TRIPP-ը միտված է՝ ապահովել ԱՄՆ վերահսկողությունը Կովկասի և Թուրքիա ու Իրան տանող մայրուղիների նկատմամբ
Հայաստանի իշխող շրջանակները վերջին շրջանում ավելի հաճախ են պարզաբանում տխրահռչակ «Թրամփի միջանցքի» (Tripp: Trump Route for International Peace and Prosperity) քաղաքական էությունն ու իրական աշխարհագրությունը, որն ուղղված է ոչ միայն ամերիկյան, այլև թուրք-ամերիկյան վերահսկողության ապահովմանն Անդրկովկասի կրիտիկական ռեսուրսների և տարանցիկ ենթակառուցվածքների նկատմամբ։
«Հայաստանը TRIPP-ը դիտարկում է ոչ միայն որպես կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի (Իրանին սահմանակից Հարավային Հայաստանի տարածքով.- խմբ.), իսկ որպես ավելի մասշտաբային ռազմավարական նախագիծ՝ հասկանալու համար պարտավորությունները (կարծես թե Հայաստանի պարտավորություններն ԱՄՆ-ի հանդեպ.– խմբ.)՝ միացնել Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ»,- սա է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գնահատականը։
Փոխարտգործնախարարը նաև պարզաբանել է՝ նախագծի իրականացումը թույլ կտա «կապել Հայաստանի հարավային հատվածը (այսինքն՝ Մեղրի-Ագարակ անկլավը.- խմբ.) հյուսիսայինից՝ Նախիջևանի երկաթգծի օգտագործմամբ»։ Այսինքն՝ խոսքը «Անդրկովկասի Տրանսսիբի» արևմտյան հատվածի մասին է, որը դուրս է գալիս Թուրքիա (Հայաստանի հյուսիս-արևմուտքով) և անխափան աշխատում էր գրեթե 90 տարի՝ մինչև 1990-ը ներառյալ։ Այս կապակցությամբ հասկացվում է, որ ներկայումս առաջնային չէ Ռուսաստանի Դաշնության Հարավկովկասյան երկաթուղու՝ Հայաստանի երկաթուղային կոնցեսիոների (2008-ից)՝ Հարավային և Հյուսիսային Հայաստանը նրա կենտրոնական տարածաշրջանով միացնելու վաղեմի նախագիծը։

Միևնույն ժամանակ, Կոստանյանը վստահ է, որ Թրամփի նախագծով, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության հետ միասին, «մենք հնարավորություն կունենանք միացնել ոչ միայն Արևելքն Արևմուտքին, այլև Պարսից ծոցը Սև ծովին, ինչը հսկայական փոփոխություն կլինի ողջ տարածաշրջանի համար»։
Փոխարտգործնախարարը նկատի ունի Ադրբեջան-Իրան տարածքով դեպի Պարսից ծոց և հակառակ ուղղությամբ Հայաստանի տարանցումը, իսկ վերջերս Երևանում մոռացված հայ-իրանական Մեղրի-Մերենդ երկաթուղային նախագիծը (մոտ 250 կմ), որն ուղղակիորեն և ամենակարճ ճանապարհով Հայաստանը դուրս է բերում Իրան, Պարսից ծոցի իրանական և իրաքյան նավահանգիստներ:
ԱՄՆ-ում և Անդրկովկասում բազմիցս նշվում է՝ TRIPP երթուղին Տրանսկասպյան (Միջին) միջանցքի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա վերջնական բեռնափոխադրմանը (Վրաստանի նավահանգիստների մասնակի օգտագործմամբ)։ Ըստ այդմ, այդ ամբողջ միջանցքը, որը վաղուց նախաձեռնվել է Վաշինգտոնի և Անկարայի կողմից, նախատեսում է դրա վերահսկողությունն ԱՄՆ-ի կողմից, իսկ այստեղ առաջնային վերահսկողության փուլը TRIPP-ի նշանակած փուլն է։
Նշենք նաև՝ Միջին միջանցքը լոբբինգ է անում նաև Համաշխարհային բանկը և ամբողջությամբ աջակցում է Անկարան, որտեղ TRIPP երթուղի ասելով, ընդգծենք, ենթադրվում է Անդրկովկասի ամբողջ տարանցիկ արեալը, ներառյալ՝ նրա լաստանավա-նավահանգստային ցանցը՝ դեպի Թուրքիա։

Այս կապակցությամբ նշանակալից է նաև, որ Հայաստանի փոխարտգործնախարարի վերոնշյալ հայտարարությունները համընկան ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ Թրամփի հայտարարության հետ. «…իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը, ապահովելով հայ ժողովրդին էական (ենթադրաբար.- խմբ.) բարենպաստ հնարավորությունները և առաջ տանելով ամուր կայունություն Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»։ Ավելին, պարզվում է, որ «ԱՄՆ-ը և Հայաստանը կշարունակեն աշխատել ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ»։
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիա-Հայաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցության արագացված վերականգնմանը, որն ընդհատվել էր Անկարայի կողմից 1993 թվականին: Ըստ առկա տեղեկատվության՝ այն կվերսկսվի փորձարկման ռեժիմով ոչ ուշ, քան սույն թվականի 3-րդ եռամսյակը, իսկ ամբողջ կանոնավոր ծավալով՝ մինչև ընթացիկ տարվա վերջ:
Նման սցենարը պաշտոնապես ողջունում է նաև Եվրամիությունը։ Այնտեղ Հայաստան-Թուրքիա երկաթգիծը դիտարկում են ոչ միայն որպես համատարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքի կարևորագույն հատված, այլև որպես լրացուցիչ քաղաքական տնտեսական «կապ» Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև։ Ուստի զարմանալի չէ, որ պարբերաբար տեղեկություններ են հայտնվում TRIPP նախագծի շրջանակներում և Բրյուսելի կողմից այդ զարկերակի տեխնիկական վերականգնման հնարավոր, գոնե մասնակի ֆինանսավորման մասին։
Ի դեպ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարներից և նրա ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը օրերս հայտարարել է, որ սահմանների ապաշրջափակման դեպքում Հայաստանը «Թուրքիայի միջոցով կարող է դուրս գալ եվրոպական շուկա»: Տարօրինակ է. մի՞թե Հայաստանը նույն շուկա մուտք չունի վրացական նավահանգիստների և Վրաստան-Ռուսաստան Սև ծովով անցնող լաստանավային ուղու (Բաթումի-Նովոռոսիյսկ) միջոցով, կամ Կազբեգի-Վերին Լարս վրաց-ռուսական սահմանային անցակետի միջոցով։ Բնականաբար, այո։ Բայց, ամենայն հավանականությամբ, այստեղ անուղղակի խնդրանք կա Հայաստանի համար Թուրքիայում ավելի ցածր բեռնափոխադրման սակագների վերաբերյալ, քան նշված «ոչ թուրքական» զարկերակների դեպքում։
Բացի այդ, «Թրամփի երթուղին», որը սահմանակից է իրանա-հայկական սահմանին, ամենայն հավանականությամբ, ենթադրում է այդ սահմանի առավելագույն խիստ վերահսկողություն Հայաստանի և անուղղակիորեն ԱՄՆ-ի կողմից: Քանի որ ապրիլի երկրորդ կեսին Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունների մի խումբ աշխատակիցներ ծանոթացել են Մեքսիկայի հետ ցամաքային լայն սահմանի՝ 3150 կմ (ներառյալ՝ գետերով սահմանը) նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությանը։
Ամերիկյան աղբյուրների տվյալներով՝ «ԱՄՆ-ի արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության ծրագրի շրջանակներում պատվիրակությունը եղել է Վաշինգտոնում, ինչպես նաև Էլ Պասոյում և Արտիժում, որտեղ ծանոթացել է Մեքսիկայի հետ սահմանին մաքսային-սահմանապահ ծառայության գործունեությանը։ Հյուրերին ընդունել են նաև ԱՄՆ սահմանապահ ծառայության ակադեմիայում»։
Նույն աղբյուրները հիշեցնում են՝ այս ոլորտում համագործակցությունն «ամրագրված է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի հետ ստորագրված հուշագրություններից մեկում»։ Փաստաթուղթը նպատակ ունի «բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետությունը՝ ներառյալ մաքսանենգության և սահմանի ապօրինի հատման դեմ պայքարը»:
Մի խոսքով, քիչ չեն նոր հաստատումները, որ Վաշինգտոնի և Երևանի փոխգործակցությունը, որը պաշտոնապես կենտրոնացված է Հարավային Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքի շրջանակներում, փաստացի դուրս է գալիս այդ շրջանակներից և ոչ միայն՝ աշխարհագրորեն, այլև՝ քաղաքական-տնտեսապես։
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



