Աննա Հակոբյանը հերթական անգամ պարտության մասին է զգուշացնում, մեղավորներն ընտրված են. Փաշինյանի կնոջ նախաձեռնություն-արշավների ռևոլյուցիան
Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» նոր նախաձեռնություն է սկսել: Բայց մինչ դրան անդրադառնալը, պատմական էքսկուրս կատարենք իշխանափոխությունից հետո նրա բոլոր արշավ-նախաձեռնություններով: Եվ այսպես:
Դրվագ առաջին. «Կանայք հանուն խաղաղության». Հաղթանակը պատերազմով չէ, այլ՝ խաղաղությամբ
«Թավշյա հեղափոխությունից» ամիսներ հետո 2018 թվականի ամռանն Աննա Հակոբյանը նախաձեռնել էր «Կանայք հանուն խաղաղության» արշավը։
Արշավի հռչակագրում, մասնավորապես, նշվում է. «Մարդկությունը բազում արյունալի պատերազմներ է տեսել և հաղթահարել։ Արդյո՞ք խաղաղություն հաստատած ժողովուրդներն, ուրեմն, դեմ են գնացել իրենց կրած զոհերի հիշատակին։ Ճիշտ հակառակը։
Հերոսները զոհվում են հանուն կյանքի, հանուն իրենց սիրելիների երջանկության, հանուն գալիք խաղաղության։
Ուրեմն խաղաղությունն է բոլոր զոհվածների հիշատակի փառավորման ճշմարիտ միջոցը։
Հաղթանակը պատերազմով չէ, որ հաստատվում է, այլ խաղաղությամբ։ Եվ խաղաղությունը բոլորի հաղթանակն է։
Մենք կարող ենք պատմության շուրջ արմատական տարաձայնություններ ունենալ, սակայն մեզ միավորում է մարդկային վիշտը։ Այն թեթևացնել հնարավոր է մարդկայնորեն կիսելով միմյանց ցավը և միասնաբար պահանջելով՝ էլ ոչ մի զոհ»:
Խաղաղության իր կոչը ռուս հայտնի կանանց Աննա Հակոբյանը հասցրել էր Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ելույթի միջոցով։
«Դուք առաջինն եք, ում հետ ես կիսում եմ իմ այս մտքերը, և առաջարկում եմ միանալ իմ՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, որը պետք է փորձի լայն ընդգրկում ունենալ և ժամանակի ընթացքում խոսել ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլև աշխարհի տարբեր թեժ կետերի մասին, առնվազն՝ այն կետերի, որոնց դեպքում իսկապես խաղաղությունը ֆանտաստիկայի ժանրից չէ։
Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարևոր է այս արշավի մեկնարկը տալ հատկապես մեր բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում և այսպիսի հարգարժան տիկնանց առջև։ Մեր ժողովուրդները միասին անցել են մեծ պատերազմի արհավիրքի միջով, և էլ ո՞ւմ, եթե ոչ՝ ձեզ, պետք է ես խնդրեմ ինձ օգնել ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության այս արշավում։
Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնել, քանի որ չէի ուզի թյուրըմբռնումներ լինեին. ես չեմ ակնկալում, որ դուք ղարաբաղյան հակամարտության մեջ պաշտպանեք հայկական կողմի դիրքորոշումը։ Ես խնդրում եմ միայն միանալ թնդանոթները մի կողմ դնելու, երկու ժողովուրդների զավակների կյանքերը խնայելու կոչին։ Այդ կոչը, այդ կարևոր ուղերձը կարելի է հնչեցնել սահմանի երկու կողմից էլ։ Ես, իհարկե, այդ հնարավորությունը չունեմ, բայց դուք կարող եք անել դա և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից»,- մասնավորապես, հայտարարել էր Աննա Հակոբյանը:
Նրա տրամաբանությամբ, «խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են, խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել»:
Եվ ոչինչ, որ իրականությունը ցույց է տվել, որ խաղաղություն հնարավոր է տեսնել, երբ հաղթում ես, երբ կարողանում ես պարտադրել, և վերջապես, երբ խաղաղության հաստատումը կախված է նրանից, թե ով է հակառակորդդ: Ավելին, իրականությունը ցույց տվեց, որ հաղթանակը հենց պատերազմով է հաստատվում. հայկական կողմը հաղթել է Արցախյան առաջին պատերազմում, Ադրբեջանը հաղթել այս պատերազմում:
Իսկ ռուս անվանի կանայք այս արշավի շրջանակում այցելել էին Արցախ. նրանց թվում էին գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, ՌԴ 3-րդ դասի խորհրդական, «Ժենսկիյ դիալոգ» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Կիրա Ալտմանը, լրագրող, կինովավերագրող Եկատերինա Գորդեևան, պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան:
2019-ի փետրվարին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցրել է իր՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, իսկ դրանից առաջ՝ 2019 դեկտեմբերին հրավիրած ասուլիսի ժամանակ նշել էր.
«Քանի որ նաև վտանգը կա, որ միշտ կարող է հակառակորդ կողմերից մեկը սկսել պատերազմ և մտածել, որ լայնածավալ պատերազմական գործողությունների միջոցով կարող է ավելի արագ լուծման հասնել Ղարաբաղյան խնդրի հարցում, որոշեցի մի բան անել, որ իմ մասով հանգիստ լինեմ, որ ես որևէ բան արեցի՝ դա կանխելու համար»։
Այստեղ Աննա Հակոբյանն ի լուր աշխարհի փաստորեն ակնարկել էր, որ Հայաստանը, Արցախը կարող են նախարձակ լինել և պատերազմ սկսել, մի բան, որ չի եղել: Նման մեղադրանք հայկական կողմի հասցեին միայն թշնամական ճամբարից են հնչեցրել:
Նշենք, որ նույն ասուլիսի ժամանակ էր, որ Աննա Հակոբյանը նաև Մեհրիբան Ալիևային Արցախում թեյ խմելու և մուղամ լսելու էր հրավիրել, որը մերժվեց այն տարբերակով, որն առաջարկվել էր։ Այսինքն՝ Մեհրիբանը 2020 թվականի պատերազմի արդյունքում Արցախում թեյ խմեց, բայց առանց Աննա Հակոբյանի:
Ի դեպ, թեև Աննա Հակոբյանը հայտարարել էր «Կանայք հանուն խաղաղության» արշավի դադարի մասին, և, ըստ էության, մտել էր միլիտարիզացիոն դերի մեջ, 2020 թվականի հուլիսյան մարտերի բուն օրերին և դրանցից հետո դիմել էր ադրբեջանցի կանանց և մայրերին:
«Ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, և խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը:
Որովհետև` բռնությունն իր հետևից նոր բռնություններ է բերում:
Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:
Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը և ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ» բաժնում: Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Եվ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը, ստիպված կլինի հաշվի նստել ձեր պահանջի հետ»,- 2020-ի հուլիսի 25-ին ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր Աննա Հակոբյանը և դրանից օրեր անց խոսնակի միջոցով վստահեցրել, թե «Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա Աննա Հակոբյանի խաղաղության կոչի նկատմամբ»:
Թե ի՞նչ կերպ արձագանքեցին ադրբեջանցի հայտնի և անհայտ կանայք Աննա Հակոբյանի արշավին, ավելորդ է ասել:
Դրվագ երկրորդ. «Խաղաղության արշավից» անցում կամ վերադարձ միլիտարիզացիային
2020 թվականի պատերազմից մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի սկզբներին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում Աննա Հակոբյանին օգտատերերից մեկը հարցրել էր՝ նրա զինվորական կերպարն ինչքանո՞վ է ընկալվել հասարակության շրջանում, և արդյոք առաջիկայում պատրաստվո՞ւմ է կրկին հանդես գալ զինվորականի կերպարով, ինչին նա պատասխանել էր․
«Առաջիկայում պատրաստվում եմ կրկին հանդես գալ զինվորական կերպարով: Քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ կրկին շատ են լինում, բայց ուզում եմ հիշեցնել, որ ես միակ կինը չեմ կամ քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել: Նախկինում, նախկին իշխանության օրոք եղել են պատգամավորներ, նույնիսկ լրագրողներ, ովքեր գտնվելով դիրքերում կամ որևէ միջոցառման՝ կապված Զինված ուժերի հետ, այդ ընթացքում կրել են զինվորական համազգեստ: Շատ սովորական երևույթ է, երբ մեր երգչուհիները գնում են մեր զինվորների համար ելույթ ունենալու, կրում են զինվորական համազգեստ, այնպես որ, դա այնքան էլ անսովոր երևույթ չէ, երբ քաղաքացիական անձ հանդիսացող կինը նաև կրում է համապատասխան վայրում զինվորական համազգեստ»:
Հետո արդեն 2020-ի օգոստոսի 25-31-ը խաղաղություն քարոզող Աննա Հակոբյանը կանանց համար մարտական և կրակային պատրաստության յոթնօրյա դասընթաց էր կազմակերպել Արցախում, ավելին, այն տեղավորել էր «Կանայք հանուն խաղաղության» արշավի տրամաբանության մեջ՝ «բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու համար, բայց դա՝ ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի»:
Այսինքն, ըստ էության, այս դեպքում Հակոբյանը գալիս է այն մտքին, որ խաղաղության համար պետք է պատերազմի պատրաստվել: Այդ պահին այդպես էր պետք:
Բայց արի ու տես, որ կանանց ջոկատ կազմելու մտադրություն Աննա Հակոբյանն ունեցավ միայն 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ արդեն մեկ ամիս պատերազմ էր. «Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ, մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»:
Սրանից 10 օր հետո էր միայն՝ 2020-ի նոյեմբերի 6-ին, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել. «Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման, ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»:
Իրականում դասական իմաստով Աննա Հակոբյանը և իր ջոկատը ոչ մի մարտական առաջադրանք էլ չի կատարել, ավելին՝ Արցախում կրակային պատրաստության դասընթաց նախաձեռնող Աննա Հակոբյանը Արցախ՝ պատերազմի մասնակցելու չի մեկնել, այլ նպատակներով՝ այո:
ՀՀ պաշտպանության նախարարությունից 168.am-ին հայտնել էին, որ Աննա Հակոբյանի ջոկատը 2020թ. հոկտեմբերի 25-ին հանդերձավորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթակայության տակ, ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում:
Հավելենք, որ 2021 թվականի հունիսին Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էրատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել էր.
«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ տարբեր տեղեկություններով՝ նախ Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի անվտանգության ապահովման համար Գորիսում բունկեր և խրամատ էր փորվել:
Ավելի ուշ 2-րդ, 3-րդ գծում մի փոքր փոս են փորել, երբ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 17-19-ին գնացել է այնտեղ, բայց սա դասական իմաստով խրամատ չի եղել:
Ինչ վերաբերում է այդ օրերին սոցցանցերում տարածված «Էռատո» ջոկատի և Աննա Հակոբյանի «ռազմական» նկարներին, ապա դրանք արվել են Կոռնիձոր-Խնձորեսկ հատվածում գտնվող մի տան նկուղում, որտեղ Աննա Հակոբյանը բուշլատով ծածկված է:
Հայ կանայք էին մեղավոր, որ տապալվեց Աննա Հակոբյանի խաղաղության արշավը և պարտվեցինք 44-օրյա պատերազմում
2020 նոյեմբերի 7-ին «Էրատո» ջոկատի փոքր կազմից նեղված Հակոբյանը գրառում է կատարում՝ դիմելով այն հայ կանանց, որոնք ոգևորված չեն պատերազմի դաշտում իր «ներկայությունից»:
«Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչ–որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի, ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,- ասում էին նրանք։
… Հիմա երբ պատերազմ է, ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաև ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։
Եվ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։
Սիրելի տիկնայք, կողմնորոշվե՛ք, խնդրում եմ։
Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի»,- մասնավորապես, գրել էր Հակոբյանը:
Նույնաբովանդակ ֆեյսբուքյան գրառում նա արել էր արդեն պատերազմից հետո՝ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին:
«2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը:
… Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, և բոլոր նրանք, ովքեր դա անում էին ֆեյսբուքյան քոմենթի տեսքով):
Խնդիրն այն էր, որ արշավի մեկնարկին զուգահեռ հրապարակ նետվեց հետևյալ թեզը. «Դու այդ ո՞վ եղար, որ հայ կանանց անունից խաղաղություն ես մուրում: Հայ կինը խաղաղություն մուրացող չէ, խաղաղություն պարտադրող է։ Հայ կինը ոչ միայն առյուծածին է, այլև առյուծ և հարկ եղած դեպքում զենք կվերցնի և ինքը իր որդու հետ կզոհվի մարտի դաշտում, բայց խաղաղություն չի մուրա»:
Ես ասում էի նաև, որ ապրիլյան պատերազմը լուսաբանելիս բացարձակապես նույն վախն եմ տեսել և՛ հայ, և՛ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների հայացքներում, որ վստահ եմ՝ մեր տղաները կրկին հերոս կլինեն մարտի դաշտում, բայց եկեք չդրդենք նրանց այդ հերոսությանը: Սրան ի պատասխան՝ հրապարակ նետվեց մեկ այլ թեզ. «Ի՞նչ վախ, ինչպե՞ս ես համարձակվում հավասարության նշան դնել մեր զինվորի և ադրբեջանցի զինվորի միջև, հայ մայրը միայն անվախ, քաջ զինվոր է ծնում»:
Ահա այս փուչ նախադասությունները բավարար եղան հայ կանաց կառավարելու և զսպելու համար: Վախը, որ կընկնեն «դավաճանների ցուցակ», այնքա՜ն զորավոր էր:
Իսկ որ նախադասությունները փուչ էին, երևաց պատերազմի ժամանակ: Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231.584 կին: Սփյուռքում բնակվող մի քանի միլիոն առյուծ հայ կանանց մասին էլ չեմ խոսում: Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց և աղջիկներին ջոկատներ կազմել, կազմվեց 1 ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի), և 1 վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)։
Եվ մեր զավակները միայնակ մնացին դավադիր և անհավասար պատերազմում թշնամուն դեմ հանդիման: Եվ իհարկե նրանք հաղթահարեցին իրենց վախերը, անմարդկային կռիվ տվեցին, հերոսացան, շատերն ընկան հերոսի մահով…»,- պատերազմից հետո գրել էր Նիկոլ Փաշինյանի կինը:
Աննա Հակոբյանը ռեբրեդի՞նգ է անում իրենց ընտրազանգվածը. Որքանո՞վ են ազնիվ՝ «Կրթվելը նորաձև է» արշավի մղումները
Եվ, ինչպես նշեցինք այս տարիներին, Աննա Հակոբյանը հիմա էլ նոր նախաձեռնություն-արշավ է սկսել՝ «Կրթվելը նորաձև է» անունով, ընդ որում՝ նա իր Վենետիկ այցը սահուն տեղավորեց կամ կապեց սրա հետ:
«Այսօր այցելեցի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության վանք։ Շնորհակալ եմ Միաբանության վանականներին ինձ հյուրընկալելու, մեր պատմության ամենակարևոր նմուշները ցուցադրելու, ժամերգության և ճաշի սեղանի շուրջ մեր ջերմ զրույցի համար։ Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ՝ «Ի Փառս Աստուծոյ եւ Յօգուտ Հայ Ազգին»։
Միաժամանակ, Աննա Հակոբյանն առաջ ընկնելով, գտել է մեղավորին, որին պիտի հիշի հետո, երբ այս նախաձեռնության հետ կապված էլ իր սպասելիքները լիովին չարդարացվի:
«2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։
Սա մի կողմից շատ ոգևորիչ է, մյուս կողմից հիասթափեցնող։
Ոգևորիչ, որովհետև ապացուցում է, որ ԿՐԹՎԵԼԸ օրակարգային է։
Հիասթափեցնող, որովհետև մեկ միլիոն մոտ 190 հազար մարդ պասիվ հետևող էր, և միայն 30-50 հոգի գաղափարը ակտիվորեն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրա կրելու քայլ արեց։ Համենայն դեպս՝ այս 22 ժամվա ընթացքում։
Այնինչ, Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ Եթե դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կպարտվենք»,- նոյեմբերի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Դեժավյու. «Էրատո» ջոկատի պատմությունը հիշեցրեց: Որևէ մեկին չցանկանալով վիրավորել, բայց մենք գիտենք, չէ՞, ովքեր էին մեծամասնություն կազմում Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրազանգվածում:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին հայտարարում էր, որ պարեկ դառնալու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, որոշել են ռեբրեդինգ անել իրենց ընտրազանգվածը, ամաչո՞ւմ են: Արդյո՞ք սա ուրացում չէ: Մյուս կողմից, երբ նայում ենք Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությանը միացած անձանց, նոր դեմքեր չեն, ոմանց դեպքում նրանց անցյալը պետք է օրենքի թիրախում լինի:
Իսկ ինչ վերաբերում է կրթվելուն, ինքնակրթվելուն, ապա այս ուղերձը՝ առնվազն իմանալ սեփական գործառույթների և տարրական գիտելիքներ ունենալու մասին, պետք է իմանա գերագույն հրամանատարն ու երկրի ղեկավարը:
Այս դեպքում նույնիսկ ոչ միայն անհրաժեշտ է, այլև պարտադիր, քանի որ վատ է, երբ գերագույն հրամանատարը չգիտի օրենքով իրեն վերապաված գործառույթները: Օրինակ, 2018թ. սեպտեմբերին «Զինուժ Մեդիային» տված հարցազրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ, երբ նույն թվականի մայիսին ԱԺ-ում քննարկվում էր նրա՝ վարչապետի պաշտոնում թեկնածության հարցը, ընդդիմախոսներն ասել էին, որ Փաշինյանը բանակում չի ծառայել, ուստի պատկերացում չունի՝ ինչ է բանակը, և, մեծ հաշվով, խորությամբ չի տիրապետում անվտանգային խնդիրներին:
Այնուհետև Ալթունյանը շարունակել էր. «Մի քանի ամիս է անցել այդ քննարկումներից, արդյոք կարո՞ղ եք ասել, որ հիմա արդեն ամբողջովին տիրապետում եք այն խնդիրներին, որոնք առնչվում են մեր երկրի անվտանգությանը, և որոնց պետք է տիրապետի ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարը», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Առաջինը, կարծում եմ, գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունը և հատկությունը, դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու ընդունակությունն ու կարողությունն է: Մեր պատմությունը ցույց է տվել, որ մեր պետությունը, զինված ուժերը, մեր ժողովուրդն առավել մարտունակ են, երբ կա այնպիսի գերագույն հրամանատար, որն ի վիճակի է համախմբել ազգային ողջ ներուժը, և այդ ողջ ներուժը կազմակերպել հակառակորդին հակահարված տալու համար»:
Գերագույն հրամանատարի գործառույթների մասին հարցին տված Փաշինյանի այս պատասխանից կարելի է հետևություն անել, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո էլ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել օրենքով սահմանված գերագույն հրամանատարի լիազորություններին և այն կարողություններին, որոնք պիտի ունենա պատերազմող երկրի գերագույն հրամանատարը: Այսինքն, նա չի բարձրացել հանրահավաքներ վարողի մակարդակից: Այս առումով բան չփոխվեց նաև 2020 թվականին, անգամ՝ դրանից հետո:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր. «Հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»:
Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ցույց է տվել, որ զենքը զինամթերքից չի տարբերում, որ չգիտի՝ ինչ ասել է ՀՕՊ համակարգ, այլապես կասկածի տակ չէր դնի մինչև 2018 թվականը ՀՀ ՀՕՊ համակարգ ունենալու փաստը, չէր խոսի «Իսկանդերի» 10 տոկոս կրակելու մասին, ԶՈՒ զարգացման փաստաթուղթն ի վիճակի կլիներ ամբողջապես կարդալ, հասկանալ և նոր միայն հաստատել, և ոչ թե մեխանիկորեն հաստատել։
Այս շարքը կարելի է շարունակել: Դեռ մի կողմ ենք թողնում Փաշինյանի՝ պետական գաղտնիքի օրենքին առնչվող խախտումները, որոնք նա թույլ է տվել պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և դրանից հետո: Դիտավորությո՞ւն էր, թե՞ չիմացություն՝ հետագայում պարզ կդառնա:
Ավելին, մենք ականատես ենք եղել նաև նրան, որ երբեմնի լրագրող Նիկոլ Փաշինյանը չգիտի «երաշխավորել» և «ապահովել» բառերի տարբերությունը, և ոչ էլ վերահսկողության և մոնիթորինգի: Վերջին օրերին էլ համոզվեցինք, որ երկրի ղեկավարը տեղյակ չէ, որ կադրային փոփոխությունները չեն կարող լինել «խնդրանք» եզրույթով, այն հակասահմանադրական է: Նիկոլ Փաշինյանի կադրային փոփոխություններին և նրա բացատրություններին դեռ կանդրադառնանք:
Իսկ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հեղինակ Աննա Հակոբյանին կրկին հիշեցնենք՝ եթե մի փոքր ջանք գործադրեր, երևի կիմանար, որ ղեկավար փաստաթղթերի համաձայն՝ հրամանատարական կետ մուտք գործելու իրավունք չուներ, որ ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ:
Ամեն դեպքում, եթե փորձենք պատկերացնել, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությունը զուտ նախընտրական, քաղաքական չէ, այլ ազնիվ մղումներ կան՝ բարձրացնելու հասարակության կրթական ցենզը կամ կրթվածության մակարդակը, ապա հետաքրքիր է՝ արդյոք կա՞ վիճակագրություն, թե իր ամուսնու պաշտոնավարման 6 տարիների ընթացքում քանի դպրոց է տարբեր պատճառներով փակվել, քանի՞ երեխա է զրկված կրթություն ստանալու իր իրավունքից՝ տարբեր պատճառներով, քանի՞ առաջադեմ ուսանող է դուրս մնացել բուհերից, քանի՞սը չի կարողացել սոցիալական պատճառներով շարունակել ուսումը կամ այդ նպատակով մեկնել արտերկիր, քանի՞ բուհ են պատրաստվում միավորման պատրվակով փակել…
Կրթվելը երիտասարդի ուժը չէ՞…
Հ.Գ Կրթված լինելու կարևորագույն ցուցիչ է սեփական երկրի պատմությունն իմանալը։ Ավելին, հենց դրանով է պայմանավորված նաև այլ պետությունների ղեկավարության կողմից տվյալ երկրի և այն ներկայացնող ղեկավարի հանդեպ վերաբերմունքը։