
«Որոշ մասսա կա, որ կենթարկվի ՔՊ-ի նախագծի կետերին, բայց մարդկանց մեծ մասը կասի՝ հերն էլ անիծած, մեկ է՝ ռևանշ լինելու է». Աշոտ Ավագյան

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծը՝ 64 կողմ ձայնով։ Նիստին չէին մասնակցում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Նախագծում ՔՊ-ն մի քանի կետերով քարոզում է, թե ինչու է պետք Ադրբեջանի հետ խաղաղ ապրել։ Նախագծում ներառված կետերից մեկով էլ Հայաստանի և Ադրբեջանի հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին կոչ է արվում ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից, «հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»։
Սյունեցի քանդակագործ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի համար զարմանալի չէ ՔՊ-ի հեղինակած նախագծում նման կետի ներառումը՝ ակնհայտորեն ուզում են իրենց քաղաքական գաղափարախոսությունը չկիսող մարդկանց ահաբեկել։
«Ռևանշ լինելու է՝ ասել եմ ու միշտ կասեմ։ Միքայել սրբազանին բանտարկեցին, հետո գալու է Բագրատ սրբազանի ժամանակը, մեր հրամանատարի ժամանակն էլ է գալու, այսքան տղաներ որ բանտարկվում ու նստում են, ե՞ս պետք է վախենամ, իհարկե ոչ։ Նույնիսկ, եթե իմ կարծիքն արտահայտելու համար ՔՊ-ն ինձ բանտարկի, կուրախանամ, ինչո՞ւ, որովհետև դրանից լավ «ռեկլամ» որևէ մեկը չի կարող անել։ Պատկերացրեք, որ Չարենցին 1937 թվականին չտանեին, իհարկե, նրա մեծությունը չի փոխվում դրանից, բայց այդ մեծության վրա ազդել է նաև 1937 թվականի դեպքերը, նրան բանտարկելը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։
Նա հիշեցրեց, որ երբ Խորհրդային Միությունը հաստատում էր իր կարգերը, հայտարարում էր, որ պետք է եղբայրություն լինի, ազգամիջյան ատելությունը, թշնամանքը պետք է ոչնչացվի։ Այսինքն՝ նման բան եղել է նաև 1937 թվականին ու դրանից առաջ, որն ինչ-որ շրջան եղավ ու անցավ։
«Մտածելու բան չկա, սա էլ կանցնի, թեպետ մի որոշ մասսա կա, որ կենթարկվի ՔՊ-ի նախագծի այդ կետերին, սուս արած կնստի ու լուռ կենթարկվի։ Բայց մարդկանց մեծ մասը կասի՝ հերն էլ անիծած, մեկ է՝ ռևանշ լինելու է, որովհետև սա ո՛չ իշխանությունից է կախված, ո՛չ մեզանից, ո՛չ էլ դիմացինից, սա տիեզերական պարգև է։
Արժանապատվությունը, պատվախնդրությունը, սերն ինչե՞ր են, ռևանշն էլ այդպիսի մի բան է, որը տիեզերակարգավորման ժամանակ դրվել է մարդու մեջ. Սա մարդուց անկախ է»,- հավելեց Աշոտ Ավագյանը։