Ալիևն անուղղակի նշել է 2020 թվականի պատերազմում հայկական կողմի պարտության պատճառը
Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Կովսական քաղաք (Զանգելան), հանդիպել վերաբնակեցված ընտանիքների հետ:
Ալիևը հարկ է համարել շեշտել, որ օկուպացված Կովսականը կամ, իր խոսքով՝ Զանգելանը, գտնվում է տրանսպորտային միջանցքում, ուստի այն Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար դառնալու է տրանսպորտային կենտրոն:
«Կառուցվում է երկաթուղի: Մոտ ապագայում՝ մեկ-մեկուկես տարի հետո, Բաքվից Զանգելան հնարավոր կլինի հասնել երկաթուղային ճանապարհով, այնպես ինչպես այսօր երթևեկում են Աղդամի երկաթուղային գծով: Հաջորդ տարի հնարավոր կլինի երկաթուղային ճանապարհով հասնել Ստեփանակերտ: Իսկ այս երկաթուղային ճանապարհը կունենա իր շարունակությունը, և այն Նախիջևանը կմիացնի «Զանգեզուրի միջանցքին»։ Փաստացի այստեղից մինչև Նախիջևան ճանապարհը կտևի 30 րոպե։ Մենք աշխարհագրորեն Նախիջևանը կկապենք Ադրբեջանի հիմնական մասի հետ:
Միևնույն ժամանակ մեր նախաձեռնությամբ Իրանի սահմանին գրեթե ավարտվել է կամուրջի կառուցումը, և այժմ ընթանում է սահմանային-մաքսային ենթակառուցվածքների ու շենքերի շինարարությունը։ Հավանաբար մի քանի ամսից դրանք նույնպես պատրաստ կլինեն շահագործման, և դա կդառնա միջազգային տրանսպորտային միջանցք։ Այստեղով անցնող թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհները հսկայական օգուտ կբերեն, որովհետև մարդիկ այնտեղ կապահովվեն աշխատանքով։ Եվ սա հսկայական ներդրում կլինի Զանգելանի և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տնտեսության մեջ։
Հայաստանի հետ սահմանի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո, Զանգելանը փաստացի կդառնա մեր երկրի միակ շրջանը, որը սահմանային անցակետ կունենա երկու հարևան երկրների հետ։ Տեսեք՝ դա ինչ կարևոր նշանակություն ունի։ Որովհետև դա միաժամանակ և՛Արևելք-Արևմուտք միջանցքն է՝ ճանապարհ, որը ձգվում է Նախիջևանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, և՛ Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Զանգելանից Աղբենդով դեպի Իրան ու Պարսից ծոց, և այստեղից Նախիջևանով ու Ջուլֆայով՝ դարձյալ դեպի Պարսից ծոց։ Այսպիսով, Զանգելանը կդառնա միջազգային անփոխարինելի կենտրոն։ Մենք դա տեսնում ենք հենց այսպես, և հենց այդպես էլ կլինի, քանի որ մինչ օրս մեր բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել»։
Այսինքն, 44-օրյա պատերազմի ժամանակ Կովսականի գրավումը, որի օրը նշվում է 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, Ալիևի համար ևս ռազմավարաքաղաքական կարևորագույն նշանակություն ուներ:
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ Ջրականի (Ջեբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Զանգելանի (Կովսական) գրավման օպերացիաներին մասնակցել են նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերը:
Մի առիթով գրել ենք նաև, որ 2020 թվականի պատերազմին մասնակցել է նաև Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության ստորաբաժանումը («Yarasa»): «Yarasa»-ի անձնակազմը 44-օրյայի մարտական գործողությունների ժամանակ գործել է հայկական բանակի թիկունքում և մասնակցել բնակավայրերի գրավմանը, մասնավորապես՝ Կուբաթլիի (Որոտան) հատվածում:
Ընդ որում, Կովսականի գրավմանը նախորդել էր 2020 թվականի հոկտեմբերի 18-ի հրադադարը՝ ըստ էության, ֆրանսիական կողմի և նախագահ Մակրոնի միջնորդությամբ, որը ևս չի պահպանվել:

Այս մասին 2023 թվականի հունիսին քննիչ հանձնաժողովում մանրամասներ էր հայտնել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.
«Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից: Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս հայտարարության վերաբերյալ՝ դեռ մինչև հրապարակումը, մենք խորհրդակցություններ ունեցանք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, ովքեր ողջունեցին նախաձեռնությունը:
Ի հեճուկս հայտարարության, սակայն, հոկտեմբերի 18-ին նույնպես հրադադար չհաստատվեց, չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար: Այսինքն՝ այս հայտարարությունից հետո, ընդհանրապես դադար տեղի չունեցավ»:
Այնուհետև Փաշինյանը քննիչ հանձնաժողովում իր հարցաքննության ժամանակ շարունակել էր.
«Հրադադարի հերթական հայտարարության ձախողմանը զուգընթաց՝ ես վերադարձա հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած խոսակցությանը: Հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ ինքը վերահաստատեց, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը: Իսկ պայմանը հետևյալն է՝ 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային…
Երեկոյան զանգահարեցի և ՌԴ նախագահին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն: Ռուսաստանի նախագահն ասաց, որ կխոսի Ադրբեջանի նախագահի հետ ու կզանգահարի ինձ: Այդ պահին արդեն խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը՝ Ֆիզուլի և Ջեբրայիլ, գործնականում ամբողջությամբ կամ մեծամասամբ արդեն գտնվում էր Ադրբեջանի հսկողության տակ:
Ռուսաստանի նախագահը զանգահարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան: Եվ, ըստ էության, փոխանցեց հետևյալը. Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները՝ կամ ավելի ճիշտ՝ մնացյալ 5 շրջանները, քանի որ երկուսը՝ Ֆիզուլին ու Ջեբրայիլը, ինչպես ասացի, արդեն իսկ մեծամասնությամբ գտնվում էր նրանց վերահսկողության ներքո: Բայց սա ամբողջը չէր:
Այս օրն էր, որ ի հայտ եկավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն՝ Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել»:
Արդյունքում ՀՀ իշխանությունները չեն պահում Շուշին, Ադրբեջանին են անցնում «վիճելի» շրջանները, ընդ որում՝ Քելբաջարը, Աղդամը, Լաչինը հանձնվում են նոյեմբերի 9-ի փաստաթղթով, բանակը դրանք պահել է: Այսինքն, պատերազմից առաջ Փաշինյանը հրաժարվում է հանձնել 5 շրջանները, որ չասեն՝ դավաճան է, իսկ պատերազմի համատեքստում Ադրբեջանը ստանում է ավելին, անգամ այն, ինչ բանակը կարողացել էր պահել:
Հավելենք, որ Կովսականը 1993 թվականին ևս աշնանն էր ազատագրվել: 1993 թ․-ի նոյեմբերի 1-ին հայկական զինված կազմավորումները վերջնական վերահսկողություն էին հաստատել ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ մտցված Զանգելան շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի նկատմամբ, և դրանով ավարտին էր հասցվել Արցախի և Սյունիքի հարավային և հարավարևելյան սահմանների ամբողջացումը։
Իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 2022 թվականին Ալիևը և Էրդողանը օկուպացված Կովսականում միջազգային օդանավակայան էին պաշտոնապես բացել:
Ի դեպ, ամիսներ առաջ գրել ենք, որ Ալիևը հաստատել է «Պետական կարիքների համար հողերի օտարման մասին» օրենքում փոփոխությունները։
Հաստատված փոփոխությունների համաձայն՝ պետական կարիքների ցանկում, որոնց համար կարող է իրականացվել հողերի օտարում, ավելացվել է պետական սեփականություն հանդիսացող օդանավակայանների, աերոդրոմների ընդլայնումը, ինչպես նաև՝ նոր օդանավակայանների և աերոդրոմների կառուցումը:
Բնականաբար, օդանավակայաններին և նավահանգիստներին առնչվող Ալիևի որոշումն ունի տրանսպորտային և լոգիստիկ «մեծ խաղի» կարևոր բաղադրիչ:
Վերադառնանք Ալիևի օկուպացված Կովսական այցին: Նա ակնարկել է, որ Շուշին վերցնելուց հետո 44-օրյա պատերազմը շարունակելը նպատակահարմար չէր:
«Պատերազմը կանգնեցնելը թույլ տվեց մեզ վերադարձնել Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջաններն առանց արյունահեղության՝ քաղաքական միջոցներով, փաստացի` վերջնագրով։ Իսկ վերջնագիրը սա էր՝ Հայաստանը պետք է կարճ ժամանակում՝ 1 ամսվա ընթացքում, իր զորքերը հեռացնի այդ տարածքներից, այլապես կոչնչացվեն»,- շեշտել է Ադրբեջանի ղեկավարը:
Եվ սա այն դեպքում, երբ այլ առիթներով նույն Ալիևը խոստովանել է, որ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու գլխավոր պատճառներից մեկը մեծաթիվ զոհերից խուսափելն էր, քանի որ 44-օրյա պատերազմի երկարաձգման դեպքում Քելբաջարի՝ Քարվաճառի և Լաչինի՝ Քաշաթաղի շրջանները ձմեռային եղանակային պայմաններում շատ բարդ էր լինելու գրավել, հատկապես՝ Քարվաճառինը:
Իսկ թե ինչպես է հայկական կողմին հաջողվել այս տարածքները, ինչպես նաև՝ Շուշին ազատագրել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչը չի շրջանցվել արդեն ավարտված Բաքվի «դատավարության» ժամանակ, Ալիևը օկուպացված Կովսականում հիմնավորել է առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի իշխանությունների դավաճանական գործողություններով:
«1993 թվականին վտանգված էր ոչ միայն մեր տարածքային ամբողջականությունը, այլև մեր անկախությունը։ Այն ժամանակ ղեկավարող անձինք երկիրը տանում էին կործանման։ Հայերի կողմից մեր հողերի՝ Շուշիի, Լաչինի և Քելբաջարի «օկուպացումը» (չակերտները.- Մ.Պ.), ներքին պառակտումները, կամայականությունները, անիշխանությունը, ինչպես նաև՝ այն ժամանակվա իշխանությունների սադրիչ և դավաճանական գործողությունների հետևանքով քաղաքացիական պատերազմական իրավիճակը, անկախ ադրբեջանական պետությունը փաստացի կանգնեցրել էր փլուզման եզրին»,- պնդել է Ալիևը և շարունակել.
«Առաջին պատերազմի ժամանակ մեր բանակը ղեկավարող անձինք ոչ միայն չգիտեին, թե ինչ է ռազմական գործը, այլև նրանց դավաճանական գործողությունները հանգեցրին «մեր հողերի օկուպացիային» (չակերտները:- Մ.Պ.-ի)։
Վախկոտն ու դավաճանը, ով ասում էր՝ «եթե Շուշին կորսվի, ես կկրակեմ ճակատիս», մինչ օրս ինչ-որ տեղ թափառում է (նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին)։
Այսինքն, այն ժամանակ մեր դժբախտությունն այն էր, որ նման մարդիկ Ադրբեջանում առանցքային պաշտոններ էին զբաղեցնում։ Գիտելիք, ունակություն և աշխատանքային փորձ չունեցող մարդիկ` բառացիորեն փողոցից եկած կամ բերված՝ նշանակվում էին առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ նշանակության պաշտոնների։ Մեր բանակը փաստացի գտնվում էր հանցագործների ձեռքում»:
Այո, արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը բացառիկ օպերացիաներ են իրականացրել և բացառիկ հերոսություն դրսևորել:
Այո, Ալիևը խնդիր ունի 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակում շեշտադրելու սեփական անձի գործոնը՝ առաջին պատերազմի ադրբեջանական իշխանության քաղաքական գործողությունների և անկարողության ֆոնին:
Մյուս կողմից, վերջին պնդման մեջ կարող է լինել ճշմարտության հատիկ, այլ հարց է, որ «Խոջալուի ցեղասպանության» մեջ հայկական կողմին մեղադրելու ժամանակ, ինչը տեղի է ունեցել նաև այս անգամ, Ալիևը չի փորձում մտնել այդ ժամանակ Ադրբեջանում տիրող քաղաքական զարգացումների մեջ՝ ձեռնտու չէ:
1992 թվականի փետրվարի 26 ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը փայլուն օպերացիայի շնորհիվ ազատագրել էին թշնամու` Շուշիից հետո Արցախում իր նշանակությամբ 2-րդ ռազմական հենակետը` Խոջալուն (Իվանյանը):
Ռազմական գործողությունն իրականացվել էր Խոջալու (Իվանյան) գյուղի մոտ գտնվող Ստեփանակերտի օդանավակայանն ապաշրջափակելու և գյուղում տեղակայված ադրբեջանական կրակակետերը վնասազերծելու նպատակով։
Եվ մինչ ռազմական գործողությունը տեղի բնակչությանն անվտանգ հեռացնելու նպատակով հայերը բարձրախոսներով տեղեկացրել են ոչ միայն սպասվող գործողություններից, այլ նաև խաղաղ բնակչությունը տեղյակ է պահվել այն միջանցքի մասին, որտեղով Կարկառ գետի հովտով կարող էր և պետք է դուրս գար դեպի Աղդամ, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից: Այսինքն, այդ հատվածում ադրբեջանցիների սպանությունների պատասխանատուն ադրբեջանական կողմն է, ինչը ժամանակին խոստովանել էր հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը՝ ««Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը», ով հետո ստիպված էր հրաժական տալ:
Իսկ Ալիևը մայիսի 10-ին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Կովսականում Հայաստանին և ՀՀ զինված ուժերին մեղադրել է 2020 թվականի պատերազմի ժամանակ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ «Իսկանդեր»-ից, «Սկադ»-ից հրթիռային հարվածներ հասցնելու մեջ, ինչը քննարկման առարկա է եղել նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով «դատավարության» ժամանակ:
Այսինքն, Ալիևը հետ չի կանգնել Հայաստանին ուղղված ռազմական մեղադրանքներից, իսկ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական հայտարարություններում «հաղորդում» և «ցուցմունք» է տալիս Հայաստանի դեմ այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի գլխավոր հրամանատարն ինքն է հռչակված եղել:
Իհարկե, կարող է փորձել արդարանալ՝ ասելով՝ ես չեմ իմացել, ռազմական ղեկավարությունն է «որոշել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»:
Կարծում եք՝ չի՞ լինելու նման բան… Իսկ թե ինչու պարտվեցինք, այս անգամ բավարարվենք վերևում Ալիևի՝ Ադրբեջանի նախկին ղեկավարության նկարագրությամբ, բավականին ընդհանրություններ կային: Եվ հենց դրա համար է Ալիևն ուզում, որ Փաշինյանի իշխանությունը չհեռանա, որովհետև այս դեպքում զգոնություն պետք չէ, ինչն անհրաժեշտ է լինելու «ռևանշիստական ուժերի» դեպքում:




