Սեպտեմբերից դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
- ճանապարհային երթևեկության կանոնները,
- ճանապարհային նշանները և գծանշումները,
- լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
- հետիոտնի և ուղևորի վարքականոնները,
- ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
- վարորդական գործնական հմտություններ և այլն։
Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։



