Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և ՔՊ ներսում «5-րդ շարասյան» փետրվարյան փնտրտուքը

Արցախում ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողություններից, ՊԲ կազմաքանդումից և հայկական երկրորդ պետության հայաթափումից հետո իշխանական պատգամավորները, իշխանամերձ փորձագետներն իրար հերթ չտալով՝ դրանում մեղադրում էին միայն Արցախի վերջին իշխանություններին՝ հղում անելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունից տարածված՝ Արցախի պետական ինստիտուտների լուծարման մասին հայտարարությանը:

168.am-ն այս հարցին անդրադարձել էր մի քանի հոդվածներով, թե ով է իրականում ստորագրել ՊԲ կազմալուծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տակ, ով է Արցախի՝ որպես հայկական պետություն, գոյության դադարեցմանը համաձայնել, և ով ու ինչ հիմքեր է ստեղծել, որ հետագայում 44-օրյա պատերազմում պարտության և ՊԲ կազմաքանդման համար մեղադրեն ՊԲ-ին և «ղարաբաղցի գեներալներին»։ 

Դեկտեմբերի 9-ին Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատել է մեր այս պնդումը և «գցել» իր կուսակիցներին, իհարկե, դարձյալ հիշել է նախկիններին, բայցև հաստատել է՝ Արցախի վերջին իշխանությունները չէ, որ 7-10 օրում Արցախի պետական ինստիտուտները տարել են լուծարման:

«Կարող եմ հիմա ավելի ազատ խոսել, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երբ որ թեկուզ ասում են, որ ԼՂ այդ պահին գործող իշխանությունները լուծարեցին ԼՂ-ն, իրականում այս գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- հայտարարել է Փաշինյանը: Այսինքն, ըստ նրա, Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն անխուսափելի էր:

Կարդացեք նաև

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Արցախի վերջին իշխանություններից հանրապետության լուծարման մեղքը վերցրեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Արցախի հայաթափման կամ Արցախում ադրբեջանական գործողությունների պատասխանատվությունն ուղիղ և հստակ դրեցին հենց իր և Հայաստանի վրա:

Իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պնդել է, թե բանակցային բարդ գործընթացի՝ վերևում նկարագրված իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր, այլն Արցախի Հանրապետության գոյության բացառումը:

Նա, բնականաբար, չի հիշել, որ իր նշած 2016-ին Ադրբեջանի նախագահը նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել էր՝ «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»:

Նիկոլ Փաշինյանը չի խոսել նաև այն մասին, որ նախկին իշխանությունների օրոք Արցախի կարգավիճակի հարցը կամ ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չի եղել, որ բացառվել է միակողմանի զիջումը, և խոսքը միայն փոխզիջման մասին է եղել, թեպետ կամա թե ակամա ընդունել է, որ 30 տարի ՀՀ ռեսուրսները ծախսվել են հանուն Արցախի Հանրապետության ստեղծման և կայացման:

Բայց Փաշինյանը մոռացել է, թե ինչպես էր իշխանափոխությունից հետո հայտարարում, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը շարունակելու է կամ սկսելու է իր կետից, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն իր համար ընդունելի չէ, և այն անգամ չի կարող քննարկման առարկա լինել: Այլ հարց է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում, դրանից հետո և մինչև այսօր Նիկոլ Փաշինյանը տարածքներ է տալիս պատերազմ խոստացող խաղաղության դիմաց: 168.am-ն այս թեմային մանրամասն անդրադարձել է։ 

Մյուս կողմից, Փաշինյանը, ըստ էության, խոստովանել է, որ գիտակցված խաբել է բոլորին՝ Արցախի, ՀՀ-ի ժողովրդին, իր ընտրողներին, կուսակիցներին, երբ 2019-ին հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ խոսել է Արցախի ինքնորոշումից, բանակցային սեղան վերադառնալուց, «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրագործման ապագայից և հնարավորությունից, երբ ինչ-որ ժամանակ Արցախի անվտանգության երաշխավոր է հռչակել Հայաստանին՝ կուսակցական և ոչ կուսակցական փաստաթղթերում: Խաբել է՝ այդ պահին հանրության շրջանում առկա զգացմունքային ֆոնից օգտվելով, այն շահադիտական նպատակներով օգտագործելով հանուն սեփական քաղաքական ծրագրերի և գործարքների:

«Մեր` իշխանության հասնելու պահին մեր արձանագրումը պիտի լիներ այն, որ ըստ էության, այդ էմոցիոնալ ընկալման իրագործումը (Արցախը պահպանելու։- խմբ.) անհնար է: Մենք մեղավոր ենք, որ սրա մասին չենք խոսել մեր ժողովրդի հետ: Խնդիրն այն է, որ ես ինքս էդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով: Ես հասկացել եմ, որ էմոցիան և ռոմանտիզմը մի բան են, իրականությունն ու պրագմատիզմը` այլ բան: Բայց այդ խոսակցությունը բացելը նշանակում էր՝ ասել, որ՝ գիտե՞ք ինչ, 30 տարի ժամանակ ենք վատնել և ռեսուրսները ծախսել ենք մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի է, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերով», – Իջևանում ասել է Փաշինյանը՝ նորից հիշելով 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը:

«Միջազգային հանրությունը Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով, ըստ էության, մեզ ասել է, որ ԼՂ ինքնորոշման իրավունքի ձեր բարձրագույն նշաձողը կարող է լինել ինքնավար կարգավիճակն Ադրբեջանի կազմում: Սա 1996-ի դեկտեմբերին Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունված փաստաթուղթն է: Եվ մենք գնացել ենք այս տրամաբանության հետևից: Մեր մեծագույն մեղավորությունը և սխալն այն է, որ մենք այս թեմաներով քիչ-քիչ մեր ժողովրդի հետ սկսել ենք խոսել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո»,- շարունակել է Փաշինյանը, ով Լիսաբոնի գագաթնաժողովին առաջին անգամ չէ, որ հղում է անում:

Հավելենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նման մի հայտարարությանն արձագանքել էր՝ ասելով.

«1996 թվականին Հայաստանն այնքան ուժեղ էր, որ հակառակվելով աշխարհի մեծերին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, միայնակ վետո էր դրել ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ ցանկալի կարգավորման տարբերակի նկատմամբ, դրա համար չվճարելով որևէ դիվանագիտական գին: Միայն այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը այդ ժամանակ գտնվում էր իր անկախության և ինքնիշխանության գագաթնակետում:

Շնորհիվ այդ վետոյի և Հայաստանի այն սկզբունքային և հետևողական դիրքորոշմանը, որ Հայաստանն անընդունելի էր համարում որևէ լուծում, որը կսահմաներ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, Հայաստանն ի վերջո հասավ նրան, որ 1997 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահներ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան հակամարտող կողմերին ներկայացրեցին կարգավորման փուլային տարբերակը, որը Ադրբեջանի և Հայաստանի հետ իրավահավասար կարգավիճակով պետք է ստորագրեր նաև Լեռնային Ղարաբաղը, ընդորում, լուծումը չէր նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության որևէ հիշատակում:

-Աշխարհը, ըստ էության, ընդունել էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, ինչպես նաև Հայաստանն ու Ղարաբաղը կապող տարածքների վրա հայկական վերահսկողությունը՝ պահանջելով միայն, որ Ադրբեջանին հետ վերադարձվեն Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքները:

Նման մի փաստաթուղթ դրված էր համանախագահների կողմից նաև Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019-2020 թվականներին, սակայն նա կտրականապես մերժեց անգամ այդ փաստաթղթի քննարկումը՝ ներքաշելով մեզ կործանարար պատերազմի մեջ:

Համադրելով այս բոլոր փաստերը, նորից գալիս ենք արդեն վաղուց ամրապնդված մի եզրակացությանը: Նիկոլ Փաշինյանն այսուհետև զբաղված է միայն մեկ գործով`իր վրայից մաքրել Արցախի կորստի և Հայաստանի անկախության վտանգման համար իր մեղավորությունը և պատասխանատվությունը:

Եթե դրա համար պետք է կեղծել պատմական ճշմարտությունը, Նիկոլ Փաշինյանը մեկ վայրկյան անգամ չի վարանելու, որովհետև սեփական փրկության համար նա պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք, այդ թվում` նախորդ սերունդների հերոսական հաղթանակները»:

Ինչ վերաբերում է հարցին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո է Փաշինյանը սկսել աստիճանաբար բացել ժողովրդի աչքերը, ապա 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ 2020 թվականի փետրվարին Փաշինյանի մյունխենյան միկրոհեղափոխությունը վտանգելու է Արցախի ինքնորոշման ապագան և անվտանգությունը, որ 2020 թվականի փետրվարին Մյունխենում Արցախն արդեն անվտանգության երաշխավոր չուներ՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության:

Իսկ 2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակել է խաբել ժողովրդին, իր ընտրողներին, այն դեպքում, երբ 2021 թվականի հունվարին «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում գրել էր.

«Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն, և նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ և ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը: Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք ըստ էության ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը»:

Թե որ պահից ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եկան այն եզրակացության, որ Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին այնքան էլ ձեռնտու չէ դրա մեջ խորանալը կամ մանրամասների մեջ մտնելը:

Սակայն փաստ է, որ Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանի տեսակետների հրապարակային ռևոլյուցիան կամ էվոլյուցիան տեղի է ունեցել ըստ նախապես մշակված ծրագրի, որտեղ գուցե եղել է նաև թուրք-ադրբեջանական ազդեցություն: Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե եղել է այն գաղափարին, որ «Արցախն Ադրբեջան է, և վերջ», պարզապես, ինչպես նշեցինք, այդ մասին չի բարձրաձայնել՝ բարենպաստ էմոցիոնալ ֆոն չի եղել:

Եվ հիմա փաստ է նաև, որ ընդդիմության փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է փորձում գրել իր մեղադրական եզրակացությունը՝ տալով, այսպես ասած, ինքնախոստովանական ցուցմունքներ:

Բայց դեկտեմբերի 9-ին Իջևանում ամեն ինչ սրանով չի ավարտվել, Փաշինյանը նաև նախազգուշացումներ է արել իր կուսակիցներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից:

«Այդ պրոցեսի որոշ դրսևորումներ դուք հաստատ կտեսնեք 2024-ին: Մեզ համար խնդիր է, որ առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել, և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանք, որոնք այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկերաբար, անկեղծորեն, առնվազն սկզբնական շրջանում առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու՝ պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ: Մենք կաշխատենք այս ուղղությամբ, բայց գործնական պրոցեսը 2024 թվականի փետրվարից կսկսենք: Իսկ մեր առաքելությունը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը ամրացնելն է կամ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելը՝ որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն»,- զգուշացրել է Փաշինյանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում «դավաճանների կամ 5-րդ շարասյան» փնտրտուք է սկսելու, որովհետև կան մարդիկ, որոնք միայն հանուն իշխանության, բարեկեցիկ կյանքի են անդամագրվել, բայց կան նաև այնպիսիք, որոնք գուցե չեն կիսում Փաշինյանի խաղաղության օրակարգը, կամ դրա հետ կապված մտավախություններ ու հարցեր ունեն: Այսինքն, գտնում են, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգային սահման է հատում, և ՀՀ-ն բնավ էլ ինքնիշխան չի լինելու խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:

Իսկ այն, որ Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալու դեպքում, մի օր նույն բառերը լսելու ենք Հայաստանի Հանրապետության դեպքում, ինչ Արցախի վերաբերյալ Փաշինյանն ասել է դեկտեմբերի 9-ին Իջևանում, ոչ մի կասկած:

Ի դեպ, Փաշինյանը կուսակցության ներսում «մաքրման» գործընթաց է սկսելու 2024-ի փետրվարին, այսինքն, նույն ժամանակ, երբ Ադրբեջանում Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ է անցկացնելու՝ ստուգելու հանրության շրջանում իր լեգիտիմության աստիճանը: Պատահականությո՞ւն է…

Տեսանյութեր

Լրահոս