Գլուխները պատին են տվել էդ վախկոտ դասալիքները. բոլորը պիտի հայտնվեն բանտերում. Փաշինյան
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ բռնի տեղահանված արցախահայերի էթնիկ զտման, Բաքվի բանտերում պատանդների կարգավիճակում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և Արցախի հարցի մասին ինչո՞ւ չի բարձրաձայնում։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է սահմանազատման հնարավոր վատթարագույն, միակողմանի զիջման տարբերակն ընտրել և ինչո՞ւ չի հիմնվել միջազգայնորեն ընդունված հստակ սկզբունքների ու մեթոդների վրա։
Նիկոլ Փաշինյանը պատասխանելուց առաջ նորից անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած հարցերի մեթոդաբանությանը, այսինքն, որ միանգամից մի քանի հարց են ներառում: Այդ պատճառաբանությունից հետո նախընտրեց պատասխանել առաջին հարցին, որը վերաբերում էր Արցախի կապիտուլյացիան թույլ չտալուն։
«Կրկին ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին, որ Լեռնային Ղարաբաղին ՀՀ կառավարությունը թողել է մենակ։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել Լեռնային Ղարաբաղին, և հիմա այդ մարդիկ կապիտուլյացիայից են խոսում։ Ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրգում՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է և մինչև վերջ կանգնելու է և ոչ մի բան չենք զիջելու։ Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգահարում էին ինձ ու ասում՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք»,- ձեռքերը դողացնելով ու թափ տալով օդում՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ապա խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, բարձրաձայն ասաց.
«Ձեր նշած գեներալները 2018-2019 թվականներին գիտե՞ք ինչ կենացներ են խմել իմ ներկայությամբ։ Ընդհանրապես ես սովոր եմ մարդկանց ասածներին լուրջ վերաբերվել»։
Այս խոսքերից հետո իրավիճակը լարվեց, տեղից արձագանքեց Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Գլուխները պատին են տվել, ասում եմ՝ վախկոտ դասալիքները, բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում և երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում, և դա ՀՀ արժանապատվության հարցն է։ Վախկոտ դասալիքներ»,- ամբողջ ձայնի ուժով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և դողդողացող ձեռքերը թափ տալով՝ վերջին բառերը կրկնեց մի քանի անգամ։
Այս ելույթից հետո իրավիճակը խորհրդարանում լարվեց, ընդդիմադիր պատգամավորները հակադարձեցին Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով դավաճան։ ԱԺ նախագահը մի քանի րոպեից 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում