«Տեղյա՞կ են՝ ինչ վիճակում են արցախցի ընտանիքները. ստիպում են լքել նաև Հայաստանը». Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն այն կարծիքին է, որ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի առաջին հերթին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հավատացնեն՝ իրենք փակել են Արցախի հարցը:

«Ցանկացած առիթ և միջոց նրանք օգտագործում են, որպեսզի Արցախի հարցն այլևս չարծարծվի, և ամեն ինչ անելու են, որ այդ հարցի մասին քննարկումներ չլինեն: Ակնկալել, որ այս իշխանություններն այդ հարցը կբարձրացնեն, միամտություն է: Այլ բան է, որ այդ հարցի մասին պետք է խոսել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ Արցախի հարցը հնարավոր չէ փակել:

«Անհնար է մի ողջ ժողովրդի զրկել իր բնօրրանից և դա հանգիստ թողնել ու անցնել: Դա շատ լավ հասկանում են միջազգային հանրության գլխավոր դերակատարները, տարբեր կառույցներ, նաև՝ Ադրբեջանը: Այս իշխանությունները նույնպես դա շատ լավ հասկանում են և ջանք չեն թափում, որպեսզի կարողանան այդ պատմական արդարությանը դեմ գնալ: Նրանց իշխանության մնալու գրավականն է համարվում Ադրբեջանի հետ կապված որևէ հարց չունենալը, նրանք կարծում են, որ իշխանության մնալու հնարավորությունն Ադրբեջանի ցանկությունների կատարման շղթան է, և որքան շատ այդ ցանկությունները կատարեն, այնքան երկար կմնան իշխանության: Բայց ամենագլխավոր տեղը, որտեղ նրանք սխալվում են, հենց այստեղ է: Չեմ կարծում, որ հայ ժողովուրդը կհանդուրժի իր երկրում ունենալ մի այնպիսի իշխանություն, որը կատարում է թշնամի պետության իշխանությունների ցանկությունները»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Կառավարության որոշմամբ՝ Արցախից տեղահանվածներին տրվող աջակցությունը կկրճատվի. եթե հիմա գրեթե բոլոր արցախցիները ստանում են յուրաքանչյուրն ամսական 50 հազար դրամ, ապա ապրիլից աջակցություն կստանան միայն առանձնացված խմբերը, այդ թվում՝ անչափահասներն ու 63 տարեկանից բարձր մարդիկ, ընդ որում, հաջորդ տարվա հուլիսից արդեն այդ աջակցությունը կկազմի 30 հազար դրամ։

Այս որոշման վերաբերյալ Հակոբ Հակոբյանը հետևյալն ասաց. «Բոլոր արցախցիները շատ ուրախ կլինեին, որ իրենց սոցիալական վիճակն այնպիսին լիներ, որպեսզի նրանք պետության կողմից սոցիալական աջակցություն կամ նպաստ չստանային, որովհետև դա լավ բան չէ, երբ ընտանիքը նպաստի հաշվին է ապրում: Եթե 2023 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին հասկանալի էր, որ այս մարդիկ նոր են բռնի տեղահանվել, աջակցություն է անհրաժեշտ, ապա հիմա, երբ մեկ տարի անցել է, և այս մարդիկ դեռևս ունեն սոցիալական աջակցության կարիք, իսկ իրենք իրոք ունեն, դա նշանակում է, որ այս իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում արցախցիների նկատմամբ: Այս մեկ տարվա ընթացքում այս իշխանությունները չկարողացան տեղահանված ընտանիքների բնակարանային, ինքնազբաղության, գործարարության հետ կապված հարցեր լուծեին, որ այս ընտանիքները կարողանային ինքնաբավ լինել: Արցախցիներն Արցախում միշտ արարել են իրենց հացը, և նրանց աչքը պետության նպաստների վրա չի եղել:

Ընդհակառակը, բազմաթիվ են դեպքերը, երբ արցախցիներն իրենք են փորձել այս կամ այն կերպ աջակցել պետությանը՝ հասկանալով պետության կարևորությունը: Վերջիվերջո, Արցախի ժողովուրդն ամենաերկարն է պետականության հետ կապված հարաբերություններ ունեցել և շատ լավ հասկանում է պետության գինը: Բայց, եթե այսօրվա դրությամբ արցախցիները գտնվում են այդ սոցիալական աջակցության հույսին, նշանակում է՝ այս իշխանությունները սխալ ուղղությամբ են տանում իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը»:

Հակոբ Հակոբյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք օրվա իշխանությունները տեղյակ են, թե Արցախից տեղահանվածներն այսօր ինչ վիճակում են հայտնվել՝ իրենց մեկ տարվա վարած սոցիալական քաղաքականության և 10+40 սոցիալական ծրագրի իրականացման արդյունքում. «Հիմա էլ հայտարարում են, որ դա պետք է կրճատեն: Արդյո՞ք տեսել են, թե այսօր արցախցի ընտանիքներն ինչ վիճակում են ապրում, արդյո՞ք հասկանում են, թե որքան արցախցիներ են լքել Հայաստանը, ինչո՞ւ են լքել Հայաստանը: Արդյո՞ք կան հետազոտություններ, թե այսօր Հայաստանում ապրող արցախցիներն ինչ են մտածում իրենց հետագա օրվա հետ կապված: Մասնավոր զրույցներում արցախցիների մեծ մասն ասում է՝ պատրաստ է ինչ-որ մի տեղ մեկնել, որպեսզի կարողանա օրվա հացի հարցը լուծել: Արցախից բռնի տեղահանված անձանց հարցը զուտ 10 կամ 40 հազար դրամ տալով լուծելու խնդիր չէ, այստեղ շատ լուրջ սոցիալ-հոգեբանական, տնտեսական ծրագրեր պետք է մշակվեն և իրականացվեն»:

Ըստ նրա՝ իշխանությունները մտածում են, որ եթե սոցիալական օգնությունները քչացնեն, արցախցիներն էլ աշխատանք չգտնեն, ստիպված են լինելու լքել իրենց հայրենիքի այս հատվածը. «Դա կանաչ ճանապարհ է բացում արտագաղթի համար: Մտածում են՝ դրանով կփակվի Արցախի հարցը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս