ԱՄՆ ԿՀՎ-ն հենց այս պահին խաղեր է խաղում Հայաստանում… Ես զանգահարեցի Սպիտակ տուն. Ջեֆրի Սաքս

Ամերիկացիներն ու մասնավորապես ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (կամ գործակալությունը)՝ ԿՀՎ-ն, հենց այս պահին խաղեր են խաղում Հայաստանում և Հարավային Կովկասում։ Այսպիսի ուշագրավ հայտարարություն է արել ամերիկացի հեղինակավոր միջազգայնագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, միջազգային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Սաքսը՝ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում խոսելով դեպի Արևելյան Եվրոպա և Հարավային Կովկասի տարածաշրջան ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայի շուրջ։

Հարցազրույցի ընթացքում Ջեֆրի Սաքսը պատմել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված իր երկրորդ բաց նամակի մասին՝ հիշեցնելով, որ Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում Եվրոպայում հակամարտության կարգավորման և անվտանգության համար։ Սաքսը նշել է, որ այժմ վիճակն ավելի վատ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցի շուրջ։

«Եթե պարզ ասեմ, ապա այժմ վիճակն ավելի վատ է, քան կես տարի առաջ էր։ Ես գրեցի այս նամակը, քանի որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, ոչ թե որ ես ինչ-որ մեծ հույսեր ունեմ, որ ականջալուր կլինեն իմ խոսքերին, այլ, որովհետև այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում, և ընդգծելով նամակի հիմնական միտքը՝ ես խոսում եմ ոչ թե պարզապես այն մասին, որ դիվանագիտությունը ճիշտ ճանապարհն է, ես խոսում եմ այն մասին, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում, և մինչ ինչ-որ մեկը հապճեպ եզրակացություններ կանի, պարզաբանեմ, որ նկատի ունեմ պատասխանատվությունը՝ սկսած 1990 թվականից։ Ես խոսում եմ կոնկրետ իրադարձությունների մասին, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում»,- պարզաբանել է պրոֆեսորը։

Ջեֆրի Սաքսը պատմել է, որ իր առաջին բաց նամակի գրելու պահին իրավիճակն Ուկրաինայի շուրջ կրկին խիստ մտահոգիչ էր, քանի որ ռազմատենչ հռետորաբանությունը  Եվրամիության երկրների և Ռուսաստանի միջև գնալով աճում էր՝ առաջացնելով նոր էսկալացիայի վտանգ։

Կարդացեք նաև

Հեղինակավոր գիտնականն ընդգծում է, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի Եվրոպայում անվտանգության համար՝ որպես Եվրոպայի ամենահզոր պետությունն ու ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրը։ Սաքսի խոսքով՝ Գերմանիան Սառը պատերազմի ավարտից և Խորհրդային Միության փլուզումից հետո ստանձնել է պատմական լուրջ պարտավորություններ՝ կապված այն խնդիրների հետ, որոնց այսօր բախվում է աշխարհը։

Նա նաև անդրադարձել է մերձբալթյան օդային տարածքում տեղի ունեցող իրադարձություններին, Բալթյան երկրների ու Ռուսաստանի միջև լարվածության աճին, մասնավորապես՝ Կալինինգրադին հարված հասցնելու կամ Ռուսաստանի դեմ անօդաչուների հարձակումների համար պլացդարմ դառնալու հնարավորության մասին Բալթյան երկրների հայտարարություններին՝ նշելով, որ նման վարքագիծը պարզապես անընդունելի է միջուկային դարաշրջանում։ Այս համատեքստում Ջեֆրի Սաքսը կարևորում է Ռուսաստանի հետ ընդունելի բանակցող գտնելու հարցը։

«Սա աներևակայելիորեն անպատասխանատու վարքագիծ է։ Սրանով ամբողջությամբ անտեսվում է Ձեր, իմ և ամբողջ աշխարհի մարդկանց կյանքը։ Ես հիմնական պատասխանատվությունը դնում եմ Եվրոպայի վրա, որը ոչ մի հետաքրքրություն չցուցաբերեց և որևէ ունակություն չդրսևորեց վարելու դիվանագիտություն՝ բացի Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից դժգոհելուց, թե ինչու մենք այնտեղ չենք, կարծես 450 մլն բնակչությունից կազմված միությունը չի կարող հավաքվել և գտնել մեկին, որը կարող է բանակցել Ռուսաստանի հետ»,- ասել է Ջեֆրի Սաքսը։

Վերադառնալով Գերմանիայի պատասխանատվության հարցին՝ պրոֆեսորը նշել է, որ Գերմանիան սկզբունքորեն խախտել է իր վերամիավորման պայմանները։ Նա հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով դաշնակից պետությունների հետ միասին Գերմանիան օկուպացրած Խորհրդային Միությունը հավանություն է տվել Գերմանիայի վերամիավորմանն այն պայմանով, որ Գերմանիան և ընդհանուր առմամբ ամբողջ Արևմուտքը չեն օգտվելու այդ վերամիավորումից՝ ՆԱՏՕ-ն դեպի Արևելք ընդլայնելու նպատակով։

«Գերմանիան առավելություն է ստացել Ռուսաստանի նկատմամբ՝ 1990 թվականից սկսած, երբ տեղի ունեցավ չեզոքության սկզբունքի և ՆԱՏՕ-ի՝ չընդլայնվելու խոստման վրա հիմնված վերամիավորումը, բայց հետո Գերմանիան նորից ու կրկին խախտել է ոչ միայն այդ խոստումը, այլև բազմաթիվ այլ ստանձնած պարտավորություններ, ուստի որպես Գերմանիայի կանցլեր՝ Մերցը պարտավոր է հասկանալ դա և գործել, քանի դեռ Եվրոպան չի ներքաշվել նոր պատերազմի մեջ»,- նշել է Սաքսը։

ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ընդլայնվելու հարցի հետ կապված՝ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը հետ է գնում մինչև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներ՝ նշելով, որ դեռևս 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքը խոսք է տվել ընդլայնվել Ուկրաինայի և Վրաստանի հաշվին, և այդ գագաթնաժողովին Ջորջ Բուշ կրտսերն ակտիվորեն առաջ է մղել այդ գաղափարը՝ փոխնախագահ Դիք Չեյնիի գլխավորությամբ նեոպահպանողականներից կազմված իր թիմի ազդեցությամբ։

«Կանցլեր Մերկելը մանրամասնորեն գրել է այդ մասին և նշել է, որ շատ լավ հասկանում էր, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի Ուկրաինա տարածվելու վերաբերյալ ժամկետներ սահմանելու խոստումը փաստացի հավասարազոր է Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն։ Հենց այդպես դա կընդունեն Մոսկվայում, և նա գագաթնաժողովի առաջին իսկ օրը հրաժարվեց աջակցել այդ գաղափարին, սակայն հետո ամերիկացիներն, այնուամենայնիվ, համոզեցին նրան, և երկրորդ օրը հստակ հայտարարվեց ՆԱՏՕ-ի ընդլայնման մտադրության մասին։ Պետք է գիտակցել թույլ տրված բոլոր սխալները և գտնել այս պատերազմին վերջ տալու բանաձևը, որը պետք է հիմնված լինի Ուկրաինայի չեզոքության վրա։ Արևմուտքը պետք է հասկանա դա, այլապես պատերազմ կլինի Եվրոպայում… Գերմանիան և Միացյալ Նահանգները խաբեցին [Ռուսաստանին], և իմ կարծիքով՝ սա է այն հիմնական պատճառը, թե ինչու է լարվածությունն աճել ավելի քան 30 տարվա ընթացքում»,- պատմել է պրոֆեսորը։

Առավել ուշագրավ է Ջեֆրի Սաքսի անդրադարձը ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայի համատեքստում Հարավային Կովկասի տարածաշրջանին և Հայաստանի հիշատակումը։ Ջեֆրի Սաքսը հիշատակել է ռուս-ուկրաինական պատերազմին նախորդած իրադարձությունները 2021 թ. դեկտեմբերին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ իր մեկնաբանության, վերջին փորձն է արել կանխելու նոր էսկալացիան Ուկրաինայի շուրջ։

Ըստ Ջեֆրի Սաքսի՝ Պուտինի առաջարկած համաձայնության նախագծում միանշանակորեն հիմնարար ու ճիշտ էր այն, որ Միացյալ Նահանգները դեռ այն ժամանակ հայտարարեր, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվելու դեպի Ուկրաինա, առավել ևս՝ դեպի Հարավային Կովկասի տարածաշրջան, որը, պրոֆեսորի խոսքով՝ մինչ օրս գտնվում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական գործակալության (Հայաստանում առավել հայտնի է ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչություն) կամ ռուսերեն՝ «ЦРУ» հապավումներով) և Միացյալ Նահանգների հետաքրքրությունների դաշտում։

«Միացյալ Նահանգները դեռ այն ժամանակ պետք է հայտարարեր, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվելու դեպի Ուկրաինա, առավել ևս՝ դեպի Հարավային Կովկասի տարածաշրջան, որը, ի դեպ, մինչ օրս մնում է ԿՀՎ-ի և Միացյալ Նահանգների հետաքրքրությունների դաշտում։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, նրանք իրենց խաղերն են խաղում Հայաստանում, նրանք խաղեր են խաղում Հարավային Կովկասում, բայց չշեղվեմ,- նշել է Սաքսը և շարունակել,- Ես զանգահարեցի Սպիտակ տուն և խոսեցի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Դա, թերևս, ամենասյուրռեալիստական խոսակցությունն էր, որ կարելի է ընդհանրապես պատկերացնել։ Մենք խոսեցինք մի ամբողջ ժամ՝ մանրամասն, ըստ էության։ Ես ասացի. «Ջե՛յք, համաձայնիր գործարքին, ասա, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի»։ Իսկ նա պատասխանեց. «Ջե՛ֆ, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ուկրաինա»»։

Ջեֆրի Սաքսը պատմել է, որ ըստ ԱՄՆ նախորդ նախաջահ Ջո Բայդենի խորհրդականի՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է եղել, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ուկրաինա, սակայն իրենք չեն կարող հրապարակայնորեն ասել այդ մասին։ Սալիվանը նաև հավաստիացրել է, որ պատերազմ չի լինի, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի կանխատեսումները սխալ դուրս եկան։

Ջեֆրի Սաքսը նաև հավելել է, որ միշտ հարգել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին, սակայն, մեղմ ասած՝ տարօրինակ է համարում Մերկելի այն հայտարարությունը, երբ ասել էր, թե հույս ունի, որ այս պատերազմը չի շարունակվի ևս 10 տարի, փոխանակ ասեր. «Աստված իմ, այս պատերազմը կարող է շարունակվել ևս 10 շաբաթ։ Դա սարսափելի է»։

«Մի՞թե եվրոպական հոգեբանությունն այնքան է խեղաթյուրվել, որ պատերազմն ինչ-որ սովորական բան է դարձել։ Սա ի՞նչ մտածողություն է։ Փոխանակ ասեր. «Աստված իմ, այս պատերազմը կարող է շարունակվել ևս 10 շաբաթ։ Դա սարսափելի է, մենք պետք է մի բան անենք», նա ասում է. «Հույս ունեմ, որ այս պատերազմը չի շարունակվի ևս 10 տարի»։ Հուսով եմ՝ ես սխալ եմ հասկացել իր այդ մեջբերումը, ես փորձում էի հասկանալ դրա ճշգրիտ իմաստը, բայց ինչ էլ որ լինի, դա շատ խղճահարույց հայտարարություն էր»,- ասել է Ջեֆրի Սաքսը։

Համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսորը, որը նաև եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը, պատմել է եվրոպական առաջնորդների հետ իր շփումների մասին՝ նշելով, որ անձամբ ծանոթ է նրանցից շատերին։

Ջեֆրի Սաքսն ակամայից հարց է տալիս, թե ինչպես է ընդհանրապես հնարավոր զարգացած հաղորդակցությունների այս աշխարհում, որ դիվանագիտությունը ձախողվի, և Արևմուտքը կանգնի խոշորագույն միջուկային տերություն Ռուսաստանի հետ բախման վտանգի առաջ. «Այն, ինչ ես հաստատ գիտեմ, մեր կառավարություններն արդեն նստած են բունկերներում, նրանք չեն խոսում հասարակության հետ, նրանք չեն մասնակցում այն հարցերի քննարկմանը, որոնց մասին մենք հիմա խոսում ենք։ Նրանք պարզապես չեն պատասխանում։ Իհարկե, կանցլեր Մերցը չի պատասխանի իմ նամակին՝ դա պարզ է, բայց ընդհանուր առմամբ, նրանք փակվել են և գործում են առանց որևէ պատասխանատվության զգացումի։ Դժվար է հավատալ դրան, չէ՞ որ մենք ունենք ժողովրդավարության բոլոր արտաքին նշանները, հաշվետվողականության պատրանք կա, բայց ես գիտեմ իրերի իրական վիճակը։ Եթե ես զանգահարում եմ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի, որևէ մեկը չի պատասխանում։ Նրանք գիտեն՝ ես ով եմ։ Ես անձամբ ծանոթ եմ այդ մարդկանցից շատերին»։

Ուշագրավ է, որ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի այս հպանցիկ բացահայտումները Հայաստանում ամերիկյան հատուկ ծառայությունների ակտիվության և ԱՄՆ հետաքրքրությունների մասին արվում են Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Հավելենք, որ հարցազրույցի անգլերեն բնօրինակը և ռուսերեն թարգմանությունը հրապարակվել են կիրակի օրը՝ մայիսի 31-ին։

Հիշեցնենք, որ Ջեֆրի Սաքսը Գերմանիայի կանցլերին ուղղված իր առաջին բաց նամակը հրապարակել էր 2025 թ. դեկտեմբերին՝ նշելով, որ եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքն անվտանգության երաշխիքների երկկողմանիությունն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930