Բաժիններ՝

Աննա Հակոբյանի քննարկմանը մասնակցած Հովսեփ Խուրշուդյանը թիրախավորել է Սուրեն Պապիկյանին. նախնական զեկույցների համաձայն՝ պնդումները ճիշտ չեն

Կառավարության երեկվա նիստից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թիրախավորել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը և նախարար Սուրեն Պապիկյանին, ինչին մանրամասն 168.amանդրադարձել է, ուշ երեկոյան Աննա Հակոբյանի՝ հասարակական կարծիք ձևավորողների հետ հանդիպումներից մեկին մասնակցած «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը հանկարծ բանակի մասին գրառում է անում, մասնավորապես՝ Արմավիրի ուսումնական զորամասի վերաբերյալ, որը տարածել են նաև որոշ լրատվամիջոցներ:

«ՀՀ ՊՆ Արմավիրի ուսումնական զորամասի զինվորների գուլպաներն ո՞վ է լափել: Տարին երեք անգամ բաժանելը բավարա՞ր է: Որ հետո էլ զինվորներն իրարից գուլպա գողանան: Բաղնիք գնալու հողաթափերն ո՞վ է լափել: ՊՆ, էլի սկսե՞լ է բարդակը: Զորքին բուշլաթները չեն բաժանում՝ մինչև մասսայաբար զինվորները չհիվանդանան: Դա՞ է կարգը:

Ի դեպ, հետաքննեք ու պարզեք, թե ինչպես է ՊՆ-ի ստացած նոր դեղերը մեկ օրում զորամասեր հասնելուց դառնում ժամկետանց ու դրանցով «բուժում» հայ զինվորին:

Վերահսկող մարմիններ կա՞ն: Սա՞ղ են: Սուրեն Պապիկյանը չի կարո՞ղ բանակում կոռուպցիայի դեմն առնել, թե՞ չի ուզում»,- գրել է նա:

Կարդացեք նաև

168.am-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարարությունից ճշտել՝ արդյո՞ք նման տեղեկություն նախարարությունն ունի, եթե այո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել:

«Չնայած պատասխանատու ստորաբաժանումներից ստացված նախնական զեկույցների համաձայն՝ գրառման մեջ տեղ գտած պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ անհետաձգելի լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվում, այդ թվում՝ իրավապահ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից: Արդյունքների վերաբերյալ կիրազեկենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Անկախ արդյունքներից, հավելենք, որ վաղուց հասունացել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Արամ Պողոսյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցը, ով, ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՀՀ ՊՆ խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ազգականն է:

Հավելենք, որ այս տարվա գարնանը զինված ուժերում բարեփոխումների և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թիկունքի վարչությունը Գլխավոր շտաբի ենթակայությունից անցել է ՊՆ ենթակայության ներքո և վերանվանվել ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչություն։

Տեսանյութեր

Լրահոս