Անդրանիկ Քոչարյանը և Վան Սեբաստացին՝ հանո՞ւն, թե՞ ընդդեմ Փաշինյանի. Ի՞նչ էին փորձում հասկացնել՝ ցույց տալով կռացած «Չեմբեռլենին»՝ որպես հաղթանակի խորհրդանիշ

Մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից, և, որ առաջիկայում տեղի գյուղերի բնակիչներին կգնա և կբացատրի. «Օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե ՀՀ գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք: Եվ պետք է գնալ, մի քանի փոքր կտոր կա. դո՞ւրս է գալիս այդ ճանապարհները դե յուրե հայկական սոցիալիստական հանրապետությունից, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»:

Մարտի 18-ին Փաշինյանը գնացել էր Տավուշի մարզ և Ոսկեպարում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի մի քանի բնակիչների հետ:

Բնականաբար, Փաշինյանն այնտեղ դիմել էր մանիպուլյացիայի և չէր ներկայացրել Տավուշի ռազմավարական նշանակության տարածքների, ճանապարհների, մարտական դիրքերի հանձնման անվտանգային ռիսկերը, և, որ այդ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, փոխարենը՝ ժողովրդին վախեցրել էր պատերազմով: Փաշինյանը, ըստ տարբեր լուրերի, պետք է 10 օրից վերադառնա Տավուշ: Ժամանակը լրանում է: Փոխարենը՝ Փաշինյանը հավաքներ է անում կուսակիցների հետ և «հրահանգներ» տալիս, որ համոզեն հասարակությանը, թե ինչը մերն է՝ մերն է, ինչ մերը չի՝ մերը չի: Այսինքն՝ Ադրբեջանին իբր թե հայկական տարածքներ չեն հանձնելու:

Սակայն, երբ գործը հասնում է հետևանքներին և պատերազմից խուսափելուն, իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն կարողանում հիմնավոր բացատրել, թե ինչպես ենք հաղթահարելու հետևանքները, այլև չեն երաշխավորում, թե պատերազմ չի լինի զիջումներից հետո:

Կարդացեք նաև

Բայց այսօր հրահանգ է տված միաձայն «երգել», որ գործող իշխանությունները հող հանձնող չեն, որ իրենք հող հանձնող չեն, որ անձամբ Փաշինյանը հող հանձնող չէ, և ով նման բան մտածեց՝ սադրիչ է: Եվ այս քարոզչական արշավում օգտագործում են նաև բանակին՝ ի դեմս ԳՇ պետի, եթե, իհարկե, Էդվարդ Ասրյանը նկատի չուներ բանակին, թեպետ այս դեպքում էլ վստահություն չկա:

Այս ամենը հիշեցնում է 2020 թվականի նախապատերազմյան իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կարող է ասեն, որ հողերը, Արցախը ծախել է, բայց դա զուտ իր դեմ տեղեկատվական պատերազմ է:

Օրինակ, 2019թ. մայիսի 20-ի կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներն այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար: Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին՝ միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:

Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Փաշինյանը ներկայացրել էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, որտեղ նշել էր՝ պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ, և խոսելով տեղեկատվական պաշտպանությունից՝ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն էր արել.

«Իմիջիայլոց, կարևոր է նաև տեղեկատվական պաշտպանությունը: Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է: Օրինակ, կարող է մեկը դրսից նպատակով ասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը: Մեկը ինչ-որ տեղից, մի օտար երկրից, հավաստի աղբյուրից, և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ ոնց, էդ ով, երբ: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակներից»:

Պատերազմի առաջին օրերին Փաշինյանը ևս իրեն հող հանձնելու մեջ մեղադրողների փնտրտուքի մեջ էր, ինչին 168.am-ը մանրամասն անդրադարձել էր։

Ի դեպ, 44-օրյա պատերազմից առաջ «Աղդամը իմ հայրենիքն» է» կարգախոսով իշխանությունները քաղաքական արշավ էին սկսել:

Մասնավորապես, 2019-ի դեկտեմբերի 1-ին ֆեյսբուքյան իր էջում այն ժամանակ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար, այսօր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ակնայի նռներով լուսանկարներ էր տեղադրել՝ «Աղդամը իմ հայրենիքն» է» գրառմամբ:

Պատերազմից մի քանի օր առաջ էլ ՝ 2020-ի սեպտեմբերի 23-ին, այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկնել էր Սուրեն Պապիկյանի օրինակը՝ «Աղդամը իմ հայրենիքն» է»:

Այս ոչ գաղափարական քաղաքական արշավի հիմքը դրվել էր 2016-ին, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով իր «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության հանրահավաքում, հայտարարել էր.

«Քանի դեռ Պաշտոնական Բաքուն, Ադրբեջանը հայտարարում է, որ Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել։ Ու եթե ապրելու մեր պատմական ճակատագրի ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել՝ Աղդամը, այո, մեր հայրենիքն է»։

Փաշինյանի հեղինակած արշավն իրականում ոչ թե հանուն Ակնայի էր, այլ ընդդեմ Սերժ Սարգսյանի, ինչում համոզվեցինք, երբ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ առանց կրակոցի Ադրբեջանին հանձնեց Ակնան:

Այսօր Փաշինյանն ու նրա թիմակիցներն այլ արշավ են սկսել՝ Տավուշից տրվելիք տարածքները հայկական չեն: Վերը նշված դեպքում, սակայն, մի ընդհանրություն կա. Փաշինյանը չի հասկանում ռազմական և դիվանագիտական լրջագույն նրբություններ, և, որ ցանկացած տարածքի զիջում, հատկապես՝ միակողմանի, ազդում է երկրի անվտանգային համակարգի վրա:

Երբ մոտ 20 տարի առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր Աղդամի մասին և ասել, որ այն «մեր հայրենիքը չէ», և, առհասարակ, անդրադարձել Արցախի սահմանների թեմային, նա շատ կարևոր ձևակերպումներով էր շարադրել իր խոսքը.

«Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և՝ մեր սահմանները անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում,– ասել էր նա և հավելել,- Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 1994 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է»:

Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է նման պատասխանի համարձակություն ունենալ, և ոչ թե թաքնվել ինչ-որ քարտեզների և Ալմա Աթայի հռչակագրի ետևում: Կամ՝ հրաժարվել միակողմանի զիջումների գնալուց, վերադարձնել 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական ռազմավարական բարձունքները և սահմանն անցկացնել այնտեղով, որն իրականում և ոչ թե՝ ըստ փաշինյանական տեսության՝ կապահովի ՀՀ անվտանգությունը: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է:

Փոխարենն այսօր, օրինակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի ֆեյսբուքյան էջով իրեն իրավունք է վերապահել երկարաշունչ գովք տեղադրել Նևիլ Չեմբեռլենին՝ «Չեմբեռլեն՝ որպես պարտությա՞ն, թե՞ հաղթանակի խորհրդանիշ» վերտառությամբ՝ հեղինակ Վան Սեբաստացի:

Իհարկե, Քոչարյանի դեպքում զարմանալի չէ, քանի որ, եթե 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի նյութերն Անդրանիկ Քոչարյանը դարձրել է իր անձնական սեփականությունը, սա ի՞նչ է, որ չանի: Իսկ գուցե հանձնաժողովի էջն աշխատեցնում է ոմն Վան Սեբաստացի՞ն, միևնույն է՝ պատասխանատվությունը նախագահինն է: Իսկ տարածած գրառման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Նևիլ Չեմբեռլենը համաշխարհային պատմության մեջ մնացել է որպես մեծ «ԼՈՒԶԵՐ», հանձնող, զիջող, կամազուրկ մարդ։ Ինչ արած, պատմությունն այդպիսին է և միշտ չէ, որ ամեն ինչ արդար է։ Ռոբին Հուդը հաստատ հերոս չէր, իսկ Լեոնիդասն էլ երեք հարյուր հոգով Քսերքսեսին չգամեց լեռներում։

1938թ. սեպտեմբերի 29-ին, Լոնդոնի օդանավակայանում, Մյունխենի համաձայնագրի փաստաթուղթը թափահարելուց հետո, Չեմբեռլենը Ուինսթոն Չերչիլի մեծ ջանքերի գնով դարձավ մեծագույն «Լուզերը»։ Չերչիլը անդադար խոսում էր Հիտլերի հետ պայքարելու մասին՝ այն ժամանակ, երբ Չեմբեռլենը թղթի կտոր էր թափահարում և խոսում խաղաղությունից։ Հասարակության տրամադրությունները միշտ կռիվ տվող, մինչև վերջ պայքարող, անզիջում կերպարների կողքին են։ Զիջելու մասին խոսողները, խաղաղության կոչ անողները, երբեք հասարակական մեծամասնության հմայքը չեն վայելում:

… Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել։ Ինչպիսի սխալներ է արել այդ մարդը, ում փոխարինելու էր գալու անզիջում, մինչև վերջ պայքարելու խորհրդանիշ դարձած Ուինսթոն Չերչիլը։ Կարող ենք ասել կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից»:

Այնուհետև շարունակվում է.

«1938թ. Մյունխենի համաձայնագրից առաջ Չեմբեռլենը իր կաբինետի և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հերթական խորհրդակցության ժամանակ հստակ հարց տվեց. որքա՞ն կդիմանա Բրիտանական զինուժը Վերմախտին։ Պատասխանատուների պատասխանը կարճ էր ու հստակ՝ Բրիտանիան դեռ պատրաստ չէ Գերմանիայի հետ պատերազմի։ Այս հարցն իրականում քննարկվում էր արդեն մեկ տարուց ավելի և բրիտանական կառույցների պատասխանը տխուր էր վարչապետի համար… Չեմբեռլենին չէր մնում ոչինչ, քան փորձել ամեն գնով ժամանակ շահել, այն բանի համար, որ իր իսկ ձեռքով արդեն ստորագրած ռազմական արդյունաբերության վերաթողարկումը հասնի անհրաժեշտ մակարդակի… Այսինքն՝ այն վարչապետը, ով պատմության մեջ մնալու է որպես «ԼՈՒԶԵՐ»՝ իր անձը, հեղինակությունը զոհելով Մեծ Բրիտանիայի ապագա հաղթանակի համար, դրել էր ապագա հաղթանակների նախադրյալները։ Ռազմական արդյունաբերության, նոր զինատեսակների ձեռքբերման, ստեղծման, ծավալման հրամանները ստորագրած անձը, գնում էր Մյունխեն՝ խաղասերի, զիջողի կռացած մարդու կերպար ընդունելու, որ իր հաշվին իր երկրի համար ժամանակ շահի»:

Այսինքն, ըստ հոդվածի հեղինակի տրամաբանության, «քաղաքականությունն ու ռազմավարությունը բացարձակ սառը հաշվարկ են»:

Չեմբեռլինի կերպարի մեջ հիմա շատ չենք խորանա, միայն նշենք, որ այս հոդվածի հեղինակը՝ լինի Անդրանիկ Քոչարյանը թե հենց Նիկոլ Փաշինյանը, որոշ հատվածներում էլ գուցե Արծրուն Հովհաննիսյանից մտքեր կան, կիսատ է ներկայացրել պատմությունը:

Այսինքն, ոչ միայն Չեմբեռլենի՝ խաղաղության դարաշրջան բացելու սպասումները չարդարացան, ձախողվեցին, այլև Հիտլերի երախը գցեց Չեխոսլովակիան (Чемберлен начал работать в режиме челночной дипломатии, и во время его встреч с Гитлером аппетиты фюрера в отношении Чехословакии увеличивались, когда речь заходила о конкретных территориях, подлежащих передаче в состав Третьего рейха. Гитлер сначала согласился на проведение референдума на тех территориях, где не было преобладания немецкого населения, но потом отказался и потребовал немедленного выселения оттуда всех чехов.):

Այն, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն ի սկզբանե դատապարտված է ձախողման, դա իրենք էլ են գիտակցում, և այն, որ Հայաստանը շարունակելու է տարածքներ կորցնել՝ առանց պատերազմից ապահովագրության, դա էլ է պարզից պարզ:

Եվ հիմա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն ի՞նչ է առաջարկում՝ պատերազմի և անպատվության միջև ընտրել անպատվությո՞ւնը, երբ չի բացառվում, որ նույնիսկ այդ դեպքում ստանալու ենք պատերազմ:

Ինչպես նշեցինք, պատմական մանրամասնությունների մեջ շատ չենք մտնի, փոխարենը կփորձենք հասկանալ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ֆեյսբուքյան էջով տարածվող հոդված-գրառման մեջ որոշակի տողատակերն ու մեսիջները: Եվ այսպես:

Առաջին, այս մտահղացման հեղինակը մի կողմից՝ փորձում է Փաշինյանի և Չեմբեռլենի միջև համեմատություններ անցկացնել, մյուս կողմից, ըստ էության, հաստատում է Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների բնութագրումներն առ այն, որ Փաշինյանի արածը զիջում է, որ Փաշինյանը բանակցություններին ներկայանում է կռացած, զիջողի կերպարով: Հետաքրքիր է՝ Փաշինյանը տեսե՞լ է այս հոդվածը:

Երկրորդ, Անդրանիկ Քոչարյանն անուղղակիորն հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի պատասխանատվությունը դնում է բանակի և ուժային կառույցների վրա (ինչպես գրել ենք), երբ նշում է՝ «1938թ. Մյունխենի համաձայնագրից առաջ Չեմբեռլենը իր կաբինետի և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հերթական խորհրդակցության ժամանակ հստակ հարց տվեց. որքա՞ն կդիմանա Բրիտանական զինուժը Վերմախտին, իսկ պատասխանատուների պատասխանը կարճ էր ու հստակ՝ Բրիտանիան դեռ պատրաստ չէ Գերմանիայի հետ պատերազմի»:

Երրորդ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 3-3.5 տարի ժամանակ կար, որը չի օգտագործվել, բայց Անդրանիկ Քոչարյանը կամ այս հոդվածի հեղինակը, կամ երկուսը միասին խոսում են ժամանակ շահելու մասին: Բայց հիմա մենք ուզո՞ւմ ենք պատերազմ, որ ժամանակ շահենք, Նիկոլ Փաշինյանը չի՞ ասել, որ էական չէ բանակին պատերազմին պատրաստելը, որովհետև գնում է խաղաղության: Իսկ գուցե պատրաստվո՞ւմ են պատերազմի առնվազն հրապարակավ և Ալիևին սադրելու համա՞ր՝ «Չեմբեռլենի ստեղծած հակաօդային պաշտպանությունը՝ առաջին ռադոլոկատորներով ու լավագույն կործանիչներով, փրկություն բերեց Բրիտանիային», բայց որի պատասխանատվությունից հետո «Չերչի՞լն» է դուրս գալու:

Ի դեպ, տպավորություն է, որ փորձում են նաև արդարանալ 44-օրյա պատերազմում կրած պարտության համար՝ նշելով, թե «տասը դիվիզիաները դեռ շատ քիչ էին և, ամենակարևորը, Վերմախտի մակարդակը չունեին», կամ ՝ «ավելի քան 300 միավոր կործանիչների ձեռքբերման պայմանագիրը դեռ նոր էր կնքված, և Սուպերմարին ընկերությունը չէր հասցրել գործարանները նորմալ կառուցել ու արտադրությունը սկսել»: Սա պատահաբար ուշ ձեռք բերված Սու-30-երի և նախկինների մեղքով կործանիչ ավիացիա չունենալու մասին չէ՞… Չորրորդ, Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցներում մշտապես քննադատում է բանակի գործերին խառնվող ռազմամարզական կազմակերպություններին: Հիմա, երբ այս գրառման մեջ նշվում է, թե «շատ քչերը գիտեն, որ հենց Չեմբեռլենի հրամանով էին սկսել ձևավորվել ազգային դիմադրողական շարժման (National Resistance) ջոկատների ձևավորումը եւ մարզումները, դրանք նախատեսված էին Բրիտանիայի տարածքում՝ գերմանական բանակի ներխուժմանը դիմադրելու համար», հիմա հեղինակն ի՞նչ է փորձում ասել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ ռազմամարզական հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցում են Ադրբեջանին հանձնվելիք տարածքների շուրջ պաշտպանական կառույցներ ստեղծելու գործին, վայելում են Փաշինյանի աջակցությունը, թե՞ փորձ է արվում հասկացնել, որ Ադրբեջանի կանոնավոր բանակի դեմ Փաշինյանը փորձում է առնել ջոկատների մակարդակով կամ ջոկատային տրամաբանությամբ:

Հինգերորդ, «Չեմբեռլեն՝ որպես պարտությա՞ն, թե՞ հաղթանակի խորհրդանիշ» վերտառությամբ Փաշինյանին անհաջող կերպով արդարացնող այս գրառման մեջ խոսվում է, թե «քաղաքականությունն ու ռազմավարությունը բացարձակ սառը հաշվարկ են», և այդ հաշվարկների մեջ է մտնում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի օգնությամբ ուժ հավաքելը՝ «այդ պահից սկսած դեռ մեկ, մեկուկես տարի ժամանակ անցավ՝ մինչև Բրիտանիան անհրաժեշտ ուժեր կուտակեց և սկսեց կռվել, այն էլ միայն ԱՄՆի օգնությամբ, այսինքն՝ կարևոր չէ, թե ամբիոններից ինչ կգոռան, ինչքան ռազմատենչ ու փրկիչ կխաղան, քաղաքականությունն ու ռազմավարությունը բացարձակ սառը հաշվարկ են»:

Հետաքրքիր է՝ 2020 թվականի պատերազմի 4-րդ օրն ինչո՞ւ է սառը հաշվարկի կողմնակից իշխանությունը մերժել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկի հիման վրա արված առաջարկը՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»: Իսկ գուցե մինչև վերջ կռվելու կողմնակի՞ց էին, ուրեմն՝ ստացվում է, որ սխալվել են իրենց հաշվարկներում, եթե, իհարկե, հաշվարկը հաղթանակն էր:

Ի դեպ, ոմն Վան Սեբաստացին ժամանակ առ ժամանակ պատմական և ռազմագիտական հոդվածներով հանդես եկել է: Օրինակ, երբ 2018 հուլիսին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել էր բանակի զարգացման իր տեսլականը, Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը ստանձնած այս հոդվածագիրը Սուն Ցզիի ոճով քարոզում էր, որ «պաշտպանությամբ կարող ես չպարտվել, սակայն հաղթել կարող ես հարձակմամբ միայն»:

«Միայն պաշտպանությամբ գրեթե անհնար է հաղթել, հետևաբար` միայն պաշտպանվելով` դու կարող ես սպառել առանց այն էլ եղած միջոցները: Այստեղ ամենակարևոր խնդիրը նույն ժամանակն է, որի մասին վերը նշվեց:

Խնդիրը այն է, որ եթե կարող ես հասցնել պատրաստվել հարձակման, ավելի լավ է գնալ անգամ հանդիպակաց մարտի, սակայն հակառակորդի հարձակումից առաջ անցնել հարձակման, դրանով`

-հակառակորդին անակնկալի բերել

-նախաձեռնությունը քո ձեռքը վերցնել

-միջոցները նպատակային օգտագործել

ճակատամարտով ավարտել պատերազմաշրջանի կամ պատերազմի ելքը»,- 2018-ին գրել էր Վան Սեբաստացի անվան տակ թաքնված անձը:

Հետաքրքիր է՝ հիմա՞ էլ է այս հոդվածն ուժի մեջ, չէ՞ որ այն ժամանակ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել էինք «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով, իսկ հիմա Փաշինյանը սահմանել է բանակի լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ, ինչը ենթադրում է՝ չհարձակվել, չունենալ տարածքներ նվաճելու ցանկություն:

Հիմա այսօրվա գրառմամբ Անդրանիկ Քոչարյանն ու Վան Սեբաստացին Նիկոլ Փաշինյանին «համաներում» են տալիս և ճանապարհո՞ւմ, թե՞ արջի ծառայություն են մատուցում…

Տեսանյութեր

Լրահոս