Ինտերպոլում «Սարդարապատի» թանգարանից անհետացած գորգերի նկարները կան․ եթե փորձեն տեղափոխել՝ կհայտնաբերվեն․ Կարեն Փահլևանյան
168.am-ի զրուցակիցը «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Փահլևանյանն է։
– Տարիներ առաջ, երբ առաջին անգամ այցելեցի Հայոց ազգագրության թանգարան, առաջինը գրավեց շենքի ճարտարապետական լուծումը։ Ի՞նչ են խորհրդանշում տանիքը, պատուհանները։
– Շենքն իր ճարտարապետական կերտվածքով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ամբողջ հուշարձանախմբի մաս է կազմում։ Այն Ռաֆայել Իսրայելյանի ոճով է, միջնաբերդ հիշեցնող կառույց է։ Լուսավորությունն ապահովում է երդիկներով, և կենտրոնական դահլիճը լուսավորվում է հազարաշեն (Հազարաշեն կամ սողոմաքաշ, ժողովրդական տան գերանակապ) տանիքով։ Խորհրդանշական երկու պատուհան կա՝ մեկը նայում է Արագածին, մյուսը՝ Արարատ լեռանը։ Իսկ մնացած 48 խորանների լուսավորությունն ապահովվում է 2-ական երդիկներով։ Ամբողջ գաղափարն այն է, որ հիշեցնի միջնաբերդ և ամուր լինի հայկական մշակույթի պահպանման օջախը։
– Թանգարանում քանի՞ ցուցանմուշ է պահվում և կա՞ն ցուցանմուշներ, որոնք չեն ցուցադրվել և չեք էլ պատրաստվում ցուցադրել։
– Անշուշտ, ունենք այդպիսիք։ 1978թ․ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել թանգարանի բացումը, սպասարկել են առաջին այցելուներին։ Հայաստանի տարբեր թանգարանների լավագույն նմուշներից բերվում են թանգարան, այն կառավարական հոգածութան ներքո է վերցվում, և մի զգալի դրամագլուխ է հատկացվում, որպեսզի տարբեր տեղերից թանգարանային նմուշներ ձեռք բերվեն։ Այսօրվա դրությամբ ունենք մոտ 78․000 միավոր թանգարանային առարկաներ, որոնք պահվում են տարբեր պահոցներում՝ համապատասխան ջերմային ռեժիմներն ապահովելով։ 4-5 տոկոսն է ընդգրկվում ցուցադրություններում։
Այո, կան առարկաներ, որոնք ցուցադրման ենթակա չեն կամ նպատակահարմար չէ ցուցադրության մեջ ընդգրկել, որովհետև եզակի են, բացառիկ։
– Խուսափում եք՝ մտածելով, որ կարող է վնասվե՞լ։
– Հայոց ազգագրության թանգարանն աշխարհում միակն է, որտեղ պահպանվում է 2200 միավոր գորգ, մոտ այդքան էլ կարպետ։ Կա 17 դարի վերջի կամ 18-րդ դարի գորգ, որը նպատակահարմար չէ ցուցադրության համար, քանի որ ինչքան էլ երդիկներով է լուսավորվում թանգարանը, լույսը գորգին վնաս կհասցնի։
– Ամեն անգամ նույն թանգարանը գնալով՝ մարդը տարբեր նմուշներ է տեսնում։ Ձեզ մոտ ի՞նչ պարբերականությամբ են փոխվում դրանք։
– Յուրաքանչյուր տարվա վերջում մենք պլանավորում ենք հաջորդ տարվա անելիքները։ 2024թ․ համար պլանավորել ենք 13 ժամանակավոր ցուցադրություն։ Ներգրավված առարկաները 1-3 ամիս պարբերականությամբ ցուցադրվելու են, իսկ հիմնական ցուցադրությունն ամեն տարի համալրվում է նոր ցուցանմուշներով՝ եղածի 11 տոկոսի չափով։ Նախքան դա՝ վերականգնողը նայում է նմուշները, պատրաստում ցուցադրության, որովհետև կարող է ամրակայման, մաքրման խնդիր կա։ Հետո մասնագետները որոշում են նրա տեղը։
– Իսկ կա՞ պատմական փաստ, թե թանգարանում առաջինն ի՞նչ են ցուցադրել։
– Թանգարանի հաղթաթուղթը եղել են գորգերը, հետո տարիների ընթացքում եղել է համալրումը։
– Դեռևս 2002թ. հրապարակումներ են եղել այն մասին, որ շատ գորգեր անհետացել են, և որոշներն էլ վատ վիճակում են։ Կա՞ նման բան։
– Թանգարանը մեծ է, հավաքածուն՝ ևս, և բնականաբար, նաև խնդիրներով։ Անհետացած գորգերի մասով ասեմ, որ բոլոր հնարավոր ճանապարհներով զբաղվել ենք, հասել ենք նրան, որ Ինտերպոլում կան գորգերի նկարները և, եթե փորձ կարվի որևէ երկրից տեղափոխել մեկ այլ երկիր՝ այդ գորգերն անպայման կհայտնաբերվեն։ Իսկ մնացած գորգերի պահպանման առումով ասեմ, որ, այո, կան խնդիրներ, և հիմնականը ցեցի դեմ պայքարն է։ Հասել ենք նրան, որ համապատասխան միջամտության շնորհիվ՝ ամեն տարի մոտ 300 գորգ մշակում ենք, ցեցազրկում և տեղավորում նոր պահոցում։ Հիմա շատ քիչ մասն է մնացել և մինչև տարեվերջ կունենանք գրեթե առանց խնդիր գորգի հավաքածու։
– Շատ ենք լսում, որ այս կամ այն թանգարանին մարդիկ նվիրում են պապիկից կամ տատիկից եկած ինչ-որ իրեր։ Ի՞նչ պարբերականությամբ է թանգարանը համալրվում նոր նմուշներով։
– Մեզ մոտ համալրումը լինում է մի քանի եղանակով։ Մինչև 2023թ․ համալրումը եղել է նվիրատվության միջոցով։ Մարդիկ որոշել են, որ նախնիներից ժառանգած մշակութային արժեքը պետք է պահպանվի թանգարանում։ Բայց ամեն նվեր չէ, որ ընդունում ենք։ Հաճախ նվիրատուները պնդում են, որ իրենց նվերը լինի ցուցադրության կենտրոնական մասում․ պարբերաբար նման անիրական նկրտումներ են ունենում։ Նախորդ տարի պետական աջակցությամբ անհատ քաղաքացուց ձեռք բերեցինք եզակի մի գորգ՝ «Կենաց ծառ», արցախյան արմատներով։
– Բացի գորգերը, կա՞ն իրեր, որոնք վնասված են, պետք է վերականգնել, կամ անհետացել են, ու պետք է գտնել։
– Չէ, այդ մի դեպքն է։ Եթե չեմ սխալվում՝ 30 գորգի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է վերականգնմանը, իհարկե, տարիներն անում են իրենց գործը, և հատկապես հնագիտական իրերի մասով անհրաժեշտ է պարբերաբար հոգածություն ցուցաբերել։ 1977-78թթ․ ի վեր, երբ կար Շիրակավան հնավայր, պեղումների արդյունքում հայտնաբերվեց նյութ, որի հիմնական մասը տեղ գտավ Հայոց ազգագրության թանգարանում։ Հին գոտիներ կային, որոնցից 2-ը՝ անցած, իսկ 3-ը այս տարի լաբորատոր վերականգնողական աշխատանքների արդյունքում մեզ համար դարձան բացառիկ։ Բացվեց գոտիների վրա պատկերազարդման համակարգը՝ այն, թե որքանո՞վ էր բրոնզեդարյան մշակույթը տարբերվում այլ հատվածներից։ Հնագիտության ֆոնդում ունենք դեռևս չմաքրված, չամրակայված առարկաներ, որոնք աստիճանաբար հանում ենք, և այդ առումով մեզ օգնում են մեր լեհ գործընկերները։
– Հայաստանում ունենք վերականգնողների խնդիր, գիտեմ, որ շատ քիչ են։
– Այո, ոչ թե խնդիր, այլ գերխնդիր ունենք։ Մատների վրա կարող ենք հաշվել նրանց՝ չեմ ասում՝ լավ, գոնե միջին։ Այդ դպրոցը չկա։ Նախկինում կար գորգերի վերականգնողական լաբորատորիա, իսկ այսօր մեր թանգարանում չունենք գեթ մեկ մասնագետ, որ կուզենա աշխատել։ Վերականգնողներ չկան։
– Ցանկության բացակայությունն ինչի՞ հետ եք կապում․ պահանջված մասնագիտություն է, աշխատավարձն ավելի բարձր կլինի։
– Հայաստանում չունենք վերականգնողների դպրոց։ Եթե համալսարաններում ունենք պատմության ֆակուլտետներ, հնագիտության, ազգագրության բաժին, ապա չկա, որ վերականգնողների համար հատուկ բազային կրթություն ապահովվի։ Իսկ եղած վերականգնողներն ովքե՞ր են՝ մշակութաբաններ, արվեստագետներ։ Մարդիկ են, ովքեր, արվեստի, մշակույթի հետ շփվել են, առարկան հասկանում են և իրենց հմտությունն ու կարողությունը համադրում են բազային կրթության հետ։
– Թանգարանը համալրվա՞ծ է գիտաշխատողներով։
– Ցավով եմ ասում՝ ոչ։ Սա նաև մեր կրթական համակարգում գլոբալ խնդրի արդյունք է։ Եթե նախորդ տարիներին քիչ առաջ նշված ֆակուլտետներում ուսանողների թիվը չէր իջնում 60-ից, ապա վերջին տաիներին 17-20 հոգի է որոշում, որ պետք է դառնա պատմաբան, ազգագրագետ, մշակութաբան։ Ընդ որում, դա պատահականության սկզբունքով է լինում։ Օրինակ, մարդը դիմում էր ԵՊՀ «Իրավագիտության» ֆակուլտետ, բալերը չէին հերիքում, հայտնվում էր Մանկավարժական համալսարանի «Պատմության» բաժնում։ Մարդն ուզում էր իրավաբան դառնալ և բուհն ավարտելուց հետո երաշխավորված չէ, որ կգնա թանգարան կամ դպրոց՝ պատմություն դասավանդելու։ Այդ առումով մեզ մոտ գիտաշխատողների հաստիքներն ամբողջությամբ համալրված չեն, այս պահի դրությամբ ունենք 6 թափուր հաստիք։
– Կադրերին ընտրելու ի՞նչ չափանիշներ կան․ մարդիկ կան՝ 4 տարի սովորում են «Բանասիրական» ֆակուլտետում կամ «Լրագրության» բաժնում, 2 տարի էլ ազգագրության բաժնում։ Իրենք համարվո՞ւմ են ազգագրագետ։
– Կոնկրետ մեր պարագայում, եթե այդ մարդը դիմի ազգագրագետի հաստիքի համար, սիրով կընդունենք։ Մեզ մոտ ազգագրությունը բաժանված է մի քանի բաժինների՝ նյութական և ոչ նյութական մշակույթի։ Կոնկրետ այդ դեպքում շատ օգտակար կլինի բանավոր խոսքի, հայկական առասպելների ներկայացման առումով։
– Գիտաշխատողները միջազգային ամսագրերում հոդվածներ տպագրելու առումով ի՞նչ խնդիրներ են ունենում, քանի որ գիտենք, անգլերեն լեզվով պետք է տպագրվի։ Հեղինակավոր ամսագրերում տպագրվելու խոչընդոտներ կա՞ն, և կո՞ղմ եք, որ ավելի շատ հայերենով տպագրեն, քան օտար լեզվով։
– Խնդիրը երկու հարթության մեջ պետք է դիտարկել։ Եթե հոդվածը բարձր վարկանիշ ունեցող հարթակում է տպագրվում, դա մեր կողմից խրախուսվում է։ Այլ ճանապարհ չունենք, պետք է տպագրվենք այդ հանդեսներում։ Առանց այն էլ թանգարաններում աշխատավարձը շատ ցածր է, բայց դրամաշնորհային տարբեր մրցույթների ենք մասնակցում և, որպեսզի կարողանանք այն հաղթել՝ մեզանից պահանջում են միջազգային հարթակներում տպագրած աշխատանքներ։
Մի փոքր վերապահում կա․ շատ հաճախ մեր հոդվածները կարող է չընդունվեն էլ, որովհետև աշխարհին հետաքրքիր չէ հայոց ազգագրությանը կամ հայկական ազատագրական պայքարի որևէ դրվագի նվիրված հոդված, որովհետև աշխարհաքաղաքական խնդիր չէ, որը հանդեսը կամ այդ հարթակը կվերցնի տպագրության համար։ Մենք հետևողական, չընկրկելով առաջ ենք գնում և բացառիկ հոդվածները հասցնում ենք տպագրության։
– Բայց այդ ամսագրերին, մեկ էլ տեսար, կհետաքրքրի Ադրբեջանի ստահոդ հոդվածը։
– Չեմ կարծում։ Միջազգային հարթակների հոդվածներն ունեն ֆինասնական բաղադրիչ։ Կան անվճար ամսագրեր, ու եթե որոշես հոդված տպագրել՝ կարող է 2 տարի սպասես, բայց եթե պատրաստ ես տպագրության համար գումար վճարել, հերթը մի քիչ առաջ է ընկնում։ Պայմանները բոլորի համար նույնն են։ Չեմ տեսել ադրբեջանական հոդված, որի նման մենք ուղարկած կլինեինք և կմերժեին։ Միգուցե չի հանդիպել՝ չեմ բացառում։
– Հոդված տպագրելու համար գումարը թանգարա՞նն է հայթայթում։
– Մենք հիմնականում դիմում ենք անվճար պարբերականներին, բայց խոսքը 300-500 եվրոյի մասին է։ Պատրաստակամ են այն մարդիկ, ովքեր առաջիկայում գիտական աստիճան ստանալու խնդիր ունեն։
– Տարեկան քանի՞ հոգի է այցելում թանգարան, ավելի շատ զբոսաշրջիկնե՞ր են, թե՞ հայաստանաբնակներ։
– ԽՍՀՄ փլուզումից հետո վիճակագրությունն անկում է ապրել և սկսել է միջին վիճակագրականից բարձրանալ 2000-ականների սկզբներին։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի այցելությունները շատ ավելի մեծ են, մարդիկ են, ովքեր գալիս են զբոսնելու համար, բայց թանգարան չեն մտնում։ Իսկ թանգարան 2015թ․ սկսած՝ տարեկան 25,000 այցելու կա։ Հետո 1000-2000 հոգով աստիճանաբար բարձրացել է։ 2018թ․, 100-ամյակի հետ կապված մոտ 40․000 այցելու ենք ունեցել։ Անցած տարի 34,000 այցելուի ենք սպասարկել, իսկ այս տարվա ցուցանիշները գերազանցում են անցած տարվա նույն ամիսների ցուցանիշները։ Հուսով ենք, որ մոտ 40․000 հոգու կսպասարկենք։
Այցելուների 50 տոկոսը տեղացիներն են, դպրոցականները, իսկ մյուս 50 տոկոսը՝ տարբեր երկրներից եկած հայեր և օտարերկրացիներ։ Լեհերն են շատ գալիս, մինչև վերջերս ռուսներն էին շատ գալիս։
– Նշեցիք, որ դպրոցականներն են շատ այցելում, շփվում եք նրանց հետ, կա՞ հետաքրքրվածություն, թե՞ զուտ այցելում են թանգարան, և վերջ։ Եվ, ընդհանրապես, քանի որ մասնագիտությամբ պատմաբան եք, դպրոցներում պատմության դասավանդումն ինչպե՞ս պետք է կազմակերպվի։
– Չեմ ուզում պիտակավորել, բայց, իհարկե, ունենում ենք այնպիսի խմբեր, որ երեխաների աչքերի կայծից արդեն հասկանում ենք, որ անպայման այս երեխան եկել է թանգարան՝ մի բան հասկանալու համար։ Նրանք հիմնականում մարզերից եկած երեխաներն են։ Իսկ պատմության իմանալու առումով, այն երեխան, ով Երևանի դպրոցներից է, մի փոքր ավելի բանիմացություն է ցուցաբերում։ Գուցե տվյալ երեխայի դասընկերներն ուշադրություն չդարձնեն, բայց իմացողն էլ որոշակի մակարդակով գիտի մշակույթի, պատմության մասին։
– Թանգարանը պարբերաբար տարբեր միջոցառումներ է կազմակերպում․ առաջիկայում ինչ-որ պլաններ կա՞ն։
– Իհարկե։ Սեպտեմբերի 13-ին կլինի հայկական դուդուկի փառատոնը։ Արդեն նախնական պայմանավորվածություն կա հայտնի դուդուկահարների հետ։ Մեզ այս հարցում օգնում է Գևորգ Դաբաղյանը։
Եվ, հաշվի առնելով, որ մեր թանգարանի հուշարձանակիր տարածքները հագեցված են պտղատու այգիներով, այցելությունները պարբերաբար զուգորդվում են բերքահավաքով՝ ծիրանաքաղով։
– Թանգարանում կա՞ Ձեզ համար հոգեհարազատ, թանկ անկյուն կամ բաժին։
– Մի փոքր այս հարցում սուբյեկտիվ կարող եմ գտնվել։ Թանգարանի գիտական բաժիններից մեկն է Հայոց ազատագրական պայքարի պատմության բաժինը, որն ինձ հոգեհարազատ է։ Մայիսյան հերոսամարտերին և Առաջին Հանրապետությանը նվիրված ցուցադրությունը հենց այդ տեղն է։ Իմ ազատ ժամանակը, արդեն 5 տարի, անցկացնում եմ այդ ցուցադրությունը նայելով, վերաիմաստավորելով։
– Ի՞նչ մտքեր են գալիս։
– Շատ տարբեր, հակասական։ Ցանկացած տնօրեն, լինում են պահեր, որ պետք է վճռական որոշումներ կայացնի՝ վարչական, անձնական։ Ես իմ այդ որոշումները հենց այդտեղ եմ կայացնում։ Օբյեկտիվ գաղափարներն այդտեղ են ծնվում։ Ռացիոնալ հատիկն այդտեղից եմ վերցնում։