ՊՆ-ին թիրախավորելու Փաշինյանի «պանդորայի արկղը», կամ՝ լռություն՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի «ռեպուտացիայի»
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, «թիրախավորել» էր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու նախարար Սուրեն Պապիկյանին: Օրակարգում այս առումով երկու հարց էր, երկուսին էլ 168.am-ն անդրադարձել էր:
Դրվագ առաջին. «Գեներալական դասասենյակ» և Փաշինյանի «պանդորայի արկղը»
Նոյեմբերի 23-ին 168.am-ը գրել է, որ այդ օրն ուշագրավ տեղեկություն է տարածվել համացանցում և շատ արագ ֆեյսբուքյան հնարավոր էջերից հեռացվել, ինչը չէր վրիպել մեր ուշադրությունից: Իսկ տեղեկությունը հետևյալի մասին էր. «Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասարանն այսուհետ կրելու է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունը»։
Ընդ որում, գեներալ Գրիգորյանն անձամբ ներկա էր եղել Վահրամաբերդի դպրոցի հայրենագիտության նոր դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը, և անձամբ էլ բացել էր իր անունը կրող դասասենյակը:
Այս հույժ կարևոր միջոցառմանը մասնակցել էր նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
«Հայրենիքի նկատմամբ սերն ու անդավաճան նվիրվածությունն առաջնային պետք է լինի բոլորիս համար, մենք պետք է անենք հնարավորը` մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, հող հայրենիի հանդեպ նվիրում սերմանելու համար։ Այս դասասենյակի բացումն ինքնին այդ քայլերից մեկն է, քանզի մեր դպրոցականներն ավելին կիմանան իրենց հայրենասեր հայրենակցի, կենդանի հերոսի մասին, ում կարող են ընդօրինակել, ումից կարող են սովորել ու գնալ նրա ճանապարհով»,– նշել էր Շիրակի մարզպետը` միջոցառմանը ներկա Սմբատ Գրիգորյանին մաղթելով նոր ձեռքբերումներ, խաղաղ երկրում աշխատելու և հայկական բանակը զարգացնելու հնարավորություն։
Իսկ պաշտոնյա գեներալը, առանց ավելորդ համեստության, շնորհակալություն էր հայտնել մաղթանքների ու նման նախաձեռնության համար` ընդգծելով, որ նման վերաբերմունքն առավել պարտավորեցնում է:
Նշենք, որ գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանն այժմ զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնը, մինչ այդ եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
Եվ այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպե խոսել է այս դեպքի մասին:
«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակ է անվանակոչվել ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով, սա չի կարևոր, չնայած նաև կարևոր հանգամանք է: Անկեղծ ասած, այդ վերնագիրը շատ տարօրինակ թվաց, ընդ որում, Շիրակի մարզպետի մասնակցությամբ է այդ արարողությունը տեղի ունենում:
Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից պաշտպանության նախարարն ընդհանրապես տեղյակի չի, ԳՇ պետն ընդհանրապես տեղյակ չի, պրոցեսը տեղի է ունենում դպրոցում՝ ԿԳՄՍՆ-ն ընդհանրապես տեղյակ չի, տեղի է ունենում մարզպետի մասնակցությամբ՝ ՏԿԵ նախարարը ընդհանրապես տեղյակ չի: Եվ սա տեղի է ունենում մի պայմանում, երբ այս դահլիճում տասնյակ անգամներ խոսվել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի՝ բովանդակություն ստանա միայն Կառավարության սահմանած ստանդարտների համաձայն»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է դե յուրե միջոցներով չեղարկել այդ որոշումը:
«Մենք հասկանում ենք, չէ՞, թե ինչ «պանդորայի արկղ» ենք բացում: Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ, և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակն ում անունով անվանակոչվի, այն պայմաններում, երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել, ԿԳՄՍՆ-ն չի գնացել այն կանխավարկածով, որ պիտի գրի՝ դա վերաբերում է նաև դասասենյակին, սպորտդահլիճին, ճաշարանին:
Սա անընդունելի մոտեցում է, և որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի: Ես խիստ դիտողություն եմ անում և՛ Շիրակի մարզպետին, և՛ ԳՇ անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: Էլի եմ ասում՝ կա պետություն, և կա ապապետություն, և թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանության մեջ գործողություններ անի. հետևանքները կլինեն համապատասխան»,- շարունակել է Փաշինյանը։
Այն, որ ԳՇ պաշտոնյայի արածն այսօրվա պայմաններում, երբ երկիր ենք կորցնում, մեղմ ասած, անհասկանալի է և աբսուրդային, մենք վերոհիշատակված մեր նյութում անդրադարձել ենք, բայց կառավարության նիստում կատարվածն ու Փաշինյանի ձևակերպումները մի շարք հարցեր առաջացրին:
Առաջին, արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարը պետք է թույլ տար, որ իր գեներալին հրապարակավ նկատողություն անեն, ինչն իր հերթին՝ հանգեցնելու է նմանօրինակ այլ դեպքերի: Մյուս կողմից, սա նաև Սուրեն Պապիկյանի դեմ է, որն անտեղյակ է եղել նման միջոցառման մասին: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հարմար քաղաքական պահի նույն կերպ արդեն շատ ուղիղ հենց Սուրեն Պապիկյանի նկատմամբ է նման պահվածքը դրսևորելու, եթե չասենք, որ այսօր անուղղակի կերպով պաշտպանության նախարարը Փաշինյանի թիրախում էր՝ հայտնի և գուցե անհայտ պատճառներով:
Երկրորդ, հարց է առաջանում՝ Շիրակի մարզպետի և գեներալի կողմից իրենց վերադասներին չտեղեկացնե՞լն է վրդովեցրել Նիկոլ Փաշինյանին, գեներալի անունով դասասենյակ բացե՞լը, այդ դասասենյակի հայագիտության լինե՞լը, թե՞ որ սա գեներալներին և բանակին հարգելու նոր ալիք կբարձրացնի, ինչը քիչ հավանական է, քանի որ 44-օրյա պատերազմից հետո հասարակության վերաբերմունքը փոխվել է բանակի և գեներալիտետի հանդեպ, չկա նախկին վստահությունն ու հարգանքը:
Երրորդ, Նիկոլ Փաշինյանը գեներալի անունով դասասենյակ անվանակոչելը համարեց ապապետական քայլ, արդյոք սա լուրջ կամ կոշտ գնահատական չէ՞: Գուցե սա դիտարկեց բանակը չսրբագործելու իր գաղափարախոսության դեմ քա՞յլ։
Բնականաբար, դասասենյակի անվանակոչման այս թեման աբսուրդային է և «ողբերգություն», բայց ոչ ապապետական: Այլ հարց է, որ սա առիթ կհանդիսանա իրականում ապապետական որոշումների համար և թույլ չի տրվի հերոսների անուններով ուսումնական հաստատությունների դասասենյակներ, դասարաններ և լսարաններ անվանակոչել, ինչը մինչ այս արվել է, եթե անգամ, ինչպես Փաշինյանն է ասում, համապատասխան կարգում դասասենյակների մասին բան չկա գրված:
Իսկ ի՞նչ է սահմանում պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը։
Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել․
– ֆիզիկական անձանց անունով կամ ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) անվանմամբ, եթե այդ անձինք կամ կազմակերպությունները նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնանորոգման, վերակառուցման գործում: Սույն կետի իմաստով նշանակալից ներդրում է համարվում այդ ուսումնական հաստատությունների հիմնանորոգման կամ վերակառուցման ծախսերի (ներառյալ դրամ, գույք կամ սարք, սարքավորումներ) առնվազն 2/3-ը ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջոցների հաշվին իրականացնելը կամ այդ նպատակով օրենքով սահմանված կարգով կնքված գործարքի հիման վրա նվիրաբերություն կատարելը,
– ուսումնական հաստատության շրջանավարտների անունով՝ ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների համար,
– պետության համար ավանդ ունեցող պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով,
– նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:
Այնուհետև նշվում է, որ սույն կարգին համապատասխան անվանակոչություն չի կարող իրականացվել՝
– հանրային շահերի համար ռիսկեր ստեղծող գործունեություն իրականացրած կամ դրա մեջ ընդգրկված ֆիզիկական անձանց անվամբ կամ կազմակերպությունների անվանումով,
– հանցագործությունների համար դատապարտված անձանց անվամբ, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Ըստ սահմանված կարգի՝ անվանակոչված ուսումնական հաստատության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն բացառիկ դեպքերում ուսումնական հաստատությունների անվանակոչումը կամ անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում, եթե անվանակոչման ներկայացված են պետական բարձրագույն պարգև ստացած և միջպետական համաձայնագրերով ամրագրված գործիչների անուններ:
