կանդրադառնանք:
Ի դեպ, այսօր ԱԻ նախկին նախարար, ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Այս դեպքը, իհարկե, իր «ողբերգությունն» ունի տարբեր առումներով, իսկ այս 6 տարիներին ավելի լուրջ դեպքերի ականատես ենք եղել տարբեր ոլորտներում: Թե որքանով են դրանք սարքած կամ չսարքած, այլ հարց է, բայց փաստ է, որ դրանք տեղի են ունեցել 2018 թվականի իշխանափոխության օրերին և դրանից հետո իրեն կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ հռչակած Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:
Հիշեցնենք, որ 2018-ի հունիսին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել էր. «Հայաստանում հիմա կոռուպցիա չկա»:
«Ես կարող եմ դա ասել, քանի որ այժմ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել որոշակի առանձին երևույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, սակայն կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը մեզ թույլ կտան երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը»,- հայտարարել էր նա:
Իսկ 2019-ի դեկտեմբերին էլ Փաշինյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել էր.
«Վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց ես հայտարարեցի, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Ես ուզում եմ այսօր վերահաստատել դա և պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ՝ համակարգային կոռուպցիա ասելով: Իմ պատկերացմամբ՝ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար որոշակի չափաբաժիններով հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Ուրախ եմ և հպարտ՝ արձանագրելու համար, որ, այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկան կոռուպցիոն երևույթներ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք՝ արմատախիլ անելու կոռուպցիան՝ ոչ թե ուղղակի պայքարելու, այլ արմատախիլ անելու»:
Վերոնշյալ հայտարարություններից շատ չանցած, ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների դեմ առաջադրած մեղադրանքներով ցույց տվեց, որ իր իշխանության օրոք, իր թիմակիցների շրջանում կոռուպցիա կա: Այդ մասին հենց Փաշինյանն իր քայլերով վկայեց: Մասնավորապես, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք առաջադրվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանին։
Արդեն 2023 թվականի փետրվարին ԱԺ-ում Փաշինյանն առավել ուղիղ էր խոստովանել, որ ձախողել են կոռուպցիայի դեմ պայքարը:
«Մենք ասում ենք՝ համակարգային կոռուպցիան հաղթահարեցինք, բայց ամեն շաբաթ կոռուպցիայի դեպք ենք ունենում, տարբեր օղակներից ձերբակալվում են, նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում»,- շեշտել էր Փաշինյանը և շարունակել, թե քրեական շատ գործեր միտումնավոր ձգձվում են վաղեմության ժամկետին հասնելու համար:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի այս մտահոգությունը նաև բխում էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպության հրապարակած կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթվից, որի համաձայն՝ Հայաստանը ոչ միայն չի չի հաղթահարել լճացումը, այլև թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։ Կոռուպցիոն ցանկացած դեպքի կարելի է առանձին անդրադառնալ, դրանք առանձին քննարկման թեմա են:
Վերադառնանք ԱՄՆ Պետքարտուղարության՝ Սրբուհի Գալյանին կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ ճանաչելուն և դրա մեսիջներին: Մի կողմից, թվում է՝ ԱՄՆ-ը գնահատում է, այսպես ասած, Փաշինյանի հակակոռուպցիոն ջանքերը, մյուս կողմից, սա ծաղր է, եթե հաշվի առնենք, թե ինչո՞ւ չէ՝ Ադրբեջանում ում են մրցանակը շնորհել:
Եվ շատ հնարավոր է, որ Հայաստանին այս տեսակ «սիրաշահումը» իր քաղաքական նպատակներն ունի: Իսկ գուցե պարտավորեցնող մրցանա՞կ է, կամ զուտ ԱՄՆ հեռացող վարչակազմի երախտագիտությո՞ւնը: Ժամանակը ցույց կտա:
Այս համատեքստում, թերևս, հարկ է հիշեցնել 2017 թվականին «Հայկական ժամանակում» Աննա Հակոբյանի հեղինակած՝ «Դոնալդ Թրամփը բարձր հովանավորություն է առաջարկում Սերժ Սարգսյանին» վերտառությամբ հոդվածը: Այստեղ Հակոբյանն անդրադարձել էր այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՀՀ անկախության օրվա առիթով Հայաստանին հասցեագրված ուղերձին:
«Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:
Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առևտրային ու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես՝ այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը»,- «Հայկական ժամանակը» մեջբերել էր Դոնալդ Թրամփի ուղերձը:
Այնուհետև Աննա Հակոբյանը նկատել էր, որ «ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում, ընդ որում՝ որպես լրացում նշվում է ժողովրդարությունն առաջ տանելու, վստահելու և թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու պատրաստակամությունը»:
«ԱՄՆ-ի համար փաստորեն Հայաստանի ժողովրդավարությունը և տնտեսության վստահելիությունն ու թափանցիկությունը դեռ խնդիր են»:
Եվ դա ամրագրվում է ամենաբարձր մակարդակով, ինչը, ըստ էության, թաքնված շանտաժ և սպառնալիք կարելի է համարել՝ ուղղված գործող իշխանություններին: ԱՄՆ-ը հավանություն է տալիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու քայլին,- գրել էր լրագրող Աննա Հակոբյանը և շարունակել,- Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը մեծացնելու ցանկություն կա, նաև՝ ԱՄՆ-ը ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում: ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Սույն ամրագրումները չափազանց կարևոր են, և, ըստ էության, նշան են Հայաստանի հանդեպ հատուկ հետաքրքրության: ԱՄՆ նախագահի մակարդակով Հայաստանի հետ համագործակցության հանդեպ ցուցաբերված այս ուշադրությունը, որքան էլ հաճելի թվա, ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունների համատեքստում չափազանց վտանգավոր է:
Ինչպես հայտնի է, Հայաստանը նոյեմբերին պատրաստվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել, և մինչև այժմ տեղի ունեցող զարգացումները կասկածներ էին հարուցել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանին դրել են ընտրության առջև: Այսինքն՝ այդ միջոցառումը դիտվում է ոչ թե՝ զուտ որպես համաձայնագրի ստորագրում, այլ՝ աշխարհաքաղաքական բևեռի ընտրություն:
Հայաստանը, ինչպես հայտնի է, փորձում է առաջնորդվել «և՛-և՛»-ի քաղաքականությամբ և դաշնակցային հարաբերություններ պահպանելով ՌԴ-ի հետ, նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ լինելով՝ խորացնել համագործակցությունը նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Ահա այս երկու թշնամական բևեռները, փաստորեն, այնքան էլ չեն ողջունում Հայաստանի այս մոտեցումը՝ «և՛-և՛»-ը դարձնելով «կամ-կամ»:
Այսինքն՝ կամ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ ազդեցության գոտում, կամ տեղափոխվում է Արևմուտքի ազդեցության գոտի: Եվ ԱՄՆ նախագահի սույն աննախադեպ մանրակրկիտ ուղերձը պետք է դիտել այս ընտրության համատեքստում: ԱՄՆ-ը, ըստ էության, Հայաստանին «ապահովագրություն» է առաջարկում ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս գալու պարագայում: ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձից հետո կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ը ոչ թե գործիքներ է առաջարկում, այլ գործիք, և դա ԱՄՆ-ի բարձր մակարդակի հովանավորությունն է: Արդյոք սա բավարա՞ր է աշխարհաքաղաքական բևեռ փոխելու, և արդյոք Հայաստանն իսկապես ստիպված կլինի՞ ընտրություն կատարել, թե՞ կկարողանա իսկապես կյանքի կոչել «և՛-և՛»-ի սկզբունքը՝ ցույց կտա ժամանակը: Այս պահին, դատելով իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններից, ակնհայտ է, որ որքան էլ ԱՄՆ-ը գործիքներ խոստանա, ընտրություն կատարելու պարագայում Հայաստանը կընտրի Ռուսաստան»:
Հետաքրքիր է՝ Աննա Հակոբյանը մտածե՞լ է, որ հնարավոր է Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները դադարի աչք փակել ՀՀ-ում տիրող մարդու իրավունքների, խոսքի ազատության, ընտրովի արդարադատության փաստերի և դեպքերի վրա: Ավելին, ցանկություն չունենա այն «հովանավորությանը», որը, ըստ Աննա Հակոբյանի, կարող էր Հայաստանն ունենալ նախկին կամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, քանի որ Հայաստանն այսօր 2017-ի Հայաստանը չէ, այն դադարել է գործոն լինել:
Հետաքրքիր է նաև, որ անվտանգային շատ ավելի ռիսկային վիճակում Նիկոլ Փաշինյանը և նրա կինը չեն մտածել, որ աշխարհաքաղաքական բևեռի կտրուկ փոփոխությունը կարող էր վտանգավոր լինել, երբ իրենք սկսեցին այս մասին մտածել, և այն էլ, կրկնում ենք, չունենալով հստակ երաշխիքներ ԱՄՆ-ից:
Չմոռանանք, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի բոլոր նախագահներն էլ տարբեր առիթներով աշխատանքային հանդիպումներ են ունեցել իրենց բոլոր ամերիկացի գործընկերների հետ: Եվ սա նաև Փաշինյանի սիրելի Բայդենի վարչակազմի օրոք, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն էլ հասցրեց հանդիպել Պենտագոնի հեռացող ղեկավարի հետ, ինչը, իհարկե, դարձյալ նշանակալի փաստ է, բայցև փաստ է, որ 2018 թվականից մինչ այս պահը Փաշինյանի օրոք ոչ մի պաշտպանության նախարար նման հանդիպում չէր ունեցել: Իսկ առջևում Թրամփի վարչակազմի օրոք սպասվող փոփոխություններն են, այդ թվում՝ անվտանգային: