Արծրուն Հովհաննիսյանը գեներացնում է Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի թեզերը
Մարտի 14-ին հրավիրված ասուլիսում Փաշինյանը պատերազմի պարտության նոր թիրախ մատնանշեց՝ բանակում գործել է 5-րդ շարասյուն:
«Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել,- շարունակել էր նա և հավելել,- Այսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով։ Օրինակ՝ հողեր հանձնելու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, մեզ մոտ բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործում, և երբ դատարանը որոշեց կալանավորել այդ գործով, զարմանալի բան տեղի ունեցավ ինձ համար։ Ամենատարբեր մարդիկ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից դատաիրավական համակարգին այլ ձևերով միջնորդություններ են ներկայացնում, որ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն։ Իմ ռեակցիան այդ ամեն ինչին հետևյալն է․ ժողովուրդ ջան, դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ է արել, ի՞նչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ո՞նց է ընկել, ո՞վ է տվել Շուշին։ Բա հիմա ինչո՞ւ եք բոլորդ, որ 2020-2021 թվականներին այդ նույն սրերն էիք ճոճում, հիմա ուզում եք այդ գործերը փակվեն, չգնան առաջ, ազատվեն մարդիկ։ Ինչի՞ համար։ Որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց, էս հանձնե՞ց, էն հանձնե՞ց: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ամեն ինչի խորքային նպատակն իրականում դա է եղել։ Եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, դեռ ոչինչ, բայց դա պետության և պետականության դեմ է, Հայաստանի անկախության դեմ է այդ ամեն ինչը»:
Փաշինյանի այս հայտարարությունից հետո 5-րդ շարասյան գոյության մասին պնդումն ակտիվորեն տիրաժավորեցին իշխանական շրջանակները՝ սլաքն ուղղելով բանակին և ընդդիմությանը, իշխանամերձ փորձագետներն էլ դրա առկայությունը հաստատեցին իշխանությունների առաջ քաշած տրամաբանության համատեքստում, իսկ ուժային կառույցներից որևէ արձագանք, բնական է՝ չեղավ:
Իր հերթին՝ ընդդիմությունը 5-րդ շարասյուն հռչակեց Փաշինյանին: Եվ որքան էլ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին մեղադրի 5-րդ շարասյան և դասալքության թեմաների շրջանառման մեջ, պետք է ընդունի՝ լրատվամիջոցներն այդ մասին խոսում են, ըստ էության, իշխանությունների կողմից դրանց վերաբերյալ հերթական հայտարարությունից հետո:
Մասնավորապես, ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ մեղադրանքներ էր հնչեցրել գեներալների հասցեին, առանց անունը տալու, նա այս անգամ ևս հիշել էր ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, սակայն նրան առաջադրված մեղադրանքի այլ դրվագի՝ «Արեգա» բարձունքի կորստի համատեքստում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ արդյո՞ք 5-րդ շարասյան վերաբերյալ նրա արած հայտարարությունը փաստերի վրա էր հիմնված: Փաշինյանն ավելի հեռուն էր գնացել և ակնարկել, թե Արզումանյանը կարող է գործակալ լինել:
«Ես, օրինակ՝ էնքան մտածում եմ ինքս իմ մեջ, ես սա չեմ պնդում, անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնեմ: Այսինքն՝ կամ ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չե՛մ տվել, ուրեմն՝ ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»,- Ազգային ժողովում հայտարարել էր Փաշինյանը:
168.am-ն անդրադարձել էր ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին Փաշինյանի կողմից անուղղակի հիշելուն և նրան ուղղված մեղադրանքներին: Օրինակ, մենք հարցադրում էինք արել՝ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար և ՀՀ ղեկավար, իմացել «Արեգա» բարձունքի շուրջ կատարված գործողությունների մասին, որոնք սկսել են պատերազմի երկրորդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին, և տևել մինչև հոկտեմբերի 5-ը:
«Եթե ուշ է իմացել, նշանակում է՝ Փաշինյանը ձախողվել է՝ որպես գերագույն հրամանատար, մյուս կողմից, հարց է՝ որքա՞ն ուշ, որովհետև եթե այս մասին իմացել է այն ժամանակ, երբ դեռ ՊԲ հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր, ապա ինչպե՞ս է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ՊԲ հրամանատարի պաշտոնում Ջալալ Հարությունյանին փոխարինող ընտրել հենց Միքայել Արզումանյանին, եթե, ինչպես ինքն է ակնարկում՝ «շարքային գործակալ» է, կամ «պետական դավաճանությանը» համազոր արարք է գործած եղել: Արդյո՞ք այս առումով ևս պատասխանատվությունը հենց Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի դաշտում չէ՞»,- գրել էինք մենք մեր հոդվածում:
Նմանատիպ հարց բարձրացրել էինք նաև Ջալալ Հարությունյանի վերաբերյալ: Ավելի վաղ գրել էինք իշխանափոխությունից հետո Փաշինյանի՝ դավաճանների փնտրտուքի մասին՝ մինչև պատերազմում պարտություն բերած «5-րդ շարասյան» բացահայտում:
Ի դեպ, վերևում մեր հիշատակած հարցադրումներին լավ կլինի, որ պատասխանի նաև Փաշինյանի թեզերը լեգիտիմացնող Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը և Փաշինյանի թեզերը
«Առավոտին» տված հարցազրույցում նա պնդել է՝ 5-րդ շարասյուն եղել է և կա, ավելին՝ պետությունում է այն գործել:
«Այո, եղել է 5-րդ շարասյուն, ցավոք սրտի, մինչև հիմա էլ կա: Վարչապետը տիրապետում է քրեական գործերի վարույթներին, ես չեմ կարող ասել՝ քանի հոգի, ինչ, ես բարձրաստիճան զինվորական չեմ ճանաչում, որ այդպիսի բան է արել: Բայց տարբեր տեղեկություններ կան, ես օրինակ գիտեմ՝ միջին օղակի սպաներից որոշակի դեպքեր, այդ թեմաներին առնչվել եմ քրեական գործերով, ես որպես վկա հարցաքննվելով, այդ գործերի հետ առնչություն ունեցել եմ: Բայց մանրամասների չեմ տիրապետում՝ ովքեր են և այլն: Եթե խոսքը գնում է գլոբալ 5-րդ շարասյան երևույթի մասին, ապա այդ մասին ասել եմ և նորից կրկնում եմ՝ այո՛, մեր երկրում եղել է և կա 5-րդ շարասյուն: 5-րդ շարասյունը ՀՀ պետականության թշնամին է, որոնք միգուցե անմեղ հավատք ունեն, որ այս պետությունը գոյության իրավունք չունի, միայնակ չի կարող լինել, պետք է անպայման լինի ինչ-որ մեկի ճորտական կազմում: Իրենք 5-րդ շարասյուն չե՞ն: Այն մարդիկ, որոնք մինչև հիմա հայերեն չեն խոսում, 5-րդ շարասյուն չե՞ն, կամ նրանք, որ տարածում էին, թե այս պատերազմն ի սկզբանե ծախված է, վճռված է, որոշված է, ինչի եք արյուն թափում, կռվում և այլն: Սա ռեալ եղել է, ես լսել եմ ծնողի, ես նման փաստ գիտեմ, հայտնել եմ դրա մասին: Ծնողը երեխա է կորցրել սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին կամավոր ճակատ է մեկնել և մի քանի օր հետո անձամբ բախվել է նման երևույթի: Ես այդ մեկը-երկուսը գիտեմ, հազարավոր գործերը, քրեական վարույթները, որ կան, ես տեղյակ չեմ բոլորից, բնականաբար, երկրի ղեկավարն առավել մանրամասն գիտի այդ ամեն ինչը, ես այդքան չեմ տիրապետում: Բայց ես վստահ եմ, որ եղել են: Սենսացիա է ստացվելու, բայց ասեմ՝ 2014-2015 թվականներին ՊՆ-ում փորձեցի ներքին մի աղմուկ բարձրացնել, որ մենք մեծ քանակ ունենք սպաների, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, և այլ պետությունից թոշակ են ստանում, այո, Ռուսաստան: Բայց հետո հասկացա՝ ես էս ինչի դեմ եմ փորձում պայքարել, կճզմեն, որովհետև այդ մարդիկ շատ բարձր ստատուս ունեին, և քանակապես շատ էին: Դա նորմա՞լ է: Նորմա՞լ է, որ եթե նախկին Խորհրդային Միությունում որպես սպա են ծառայել, նորմա՞լ է, որ միաժամանակ այնտեղ քաղաքացի լինեն, այնտեղից թոշակ ստանան, և նաև ծառայեն ՀՀ-ին»,- հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը, ով հնարավոր է՝ նկատի է ունեցել նաև ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, ում մասին իշխանական շրջանակներից ժամանակ առ ժամանակ հիշում են:
Ի դեպ, լրագրողի հարցին՝ աշխատո՞ւմ էին նրանց համար, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է, որ եթե մարդ այլ պետությանը երդում է տվել ժամանակին, շարունակում է մնալ տվյալ պետությանը երդում տված մարդ, եթե անգամ, ըստ էության, ի պաշտոնե ծառայում է ՀՀ-ին:
«Ես ոչ մի բան նկատի չունեմ, ինֆորմացիա տվեցի ձեզ, հետևությունը թողնում եմ ձեզ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
Հետաքրքիր է՝ ինչ կարծիք ունի նա այն մասին, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը դրսում ապրածների, այլ երկրի քաղաքացիություն ունեցողների պաշտոններ տվեց, որքանո՞վ նրանք աշխատեցին ի շահ Հայաստանի Հանրապետության, դա դեռ հարց է: Մինչդեռ փաստ է՝ առաջին պատերազմի ժամանակ Ռուսաստանից եկած հայ գեներալներն իրենց ավանդն ունեցան այդ հաղթանակում և բանակի կազմավորման գործում: Գուցե ՀՀ զինված ուժերում բարձր պաշտոն զբաղեցնողը չպետք է ունենա այլ երկրի քաղաքացիություն, մյուս կողմից, այլ երկրի քաղաքացիություն չունենալը երաշխիք չէ 5-րդ շարասյուն չլինելու, և հակառակը: Երկրորդ՝ եթե ՀՀ զինված ուժերում ՀՀ-ի շահերին վնասող կամ սխալ բարքեր են եղել, ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը շարունակել մնալ ՊՆ-ում, քանի որ առաջին դեպքը չէ, որ մասնավոր նման դեպքերի մասին հետադարձ սկսել է հրապարակավ խոսել: Իսկ թե ի՞նչ գործերով է Արծրուն Հովհաննիսյանը հարցաքննվել, հայտնի չէ, բայց նա պատերազմի ժամանակ՝ 2020 հոկտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում ՊԲ հրամանատարներից մեկի հետ լուսանկար էր տեղադրել, պատերազմից հետո այդ նույն հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։
2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասվում էր ՔԿ հաղորդագրության մեջ:
Ներկա պահին գնդապետը ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներից մեկում: Այս թեմային դեռ կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:
Արծրուն Հովհաննիսյանը հավանական է համարում Աննա Հակոբյանի նշած դասալիքների թիվը՝ 11.000
«Ես, ճիշտն ասած, թիվ չգիտեմ, բայց գիտեմ, որ ռազմական ոստիկանությունը հաշվառում կատարել է և ունի թիվ: Շատ հավանական թիվ է, որովհետև ԳՇ հաշվետվություններում 44-օրյայի ընթացքում 70-80.000 պահեստազորի թիվ կա, իսկ հաշվի առնելով, որ մեզ մոտ հիմնական դասալքությունը եղել է պահեստազորում, ոչ թե զինված ուժերում, դա հավանական է: Զինված ուժերում շատ փոքր թիվ է եղել, սկզբից չի էլ եղել դասալքություն, որոշակի դեպքեր սկսել են պատերազմի վերջին 10 օրերի ընթացքում, կանոնավոր զորքի մասին ենք խոսում: Իսկ 70.000 պահեստազորից շատ հավանական թիվ է՝ 11.000»,- «Առավոտի» եթերում ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Տավուշի մարզում Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում:
Ի դեպ, ավելի ուշ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ակնարկել էր, որ Աննա Հակոբյանի՝ դասալիքների մասին հնչեցրած թիվը՝ 11.000, «գուցե մի քիչ շատ է», և, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դրա հետ կապված իր պարզաբանումը կստանա:
«Երբ որ հաստատվի՝ 11.000 է, թե 12.000, այն ժամանակ ես ձեզ հստակ կասեմ՝ քանի քրեական գործ է հարուցվել և ուր են հասել այդ քրեական գործերը»,- ասել էր Քոչարյանը՝ շեշտելով, որ պատրաստված աշխարհազոր չենք ունեցել, այսինքն՝ մարդիկ չպատրաստված գնացել են պատերազմ, ինչը հանգեցրել է «խառնաշփոթի և պանիկայի»:
168.am-ը դասալիքների հետ կապված հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու՝ 44-օրյա պատերազմի ընթացքում իրականում ունեցե՞լ ենք 11.000 դասալիք, և սպասում ենք պատասխանին, որը ստանալուն պես այն կհրապարակենք:
Իսկ մինչ այդ իշխանությունները և Արծրուն Հովհաննիսյանը միգուցե պատասխանեն՝ ինչպե՞ս է 2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020–ին հայտնվել պատերազմի դաշտում և կատարել նույն հակապետական գործողությունը: Նշենք, որ մեր այս հարցադրումը ԱԱԾ-ն շրջանցել է, գործը հիմա դատարանում է:
Իսկ մեր մեկ այլ հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ից հայտնել էին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ԱԱԾ-ում պետական դավաճանության դեպքով հարուցվել է 1 քրեական գործ, այն էլ՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստով:
Արծրուն Հովհաննիսյանը հակադրվում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Նույն հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր, վիրավորվել էր նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը:
«Երբ որ խրամատ ես փորում՝ և՛ դու, և՛ ինքը, նոր իրավիճակ է, նոր բնագիծ ես փորում, իսկ տեղեր կան, որտեղ ձմեռը չես կարող ոչինչ անել, պիտի գարունը բացվի, եղանակները տաքանան, նոր ինչ-որ գործ անես, այդ դեպքում և՛ քո, և՛ իրենց շարժերը նկատելի են, և չի կրակում ոչ մեկը, որովհետև եթե դու կրակեցիր, ինքն էլ քո շարժերի վրա կկրակի: Մինչև ինչ-որ իքս աստիճանի խրամատավորում չեն կրակում իրար վրա, և այդ պարագայում ավտոյով մոտենալ ինչ-որ դիրքի, մանավանդ, երբ որոշակի տեղերում բանակցություն է վարվում լոկալ ինչ-որ բաների շուրջ, այս պարագայում որևէ աննորմալ բան չկա, որ ավտոյով նրանք մոտեցան: Ես այստեղ մեծ արտառոց բան չեմ տեսնում, դժբախտաբար, այդ պահին ինչ-ինչ պատճառներով տեղում է եղել կորպուսի հրամանատարը, նորմալ է, որ ի պաշտոնե գնում է առաջնագիծ, եթե մանավանդ նոր դրված դիրք է, նոր ինժեներական կահավորում անցնող դիրք է: Հաճախ չի լինում կորպուսի հրամանատարը առաջնագծում, օպերատիվ օղակի ղեկավարը հաճախ լինում է շտաբում, բայց նորմալ է, որ մեկ-մեկ լինի առաջնագծում: Տեղի ունեցավ սովորական սադրանք, ես սրա մեջ ինչ-որ արտառոց, աշխարհաքաղաքական, ցնցումային բան չեմ տեսնում: Միջադեպ է, որը զորքերում լինում է, քանի դեռ մենք ունենք այս իրավիճակը Ադրբեջանի հետ տարբեր տեղերում: Լինելու են սադրանքներ, և տարբեր աստիճանի՝ կրակոցներ, դիվերսիաներ, երբեմն այդ կրակոցները կարող են վերածվեն հրետանային փոքր միջոցների….»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամեն ինչ հնարավոր չէ կանխատեսել և պատրաստվել, եթե հատկապես դիմացինդ ավելի հարուստ և ուժեղ կողմ է, որը քո մեկ տրակտորի փոխարեն կարող է կիրառել 3-ը, 10-ը զինվորի փոխարեն՝ 100-ը:
«Չես կարող ամեն ինչ կանխատեսել, պատերազմում հնարավոր չի ամեն ինչ կանխատեսել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ջերմուկի, Սև լճի հատվածում, եթե բանակը դիմադրություն ցույց չտար, ադրբեջանական զինուժի՝ 1 կմ-ի չափով առաջխաղացումը ՀՀ տարածքում կարող էր 3-4 կմ լինել:
Նշենք, որ 2021-2022 թվականներին պաշտոնական տվյալներով Ադրբեջանը օկուպացրել է 150 քկմ տարածք՝ Տեղ գյուղի հատվածում վերջին դեպքը չհաշված:
Ինչ վերաբերում է ադրբեջանական վերջին սադրանքին, ապա, ի տարբերություն Արծրուն Հովհաննիսյանի՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պլանավորված աշխարհաքաղաքական բան տեսնում է դրանում: Մասնավորապես, «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նա ասել էր.
«Բնականաբար, Տեղ գյուղի մոտ այս միջադեպն ուղղված է ԵՄ դիտորդներին, որովհետև ակնկալիքը նաև այն է, որ ԵՄ դիտորդների տեղակայումը զսպող գործիք է հանդիսանալու Ադրբեջանի համար: Սակայն Ադրբեջանը շարունակում է և ռազմական հռետորաբանությունը, և սադրանքների կազմակերպումը: Սա, բնականաբար, մտահոգում է մեզ, մտահոգում է Բրյուսելին: Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի համոզված լինենք, որ Ադրբեջանը կեղծ պատրվակներ չի օգտագործելու, ինչպես Տեղ գյուղի դեպքն էր, սադրանք կազմակերպելու»:
Իսկ Արծրուն Հովհաննիսյանն ընդունել է՝ իշխանությունները տարբեր պատճառներով չեն կարողացել պատերազմից հետո «ծանր զենք-զինամթերք» գնել, իսկ առանց դրա չես կարող պատերազմել:
«Այսօր մեկ հատիկ ծանր հրանոթ Հայաստան բերելը լուրջ քաղաքական և տնտեսական խնդիր է»,- ասել է Հովհաննիսյանը: