ԱՄՆ-ից ռազմական օգնություն ակնկալելը միամտություն է. Միացյալ Նահանգներն օգնություն տրամադրելուց հաշվի է առնում ոչ թե՝ ում է տրամադրում, այլ՝ ում դեմ է տրամադրում. Սուրեն Սարգսյան

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Պենտագոնում ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները՝ նշելով համագործակցության առաջնային ուղղությունները՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն:

Ըստ էության, օրակարգը նույնն է, ինչ եղել է միշտ:
168.amգրել էր, որ նախկինում ԱՄՆ-ն օժանդակել է (Strategic Defense Review) Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, ինչը Փաշինյանի իշխանությունը չի իրականացրել, սրա մասին մենք մանրամասն վերլուծություն ենք ներկայացրել։

Կարդացեք նաև

Իսկ այս մասին դեռ 2010 թվականին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում խոսել էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերը:

«Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին նա հայտնել է ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության օրակարգն ընդլայնելու մտադրության մասին:

Իմ այցը հնարավորություն տվեց կենտրոնանալ հենց պաշտպանական համագործակցության վրա: Նախագահ Սարգսյանի և պաշտպանության նախարար Օհանյանի հետ ես քննարկել եմ հայ զինծառայողների ուսուցման և նախապատրաստման գործում մեր աջակցության ընդլայնման հարցը:

Կան այլ բնագավառներ ևս, որտեղ առկա է համագործակցության ընդլայնման ներուժ. խոսքը, մասնավորապես, միջազգային առաքելություններին մասնակցելու ՀՀ հնարավորությունների ընդլայնման մասին է:

Հայաստանն արդեն մասնակցում է առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում, և միջազգային առաքելություններում ավանդ ներմուծելու հնարավորությունը միշտ առկա է: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այդ հարցում:

Պաշտպանական համագործակցությունը մեծամասամբ կախված է կազմակերպչական ունակություններից. պլանավորում, գործընթացների կազմակերպում, բյուջետավորում և աշխատանք անձնակազմի հետ:  Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք SDR-ը:

ԱՄՆ-ը և մյուս երկրներն օժանդակում են այդ գործընթացին, և այն շատ լավ է առաջ ընթանում:

Պաշտպանության ռազմավարական վերանայումը պաշտպանական բարեփոխումների անցկացման հիմքն է, որի ընթացքում գնահատական է տրվում համակարգի ներկայիս վիճակին, նախանշվում են առաջնահերթությունները, որից հետո արդեն կարելի է կազմել գործողությունների ծրագիրը և կիրառել այն:

Այդ գործընթացը շատ լավ է առաջ է գնում` հիմք ստեղծելով պաշտպանական բարեփոխումների այլ բաղադրիչների համար:

Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ Զինված ուժերի սերժանտական կազմի զարգացման հարցում (non-commission officer, NCO):

 Սերժանտական կազմն ամերիկյան և եվրոպական զինված ուժերի գործունեության արդյունավետության գրավականն է:

Մյուս երկրներին օգտակար կլիներ ունենալ Զինված ուժերի նման մոդել, քանզի դա կհեշտացնի նրանց փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունը Դաշինքի գործունեությանն ու ծրագրերին: Մենք ուսումնասիրում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներքին բարեփոխումների մյուս ուղղություններին սատարելու հնարավորությունը, որոնք վերաբերում են կադրային հարցերի»,- «Մեդիամաքսին» ասել էր նա:

Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր.

«Պաշտպանական վերանայման գործընթաց էինք իրականացնում (Strategic Defense Review-SDR), փորձագիտական խումբ է եղել, որի մեջ ընդգրկված են եղել հետխորհրդային, ռուսական և նաև արևմտյան բանակների բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ:

Նույնիսկ մեկ անգամ, երբ Պաշտպանական ռազմավարական վերանայումն էինք անում՝ 2014-2015 թվականներին, այդ փորձագիտական խմբի մեջ ընդգրկված է եղել նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ, որի հետ ես հանդիպել եմ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում, այդ ժամանակ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի հետ էլ էի հանդիպել, նաև՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ: Այսինքն, համագործակցություն արևմտյան հավաքական հարթակի կամ թիմի հետ մենք ունեցել ենք»:

Սա՝ նախքան 2018 թվականը: Իսկ ՀՀ գործող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը համարել է պատմական: Ինչու:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր, որ «վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ.-ից հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից»:

168.am-ը Սուրեն Սարգսյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ ինչո՞ւ 2018 թվականից հետո, մինչև Սուրեն Պապիկյանի այցը Պենտագոնի ղեկավարը ՀՀ պաշտպանության որևէ նախարարի հետ հանդիպում չի ունեցել, արդյո՞ք Սուրեն Պապիկյանին ընդունելը զուտ հեռացող ղեկավարի հանդիպում էր, թե՞ այսօր չկա հայկական Արցախ, ՀԱՊԿ-ի հետ Հայաստանն ունի «սառեցված» հարաբերություններ, և սա ինչ-որ չափով իր դերը խաղացել է, գուցե նաև այլ պատճառներ կան:

«Այո, որևէ հանդիպում 2018 թվականից մինչ օրս չէր եղել երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև, որովհետև օրակարգն այնքան հարուստ չէ, որ նրանք հանդիպեին:

Հիմա վերջապես հանդիպում կազմակերպելու հնարավորություն ընձեռվեց, բայց, չգիտես՝ ինչու, այդ հանդիպումը կազմակերպվեց ոչ թե նոր կամ եկող ադմինիստրացիայի համապատասխան պաշտոնյայի, այլ հեռացողի հետ, այսինքն՝ գործող պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի, ով ընդամենը մեկ ամսից հրաժեշտ է տալու իր պաշտոնին, և նոր քարտուղար է նշանակվելու:

Ընդ որում, չափազանց կարևոր է հասկանալ, որ Պենտագոնում շատ լուրջ փոփոխություններ են լինելու Թրամփի և նրա վարչակազմի գալով: Աշխարհում որևէ մեկը վստահ չէ, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում Բայդենի վարչակազմի կամ պաշտպանության քարտուղար Օսթինի հետ, շարունակական են լինելու, և դրանց ընթացքն ապահովվելու է նաև Թրամփի վարչակազմի օրոք: Թրամփը ողջ տրամաբանությունն է փոխելու՝ և՛ պաշտպանության քաղաքականության, և՛ պլանավորման, և՛ ռազմավարական առումով, և այլն:

Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա, իհարկե, հակառակորդ երկրների համար ականջահաճո է անընդհատ լսել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու, կամ՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցնելու» մասին: Բայց իրականում ՀԱՊԿ-ից Հայաստանը չի հեռացել, և անդամակցությունը չի կարող սառեցնել, որովհետև այդ պայմանագրով նման բան նախատեսված չէ՝ կա՛մ անդամ ես, կա՛մ անդամ չես, սակայն կարող ես բոյկոտել և չմասնակցել տարբեր քննարկումների և հանդիպումների: Կարգավիճակային առումով այստեղ այլ բան չկա:

Եվ բնական է, որ ԱՄՆ-ը ունի աշխարհաքաղաքական իր շահերը նաև մեր տարածաշրջանում, շատ տրամաբանական է, որ գերտերությունները նախևառաջ իրենց շահերն են առաջ մղում մեր տարածաշրջանում, այդ թվում՝ ԼՂ խնդրի համատեքստում: Ու ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և տարածաշրջանային այլ պետություններ, իրենց շահերն ունեն մեր տարածաշրջանում ու սպասարկում են բացառապես իրենց շահերը»,մանրամասնեց նա:

Ի դեպ, 168.amգրել էր, որ Հայաստանում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ չի աշխատելու:

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանում նշանակվել է քաղաքացիական խորհրդատու, որն օգնում է պաշտպանական հաստատությունների ամրապնդմանն ու բարեփոխման ուղղված Հայաստանի ջանքերին։ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ չէ։ Խորհրդատուն Հայաստան է ժամանել ս․թ․ հուլիսի 25-ին (The Department of State’s Global Defense Reform Program (GDRP) has sent a civilian advisor to support Armenia’s efforts to strengthen and reform its defense institutions. The GDRP advisor is not a member of the U.S. military. The advisor arrived in Armenia on July 25)»,- 168.am-ին հայտնել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Ըստ այդմ՝ արդյոք միամտություն չէ՞ ԱՄՆ-ից ռազմական լուրջ օգնություն ակնկալելը, և եթե համադրության մեջ դնենք ԱՄՆ-Ադրբեջան, ԱՄ-ՀՀ հարաբերությունները, ի՞նչ պատկեր ենք ստանում, Սուրեն Սարգսյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ից ռազմական օգնություն ակնկալելը միամտություն է այն տեսանկյունից, որ Միացյալ Նահանգներն օգնություն տրամադրելուց հաշվի է առնում ոչ թե՝ ում է տրամադրում, այլ՝ ում դեմ է տրամադրում: ԱՄՆ-ի համար Ադրբեջանը նույնքան կարևոր, եթե ոչ՝ ավելի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է, քան Հայաստանը: Սա՝ առաջին:

Երկրորդ, Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է՝ ՆԱՏՕ-ի անդամ է, և բնական է՝ անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է Միացյալ Նահանգները պաշտպանի Հայաստանին Թուրքիայից, ինչպես պետք է պաշտպանի հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ մեզ՝ իր ռազմավարական դաշնակցից:

Ես կարծում եմ՝ միամտություն է կարծել, որ ԱՄՆ-ը մեզ ռազմական օգնություն է տալու, զենք է վաճառելու, ոչ թե անվտանգային ինչ-ինչ օգնություն, ինչպիսին տրամադրվում է: ՀՀ պաշտպանության նախարարի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի հանդիպման օրակարգը տեսել եք, ընդամենը կրթական ծրագրերի և այլ ոլորտում հարաբերությունների խորացման մասին է, զենքի ձեռքբերման և այլ տեսակի օգնության մասին խոսք չի էլ եղել»:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ արձագանքելով Սուրեն Պապիկյանի՝ Պենտագոնի ղեկավարի հետ հանդիպմանը, նկատել է, որ Հայաստանը փորձում է կարճ ժամանակահատվածում ԱՄՆ-ի հետ ինչ-որ համաձայնության գալ, որպեսզի Թրամփի վարչակազմի հետ խոսելու բան ունենա, ինչպես նաև իր համար հասկանա՝ ԱՄՆ նոր վարչակազմը համաձայն կլինի՞ Հայաստանի հետ ռազմական համագործակցության:

«Ամեն դեպքում, իրավիճակի առումով ամեն ինչ ավելի պարզ կդառնա Թրամփի նախագահության առաջին ամիսներին, Թրամփը գործնական մարդ է և «առևտուր» անել գիտի»,- գրել է ադրբեջանական caliber.az-ը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական կողմը քարոզչական արշավ էր սկսել և ԱՄՆ-ին մեղադրում էր Հայաստան ռազմական բեռ հասցնելու մեջ, ինչը փոքր-ինչ պասիվացել էր, երբ Բաքու էր ժամանել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Պրայորը, ով ամերիկյան հետախուզության պատասխանատուներից է:

 

Տեսանյութեր

Լրահոս