ԶՈՒ կիրառման պլանով պիտի ՊԲ-ին աջակցեին վերջին գործողությունների ժամանակ, և այն չի կատարվե՞լ
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարողականում նշված է, որ հաշվետու տարում մշակվել և հաստատվել են պաշտպանության ոլորտի կարևորագույն մի շարք փաստաթղթեր՝ ԶՈՒ ուժերի 2023-2027թթ. զարգացման պլանը և ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2023-2027թթ. զարգացման պետական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը՝ ծավալման և զորահավաքային պլաններով, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանի մտահղացումը:
168.am-ը մանրամասն ներկայացրել էր պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող 2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները:
Մենք նշել էինք, որ ՀՀ զինված ուժերին և պաշտպանության ոլորտին առնչվող հատվածը բաղկացած է մոտ 3 էջից՝ «աղքատ» բովանդակությամբ, և, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է պաշտպանության ոլորտի վերը նշված մի շարք փաստաթղթեր, այն դեպքում, երբ Փաշինյանը, ԱԽ-ն չի կատարել օրենքի պահանջը և չի իրականացրել Պաշտպանական ռազմավարական վերանայում՝ ՊՌՎ:
Մինչդեռ ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է՝ գնահատել ՀՀ պաշտպանական համակարգը առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/: Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով, իսկ այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած 2008թ.-ից:
Հաշվի առնելով, որ 168.am-ը մանրամասն վերլուծություն էր ներկայացրել այս թեմայով, և, որ հատկապես տվյալ դեպքում հիմնական մեր ասելիքը վերաբերելու է ՀՀ ԶՈՒ կիրառման պլանին, ՊՌՎ-ի թեմայով կսահմանափակվենք վերը շարադրվածով:
Ինչ վերաբերում է ԶՈՒ կիրառման պլանին, ԱԺ-ում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մասնավորապես, նշել է.
«Մասնագիտական առումով ԶՈւ կիրառման պլանը դա ամբողջ հայկական բանակի գործունեությունն է ցանկացած իրավիճակում՝ մարտական գործողությունների ժամանակ, պատերազմական գործողությունների ժամանակ: Թղթով հաստատել են, ԱԽ-ում հաստատել են, բայց երբ փակ քննարկմանը ԳՇ պետին ու Պաշտպանության նախարարին հարցնում եմ մի դեպքի մասին, շատ փակագծեր չբացեմ… Հարցնում եմ՝ երբ հարձակում է եղել ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից մեկի վրա՝ ի՞նչ եք արել, ասում են՝ որևէ բան չենք արել այս պլանով, որ լայնածավալ պատերազմ չլինի: Այսինքն, Տավուշի 3-րդ բանակային կորպուսի վրա որ հարձակում լինի, 2-րդ բանակային կորպուսն ասելու է՝ քանի որ լայնածավալ պատերազմ է լինելու, եկեք 3-րդ բանակային կորպուսին մենակ թողնենք: Սա՛ է ամբողջ ԶՈՒ ռազմավարությունը»:
Գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունեցող ընդդիմադիր պատգամավորը, ինչպես միշտ, չի խախտում գաղտնիության սկզբունքի պահանջը, բայց ինչ-ինչ բաց փաստերից ելնելով, թերևս, մենք կարող ենք որոշակի ենթադրություններ անել: Մասնավորապես, 2023 թվականի հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ առաջ ընկնելով ավելի ուշ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից, հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու Արցախի դեմ հնարավոր հարձակման դեպքում:
«ՀՀ Զինված ուժերի գործառույթը ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելն է: Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ»,- շեշտել էր Փաշինյանը:
Լրագրողների հակադարձմանը, որ այդ սահմանադրությունը մինչև 44-օրյա պատերազմն էլ կար, բայց մեր զինված ուժերն Արցախում մասնակցում էին ռազմական գործողություններին, Փաշինյանը, ըստ էության, չէր հերքել:
«Այո, բայց մենք նոր պատերազմ չենք ուզում, ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ»,- շեշտել էր նա:
Չմոռանանք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծվել էր Արցախի տարածքում, և ՀՀ իշխանություններն անմիջապես ռազմական դրություն հայտարարեցին ՀՀ-ում, իսկ համապատասխան որոշման մեջ որպես հիմք նշվում էր՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ: Բնականաբար, նաև զորահավաք էր հայտարարվել՝ սկզբում՝ համընդհանուր, հետո որոշվել էր՝ մասնակի: Սա՝ առաջին:
Երկրորդ, 2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:
Երրորդ, ՀՀ-ում քրեական գործեր կան ՀՀ ԶՈւ զինծառայողների նկատմամբ, որոնք, օրինակ, հրաժարվել են մեկնել Արցախ 44-օրյա պատերազմի ժամանակ:
Այս ամենը և այն փաստը, որ ՊԲ-ն միայնակ է մնացել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական, ցեղասպանական գործողությունների ժամանակ, կարո՞ղ ենք ենթադրել, որ 2023 թվականի ԶՈՒ կիրառման պլանում ՊԲ-ն դիտարկվել է՝ որպես ՀՀ ԶՈւ զորամիավորում, և 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական գործողությունների ժամանակ, ըստ էության, չի կատարվել ԶՈւ կիրառման պլանի պահանջը:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ կիրառման և ծավալման պլանների հետ կապված էլ բազմաթիվ հարցեր կան՝ գործի դրվե՞լ է ԶՈՒ ծավալման պլանը, ե՞րբ, ի՞նչ չափով, զորքերի կիրառման ի՞նչ հաջորդականություն է եղել, այսինքն՝ ով, երբ, որտեղ և ինչպես, կամ, առհասարակ, որքանո՞վ է այն եղել կիրառելի, եթե գործի է դրվել:
Ի դեպ, 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ «տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախը ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել»։
Ի պատասխան՝ նա ասել էր.
«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»:
Այսինքն, Փաշինյանը դեռ այն ժամանակ խոստովանել է՝ ՀՀ զինված ուժերի՝ Արցախի ՊԲ-ին աջակցելն ըստ քաղաքական հարմարության է եղել, և ոչինչ, որ Քննիչ հանձնաժողովում զորքի պաշտպանության անցնել-չանցնելու պատասխանատվությունը դրել էր ԳՇ-ի և նրա ղեկավարության վրա:
Մասնավորապես, 2023 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հունիսին Նիկոլ Փաշինյանը պատերազմի հավանականության մասին տեղեկություն ունենալու հարցին ի պատասխան, հայտնել էր, որ 2020թ․ հուլիսին ՊՆ ողջ հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել, և, որ որպես քաղաքական ղեկավար՝ իր համար որոշակի խնդիր է եղել՝ բանակին կոնկրետ գործողություն անելու հրահանգ տա՞, թե՞ ոչ:
«Որովհետև եթե ես հրահանգ տամ, դա կարող է դառնալ այն կանխատեսված սադրիչ գործողությունը, որի արդյունքում պատերազմ կբռնկվի, բայց իմ քաղաքական հրահանգը եղել է՝ լինել իրավիճակին համարժեք: Եվ իմ հրահանգը եղել է սա՝ երբ այդ ինդիկատորներն ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի: Ես ասել եմ, որ նույնիսկ դրա համար առանձին քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտություն չկա, որովհետև այդ ինդիկատորը կարող է ի հայտ գալ կեսգիշերն անց, և մինչև 1-2 զեկույց, քննարկում, բանը բանից կարող է անցնել»,- շեշտել էր Փաշինյանը:
Որքանո՞վ է 44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ կիրառման, ԶՈՒ ծավալման պլանը գործի դրվել, ի՞նչ հրամաններ են եղել ԳՇ-ից, կամ ի՞նչ չափով են այս թեմաները շեշտադրվել Քննիչ հանձնաժողովի աշխատանքների համատեքստում՝ չենք կարող ասել, թեպետ սրանք առանցքային հարցեր են պատերազմի ելքի համատեքստում:
Պակաս կարևոր չէ նաև Արցախում ԶՈՒ կիրառման պլանի անտեսումը՝ պատերազմից խուսափելու պատրվակով, հատկապես, երբ մեր «անգործությունը» մեզ չի ապահովագրել ՀՀ-ի դեմ նոր հարձակումից, և հիմա նժարին արդեն ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի ճակատագիրն է, իսկ ավելի գլոբալ՝ ՀՀ-ի լինել-չլինելու, և Նիկոլ Փաշինյանը կրկին փորձում է իր ձևով կանխել պատերազմը՝ լավ իմանալով, որ դա անհնար է: