Իրանի ԱԳՆ-ն կանչել է Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոքելու համար Թեհրանի դեմ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու արված հայտարարությունների վերաբերյալ. հաղորդում է Mehr-ը։

«Երեքշաբթի օրը Լոնդոն կատարած այցի ժամանակ Սիկորսկին Մեծ Բրիտանիայի խորհրդարանին է ներկայացրել իրանական արտադրության անօդաչու թռչող սարք, որը, նրա պնդմամբ, օգտագործվում է Ուկրաինայում շարունակվող Ռուսաստանի պատերազմում, և կոչ է արել շարունակել աջակցությունը Կիևին»,- հաղորդել են լրատվամիջոցները։

Թեհրանում Լեհաստանի առաքելության ղեկավար Մարցին Վիլչեկին հինգշաբթի կանչել է Իրանի արտգործնախարարի օգնական և Իրանի ԱԳՆ Միջերկրածովյան և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մահմուդ Հեյդարին։

Հանդիպման ժամանակ Հեյդարին բողոքել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Լեհաստանի արտգործնախարարի «հակաիրանական շոուին» մասնակցության դեմ և մերժել է նրա «սևեռուն» հայտարարություններն ու «անհիմն» պնդումները։

Նա միաժամանակ ափսոսանք է հայտնել կաղապարային հայտարարությունների կրկնության համար՝ Իրանի խիստ բողոքը փոխանցելով լեհ դիվանագետին։ Վիլչեկը հայտարարել է, որ Վարշավան ձգտում է ամրապնդել հարաբերությունները Թեհրանի հետ և խոստացել է անհապաղ փոխանցել Իրանի բողոքը իր երկրին։

Ե՛վ Իրանը, և՛ Ռուսաստանը բազմիցս հերքել են այն մեղադրանքները, որ Թեհրանը Մոսկվային անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ և դրանց առնչվող տեխնոլոգիաներ է մատակարարել՝ Ուկրաինայում պատերազմում օգտագործելու համար։

Տեսանյութեր

Լրահոս