Ալիևն ասաց՝ Փաշինյա՛ն, եթե դեմ ես, որ ռուսները վերահսկեն, «դուխով» գլխարկդ դիր գլխիդ ու ասա, որ դեմ ես. Արա Սահակյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այժմ շիկացած կետը Տավուշն է, բայց ոչ մեկը չի կասկածում, որ այդ կետը տեղաշարժվելու է։
  • Արևմուտքն ուզում է ամեն գնով Ռուսաստանի դուրսմղում և Իրանի ազդեցության չեզոքացում Հայաստանում։ Պարզ երևում է, որ Տավուշում սահմանազատումն արևմտյան սցենար է, որովհետև այնպիսի պետություններ են իրենց հայտարարություններով աջակցում այդ գործընթացին, որ մտածում ես՝ Պետդեպից տեքստ է գնում դաշնակից պետություններին, որ հանդես գան նման հայտարարություններով… ՀՀ գործող իշխանությունն այդ աջակցությունն օգտագործում է իրեն ագրեսիվ պաշտպանողներին մոլորության մեջ պահելու համար։ Արևմուտքի ստորությունն այն է, որ նրանք այսքան անմարդկային, անսիրտ ձևով ոչ մի երկրում նման կոնֆլիկտի չէին գնա, բայց Հայաստանի նման փոքր երկրի հանդեպ դա արեցին։ Չկա ոչ մի ակնածանք, խղճմտանք մեր պետության ու հայկական Սփյուռքի նկատմամբ։ 
  • Նիկոլ Փաշինյանի գործողությունների շնորհիվ Ռուսաստանը բարոյական իրավունք ստացավ Հայաստանի հետ նման կերպ վարվել։ Այս իշխանությունն աստվածային ընծա էր Ռուսաստանի համար։ Հայաստանում չկա մի մտածող մարդ, որ չասի՝ այս աղետի մեջ Ռուսաստանն ունի մեծ դերակատարում։ Ռուսաստանն ամեն ջանք գործադրեց՝ իր աջակիցներին կորցնելու համար։ Հայաստանում Ռուսաստանին պաշտպանող մարդիկ նմանվեցին Քաբուլի օդանավակայանից ամերիկյան ինքնաթիռից կախված աֆղանցիներին։
  • Հենց հիմա Արևմուտքն ապտակ է ստանում այն բանի համար, որ այն, ինչ արեց Հայաստանի հետ, փորձեց անել Ռուսաստանի հետ Ուկրաինայում։

Կարդացեք նաև

  • Ալմա Աթայի հռչակագրի տեղը, բացի Հայաստանից, ԽՍՀՄ-ից առանձնացած ոչ մի պետություն չգիտի։ Ռուս-ղազախական սահմանը մինչև հիմա դելիմիտացված չէ, Միջին Ասիայի պետություններն իրար հետ սահմանային խնդիրներ ունեն, բայց որևէ մեկն իր խնդիրները լուծելու համար այդ հռչակագրին հղում չի տվել։ Ես տեղեկություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն առաջին օրվանից ինքն է որոնել մի այնպիսի պատրվակ, որ Ալմա Աթայի հռչակագիրը մեջտեղ բերի ու ամեն ինչ գցի նախկինների վրա։ 

Ճիշտ եք, Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման մասին չէ, այլ հետխորհրդային երկրների ինքնորոշման, անկախանալու իրավունքն է ամրագրվել: Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել էր ԽՍՀՄ քանդվելու պահին հնարավոր արյունալի ցնցումներից խուսափելու համար։ Ի դեպ, այդ հռչակագրում խոսվում է  նաև ազգերի ինքնորոշման իրավունքի, փոքրամասնություն ազգերի իրավունքների մասին, հաղորդակցման ուղիների պահպանման մասին դրույթներ կան, բայց Փաշինյանը վերցրել է միայն այն, ինչ իրեն պետք է։

  • Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք գիշատիչ հարևան։ Նա 100 տարի նույն գազանն է։ Նրա ամբողջ նպատակը եթե ոչ՝ Հայաստան պետության ոչնչացումն է, ապա՝ այն բերել այնպիսի վիճակի, որ իր որևէ ծրագրի չխանգարի։ 
  • Պոպուլիզմը կարող է մուտք գործել նաև այնպիսի տարածքներ, որտեղ, թվում է՝ օրենքից, իրավունքից, տրամաբանությունից զատ, ոչինչ չի կարող տեղ գտնել։ Ալմա Աթայի հռչակագիրը, ասել եմ, կրկնում եմ՝ ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները լուծելու հետ։
  • Ադրբեջանը ոչ մի թիզ հող չի զիջելու։ Փորձելու է իր գրաված տարածքից ավելի շատ հող տանել։
  • 2016–2018թթ․ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իբր 800 հա տարածք Արցախում կորցնելու համար Նիկոլ Փաշինյանն այնքան ողբերգական տեքստեր էր լալահառաչ ասում, որ Սոֆոկլեսը կնախանձեր։ Յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրը 100 հա է, Նիկոլ Փաշինյանի կառավարման այս ընթացքում մենք արդեն Հայաստանից 207 քկմ կորցրել ենք ու շարունակում ենք ամեն օր կորցնել։
  • Կարևորը Ալմաաթիի հռչակագիրը չէր, այլ ԽՍՀՄ փլուզման մասին Բելովեժյան փաստաթղթին կից Արձանագրությունը։ Երբ փաստաթուղթը ստորագրվեց Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի միջև, Ղազախստանի առաջնորդ Նազարբաևը մի ճիչ արձակեց՝ բա մե՞նք…
  • Ղազախստանն ունի ակնկալիք, և այդ ակնկալիքը գալիս-հասնում է Զանգեզուրի միջանցք։ Ղազախստանը գտնվում է  Միջին միջանցքի վրա, Ղազախստանը հետաքրքրված է Միջին միջանցքով, ու նրանց հետաքրքրում է Զանգեզուրով դեպի Թուրքիա ճյուղավորումը։ Եթե Հայաստանում այս իշխանությունը մնա, այդ միջանցքը կկոչվի, օրինակ, Զանգեզուրի տոնածառ, կամ այլ անունով կկոչվի, բայց այդ միջանցքը կստանան։ Պարզ չէ՝ ում վերահսկողության տակ կլինի Զանգեզուրի միջանցքը, բայց հաստատ Հայաստանի վերահսկողության տակ չի լինի։ 

Օրեր առաջ Ալիևը հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը շատ հստակ է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պետք է հարգվի, և Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով։ «Եթե ​​հիմա ինչ-ինչ պատճառներով չեն ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասեն։ Բայց էլի, սա իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը։ Այնպես որ, պարզ է, որ նրանք կկորցնեն տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը,- ասել է նա՝ ավելացնելով,- Ի՞նչ է լինելու վերջում։ Հայաստանը պարտվելու է»։

  • Ալիևն այդ հայտարարությամբ ասում է՝ Փաշինյան, եթե դեմ ես, որ ռուսները վերահսկեն, «դուխով» գլխարկդ դիր գլխիդ ու ասա, որ դեմ ես։ Ղազախներն իրենց կպահեն բացառիկ անկողմնակալ։ Նրանց հարկավոր է հնարավորինս արագ Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից ու ստանալ այդ միջանցքը։ 
  • Հարգելի հայրենակիցներ, Զանգեզուրի մի միջանցք չի լինելու։ Զանգեզուրը թուրքերը պատկերացնում են՝ որպես միջանցքների տարածք։ Հայաստանում կան փորձառու մարդիկ, մասնագետներ, ովքեր ուսումնասիրում են թուրք-ադրբեջանական աղբյուրները, նրանց հայեցակարգերը, իրավական փաստաթղթերը ու զգուշացնում են ձեզ այդ վտանգների մասին։ Թուրքերը հիմա գտնվում են Հայաստան կոչվող ոսկորն իրենց կոկորդից հանելու պրոցեսի մեջ, որովհետև Հայաստանում այսօր կա իշխանություն, որն ատելությամբ է լցված մեր ինքնության ու մեր արժեքների հանդեպ։ Փորձագետները պարզ ցույց են տալիս՝ ուր են սրանք մեզ տանում։ Տեսեք՝ ինչ արեցին Մինսկի խումբը։ Այս մարդն ուղղակի պայթեցրեց Մինսկի խումբը, հրաժարվեց Մադրիդյան սկզբունքներից, ասաց՝ սկսում են զրո կետից։ Այն, ինչ ուզում էր Թուրքիան, Ադրբեջանը, Փաշինյանը հետևողականորեն իրականություն դարձրեց:
  • Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ, նրան հող է պետք։ Ադրբեջանում կա պետական կամք, կազմակերպվածություն, ՀՀ իշխանությունների մոտ չկա։ Նրանց համար հողն արժեք է։ Մեզ մոտ դիմադրելու կամք չկա։ Նրանք հողի վրա ստեղծում են պետություն։ ՀՀ-ում իշխող այս քաղաքական խմբակի՝ Փաշինյանի ու ՔՊ-ի համար հողն արժեք չէ։ Թուրքի համար որտեղ իր կճղակը կանգնեց, իր համար հայրենիք է, մեզ իշխողների համար հողը հայրենիք չէ, այլ ապրանք, որը կարելի է վաճառել։ 
  • Մեզ մոտ երկրի գործադիր իշխանության ղեկավարն ադրբեջանական ուժի կիրառման սպառնալիքով դիմում է իր ժողջանին։ Մեզ Ադրբեջանը չի սպառնում, դա անում է Հայաստանում իր գործակալի միջոցով։ Հայաստանի նկատմամբ  Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսորին զսպելու քաղաքականություն չի տարվում։ Հրեշին ինչքան կերակրես, այնքան նա դառնալու է անկուշտ։ Ադրբեջանը նստած է մեր կենսական աղբյուրների վրա, անընդհատ զոհեր է ուզում ու չի կշտանալու։ Վերջին ակորդը լինելու է ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում։ 
  • Հարգելի ժողովուրդ, առաջնորդը միայն իշխանությունը չէ, ընդդիմությունն էլ ունի առաջնորդության պարտականություն։
  • «Թմկաբերդի առումը» այսօրվա մասին է, այսօրվա մեր կյանքի նկարագրությունը, մատնության, դավաճանության մասին է, ամրոցը ներսից բացելու մասին է։ 

Թուրքերն այդքան կորուստներից հետո ի՞նչ արեցին, 20 միլիարդ փող ծախսեցին ու նույն Սորոսի ու այլ հիմնադրամների միջոցով Հայաստանում աճեցրին մի սերունդ, ովքեր ներսից բացեցին մեր ամրոցի դռները, ովքեր կարող էին հեշտությամբ հանձնել Հայրենիքը։ Այդ սերնդի սերուցքը նստած է  Խորհրդարանում ու կառավարությունում, որոնց հետ հնարավոր չէ խոսել հայկական արժեքներից։ 

  • Հայոց ցեղասպանության ամենամեծ ապացույցը Սփյուռքն է, որը Ցեղասպանության արդյունք է։ Դրա համար են ուզում Հայաստանն օտարել Սփյուռքից։ Դա անիրականանալի բան է։ Ավելի հեշտ է դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս հոսող գետերը շրջել դեպի Հարավային անապատներ, քան Սփյուռքը կտրել Հայաստանից։

  • Մեր ժողովրդին պետք է բացատրել՝ երնեկ չէ՞ր մեր դեմ միայն Ալիևը կամ նրա աշխատակազմից որոշները կանգնած լինեին։ Մեր դեմ հսկայական ինստիտուտներ են աշխատում։ Մեր կառավարության ղեկավարի խորհրդատուներն ովքե՞ր են։ Ժողովուրդը պարտավոր է դա իմանալ։ 
  • Մենք հող չունենք տալու, վաճառելու, զիջելու։ Ժողովուրդը չի աջակցում դրան։ Ու այս իշխանության բոլոր գործողություններն ապօրինի են։ 
  • Փաշինյանի ընտանիքի դեպքում մենք ունենք մի զոնդեր կոմանդա։ Իսկ նրա կնոջ գործողությունը Ծիծեռնակաբերդում պարզ սադրանք էր։ 
  • Յուրաքանչյուր հայ պետք է ինքնուրույն գա այն համոզման, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում Հայաստանն ագրեսոր չի եղել։ Մենք հաղթող ենք եղել, ոչ թե պատերազմ սանձազերծող։ Պատերազմը սկսվել է ազգերի ինքնորոշման համար պայքարի ժամանակ։ Այն ժամանակ ազգերի ինքնորոշման իրավունքը հարգվում էր։ Ժամանակակից աշխարհը գոյություն ունի շնորհիվ ազգերի ինքնորոշման իրավունքի ռեալիզացիայի։ Մենք՝ որպես մայր Հայրենիք, չենք թողել, որ մեր եղբայրներին հոշոտեն։ Այն, ինչ Ադրբեջանն արեց 2023թ․ սեպտեմբերին, ուզում էր անել 1988 թվականին։ 
  • Իշխանափոխություն է պետք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով։ Այլ ելք չկա՛։ Ատել ու մերժել է պետք ժողովրդի շահերը ոտնահարող ցանկացած իշխանության։ Գնացեք թերթեր տպեք, վարժապետություն արեք, ինչ ուզում եք, արեք, բայց դուք երկիր ղեկավարելու բարոյական իրավունք չունե՛ք։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս