Արծրուն Հովհաննիսյանի ստորագրությունը. սահմանադրության խախտո՞ւմ, սադրանք Սուրեն Պապիկյանի դե՞մ, քաղաքական ընտրությո՞ւն, թե՞…

Երբ Աննա Հակոբյանը 2018 թվականին, 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և պատերազմի օրերին իրականացրած նախաձեռնություններից հետո վերջերս հայտարարեց հերթական արշավ-նախաձեռնության մասին, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, ենթադրում էինք, որ եթե Արծրուն Հովհաննիսյանը կանգնած չէ այս գաղափարի հիմքում, ապա ինչ-որ պահի և ինչ-որ կերպ առնչություն ունենալու է Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» արշավին: Չսխալվեցինք: Նոյեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը հետևյալ գրառումը կատարեց.

«Ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, որպես զինվորական և պատմաբան, խորապես գիտակցում եմ կրթության անգնահատելի դերը մեր հասարակության զարգացման և առաջընթացի գործում։

Այս համոզմունքով լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել Կրթության տարի։

Սա կլինի կարևոր քայլ՝ հիմք դնելու գիտակից, հզոր և պաշտպանված պետության կերտմանը:

Կարդացեք նաև

Միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որտեղ կրթությունը կդառնա ամենամեծ ուժը, իսկ գիտելիքը՝ անպարտելի զենքը։

#ԿրթվելըՆորձեւԷ #ՀզորՊետությունԿրթությամբ

Anna Hakobyan »:

Նախքան որոշ փաստերի կամ պատահականություններին հետադարձ հայացք նետելը, այս գրառման հետ կապված մի քանի դիտարկում անենք:

Առաջին, Արծրուն Հովհաննիսյանը գիտի՞, որ ՀՀ սահմանադրության ՀՀ նախագահի կարգավիճակին և գործառույթներին վերաբերող հոդված 123-ի 1-ին կետըսահմանում է՝ «Հանրապետության նախագահը պետության գլուխն է»: Մի կողմ թողնենք, որ ՀՀ-ում այս պետական ինստիտուտը ձևական բնույթ է կրում, կամ այն զուտ Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող մարմին է իրենից ներկայացնում:

Այս համատեքստում նշենք, որ 2019թ. armday.am-ի գրավոր հարցմանը՝ ով է ՀՀ առաջին տիկինը՝ ՀՀ նախագահի՞ կինը, թե՞ վարչապետի, Կառավարությունից պատասխանել էին. «ՀՀ օրենսդրությամբ «ՀՀ առաջին տիկին» հասկացության վերաբերյալ իրավական կարգավորում նախատեսված չէ»։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի արարողակարգի պատախանատու Ալեքսանդր Մխիթարյանն ArmDay.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ, ըստ արարողակարգի, պետության առաջին տիկին համարվում է նախագահի տիկինը, քանի որ նախագահն է հանդիսանում պետության գլուխը։

Ըստ այդմ՝ երկրների առաջին տիկնանց մակարդակով կազմակերպվող միջոցառումներին հրավեր ուղարկվում է հենց ՀՀ նախագահի տիկնոջը՝ այդ ժամանակ Նունե Սարգսյանին:

Գուցե դե ֆակտո այս առումով ինչ-որ բան փոխվել է, բայց դե յուրե Աննա Հակոբյանը ՀՀ առաջին տիկինը չէ, այն առնվազն արձանագրված չէ դե յուրե:

Ի դեպ, նույն ժամանակում լրագրողների հետ հանդիպմանը՝ հարցին՝ ո՞ւմ կինն է առաջինը` նախագահի՞նը, թե՞ վարչապետինը, Նիկոլ Փաշինյանը նշել էր.

«Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է: Անկեղծ ասած, չեմ հասկանում՝ սա ինչ քննարկում է՝ Հանրապետության առաջին տիկնոջ, Հանարապետության առաջին տղամարդու։ Նման քննարկումներ կան։ Մի ժամանակ էլ քննարկում կար… Հանրապետության միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկում ենք սկսել։ Սա ի՞նչ թեմա է ընդհանրապես»:

Արծրուն Հովհաննիսյանի դեպքում, թերևս, քաղաքական նախընտրության հարց է Աննա Հակոբյանին ՀՀ առաջին տիկին համարելը:

Երկրորդ, ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Արդյո՞ք Արծրուն Հովհաննիսյանը, լինելով գործող սպա, ռազմական ակադեմիայում ունենալով ղեկավար պաշտոն, չեզոքության խախտման խնդիր չի առաջացնում: Կասեք՝ կրթական գաղափարի շուրջ… իսկ ո՞ւմ նախաձեռնությունն է՝ երկրի ղեկավարի կնոջ, այստեղ քաղաքական նախասիրությունների խնդիր չկա՞, այդ արշավին միացածները բոլորը իշխանական կամ իշխանություններին մերձակա անձինք չե՞ն:

Արդյոք Արծրուն Հովհաննիսյանը նման մի արշավի կմասնակցե՞ր, եթե հեղինակը չլիներ Նիկոլ Փաշինյանի կինը կամ իշխանության հետ կապ չունեցող անձ, ավելին, հակաիշխանական մեկը։

Կարո՞ղ ենք սա անուղղակի սադրանք համարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ, քանի որ, եթե անգամ նա զինվորական Արծրուն Հովհաննիսյանի այս քայլում քաղաքական չեզոքության խախտում տեսնի, բախվելու է Աննա Հակոբյանի հովանավորությանը, առանց այն էլ վերջերս շատ է թիրախավորվում ՀՀ պաշտպանության նախարարը, այդ թվում՝ Աննա Հակոբյանին մերձակա շրջանակներից:

Ի դեպ, այս առումով հետաքրքիր կլիներ իմանալ նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ական որևէ երկրում կարո՞ղ է գործող սպան միանալ երկրի ղեկավարի կամ այս կամ այն պաշտոնյայի կնոջ քաղաքական-հասարակական որևէ նախաձեռնության և հրապարակավ աջակցություն հայտնել:

Իսկ կարո՞ղ է բանակի կերպափոխման տրամաբանության և կանանց դերի բարձրացման, մեղմ ասած, արհեստական օրակարգի համատեքստում մի օր ռազմական ֆոտեսեսիաների, Արցախում պատերազմից առաջ կրակային պատրաստության դասընթաց կազմակերպելու և պատերազմի օրերին «Էռատո» ջոկատ ստեղծելու փորձ ունեցող Աննա Հակոբյանը ռազմակրթական նախաձեռնությամբ հանդես գա և սկսի դասախոսություն կարդալ նաև ռազմական ակադեմիայում, օրինակ՝ «Հաղթանակը պատերազմով չէ, որ հաստատվում է, այլ խաղաղությամբ» թեմայով, և, որ «խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են», և ոչ թե՝ որտեղ դրան պատրաստվում են:

Երրորդ, Աննա Հակոբյանին աջակցություն հայտնող Արծրուն Հովհաննիսյանի վերը նշված գրառման տակ օգտատերերից մեկը փորձել է նրա ուշադրությունը հրավիրել 3-րդ, 7-րդ դասարանների դասագրքերի բովանդակության վրա, որտեղ բազմաթիվ խախտումներ և աղավաղումներ կան, ինչին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, որ իրենը պատմությունն ու ռազմական գիտությունն է, բացի մասնագիտական գրքերից՝ ուրիշներով զբաղվել չի հասցնում:

Հետաքրքիր է, որ պատմաբան ներկայացող և դպրոցական երեխա ունեցող Արծրուն Հովհաննիսյանը ծանոթ չէ պատմության դասագրքերի հետ կապված զարգացումներին, կամ՝ նրան դա չի հետաքրքրում:

Եվ այստեղից տրամաբանական հարց՝ Արծրուն Հովհաննիսյանը ո՞ր Հայաստանի պատմաբանն է իրեն համարում՝ պատմակա՞ն, թե՞ իրական, կամ՝ Հայոց պատմությո՞ւնն է իրեն հետաքրքրում, թե՞ Հայաստանի, որոնց միջև Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը տարբերություններ տեսնում է, և եթե ստորագրում ես իշխանական նախաձեռնության տակ, ուրեմն՝ ստորագրում ես նաև նրանց այս և այլ դիրքորոշումների տակ՝ պատմական, քաղաքական, ռազմաղաքական, ռազմական, արտաքին: 168.amգրել էր, որ Արծրուն Հովհաննիսյանը գեներացրել է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի թեզերը, մասնավորապես, 5-րդ շարասյան հետ կապված, և ոչ միայն:

Ի դեպ, քանի որ Արծրուն Հովհաննիսյանը կարևորում է կրթությունը, ռազմական որակյալ կրթությունը, և նրան ռազմական գիտությունն է հետաքրքրում, արդյո՞ք նա ծանոթ է նախնական զինպատրաստության դասագրքերում տեղ գտած տարրական սխալներին, երբ, այսպես ասած, մեկ աստղ է և երեք կոչում:

Վերադառնանք հոդվածի սկզբնական մտքին և 44-օրյա պատերազմի օրերի համընկնումներին: Եվ այսպես:

2020 թվականի հոկտեմբերի 19-ին Արծրուն Հովհաննիսյանը նաև իր ուսանողների մասնակցությամբ կանանց ջոկատի կազմավորման մասին հայտնեց, հետո, որ կանանց առաջին վաշտը մարտական պատրաստության փուլում է:

Եվ մեկ էլ գրեթե նույն ժամանակահատվածում կանանց ջոկատ կազմելու մտադրություն ունենալու մասին հայտնում է նաև Աննա Հակոբյանը՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ արդեն մեկ ամիս պատերազմ էր ընթանում. «Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ, մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»:

Սրանից 10 օր հետո էր միայն՝ 2020-ի նոյեմբերի 6-ին, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել. «Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման, ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»:

ՀՀ պաշտպանության նախարարությունից 168.am-ին հայտնել էին, որ Աննա Հակոբյանի ջոկատը 2020թ. հոկտեմբերի 25-ին հանդեր­ձա­վորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթա­կայության տակ, ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում:

Հավելենք, որ 2021 թվականի հունիսին Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էրատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել էր.

«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում»:

Նշենք, որ պատերազմից հետո 2022 թվականի հոկտեմբերի 10-ին Աննա Հակոբյանը գրել էր.

«…Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց և աղջիկներին, ջոկատներ կազմել, կազմվեց 1 ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի), և 1 վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)»:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 19-ին Արծրուն Հովհաննիսյանը նման մի գրառում էր արել.

«Այսօր էլ եմ հարցնելու քեզ Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։ Մտածի դրա մասին, ու հիշի. ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է որ հաղթելու է նա մենակով էլ ստիպում է Տ-90 ի հրամանատարին, որ փախնի սարքին տանկով»:

Հովհաննիսյանի այս գրառումը Աննա Հակոբյանը տարածել էր՝ կցելով իր կոչը.

«Սիրելի հայ տղամարդիկ,

Ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ և աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը իր հայրենիքը, տունը, կնոջը, երեխային և ծնողներին պաշտպանելիս»:

Իսկ Ադրբեջանի ղեկավարությունն այդ օրերին խոսում էր Կովսականը գրավելու և Խոդաֆերին կամրջի վրա Ադրբեջանի դրոշը բարձրացնելու մասին:

«Մոնիտորների հետևը պահ մտած, հեշտ է խորհուրդներ տալ, եթե ուզում եք, մտեք պայքարի մեջ ու տեսեք, որ որևէ բան չենք թաքցնում։ Խնդրում եմ, բնագծեր մի նշեք, Իշխանաձոր կլինի, Խուդաֆերին կլինի, թե այլ բնակավայր, մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք, ուր էլ մտնեն, եթե փորձեցին նկարվելուց զատ այլ բան ստանալ այդ վայրում, իրենց համար դժոխք է սկսվելու։ Պատերազմի ընթացքում լինում են նաև նահանջներ, դա խուսանավման ձև է, դա լինում է խուսանավման կամ ծուղակ գցելու նպատակով»,- այս տեղեկությունները տարածողներին արձագանքում էր Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, ադրբեջանական ստորաբաժանումները Խոդաֆերինի կամրջից Կովսական ընկած 25 կիլոմետրն անցել էին ընդամենը երկու օրում, մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում էր պնդել՝ խոսքը ոչ թե ադրբեջանցիների ձեռնարկած լայնածավալ հարձակման, այլ սակավաթիվ դիվերսիոն խմբերի կարճատև ներթափանցումների մասին է։

«Ադրբեջանական ԶՈՒ հաճախ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբեր, թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր (որտեղ լինում են բնակիչներ, կամ չեն լինում, կամ բնակավայրեր, որոնք ընդհանրապես բնակեցված չեն էլ լինում շատ վաղուց), այնտեղ նկարահանվում են և տարածում են այդ լուրերը։ Դա առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ցավալիորեն ազդում են նաև մեր հանրության վրա։ Ես խնդրում եմ բոլորիդ, հորդորում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել»,- 2020 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարում էր Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արդեն հոկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին, ի վերջո, պաշտոնական Երևանը հայտարարեց հարավային ուղղությամբ իրավիճակի կտրուկ փոփոխության մասին։

«ՊԲ ստորաբաժանումները իրենց գրագետ, հմուտ գործողությունների շնորհիվ ձեռնարկել են համապատասխան միջոցներ և հետ են մղել հակառակորդի հարձակումը։ Հակառակորդը սկսել է նահանջել։ Վերջին ժամերի դրությամբ հակառակորդը նահանջել է Խուդաֆերինի ջրամբարի կողմը»,- հայտնեց Հայաստանի ՊՆ մամուլի այն ժամանակվա խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Եվ հենց այս ֆոնին Արծրուն Հովհաննիսյանը գրեց՝ նահանջը դեռ պարտություն չէ: «Նահանջը պարտություն չէ, 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»:

Իր հերթին՝ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին հարցադրում էր առաջ քաշել. «Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:

Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում զոհվել էին Իջևանի գնդի հրամանատար, ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանը և նրա տեղակալ փոխգնդապետ Արմեն Օհանյանը, և գնդի ավելի քան 3 տասնյակ զինծառայողներ: Այս դեպքի հետ կապված տարաբնույթ խոսակցություններ էին շրջանառվում, այդ թվում՝ Փաշինյանի ընտանիքին առնչվող, որոնք ինչ-որ ժամանակ անց կամ պիտի հերքվեն, կամ հաստատվեն:

Հոկտեմբերի 20-ին էլ Փաշինյանը որոշել էր, որ այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պետք է արժանանան Ազգային հերոսի կոչման, քանի որ «հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը»: Եվ ոչինչ, որ պատերազմից հետո նրանք հայտարարությունների միջոցով մեղադրվեցին հարավային ուղղությամբ նահանջների համար, որին, ըստ էության, միացել էր նաև Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Փաշինյանը հայտարարել էր. «Տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ՝ բոլորը պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ և բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո»:

Եվ ոչինչ, որ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում միաձայն համաձայնություն կար՝ կանգնեցնել պատերազմը, և նման առաջարկ կար նաև ՌԴ նախագահի կողմից:

Ինչ վերաբերում է Արծրուն Հովհաննիսյանի՝ 44-օրյայի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ընտրվելու «օրինականությանը», և թե արդյո՞ք նա ուներ պետական գաղտնիքին հասանելիության թույլտվություն, ՀՀ ՊՆ-ն մեր հարցումներին ի պատասխան՝ այդ տեղեկությունը հրապարակման ենթակա չի համարել:

Նշենք, որ այդ օրերին նա զբաղեցնում էր ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը, որից ազատվել է, երբ նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր:

Հավելենք, որ Արծրուն Հովհաննիսյանը, լինելով շահագրգիռ կողմ, տիրապետելով լուրջ տեղեկատվության, եղել է նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ըստ այդմ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի փորձագետ՝ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Անդրանիկ Քոչարյանը մեզ հայտնել էր, որ դեկտեմբերին է պատրաստվում զեկույցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու համար ԱԺ նախագահին դիմել: Կարիք կա՞ ասելու, թե ինչ զեկույց ենք ունենալու, ովքեր են թիրախավորվելու, և, որ Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի անդամների ուղղությամբ ոչ մի սլաք չի լինելու, որի տակ, ինչպես վերևում նշեցինք, փաստորեն ստորագրել է նաև Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, հիշում ենք, չէ՞, որ պատմական և ռազմագիտական հոդվածներով հանդես եկող Վան Սեբաստացին «Չեմբեռլենին»՝ որպես հաղթանակի խորհրդանիշ էր դիտարկել։ Մի տեսակ ծանոթ ձեռագիր էր:

Ի դեպ, Փաշինյանը 2020-ը հռչակել էր Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի, իսկ թե ինչ տարի ունեցանք՝ տեսանք: Առջևում փաշինյանական կրթվելու տարին է՝ 2025 թվականը, իսկ աշխարհում ավելանում են պատերազմական օջախները…

Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի նախանձախնդիր պաշտպանն էր, և տպավորություն էր, թե նրա խոսնակն է, և ոչ նախարար Սեյրան Օհանյանի, քանի որ, երբ լրատվամիջոցները Ռուզաննա Խաչատրյանի մասին հրապարակում էին անում, Արծրուն Հովհաննիսյանն իրեն իրավունք էր վերապահում ֆեյսբուքյան իր էջում արձագանքել դրանց: Եվ ամեն ինչ փոխվեց, երբ Սեյրան Օհանյանն այլևս պաշտպանության նախարար չէ։ Հիմա էլ Արծրուն Հովհաննիսյանն իր պարտքն է համարում արձագանքել Ռուզան Խաչատրյանի՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի գրառումներին:

Տեսանյութեր

Լրահոս