Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական ցուցմունք տալ, Պապիկյանը՝ պահել քաղաքական չեզոքությունը
Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին և հունիսի 13-ին Ազգային ժողովում հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել կամ «հաղորդում» ներկայացրել իր իսկ դեմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ծրագրված էր, որպեսզի լեգիտիմացվի իշխանափոխությունից հետո Ալիևի հետ վերելակային պայմանավորվածությունը, և պատահական չէր, որ 2020 թվականի պատերազմի առաջին օրը Փաշինյանը խոսում էր պարտությունից, դրան համակերպվելուց և պարտված չզգալուց:
Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը
Փաշինյանը երեկ ասել և այսօր կրկնել է, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ մի իրադրություն է եղել, որ անխուսափելիորեն պիտի գնայինք զիջումների կամ պատերազմի ճանապարհով: Այսինքն, առնվազն պետք է գար ԱԺ ու հայտարարեր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի մաս՝ ինքնավարության կարգավիճակով, սակայն դրա մեջ չի կարողացել իրեն համոզել։
«Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես իմ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի»,- ընդգծել է նա:
Նախ նշենք, որ այսօրինակ ցուցմունք Փաշինյանն էլի է տվել: Մասնավորապես, 2022 թվականի ապրիլին ԱԺ-ում նա հայտարարել էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», այնուհետև 2022 թվականի հոկտեմբերին ՔՊ համագումարում էր Փաշինյանը հասկացրել, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, և հետո 2023 թվականի դեկտեմբերին էր նման միտք արտահայտել, որ «երբ որ թեկուզ ասում են, որ ԼՂ այդ պահին գործող իշխանությունները լուծարեցին ԼՂ-ն, իրականում այս գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»:
Այսինքն, ինչպես մի առիթով գրել էինք, 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», միանգամայն տեղավորվում էր ծրագրված պատերազմի մեջ, և Փաշինյանն ենթագիտակցորեն Արցախը միշտ էլ համարել է ոչ հայկական:
Ավելին, 2020 հոկտեմբերի սկզբին, երբ դեռ պատերազմ էր գնում, Ալիևը ստիպված էր ինչ-ինչ գաղտնազերծումներ անել՝ հաստատելով մեր վերոնշյալ պնդումը:
«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»,- մանրամասնել էր Ալիևը:
Նշենք, որ 2018 թվականի սեպտեմբերին էր Դուշանբեում Իլհամ Ալիևը Փաշինյանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել: Եվ ոչինչ, որ Փաշինյանն առաջ էր ընկել և նախքան պատերազմը ձայնագրված Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վստահեցրել, որ ոչ թե ինքն է Ալիևին խնդրել, այլ Ալիևն է իրեն խնդրել ձեռնպահ մնալ Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին խոսելուց:
«Դուշանբեի համաձայնության կետերը ինքս եմ ձեռքով գրել բլոկնոտում, մենք դրանք քննարկել ենք և արձանագրել, որ եկանք համաձայնության: Ես գոհ եմ այդ համաձայնությունից, որովհետև արդյունքում խնայվեցին հայ զինվորների կյանքեր»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «Ալիևը այդ ժամանակաշրջանում ոչ թե Արցախի հարցով էր մտահոգված, այլ, որ հեղափոխական ալիքը Ադրբեջան չհասնի, և, որ Արցախի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե ազգային շահերի հարց է, այլ սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու»,- նշել էր նա՝ մինչև հիմա պահելով Ալիևին տված խոստումը՝ չխոսել Ադրբեջանի ներքին իրավիճակից, չհայտնել կոնֆիդենցիալ տեղեկություններ, որոնք կարող են աշխատել Ալիևի դեմ:
Իսկ 2018 թվականի մայիսին Ստեփանակերտում Փաշինյանն Արցախի հարցի էությունը համարում էր մարդու իրավունքների պաշտպանության խնդիր, այսինքն, եթե դրանք պաշտպանված լինեին կամ պաշտպանվեին…
2019 թվականի մարտին էլ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ավելի քան 3 ժամանոց պաշտոնական հանդիպումը, որից հետո Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը մանրամասներ էր հայտնել՝ դրական գնահատելով Ալիևի հետ հանդիպումը:
«Մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե՝ լավ, հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում:
Սկսվել է խոսակցություն, և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ, և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է, և կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը…»,- հայտարարել էր Փաշինյանը:
Այս շարքը կարելի է շարունակել, բայց հիմա այստեղ կանգ կառնենք, հատկապես որ, ոչ մեկ անգամ մանրամասն ներկայացրել ենք իշխանափոխությունից հետո Փաշինյանի՝ Արցախի հարցին և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների խրոնոլոգիան։
Մեր նպատակը տվյալ դեպքում՝ հերթական անգամ ցույց տալն է, որ 44-օրյա պատերազմը ծրագրված էր, և դրա մասին սկսել է վաղուց ցուցմունքներ տալ Փաշինյանը:
Մնացածը իրավապահ մարմինների տիրույթում է՝պարզելու, թե նրա արարքն ինչ հոդվածի տակ է տեղավորվում՝ պետական դավաճանությա՞ն, տարածքային ամբողջականության դեմ հանցագործության հե՞տ գործ ունենք, թե՞… 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը գործել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, որքան էլ նա հայտարարի, թե ոչ մի միլիմետր չի հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքից:
Եվ հետո Փաշինյանը խոստովանում է, որ ինքը որպես պետական գործիչ, երկրի ղեկավար՝ ձախողել է, ինչը կործանարար հետևանքների է հանգեցրել, և սա էլ է ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն օրենքի առաջ:
Փաշինյանն է «հանձնել» արցախցի գեներալներին Բաքվին
Բնականաբար, Փաշինյանի հայտարարությունները միայն ինքնախոստովանական ցուցմունքով չեն ավարտվել. նա հերթական անգամ չի անտեսել գեներալիտետին: Նա գեներալների, բանակի, զինվորականության հասցեին մեղադրական որակումներ հաճախ է իրեն թույլ տվել 44-օրյա պատերազմից հետո: Բայց տվյալ դեպքում նա հիշել է արցախցի գեներալներին, Բաքվում պահվող Արցախի քաղաքական և ռազմական էլիտային:
«Ասում եմ՝ վախկոտ դասալիքները, բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում և երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում, և դա ՀՀ արժանապատվության հարցն է։ Վախկոտ դասալիքներ,- ոչ ադեկվատ և ձայնի ողջ ուժով հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ դրանից առաջ նշելով,- Ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրգում՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է և մինչև վերջ կանգնելու է, և ոչ մի բան չենք զիջելու։ Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգահարում էին ինձ ու ասում՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք»:
Տպավորություն է, որ Արցախի քաղաքական և ռազմական էլիտայի՝ Բաքվի բանտում հայտնվելը տեղավորվում էր նաև Փաշինյանի պլանների մեջ:
Իսկ 168.am-ը դեռ մեկ տարի առաջ էր գրել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերից Փաշինյանի հայտարարությունները «ղարաբաղցի գեներալների» մասին հեռահար նպատակներ էին հետապնդում: Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ ՌԲԿ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, հրապարակայնացնելով ընթացքի մեջ գտնվող ռազմական հայտնի օպերացիան, հայտարարել էր.
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։ Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:
Հարցին՝ տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին, Փաշինյանը պատասխանել էր.
«Այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի»:
ՌԲԿ-ի դիտարկմանը ՝ «մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում», ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված, բայց այդ հանգամանքը պարբերաբար շահարկող գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը նշել էր.
«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»:
Հակադարձմանը՝ «այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա», Փաշինյանն արձագանքել էր.
«Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»:
Այսինքն, գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն գաղտնազերծել էր ընթացքի մեջ գտնվող հայկական զինուժի ռազմական պլանները, որից գուցե և օգտվել է թշնամին, այլև ամբողջ այդ օպերացիայի մշակման, իրականացման, հնարավոր ձախողման ամբողջ պատասխանատվությունը դրել է «ղարաբաղցի գեներալների» և ՊԲ-ի վրա: Հետո արդեն նաև Արցախի ՊԲ-ի և արցախցի գեներալների վրա դրվեց ՊԲ-ն կազմաքանդելու պատասխանատվությունը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգահարում էին ինձ ու ասում՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք»:
Այստեղից հարց՝ Փաշինյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, հադրութեցի գեներալ Էդվարդ Ասրյանը կարո՞ղ են համարձակ հայտարարել և փաստացի ապացուցել՝ ԶՈՒ կիրառման պլանով ՊԲ-ին վերջին գործողությունների ժամանակ չպիտի՞ աջակցեին։
Ինչ վերաբերում է ՊԲ սպառազինության կորստին, հանձնմանը, որի մասին Փաշինյանը և նրա թիմը ժամանակ առ ժամանակ հիշում են, ապա մենք էլ մեր հերթին հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես հայտարարել էր Ալիևը, 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք են ոչնչացրել կամ որպես ռազմավար տարել: Սրա պատասխանատուն ո՞վ է, գերագույն հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է, չէ՞, եղել:
Վերադառնանք Ադրբեջանի բանտում պահվող Արցախի ռազմական և քաղաքական էլիտային և տվյալ դեպքում հիշեցնենք, որ այնտեղ են գեներալներ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը՝ 2-3 պատերազմի մասնակից, որոնց բանակում չծառայած, լարված իրավիճակներում բունկերներում թաքնվող, արկը՝ ականից, զենքը՝ զինամթերքից չտարբերող Փաշինյանը համարում է «վախկոտ դասալիք»:
Չմոռանանք, որ իշխանափոխությունից ամիսներ հետո Լևոն Մնացականյանին Փաշինյանի հրահանգով ազատեցին ՊԲ հրամանատարի պաշտոնից, իսկ Դավիթ Մանուկյանին ՀՀ ԶՈՒ-երից տեղափոխեցին ՊԲ, և 2019-ին Աննա Հակոբյանը ձգտում էր նկարվել գեներալ Մանուկյանի հետ, ում ամուսինը դասալիք է անվանում, բայց հետո գեներալ Մանուկյանը դարձավ Հադրութ հանձնող:
Փաշինյանը հիշել է արցախցի գեներալների և ռազմաքաղաքական ղեկավարների կենացները, բայց մոռանում է, որ ինքն էր սիրով նրանց հետ սեղան նստում, որ 2 տարի որդուն ապահով պահել են Արցախում, հետո նաև պատերազմի ժամանակ, որը նախ՝ ոչ հրապարակավ, հետո՝ հրապարակավ Փաշինյանը հռչակեց Ադրբեջանի մաս:
Հետաքրքիր է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության գործում զինվորական ծառայություն անցած Աշոտ Փաշինյանը հետաքրքրություն չի ցուցաբերել: Ինչևէ։
Իսկ հիմա հետաքրքիր է՝ ՀՀ ԶՈՒ-երում պաշտոններ զբաղեցնող՝ արմատներով Արցախից գեներալների՞ն էլ է Փաշինյանը համարում դասալիք, այն, որ մի օր կհամարի, չենք կասկածում:
Մյուս կողմից, նկատենք, որ այստեղ զուտ անձերի խնդիր չէ, այստեղ բանակի, սպայի, զինվորի բարոյահոգեբանությանը վնասելու հարց է, երբ առանց այն էլ բանակը բարոյահոգեբանական առումով պատերազմից 4 տարի անց վերականգնման խնդիր ունի: Այստեղ նաև սեփական թիմակցին վատ դրության մեջ դնելու խնդիր կա, սակայն Փաշինյանին, թերևս, չի հետաքրքրում, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամեն օր արցախցի և ոչ արցախցի գեներալներին, զինվորականներին պիտի տեսնի, և իր նման ոչ ադեկվատ հայտարարությունները և վարքն առնվազն հոգեբանորեն կարող են դժվարություններ ստեղծել:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը վնասում է նաև յուրայինին, որոնք առնվազն փորձում են քաղաքական այս զարգացումների և լարվածության օրերին չեզոքություն պահպանել, չտրվել պատասխանելու գայթակղություններին, որն իրենից պահանջում են:
Այս համատեքստում հարկ է նկատել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ չէր գնացել ԱԺ հարցուպատասխանին, որտեղ յուրայինները հաստատ չէին խնայելու և Փաշինյանի ցուցումով պարզաբանում էին «պահանջելու»՝ Բագրատ Սրբազանին պատգամավոր դառնալու առաջարկ փոխանցել-չփոխանցելու հետ կապված… Չեզոքությունը ևս խոսուն վերաբերմունք է…