Եվրոպայի վտանգավոր խաղը, Պուտինի «կարմիր գծերը». 2.7 միլիարդ եվրո՝ Հայաստանը հանձնելու դիմաց. Էրդողանն ու Ալիևը բարձր գին են պահանջում. Հակոբ Բադալյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացնում է «Ռուսաստանի շահերի գինը» Հայաստանի ընտրական պրոցեսում՝ փորձելով սահմանել իր «կարմիր գծերը» Հայաստանում և այնպես անել, որ Ռուսաստանը չհայտնվի «խաղից դուրս» վիճակում։
Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով Հայաստանում Եվրամիության ակտիվության, Պուտինի մայիսի 9-ի հայտարարությունների և Հայաստանի շուրջ սրվող աշխարհաքաղաքական մրցակցության թեմայի շուրջ։

«Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովին «պատմական» փաթեթավորում է տրվում, որպեսզի եվրոպական թեման վաճառվի Հայաստանի հանրությանն, առաջին հերթին՝ էլեկտորալ իմաստով, իսկ նպատակը շատ պարզ է. Հայաստանն այսօր կարևորություն է ներկայացնում այդ «Միջին միջանցքի» կառուցման տեսանկյունից, բայց Հայաստանից բազմակի ավելի մեծ նշանակություն այդ հարցում Եվրոպայի համար ունեն Ադրբեջանը և Թուրքիան, և եվրոպացիները բացահայտ խոսում են այդ մասին»,- մեկնաբանեց Հակոբ Բադալյանը։
Հակոբ Բադալյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը բաղկացած է 44 կետից՝ դա կապելով Եվրամիության՝ դեպի Կովկաս աշխարհաքաղաքական ընդլայնման համար լայն ճանապարհ բացած չարաբաստիկ 44-օրյա պատերազմի սիմվոլիզմի հետ, երբ քանդվեց տարածաշրջանում Եվրամիությանը կաշկանդող ստատուս-քվոն, և դրանից հետո ԵՄ-ն Հայաստանի հանդեպ վարում է «կենացների քաղաքականություն», որը շատ վառ արտահայտված է նույն համատեղ հռչակագրի տեքստում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ փորձում է հասնել կոնկրետ պայմանավորվածության՝ «Միջին միջանցքը» ձևավորելու նպատակով։
«Ընդ որում, Ադրբեջանն ու Թուրքիան ակնհայտորեն բարձր գին են պահանջում Եվրոպայից, և այդ գնի մեջ շատ մեծ դեր ունի Հայաստանը, այլ խոսքերով՝ շատ մեծ տեղ են հատկացնում Հայաստանին վերաբերող հարցերին՝ որպես գին այդ Միջին միջանցքը ձևավորելու կամ այդ հարցում պայմանավորվելու առումով։ Եվրոպայի դերն այստեղ Հայաստանին համոզելն ու շահագրգռելն է այդ գինը վճարելու հարցում»,- հավելեց քաղաքական մեկնաբանը։
Հակոբ Բադալյանը շեշտում է՝ ԵՄ «կարկանդակը» Հայաստանի համար դեռևս 2021-ից խոստացված մոտ 2.7 մլրդ եվրոյի չափով տարատեսակ ֆինանսական օժանդակությունն է։
«Դա կարկանդակն է, որ խոստանում են Հայաստանին՝ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացումներին հեշտ ադապտացվելու համար, որպեսզի ձևավորվի այդ Միջին միջանցքը, և Եվրոպան ստանա իր բաժնեմասն այդ Միջին միջանցքում»,- մեկնաբանում է զրուցակիցը։
Անդրադառնալով հարցին, թե քաղաքական ի՞նչ տողատակեր կամ դրդապատճառներ ուներ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելն ու Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին անցկացված ամենամյա ռազմական շքերթին ներկա չգտնվելը, Հակոբ Բադալյանը հիշեցնում է՝ մայիսի 9-ից հաշված օրեր առաջ՝ մայիսի 4-ին և 5-ին, Երևանում կազմակերպվել էր «եվրափարթին»՝ Նիկոլ Փաշինյանին նախընտրական շրջանում քաղաքական ու քարոզչական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Մեկնաբանը հիմնավորում է իր տեսակետն այն փաստով, որ եվրոպական միջոցառումները, շոուից և ցուցադրությունից բացի, Հայաստանին առնչվող որևէ առարկայական օրակարգ, ըստ էության, չունեին, և դրանից ընդամենը 3-4 օր անց Մոսկվայի ռազմական շքերթին մեկնելը Նիկոլ Փաշինյանի համար կնշանակեր ջուրը գցել «եվրափարթիի» ամբողջ էֆեկտը քարոզչական իմաստով։
«Իսկ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է առավելագույնս կապիտալիզացնել եվրոպական թեման իր ընտրազանգվածի համար և միևնույն ժամանակ՝ դրա դիմաց Եվրոպայից ակնկալել լոյալություն այն վարքագծի հանդեպ, որ նա ցուցաբերում է իր ընդդիմախոսների և քաղաքական ընդդիմության նկատմամբ ներքին գործընթացներում, և կրկնեմ՝ մի քանի օր անց գնալ Մոսկվա՝ կնշանակեր ջուրը գցել այդ ամբողջը, և Փաշինյանը, պատճառաբանելով նախընտրական քարոզարշավի հանգամանքը, չմեկնեց շքերթին»,- նկատում է Հակոբ Բադալյանը։
Այս համատեքստում Հակոբ Բադալյանը մեկնաբանեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն այն մասին, որ ճիշտ կլիներ՝ Հայաստանը հնարավորինս շուտ կողմնորոշվեր Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մնալու հարցում։
«Ըստ իս՝ Ռուսաստանի նախագահը պարզապես բարձրացնում է Ռուսաստանի շահերի գինը Հայաստանի ընտրական գործընթացներում՝ հատկապես գործող իշխանության համար, և սրանով եմ պայմանավորում այն հանգամանքը, որ հենց Ռուսաստանի նախագահի մակարդակով պարբերաբար անդրադարձ է կատարվում այս թեմաներին, եթե հիշենք նաև Պուտինի և Փաշինյանի ապրիլմեկյան հանդիպմանը Պուտինի բացման խոսքի որոշակի աննախադեպությունը, և Ռուսաստանը փորձում է սահմանել իր կարմիր գծերը և դրանց հետամուտ լինելու իր հաստատակամությունը։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք նաև որոշակի գործողություններ տնտեսական դաշտում, որտեղ Հայաստանի կախվածությունը շատ մեծ է»,- կարծում է քաղաքական մեկնաբանը։
Հակոբ Բադալյանը շեշտում է՝ Ռուսաստանի այս վարքագիծը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջազգային այլ դերակատարներ են շատ ուղիղ միջամտում Հայաստանի ներքին գործընթացներին, մասնավորապես՝ նույն Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը։
«Ընդ որում, նկատենք՝ փաստերն արձանագրելով, որ Ռուսաստանն անմիջականորեն ուղիղ աջակցություն չի հայտնում այս կամ այն ուժին վերաբերմունքի իմաստով, այլ ընդամենն ազդարարվեց, որ հետամուտ են իրենց շահերին, որ Ռուսաստանը չհայտնվի «խաղից դուրս» վիճակում»,- հավելեց քաղաքական մեկնաբանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ Եվրամիությանը ՀՀ անդամակցության հեռանկարի հարցին՝ Հակոբ Բադալյանը կարծում է, որ դա շատ հեռու ապագայի հարց է, եթե Հայաստանը երբևէ մոտենա դրան, և հավելում իր այն համոզումը, որ Եվրամիությունը բացարձակապես չունի մտադրություն Հայաստանն ընդունելու իր կազմում։

Իսկ այն, որ Պուտինն ասում էր, թե իր կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ Հայաստանի քաղաքացիները կողմնորոշվեին այդ հարցում, օրինակ՝ հանրաքվե անցկացնելու միջոցով, քաղաքական մեկնաբանը նկատում է՝ Հայաստանի Սահմանադրության պահանջն է դա, և պարզ է, որ նմանատիպ հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով՝ ԵՄ անդամակցության հարցը ներքաղաքական պոպուլիզմի կամ աշխարհաքաղաքական խուսանավումների դաշտից դուրս բերելու համար։
«Ես կարծում եմ՝ իրատեսական չէ մտածել, որ քանի դեռ Թուրքիան ԵՄ անդամ չէ, Կովկասի որևէ պետություն կարող է դառնալ ԵՄ անդամ, իսկ Թուրքիան հազիվ թե դառնա ԵՄ անդամ, քանի դեռ Ֆրանսիան ԵՄ անդամ է, եթե, իհարկե, Ֆրանսիան չհրաժարվի իր պետական-ռազմավարական շահերից և չդառնա որևէ այլ աշխարհաքաղաքական պրոյեկտի կցորդ»,- հավելեց վերլուծաբանը։
Հակոբ Բադալյանի կարծիքով՝ հիմնական վտանգներից մեկն այն է, որ «աշխարհաքաղաքական խաղադրույք» կարող է արվել Կովկասում ապակայունացման, ոչ թե կայունություն հաստատելու վրա։
«Իսկ Եվրոպայի համար դրա կենսականությունն աճում է, և ամենևին մշուշոտ հեռանկար չէ այն, որ Եվրամիությունը կարող է ընդհուպ փորձել խաղադրույք անել այստեղ ապակայունացման վրա՝ իր շահերն այդ տրամաբանությամբ առաջ մղելու համար։ Ի վերջո, կրկնեմ՝ այդ ճանապարհը Եվրամիության համար ավելի ինտենսիվ բացվեց Կովկասում ապակայունացումից՝ 44-օրյա պատերազմից հետո։ Հիմա բոլոր կողմերն էլ բարձրացնում են խաղադրույքները՝ ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են գնալ մինչև վերջ, և այստեղ մենք կարող ենք ունենալ միայն մեկ արձագանք՝ բարձրացնել մեր պետական և հանրային որակները, իսկ դրա հնարավորությունը հունիսի 7-ին նվազագույնն իշխանության փոփոխության հասնելն է»,- հավելում է մեկնաբանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