Հիմա, ինչպես արդեն նշեցինք, դասասենյակների անվանակոչման դեպքեր եղել են, ի՞նչ է՝ դրանք կարգի խախտումո՞վ են եղել: Բացի այդ, գեներալի անունով դասասենյակի անվանակոչման փաստը ծանր տարած Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է իր արձանի մասին, որը տեղադրվել էր Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին, որից հետո մամուլը գրեց, որ նման արձան կա նաև Իջևանում: Սրանում Փաշինյանը խնդիր չի՞ տեսնում, թե այստեղ ինքը «հեղափոխության» սիմվոլն է, անձնապաշտություն չկա: Իսկ կարո՞ղ է ասել՝ ՀՀ հաղթած ղեկավարներից ում արձանն են տեղադրել մինչև իր արձանի տեղադրումը:
Ի դեպ, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի անտեղյակությունից խոսող Նիկոլ Փաշինյանը, պարզվեց, չգիտի, որ գեներալ Սմբատ Գրիգորյանը 2024 թվականի մայիսի 13-ից Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետն է, և ոչ թե ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետը, որից ազատվել է 2024 թվականի մայիսի 13-ին:
Մյուս կողմից, սա, բնավ, զարմանալի չէ մի ղեկավարի դեպքում, ով հայտարարել էր, որ պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ ունենք սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր:
Եվ ոչինչ, որ 2020-ի հոկտեմբերի 5-ին իր մարտակոչի ժամանակ ՀՀ քաղաքացիներից զրահաբաճկոն ու սաղավարտ էր «մուրում», բայց հոկտեմբերի 26-ին, երբ կինը որոշել էր ջոկատ կազմել և պատրաստվել «մարտական առաջադրանքի», լրիվ նոր համազգեստ, սաղավարտ, զրահաբաճկոն էր կրում Աննա Հակոբյանը և իր «էռատոները», որոնք Արցախ այդպես էլ չմեկնեցին:
Օրենքից և կարգից խոսող Նիկոլ Փաշինյանը, ով ԶՈՒ զարգացման պլանը հաստատում է առանց կարդալու և հասկանալու, ինչո՞ւ չէր հարգում այն ղեկավար փաստաթղթերը, որոնց համաձայն՝ իր կինը հրամատարական կետ մուտք գործելու իրավունք չուներ, այլ «հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց են միայն մուտք գործելու համար տրվում մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»: Այս շարքը կարելի է շարունակել, բայց անցնենք երկրորդ դրվագին:
Դրվագ երկրորդ. Փաշինյանը Սուրեն Պապիկյանին «մեղադրել է» բանակի «ռեպուտացիան» վնասելու մեջ
Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել էր բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որի նախօրեին հայտնի էր դարձել, որ հայ ուժեղագույն ըմբիշները չեն մասնակցելու:
Խոսքը ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշներ Մալխաս Ամոյանի, Արսեն Հարությունյանի, Վազգեն Թևանյանի, Արման Անդրեասյանի, Մանվել Խնձրցյանի, Վիգեն Նազարյանի, Գևորգ Թադևոսյանի, Կնյազ Իբոյանի մասին է:
Այս փաստը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր դարձել, որ ուժեղագույնները դիտմամբ փոխարինվում են թույլ ըմբիշներով՝ լավ իմանալով, որ Թուրքիան ուժեղ և չեմպիոն ըմբիշներով է մասնակցելու:
168.am-ն անդրադարձել էր ստեղծված իրավիճակին և փաստեր էր ներկայացրել, որոնք հրավիրված ասուլիսի ժամանակ չէր գաղտնազերծել ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը, ով, թերևս, այս պատմության հիմնական մեղավորն է:
Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը 2024 թվականի հունիսին խմբագրվել է, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող զորակոչվել զինված ուժեր ակտիվ ծառայության CISM մրցումներին մասնակցելու նպատակով:
Ավելին, ընդհատվող զինվորական ծառայության պարագայում կրկնակի զորակոչվող ատլետները ոչ մի պարագայում չեն կարող մասնակցել մրցումներին, եթե վերջին զորակոչի ավարտի և այս զորակոչի միջև տևողությունը 18 ամսից անցել է, բացառությամբ՝ 7.23 կետի դրույթների:
Իսկ բանակայինների աշխարհի առաջնությունից դուրս թողնված հայ ուժեղագույն ըմբիշները զորակոչվել են, ըստ էության, վերը նշված կանոնադրության խմբագրումից հետո՝ օգոստոսին, զորակոչի վերջին օրը:
«Զինուժի» տեսանյութից տեղեկացանք, որ այդ ժամանակ 10 ըմբիշ է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, այդ թվում՝ վերոնշյալ ուժեղագույնները՝ համալրելով մարզական վաշտը:
Տեսանյութում այդ նույն ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը նշում է.
«2024 թվականի նոյեմբերի 18-24-ը Հայաստանը հյուրընկալելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այս պարագայում մեր զինծառայողները, արդեն նորակոչիկները կկարողանան բարձր պահել մեր դրոշը ՀՀ-ում անցկացվող առաջնությանը»:
ԳՇ պաշտոնյան փաստորեն տեղյակ չի եղել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության մեջ հունիսին արված փոփոխության կամ խմբագրման մասին, և մեր ուժեղագույն ըմբիշներին, ըստ էության, զրկել է օգտվել տարկետման իրավունքից, որից օգտվել են նախկինում:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հաստատել է մեր պնդումները, բայց կա մի բայց, որին ավելի ուշ կանդրադառնանք:
«Այդ մարզիկների հիմնական խնդիրն Ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն է եղել: Անկեղծ ասած, ես այստեղ դիսոնանս տեսա, որովհետև ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա Հայաստանի Հանրապետության բանակի և այս առաջնության նկատմամբ: Եվ մենք քննարկելով եկանք այն եզրակացության, որ սա նաև պետության ռեպուտացիայի հարց է, որովհետև, ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարող է հայտնվել սխալ իրավիճակում: Սա առաջնություն է ոչ թե մարզիկների, ովքեր բանակ են գնում մրցման մասնակցելու համար, այլ սա առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում և բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում,- ասել է Փաշինյանը և հավելել,-
Մեր քաղաքական ընդհանուր մոտեցումն այն էր, որ մեր հավաքականը ճշգրիտ պետք է համապատասխանի միջազգային այս կազմակերպության կանոնադրությանը՝ և՛ տառին, և՛ ոգուն համապատասխանող տրամաբանությանը: Եվ այս մոտեցումը ձևավորվում էր առաջին հերթին մեր պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ բանակի նկատմամբ մեր վերաբերմունքից»:
Հարց է առաջանում՝ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը պարզել, որ այն, ինչի մասին խոսում է, ինչի մասին 168.am–ն ավելի փաստարկված գրել է:
Եվ երկրորդ, Հայաստանի Հանրապետության և բանակի վարկանիշի մասին մտածող Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ այդ օրերին այս պարզաբանումը չտվեցին, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ զինված ուժերը և նրա ղեկավարությունը չթիրախավորվեն: Այսինքն, ինչո՞ւ էր լուռ հետևում, թե ինչպես է հանրությունն իր թիմակից պաշտպանության նախարարին թիրախավորում, հանուն Թուրքիայի հաղթանակի՝ ուժեղագույն հայ ըմբիշներին առաջնությունից դուրս թողնելու մեջ մեղադրում:
Եվ այսօր էլ, ըստ էության, չկոնկրետացնելով ասելիքը, նա մեղադրանքի սլաքն անուղղակի ուղղեց, ըստ էության, Սուրեն Պապիկյանին, և ինքն իրեն ներկայացրեց իբրև բանակի «ռեպուտացիայի» մասին մտածող՝ լինելով երկրի, պետության և բանակի հեղինակությանը գլխավոր վնաս հասցնողը:
168.am-ը գրել էր, որ ըմբշամարտի բանակայինների առաջնության վերջնարդյունքում Թուրքիայի հավաքականը զիջել է ՀՀ ԶՈւ թիմին, իսկ Փաշինյանն անտեսել է ՀՀ ԶՈՒ համար կարևոր օրերը: