Քննիչ հանձնաժողով հրավիրվածները հարցաքննությունների արձանագրություններին չեն ծանոթացել, դրանք փոփոխության ենթակա չեն. Անդրանիկ Քոչարյանը հակադրվո՞ւմ է ԱԺ կանոնակարգ-օրենքին
168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, գործունեությանը՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջների տրամաբանության մեջ:
Եվ, մասնավորապես, ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ Քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվող հոդված 22-ը սահմանում է, որ՝ «Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար և հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ծանոթանալու իրենց մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաև ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ, պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ»:
Այսինքն, նախքան զեկույցի ներկայացումը նշված անձինք կարող են և պետք է ծանոթանան իրենց հարցաքննությունների արձանագրություններին:
Ըստ այդմ՝ 168.am-ն օրենքի այս պահանջի հիշեցմամբ, գրավոր հարցման միջոցով փորձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից տեղեկանալ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացե՞լ են իրենց հարցաքննությունների արձանագրություններին, եթե այո, դրանցում փոփոխություններ մտցնելու պահանջ եղե՞լ է, թե՞ ոչ:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանի ստորագրությամբ ստացված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գրության մեջ նշվում է.
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով (այսուհետ՝ Քննիչ հանձնաժողով) հրավիրված բոլոր անձանց հարցաքննությունները տեսագրված են, և փոփոխության ենթակա չեն»:
Այս պատասխանից կարո՞ղ ենք ենթադրել, որ նախկին և ներկա ռազմական ղեկավարությունը չի ծանոթացել արձանագրություններին, որը օրենքի պահանջ է, այդ թվում՝ փոփոխություններ մտցնելու պահանջը: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը դարձյալ շրջանցո՞ւմ է սահմանադրական օրենքը:
Այս համատեքստում մի քանի փաստ հիշեցնենք: Առաջին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, նա Անդրանիկ Քոչարյանի գլխաբորած հանձնաժողով գնալուց առաջ պայման էր դրել՝ տրամադրել ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը:
«Ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը:
Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը, ինչի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր»,- նշվում էր ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխան գրության մեջ:
Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը գնացել էր Ապրիլյան պատերազմի հանձնաժողով, նրա պահանջը բավարարվել էր:
Երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հրավիրվել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, 168.am-ը հոդված էր գրել՝ «Արդյո՞ք Օնիկ Գասպարյանն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով գնալուց առաջ Սերժ Սարգսյանի օրինակով պահանջել է ձայնագրությունը և գնդակը նետել Փաշինյանի դաշտ» վերտառությամբ, հաշվի առնելով ԱԽ նիստում նրա ելույթ-առաջարկի շուրջ զարգացումները: Գեներալը 2 անգամ է հարցաքննվել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում, բայց հայտնի չէ՝ նման որևէ պահանջ դրե՞լ է, իսկ մեր հարցմանը Անդրանիկ Քոչարյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ արձանագրություններին ծանոթանալու պահանջ չի եղել Օնիկ Գասպարյանի կողմից, օրենքի պահանջն էլ չի կատարվել: Չմոռանանք, որ 2021 թվականի ապրիլին Օնիկ Գասպարյանն ինքն էր առաջարկել ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:
Շարունակելով թեման, հավելենք, որ 2023 թվականի օգոստոսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննությունն էր, և նախքան իր հիմնական խոսքը կամ հարցուպատասխանը, Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել էր՝ արդյոք փաստաբանական խմբին թույլ է տրվելու ծանոթանալ իր մասով քննիչ հանձնաժողովի արձանագրություններին, ինչին Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան էր տվել՝ ասելով. «Քանի որ դատական պրոցես է լինելու, և փաստաբանական խումբը կարող է դիմել և դատարանի որոշումով հանձնաժողովի նյութերը կարող են հասանելի դառնալ իրենց համար»:
Սրանից հետո Դավիթ Տոնոյանը պարզաբանել էր. «Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»: Արդյո՞ք Քննիչ հանձնաժողովում արված առաջարկին հետևողական եղել է նախկին նախարարը, հայտնի չէ:
Իսկ մենք մեր վերը նշված հարցման միջոցով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից նաև փորձել էինք պարզել՝ քանի՞ փորձագետ ունեն, ովքե՞ր են, նաև՝ Քննիչ հանձնաժողովում քանի՞ փորձագետ է եղել, ովքե՞ր են, այսինքն, 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցի վրա քանի՞ փորձագետ է աշխատել և ովքե՞ր, ավելի կոնկրետ՝ 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն աշխատե՞լ է զեկույցի վրա: Մենք նաև հարց էինք ուղղել՝ Քննիչ հանձնաժողովում որքանո՞վ է քննության առարկա դարձել տեղեկատվական պատերազմը, հակասական և ոչ ճշգրիտ տեղեկատվության մատուցումը հանրությանը: Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովից պատասխանել են.
«ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների քանակը և տվյալները գաղտնի են: Իսկ Ձեր կողմից նշված անձը՝ Արծրուն Հովհաննիսյանը, մասնակցել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին միայն այն ժամանակ, երբ եղել է վերոնշյալ հանձնաժողովի փորձագետ՝ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Իսկ թե որքանով են տեղեկատվական պատերազմը, հանրությանը հակասական և ոչ ճշգրիտ տեղեկատվության մատուցումը դարձել Քննիչ հանձնաժողովի քննության առարկաներ, դուք կծանոթանաք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ լիագումար նիստում զեկույցը ներկայացնելուց հետո, իհարկե, եթե վերոնշյալ հարցերի մասին տեղեկատվությունը լինի բաց»:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ հրապարակման ենթակա չէր համարել կամ մերժել էր տեղեկատվություն տրամադրել մեր այն հարցերին, թե ինչի հիման վրա է Արծրուն Հովհաննիսյանն ընտրվել որպես ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, և արդյո՞ք ունեցել է պետական գաղտնիքին հասանելիության թույլտվություն:
Իսկ հոկտեմբերի 31-ին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Նա մեզ ավելի վաղ գրավոր հայտնել է, որ նամակը կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հոկտեմբերին է նամակով դիմելու խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար: