Մակրոնը Քենիայում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ դժգոհել է դահլիճում աղմուկից
Էմանուել Մակրոնը էմոցիոնալ արձագանք է տվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում անցկացվող «Աֆրիկան առաջ» գագաթնաժողովի ընթացքում դահլիճում տիրող աղմուկին. միջադեպի տեսանյութը լայն տարածում է ստացել համացանցում։
Նշվում է, որ աֆրիկացի խոսնակների ելույթների ընթացքում դահլիճում շարունակական աղմուկ է եղել, իսկ ներկաները միմյանց հետ ակտիվ զրույցներ են վարել՝ չնայած շարունակվող քննարկումներին։
Մի պահ Մակրոնը մոտեցել է խոսափողին և դժգոհություն հայտնել իրավիճակից։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ նման պայմաններում անհնար է քննարկել մշակույթի և քաղաքականության հարցեր, իսկ դահլիճում տիրող վարքագիծը անհարգալից վերաբերմունք է ելույթ ունեցող մասնակիցների նկատմամբ։
Նա նաև առաջարկել է անձնական զրույցներ վարողներին լքել դահլիճը կամ տեղափոխվել երկկողմ հանդիպումների համար նախատեսված տարածքներ։
Մակրոնի դիտողությունից հետո, ըստ հաղորդագրությունների, դահլիճում աղմուկը նկատելիորեն նվազել է։



